19 декабря 2015 г.

7 առասպել սմարթֆոնների մարտկոցների մասին

Macdigger.ru կայքն անդրադարձել է սմարթֆոնների մարտկոցների վերաբերյալ ամենաշատ տարածված առասպելներին եւ մոլորություններին: Այս 7 միֆերին ծանոթանալով ցանկացած մարդ կարող է ավելացնել մեկ ամբողջական լիցքավորմամբ իր սմարթֆոնի աշխատանքի երկարությունը եւ որակը:

1-ին առասպել. Նոր սարքի մարտկոցի հետ պետք է աշխատանքներ տանել մինչեւ օգտագործելը

Այս առասպելը մասամբ ճիշտ է: Ավելի կոնկրետ՝ այդպիսի գործողություն կարող էր պետք գալ, եթե դուք 5 տարի առաջ գնեիք հեռախոս: Այդ աշխատանքներն իրենցից ենթադրում էին առաջին անգամ հեռախոսն օգտագործելուց թողնել, որպեսզի այն ամբողջությամբ լիցքաթափվի ու անջատվի եւ լիցքավորել հեռախոսը մինչեւ 100%: Ժամանակակից հեռախոսները դրա կարիքը չունեն: Իհարկե, դա չի վերաբերվում բոլոր հեռախոսներին: Եթե բջջայինի ձեռնարկում կա կետ, որ հեռախոսի մարտկոցը նման աշխատանքի կարիք ունի, ապա պետք է անել:


2-րդ առասպել. Հեռախոսը չի կարելի ամբողջ գիշեր թողնել լիցքավորման

Ասում են, թե այդպես կարելի է վնասել հեռախոսի մարտկոցը եւ այն այլեւս երկար չի պահի լիցքավորումը:Սուտ է: Իրականում չի կարելի հեռախոսը բարձի տակ դնել եւ ամբողջ գիշեր քնել: Դրանից հեռախոսը կտաքանա եւ կվնասվի: Այս առասպելը կրկին վերաբերում է հին հեռախոսներին: Նոր հեռախոսները 100% լիցքավորման դեպքում ավտոմատ անջատում են լիցքավորման դեպքում:


3-րդ առասպել. Հեռախոսը պետք է ամբողջությամբ լիցքաթափել մինչեւ լիցքավորելը

Եվ կրկին սուտ է: Ցանկացած հեռախոսի մարտկոցի լիցքավորման նորմալ մակարդակը 40%-ից 80% է: Այսինքն` այն ամբողջությամբ լիցքաթափել պետք չէ: Դա նույնիսկ վնաս է սարքին:

4-րդ առասպել. Ոչ օրիգինալ լիցքավորող սարքերը վնասակար են

Սա վստահաբար հորինել են գովազդային գործակալները, որպեսզի թանկ գներով վաճառեն բջջայինների լիցքավորող սարքերը: Բացառություն են կազմում միայն Apple վերջին iPhone-ները, որոնք չինական լարերից չեն լիցքավորում, կամ էլ անվտանգության համակարգ ունեն: Մնացած դեպքերում կարեւոր չէ, թե որտեղ եւ ում կողմից է արտադրվել լարը:


5-րդ առասպել. Հեռախոսից չի կարելի օգտվել, երբ այն լիցքավորվում է

Բոլորը, կարծում ենք, տեսել են ուռած ձեռքերի, վառված լարերի եւ փչացած հեռախոսների նկարներ, որոնք արդեն երկու տարի է վախեցնում են օգտատերերին: Սակային իրականում մարտկոցի լիցքավորումը եւ միաժամանակ խաղեր խաղալը կարող են տաքացնել սարքը, բայց չեն վառի այն: Ուղղակի, եթե լիցքավորման մակարդակը քիչ է եւ դուք լիցքավորում եք մարտկոցը ու միաժամանակ խաղ եք խաղում, սարքը կարող է անջատվել, որովհետեւ խաղը շատ հոսանք է ծախսում եւ սարքը կարող է չհասցնել լիցքավորվել:

6-րդ առասպել. Սարքը պետք է անջատել, որպեսզի մարտկոցը լավ աշխատի

Շաբաթը մեկ անգամ սարքն անջատել-միացնել կարելի է, սակայն մարտկոցի աշխատանքի վրա դա շատ քիչ ազդեցություն է ունենում: Ավելի շատ օգուտ է օպերացիոն համակարգի աշխատանքին: Համարեք, որ դա նման է համակարգիչը անջատել-միացնելուն:


7-րդ առասպել. Ցուրտն օգնում է երկարացնել մարտկոցի կյանքը

Ցուրտն, ինչպես նաեւ շատ շոգը միայն վնասում են մարտկոցին: Ամենահաճախ գրանցվող արդյունքն արագ լիցքաթափումն է: Դրա համար խորհուրդ է տրվում ձմռանը հեռախոսը պահել բաճկոնի ներսի գրպանում:

21 июня 2015 г.

Ի՞նչ անել, եթե չի աշխատում iPhone-ի լիցքավորման բնիկը

Վերջին շրջանում նկատել էի, որ հեռախոսիս (iPhone 5S) լիցքավորման բնիկը նորմալ չի աշխատում: Լարը միացնելիս պետք է մի քանի անգամ շարժել, որպեսզի հեռախոսը սկսեր լիցքավորվել, կամ համակարգիչը ճանաչեր այն:

Սկզբնական շրջանում այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ խնդրին, բայց մի օր հեռախոսը առհասարակ դադարեց լիցքավորվել: Նշեմ, որ հեռախոսը ոչ մի անգամ չի ընկել ձեռքիցս եւ չի ստացել այնպիսի հարված, որը կարող էր խափանել բնիկի բնականոն աշխատանքը:

Համացանցում որոնումներ կատարելուց հետո գտա մի եղանակ, որն օգնեց լուծել այդ խնդիրը: Լուծում շատ պարզ է. պետք է անջատել հեռախոսը, ինչ-որ բարակ փայտի կտորի վրա անձեռոցիկ փաթաթել, թաթախել սպիրտի մեջ եւ դրանով մաքրել հեռախոսի բնիկի ներսի հատվածը: Հետո պետք է որոշ ժամանակ թողել, որ սպիտը չորանա եւ նոր միացնել հեռախոսը:

Այս մեթոդը անմիջապես օգնեց իմ հեռախոսին եւ այն սկսեց նորմալ աշխատել: Պարզվեց, որ ուղղակի փոշի է կուտակվել բնիկում: Այն թույլ չէր տալիս, որը հեռախոսը լիցքավորվի:
Եթե Դուք էլ ունեք նման խնդիր, կարող եք փորձել այս մեթոդը: Այն վնաս չի հասցնի հեռախոսին: Բայց եթե չի օգնում, լավ կլինի դիմեք մասնագետին, քանի որ դա կարող է ինչ-որ հարվածի կամ այլ խափանման հետեւանք լինել:

Հավելեմ, որ համացանցում որոնումների ընթացքում նկատեցի, որ նման խնդիր առաջանում է Lightning լարով աշխատող սարքերում: 

14 июня 2015 г.

Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա պետք է չխանգարի

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների մեծամասնությունը նշում է, որ թեեւ աշխատում է Հայաստանում, բայց իրենց արտադրանքը ներքին շուկայի համար չէ: Այս հանգամանքը  փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կապում է Հայաստանի փոքր շուկա ունենալու հետ: Նա նշում է, որ մեր շուկան չի կարող բավարարել որեւէ մեծ կազմակերպության:

«Օրինակ, եթե նայենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի շատ կայացած Իսրայելին, այնտեղ բոլոր սթարթափերը (սկսնակ ծրագրավորողներ-Ա.Ի.) ամբողջ աշխարհի վրա են աշխատում: Այսինքն` Իսրայելի շուկան դիտվում է որպես միջազգային շուկայի մի մաս: Ու դա նորմալ է, որովհետեւ շատ քիչ թեմաներ կան, որոնցով դուք կկարողանաք միայն ներքին շուկայի վրա աշխատելով բիզնեսը պահել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ եթե մի կազմակերպություն զբաղվում է սննդի մատակարարմամբ, կարող է միայն Երեւանում աշխատելով բիզնեսը պահել. «Բայց եթե դուք օրինակ` խաղ եք գրում եւ հույս ունեք այդ խաղով գումար վաստակել, Հայաստանյան շուկայով չեք բավարարվի: Այդ պատճառով լավ է, որ ավելի գլոբալ են մտածում, այլ հարց, որ պետք է այնպես անել, որպեսզի ներքին շուկան հասկանա, որ կարող է ներքին կազմակերպություններին դիմել հարցեր լուծելու համար»:

Ըստ փորձագետի՝ լուծումն այն է, որ հայ բիզնեսմենները հասկանան՝ իրենք կարող են ավանդական մեթոդներից անցնել ավելի նորարականների: «Օրինակ` երկար տարիներ պետք եղան, որպեսզի բիզնեսմենները հասկանան, որ իրենք պետք է կայք ունենան: Բիզնեսը կարող է իր ներքին ավտոմատացման համակարգերն ունենալ: Բանկային ոլորտը արդեն երկար ժամանակ է շատ հարցերում ներքին լուծումներ է տալիս: Դա արագացնում է տեխնիկական աջակցությունը: Այս ոլորտում մեր հայկական ծրագրերը շատ ավելի հաջողակ են: Բիզնեսմենները ուղղակի չեն հասկանում, որ իրենք կարող են ՏՏ ոլորտից շահույթ ստանալ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարությունը  հռչակել է որպես գերակա: Սակայն ծրագրավորողները շատ հաճախ ուղղակի հրաժարվում են դիմել կառավարության օգնությանը, քանի որ մեծամասամբ մերժում են ստանում: Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել ՏՏ ոլորտին, պետք է չխանգարի: «Բարեբախտաբար, հիմա հասկացել են, որ պետք է արտոնություններ տան նրանց: Ինքը շատ նոր ծրագիր է, բայց կարծում եմ օգուտ կտա»:

Նա նաեւ կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի ազատականացնի վենչուրային կապիտալի ներգրավումը. «Օրինակ` Թուրքիայում վենչուրային ներդրողները շատ ավելի մեծ արտոնություններ ունեն, դրա համար Թուրքիան ահռելի քանակի եկամուտներ է ստանում դրսից: Մենք էլ կարող ենք այդպիսի բաներ անել, եթե հասկանանք, որ հարկերը հենց այսօրվա համար չեն, հետո փողը ավելի մեծ չափով գալու է»:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

28 мая 2015 г.

Ինչպե՞ս գաղտնի նկարել iPhone-ով. տեղեկագիր

Բոլորս էլ ինչ-որ ժամանակ ունեցել ենք անհրաժեշտություն գաղտնի լուսանկարելու կամ տեսաձայնագրելու որեւէ բան: Սակայն ոչ միշտ է, որ դա հաջողվում է: Հիմնականում շրջապատող մարդիկ նայում են Ձեր հեռախոսի էկրանին եւ տեսնում են, որ նկարում եք:

Apple ընկերության iOS բջջային օպերացիոն համակարգչի 7-րդ եւ 8-րդ տարբերակներում կա գաղտնի նկարելու հնարավորություն: Սակայն ոչ բոլորը գիտեն այդ մասին:

Այս նյութում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր iPhone-ով նկարել այնպես, որ ոչ ոք չհասկանա:

Քայլ 1

Անջատեք Ձեր հեռախոսի ձայնը (որպեսզի նկարելիս ձայն չգա) եւ միացրեք տեսախցիկը (Camera): Միացնելու հետո ընտրեք Ձեզ անհրաժեշտ նկարելու ռեժիմը (Photo, Video, Slo-mo, Panorama եւ այլն):


Քայլ 2

Երկու անգամ սեղմում եք հեռախոսի գլխավոր կոճակը (Home button):


Քայլ 3

Բացվում է ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը (multitasking bar), բայց տեսախցիկը շարունակում է աշխատել:


Քայլ 4

Սեղմում եք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակներից մեկը. հեռախոսը սկսում է նկարել:


Քայլ 5 

Ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը չպետք է փակել, ուղղակի մատով աջ եւ ձախ տարեք ծրագրերը ու այդ ընթացքում հեռախոսը պահեք այնպես, որ կարողանաք նկարել Ձեր ուզած կադրը: Եթե շրջապատողները հարցնեն, թե ինչ եք անում կարող եք ասել, որ բաց ծրագրերն եք նայում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղակի սեղմեք այլ ծրագրի վրա եւ տեսախցիկը կդադարի նկարել:


Քայլ 6 

Եթե առանց խոչընդոտների կարողացաք նկարել այն ինչ ուզում էիք, կրկին սեղմեք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակների մեկը եւ տեսախցիկը կդադարի նկարել:

2 мая 2015 г.

Apple Watch-ի 7 գործառույթ, որը հաճելի կլիներ տեսնել նոր iPhone-ներում

Apple Watch սարքն իր մեջ ներառում է մի քանի տասնյակ ինովացիոն նոր տեխնոլոգիաներ: Դրանցից որոշները միայն հասանելի կլինեն ժամացույցի համար, իսկ մի քանիսն էլ կարող են հայտնվել Apple-ի այլ սարքերում: Macdigger.ru-ն առանձնացրել է 7 գործառույթներ, որ հաճելի կլիներ տեսնել iPhone-ի նոր մոդելներում:

1. Հավելումներ

Ժամացույցը Apple-ը ընկերության ամենաշատ կարգավորումներ ունեցող սարքն է: Նրա գրեթե բոլոր գործառույթները կարելի է կարգավորել ըստ նախասիրությունների: iOS-ի մյուս տարբերակներում հնարավոր է հայտնվի այս հնարավորությունը եւ օգտատերը կկարողանա էկրանին տեղադրել այն տեղեկատվությունը, որը կարեւոր է իր համար:


2. «Խելացի» ծանուցումներ

Apple Watch-ի ծանուցումները հետեւյալ կերպ են աշխատում. սկզբում օգտատերը տեսնում է ծանուցման փոքր տեսակը՝ ծրագրի նշանը եւ կարճ տեղեկություն, ինչպես նաեւ ուղարկողի անունը եւ ծանուցման ձեւը: Եթե նա շարունակում է նայել սարքին կամ դիպչել էկրանին (կախված սարքի կարգավորումներից), հայտնվում է ծանուցման ավելի մեծ տարբերակը: Այդպիսի ծանուցումներ կարող են հայտնվել օրինակ iPhone 7-ում:


3. Ծրագրի մուգ գույներ

App Store առցանց խանութի եւ այլ գործարանային ծրագրերի կարգավորումների գույները շատ պայծառ են: Դա հատկապես անհարմարությունն է առաջացնում գիշերային ժամերին սարքով աշխատելիս: Իսկ Apple Watch-ի ծրագիրը ավելի մուգ գույներով է պատրաստված: Լավ կլիներ, որ iOS-ի հետագա տարբերակներում հնարավորություն լիներ ընտրելու բաց եւ մուգ գույների միջեւ:


4. Էկրան, որը տարբերում է հպման ուժգնությունը

iPhone-ի նոր մոդելների առանձնահատկություններից մեկը կարող է դառնալ Force Touch տեխնոլոգիայի ապահովումը, որն արդեն գործում է ժամացույցում եւ նոր Macbook-ում: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն հասկանալ հպման վայրը, այլեւ ուժգնությունը: Այդպիսով օգտատերը կարող է տարբեր բաներ անել առանց ավելորդ շարժումների:


5. Taptic Engine շարժիչ

Apple Watch-ի ուշադրություն չգրավող ծանուցումները ժամացույցի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն է: Taptic Engine ինովացիոն նոր տեխնոլոգիայի շնորհիվ սարքը ծանուցումները ցույց է տալիս շրջապատի համար աննկատ կերպով:


6. «Թվային հպում»

Digital Touch գործառույթի շնորհիվ Apple Watch-ի օգտատերերը ստացել են հնարավորություն նոր ձեւով շփվելու միմյանց հետ: Օգտատերերը կարող են էկրանի վրա սովորական նկար նկարել, որն էլ անիմացիայի տեսքով կհայտնվի ուրիշ մարդու սարքի էկրանին: Apple Watch-ը նաեւ թույլ է տալիս անձայն հպումներ կամ սրտի զարկեր ուղարկել ուրիշներին եւ վերջիններս դա իրենց ձեռքի վրա կզգան:


7. Բոլոր ծանուցումների հեռացում մեկ կոճակով

Apple Watch-ը թույլ է տալիս մեկ հպումով հեռացնել բոլոր նոր ծանուցումները: Հերիք է միայն հպվել էկրանին եւ մի քանի վայրկյան պահել մատը եւ բոլոր ծանուցումները կանհետանան:

8 апреля 2015 г.

Գերման Ավագյան. «Այսօրվա օրենքով գրագողության դեմ պայքարելն անիմաստ է»

«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կայք բացում, եթե չեն կարող նյութերով ապահովել: Փաստորեն, օրենքը ցանկացած մարդու թույլ է տալիս կայք բացել եւ ուրիշների հասցեին վիրավորանքներ գրել: Ու այդ կայքերում, բացի  էլեկտրոնային փոստի հասցեից, ոչինչ չկա, եւ դու նրանց դեմ ոչինչ չես կարող անել: Ինձ թվում է, եթե նյութ չունես, ֆոտո չունես, գրելու բան չունես՝ պետք է թերթ չտպես»,- անդրադառնալով լուսանկարների գողության դեպքերին, ասաց ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Նա կարծում է, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում հստակ ամեն ինչ գրված է. «Ուղղակի պետք է կարդալ: Օրենքում գրված է, որ վերահրապարակելու համար պետք է հարցնել հեղինակի թույլտվությունը, բայց ոչ ոք չի հարցնում»:

Ըստ Գերման Ավագյանի, օրենքում կա միայն մի խնդիր, որն անիմաստ է դարձնում գրագողության դեմ պայքարելը: Դա փոխհատուցում պահանջելու սահմանափակումն է: Պարոն Ավագյանը առաջարկում է հանել այդ սահմանափակումը. «Օրենքում նախատեսվածը, եթե չեմ սխալվում, 300 դոլարից չի անցնում: Եթե այդ սահմանը հանվի, կարող է շարժ լինել: Օրինակ` եթե ես դատի տամ մեկին եւ շահեմ 300 դոլար ու փաստաբանի գումարը, դատարանը հաշվի չի առնի, որ ես ազատ լուսանկարիչ եմ, աշխատավարձ չեմ ստանում: Ես պետք է ե՛ւ տուն պահեմ, ե՛ւ մեքենա պահեմ՝ գնամ հասնեմ այդ տեղը: Դա ավելի մեծ գումար է: Բացի այդ, կա հնարավոր եկամտի հարցը: Դա այն է, երբ, օրինակ, իմ անունը չի դրվում, եւ 50.000 հոգի լուսանկարը նայում է առանց իմ անունի»:

Ազատ լուսանկարիչը քիչ ֆինանսական միջոցներ ունեցող կայքերի հետ աշխատանքի նոր մեթոդ է մշակել. «Ես նրանց առաջարկում եմ իմ անունը հիպերհղումով լինի, որ սեղմեն դրա վրա եւ տեղափոխվեն իմ կայք: Դա փոխշահավետ գովազդի ձեւ է: Ես գիտեմ, որ եթե իրենք վճարեն, կոպեկներ են տալու: Ես 10 տարի առաջ եմ հասկացել, որ լուսանկարիչը մեր մամուլում չի կարող գումար վաստակել»:

Գերման Ավագյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր լուսանկարների վրա տարբերանշան չի տեղադրում, որպեսզի պաշտպանի գողությունից: Նա ասաց, որ երբեմն տեղադրում է, բայց՝ «երբեմն էլ էնպիսի մարդկանց նկար է լինում, որ ինձ թույլ չեմ տալիս դնել: Շատերը լոգո են դնում իրենց գործակալության, նույնիսկ ուրիշի նկարների վրա: Դա ձեւ է, բայց ժամանակ է պահանջում եւ լուսանկարները գնահատողներին զայրացնում է: Ես չեմ կարող, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանի նկարի վրա լոգո դնել, ուղղակի ինձ թույլ չեմ տա այդպիսի բան: Դնելուց էլ դնում եմ ներքեւի անկյունում եւ շատ հեշտ է կտրելը»:

Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց լուսանկարիչ Էդգար Բարսեղյանի դեպքը: Կայքերից մեկն առանց թույլտվության օգտագործել էր նրա լուսանկարներից մեկը: Ու թեեւ հետո լուսանկարը հեռացրել էին եւ ներողություն խնդրել, լուսանկարիչը մտադիր է փոխհատուցում չստանալու դեպքում դիմել դատարան: Լրատվական այդ կայքի փաստաբանն էլ, ըստ media.am-ի հրապարակման, պատասխանել է, թե լուսանկարը կայքից հեռացնելով՝ վերականգնվել է նաեւ լուսանկարչի խախտված իրավունքը:

Անդրադառնալով այս դեպքին՝ Գերման Ավագյանն ասաց, որ ողջունում է Էդգարի քայլը. «Եթե Էդգարն ի վերջո որոշի դատի տալ, ինձ թվում է, կունենա հաղթելու հնարավորություն: Ես ողջունում եմ, որ ինքը պատրաստ է իր ժամանակը ծախսել նման բաների վրա»:

Նա նշեց, որ չի կարող իր գործընկերոջը դատի տալ. «Ում որ ես կուզենայի դատի տալ, չկան: Ոչ մի ֆիզիկական հասցե նշված չէ, որ ես դիմեմ: Նամակ եմ գրել եւ ոչ մի պատասխան չեմ ստացել: Իսկ նախկին գործընկերոջս դատի տալով միլիոնատեր չեմ դառնա, բայց ես էլ, ինքն էլ խայտառակ կլինենք: Մենք պետք է դաշտը մաքրենք: Միայն լուսանկարների դաշտում չէ խնդիրը, տեքստերի հետ էլ խնդիրներ կան»:

Գերման Ավագյանը վերջերս Ֆեյսբուքում բացել է «Ոչ ֆոտոգողությանը» խումբը: Մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարը առաջացել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում. «Առաջին քայլն անելու համար որոշել ենք նման բաներով զբաղվողների անունները գրել»:

Սակայն Գերման Ավագյանը այս խմբից մեծ ակնկալիքներ չունի:

Լուսանկարը (հեղինակ՝ Արա Շիրինյան) վերցված է Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջից եւ օգտագործվում է նրա թույլտվությամբ: 

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

15 марта 2015 г.

Հայկական «Eyecare+» ծրագիրը կստուգի ձեր տեսողությունը եւ կբացահայտի խնդիրները. Aravot.am

«Sourcio IT Consulting» կազմակերպությունը սկսել է գործել 2005 թվականից: Ի սկզբանե զբաղվել է ծրագրավորմամբ, հիմնականում այլ կազմակերպությունների համար: Աշխատել են Ամերիկայի եւ Եվրոպայի շուկաներում, ունեցել են հաճախորդներ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, նույնիսկ Ավստրալիայում: Այժմ նրանք սեփական գործունեություն են ծավալել, սեփական ծրագրեր են արտադրում: Դրանցից մեկն է աչքերի տեսողության ստուգման «Eyecare+» հավելվածը: Ծրագիրը թեստերի միջոցով կարողանում է ստուգել օգտատերերի աչքերը եւ բացահայտել խնդիրները:

«Eyecare+»-ը նաեւ փորձում է մարդկանց իրազեկել՝ ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ աչքին հարված ստանալու դեպքում եւ այլն: Այն հիմնականում ինչ-որ վիզուալ պատկերներ է ցույց տալիս օգտատերերին եւ վերջիններս պետք է պատասխանեն ինչ են տեսել կամ ինչպես են տեսել եւ այլն: Այսինքն` վերջնական արդյունքը կախված է մարդկանց ուշադրությունից եւ առաջադրանքները ճիշտ կատարելուց: «Մենք նաեւ շարժական պատկերներ ենք ցուցադրում: Մարդիկ պետք է նայեն էկրանին կամ կատարեն մեր հրահանգները, օրինակ` փակեն եւ բացեն աչքերը եւ այլն: Մնացած մասը ինֆորմատիվ մաս է, պետք է պարզապես ընթերցեն նյութերը: Դրանք մենք տալիս ենք ռուսերենով եւ անգլերենով»,- մեզ հետ զրույցում ասաց կազմակերպության տեխնիկական տնօրեն Արամ Մխիթարյանը:

«Sourcio IT Consulting» կազմակերպության փոխնախագահ Պավել Սնխչյանը նշում է, որ 8 ամսվա ընթացքում ունեցել են արդեն 160.000 եւ ավելի ներբեռնումներ եւ օրական 10.000 ակտիվ օգտատերեր. «Ծրագրում ունենք հարցեր բժշկին բաժինը, որտեղ ցանկացած օգտատեր կարող է աչքերի հետ կապված հարց տալ: Հիմա ամսական 1000-ից ավելի հարցեր ենք ստանում»: Կազմակերպության փոխնախագահը նաեւ հավելեց, որ իրենք աշխատում են երեք պրոֆեսիոնալ ակնաբույժների հետ, որոնք օգնում են բարձրակարգ ծառայություն մատուցել. «Այսինքն` մենք պրոֆեսիոնալ մակարդակով ենք պատասխանում հարցերին»: Հեղինակները նաեւ նշեցին, որ բացի երեք բժիշկներից, ծրագրի վրա աշխատում է 7 հոգի:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

14 марта 2015 г.

Սոցիալական ցանցերի 21 ամենակարեւոր կանոնները

Thenextweb.com կայքը ներկայացրել է սոցիալական ցանցերը օգտագործողների համար 21 ընդհանուր կանոններ:

Բոլոր սոցիալական ցանցերի համար

1. Օրվա մեջ մի քանի անգամ նյութեր տարածեք, բայց որոշակի ժամանակ դադար տալով:
2. Բոլոր մեկնաբանություններին հնարավորինս արագ պատասխանեք:
3. Իմացեք հեշթեգերի արվեստը: 1 հեշթեգը նորմալ է, 10-ը՝ ոչ:
4. Միշտ պահել 80/20-ի օրենքը: Զվարճացրեք եւ տեղեկացրեք ձեր լսարանին սկզբում, հետո վաճառեք:
5. Հոգնակիով խոսեք Ձեր կազմակերպության մասին (Մենք, Մեզ):

Twitter-ի համար

6. Ձեզ հետեւող մարդկանց ավտոմատ կերպով անձնական նամակ մի ուղարկեք:
7. 140 նիշերը ամբողջությամբ մի օգտագործեք: Մարդկանց տարածք թողեք պատասխանելու համար:
8. Մի գողացեք ուրիշ ընկերության հեշթեգը:
9. Մի գնեք հետեւողների:
10. Ձեր գրառումները բանալի բառերով մի լցրեք

Facebook-ի համար

11. Մի լայքեք ձեր գրառումները:
12. Ձեր երկրպագուների, հաճախորդների կամ աշխատողների նկարներ մի տեղադրեք կամ նշեք նրանց առանց թույլտվության:
13. Ձեր գրառումներում մի նշեք մարդկանց կամ էջեր, որոնք կապ չունեն Ձեզ հետ:
14. Լայքեր, մեկնաբանություններ կամ տարածել մի խնդրեք:

Google+

15. Մարդկանց գրառումներին մեկնաբանություններ անելիս միշտ +-ով գրեք մարդկանց անունները:
16. Երբ գրառում եք տարածում, միշտ Ձեր մեկնաբանությունը ավելացրեք դրան:
17. Թիրախավորված տարածեք Ձեր գրառումները:
18. Օգտագործեք տեքստը ձեւավորելու Google+-ի հնարավորությունը. bold, italics եւ strikethrough:

Instagram

19. Մարդկանց մի խնդրեք հետեւել Ձեզ կամ օգտագործել #tagsforlikes-ի նման հեշթեգեր. դա ոչ պրոֆեսիոնալ է:
20. Շատ նկարներ մի տեղադրեք: Ոչ ոք չի սիրում իր էջում մեկ օգտատիրոջ տեղադրածները տեսնել միայն:
21. Ձեր բրենդի համար համապատասխան ձեւով հեշթեգեր օգտագործեք: Հեշթեգերի ոսկե թիվը 11-ն է:

13 марта 2015 г.

Apple Watch-ի 12 գործառույթ, որ չունի Android Wear-ը (ֆոտոշարք)

Այն բանից հետո, երբ Apple աշխարհին ներկայացրեց Apple Watch-ի վերջնական տարբերակը, այն հարցը, թե որ սմարթ ժամացույցն է «ամենախելացին» կրկին արդիականություն է ձեռք բերել: Android Wear-ով թողարկվող ամենաշատ քննարկված սարքերը թողարկել են Samsung-ը, LG-ն, Asus-ը եւ Huawei-ն: Google համակարգով աշխատող սարքերի քանակը արագ աճում են: Այդ պատճառով տվյալ պարագայում կա անհրաժեշտություն խոսելու Apple Watch մրցակցության մասին այլ մոդելների հետ:

Macdigger.ru-ն ներկայացրել է Apple Watch-ի 12 գործառույթ, որ չունի Android Wear-ը:

Զանգ ընդունելու եւ կատարելու հնարավորություն
Apple Watch-ում տեղադրված բարձրախոսը եւ խոսափողը թույլ են տալիս զանգեր կատարել: Իսկ եթե խոսակցությունը երկար է տեւելու կարելի է հեշտությամբ տեղափոխվել iPhone-ով խոսելու: Զանգը անջատելու համար պետք է ուղղակի սարքը ձեռքով ծածկել:


Էկրանին ձեռքով նկարելու հնարավորություն

Apple-ի սարքերը օգտագործողները կարող են բառեր չօգտագործել: Digital Touch գործառույթի շնորհիվ էկրանին կարելի է ցանկացած նկար նկարել, որը կհայտնի Ձեր զրուցակցի ժամացույցի էկրանին: Նա նույնպես Ձեզ կարող է նկարով պատասխանել:


Թվային կոճակի միջոցով կառավարել սարքը

Digital Crown թվային կոճակը հնարավորություն է տալիս բարձրացնել եւ իջեցնել, մեծացնել եւ խուսափել էկրանը ձեռքով ծածկելուց:


Apple Watch օգտագործող ծանոթին սրտի զարկեր ուղարկել

Եթե երկու մատերը հպեք Apple Watch-ի էկրանին, սարքում տեղադրված կարդիոմոնիտորը կձայնագրի Ձեր սրտի զարկերը, որը կարող եք փոխանցել ուրիշին: Դա կարող է օգնել ցույց տալ, թե ինչ եք զգում:


Տվյալների փոխանակում Wi-Fi-ով

iPhone-ը ձեռքի համակարգչին միացնելու համար պարտադիր չէ Bluetooth օգտագործել: Ժամերը կարող են տվյալներով փոխանակվել սմարթֆոնի հետո Wi-Fi ցանցին միանալու միջոցով: Եթե հեռախոսից հեռու գնաք, սարքը ավտոմատ կմիանա Wi-Fi ցանցին


Հպումների ուղարկում ուրիշ Apple Watch-երի

Ցույց տվեք սիրելիներին եւ ընկերներին, որ դուք իրենց հիշում եք փոխանցելով մի շարք թեթեւ, անձայն հպումներ, որը նրանք կզգան իրենց ձեռքերին:


Էկրանի պարունակության փոփոխություն

Android Wear օգտագործողները էկրանի պարունակությունը կարող են փոխել Google Play-ից նորերը քաշելով: Իսկ Apple ժամերը օգտագործողները կարող են փոխել օգտագործելով պատրաստի տարբերակները. ավելացնել եղանակ, վայրկյանաչափ ամսաթիվ եւ այլն:


Վճարումներ NFC-ի միջոցով

Apple Watch ապահովում է Apple Pay էլեկտրոնային վճարումների համակարգը: Վճարում իրականացնելու համար օգտատերը պետք է սարքը մոտեցնի վճարային տերմինալին, որից հետո սարքի էկրանին կհայտնի վճարման քարտը եւ կարիք կլինի միայն հաստատել գործարքը:


Force Touch

Apple Watch-ի Retina էկրանը Force Touch տեխնոլոգիայով կտարբերակի հպումները եւ սեղմումները, որի միջոցով ավելի արագ եւ հեշտ կլինի տարբեր գործողություններ կատարել:


Անիմացիոն սմայլիկների ուղարկում

Apple Watch կարող է գուշակել Ձեր պատասխանը հաշվի առնելով Ձեր նամակագրությունը եւ շատ օգտագործվող բառերը: Սեղմեք Apple Watch-ի էկրանին եւ սարքը ցույց կտա պատասխանի պատրաստի տարբերակները: Սմայլիկները շատ-շատ են:


Taptic Engine

Taptic Engine նորագույն տեխնոլոգիան թույլ է տալիս ձեռքի թեթեւ հպումով ստանալ ծանուցումներ եւ նամակներ:


Ձայնային հաղորդագրությունների ուղարկում

Նամակը հավաքելու փոխարեն կարելի է ձայնագրել եւ ուղարկել զրուցակցին:



8 марта 2015 г.

4 պատճառ ինչու չարժի գնել չինական Lightning լար եւ ինչպես վերանորոգել օրիգինալը

Չինական Lightning լարերը հոտած պանիրներ են թակարդների մեջ: Այդ լարը գնելուց խնայողություն անելը ոչ մի լավ բանի չի բերում: iPhones.ru-ն բերել է 4 պատճառ, թե ինչու արժե ավելի վճարել եւ գնել օրիգինալը:

1. Երկարակյաց չեն

Չինական լար, որը չի քայքայվում, չի չորանում, չի պայթում, չի քանդվում, ֆանտաստիկա է: Այդպիսինները չկան: 5$-ով վաճառվող կոպիտ Lightning լարերը ավելի շուտ են փչանում, քան օրիգինալները: Պատճառը պարզ է: Օրինակ պատռվածք վարդակի մոտ, կամ վատ ամրացրած լարեր ներսում: Բայց հիմնականում դրանք ուղղակի դադարում են աշխատել առանց պատճառի:


2. Համատեղելիության կորուստ

Այսօր Ձեզ ուրախացնում է էժան լարը, վաղը լույս կտեսնի օրինակ iOS 9.1 եւ այն էլ չի աշխատի: iOS 7-ից սկսած Apple-ի բջջային հեռախոսները չեն ընդունում կամ դադարում են ընդունել ոչ օրիգինալ լարերը: Գաղտնիքը նրանում է, որ օրիգինալ լարերում կան հատուկ չիպեր: Չինացիները դրանք չեն տեղադրում, դրա համար էլ չինական լարերը որոշ ժամանակ անց չեն աշխատի iPhone-ի, iPad-ի եւ iPod touch-ի հետ:


3. Սարքին վնաս հասցնելու վտանգ

Շատերն են հիշում, թե ինչպես հոսանքը չինական լարով լիցքավորման միացրած iPhone 5-ով սպանեց չինացի մի աղջկա: Որպես կանոն չինական լարեր օգտագործողները ավելի քիչ վնասներ են կրում, սակայն ամեն դեպքում ինչ-որ խնդիր լինում է: Հիմնականում պատճառը սնուցման միկրոսխեմայի խափանումն է, որի արդյունքում լարը չի կարողանում լիցքավորման համար անհրաժեշտ լարում ապահովել եւ պայթեցնում է մարտկոցը:


4. Անիմաստ խնայողություն

Ինչո՞ւ է պետք 2000 դրամանոց լար գնել եւ միացնել 400.000 դրամանոց սարքին: Պատճառը, երևի, այն է, որ այդ սարքը հիմնականում ապառիկ են վերցնում, 2 տարվա ապահովագրությամբ, էկրանին փակցված պաշտպանիչ շերտով եւ համացանցի միանալու կարգավորումներով: Իսկ եթե ինչ-որ մեկը մտնի խանութ եւ առանց ապառիկի հեռախոս գնի, դժվար թե նման լարերի վրա խնայի:


Իսկ եթե Ձեր օրիգինալ լարը արդեն ճաքել է, կա մի հեշտ լուծում

LimitStyle կազմակերպությունը գտել է մի հեշտ լուծում: Նրանք առաջարկում են Lightning & Magasafe Saver անունով սեղմիչ, որը լարի վնասված մասի վրա փակցնելով կպաշտպանեք ճաքը ավելի մեծանալուց:


2 марта 2015 г.

«Ֆրանսիան դրախտ է ֆրանսիացիների համար, բայց ոչ՝ միգրանտների»

Մեր առօրյայում շատ կարելի է հանդիպել «վերջ, գնում եմ էս երկրից», «արտասահմանում գործը լիքն է, կգնամ կաշխատեմ, լավ կապրեմ», «այստեղ հույս չկա, հեն ա, հարևանիս աղջիկը եվրոպաներում լավ էլ տեղավորվել է, աշխատում է» և այլ արտահայտություններ: Մեզանում Եվրոպան ասոցիացվում է լավ կյանքի, բարձր աշխատավարձով աշխատանքի, օրենքների գերակայության և այլ դրական հատկանիշների հետ: Մարդիկ գնալով Եվրոպա` ցանկանում են տեսնել այդ ամենը:

Բայց միգրացիան ունի նաև իր բացասական կողմերը: Մանավանդ, եթե միգրացիան անօրինական է, շատ դժվար կլինի քաղաքացիություն և աշխատելու իրավունք ստանալ: Հիմնականում դրա համար մեծ գումարներ, ծանոթություն է պետք: Կա նաև ամուսնանալու կամ ապաստան խնդրելու հնարավորությունը:

Եվրոպայում միգրանտների պայմանների մասին զրուցեցինք Ֆրանսիայում բնակվող Բաբկենի հետ (անունը փոխված է` իր խնդրանքով): Նա էլ լավ կյանքի հույսով գնացել է Եվրոպա ու երկար տարիների չարչարանքներից հետո շատ դժվարությամբ քաղաքացիություն է ստացել:

Բաբկենը մինչև 2002 թվականն ապրել է Հայաստանում: Ունեցել է միջին աշխատավարձով աշխատանք, ծառայել է բանակում: «Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերին: Ընկերներիցս մեկը, որ Ֆրանսիայի քաղաքացի է, եկավ Հայաստան` արձակուրդն անցկացնելու: Մեր հանդիպման ընթացքում պատմեց Ֆրանսիայում մարդկանց կյանքի մասին, թե ինչքան բարձր աշխատավարձ են ստանում, և ինչպես է ընդհանրապես կյանքը»:

Նրա խոսքերով` ընկերը քաղաքական ապաստան է խնդրել, և ինչ-որ հրաշքով` շատ արագ տվել են, ստացել է քաղաքացիություն, սկսել է աշխատել և լավ ապրել. «Ոգևորվելով նրա պատմությունից` որոշեցի ես էլ գնալ և ապաստան խնդրել: Վաճառեցի տունը, մեքենաս, եղբորս ու մորս ուղարկեցի վարձով ապրելու, հույս ունենալով, որ արագ կստանամ Ֆրանսիայի քաղաքացիություն և իրենց էլ կբերեմ ինձ մոտ: Արեցի այն, ինչ որոշել էի»:

Բաբկենը գնացել է Ֆրանսիա, դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար, բայց մերժվել է. «Ստիպված եղա միգրանտների ճամբար գնալ, և այդ ժամանակ սկսվեցին իմ տանջանքները: Ճիշտ է, քնելու տեղ և սնունդ տալիս էին, բայց մեզ ստրուկ էինք զգում: Անընդհատ տեղից տեղ էին տեղափոխում, մի վայրում մի քանի օրից ավելի չէինք մնում»:

Ծանր վիճակը, ընտանիքի անդամների պարտքերն ու անելանելի դրությունը ժամանակի հետ Բաբկենի մոտ առաջացրեցին ինքնասպանություն գործելու ցանկություն: «Երբ տարան հերթական ճամբար, գիշերը գնացել էի ծովի մոտ: Աչքիս առջևով անցնում էին ընտանիքիս անդամները, զինծառայությունս, ընկերներս, աշխատանքս, Հայաստանը: Ինչո՞ւ թողեցի այդ ամենը: Ինչո՞ւ առանց երկար մտածելու` ամեն ինչ թողեցի ու եկա անծանոթ երկիր: Ինչո՞ւ մտքովս չանցավ, որ Ֆրանսիան լավն է ֆրանսիացիների համար, բայց ոչ` հայերի»:

Բաբկենի խոսքերով` այդպիսի սուր զգացումների ազդեցության տակ մտավ ծովը, որ խեղդվի ու ազատվի այդ տառապանքներից. «Բայց ինչ-որ ներքին ձայն ինձ ասաց, որ չանեմ այդպիսի բան, ամեն ինչ լավ կլինի: Որոշեցի լսել այդ ձայնին և մի քիչ էլ սպասել: Հաջորդ օրը մեզ տեղափոխեցին այլ ճամբար: Այդտեղ նկատեցի բանվորների, ովքեր բեռնատարից արկղեր էին իջեցնում: Որոշեցի օգնեմ, քանի որ ազատ էի»: Տղաներին օգնելու ընթացքում այդ ճամբարի ղեկավարը նկատում է Բաբկենին, աշխատանք է առաջարկում: Բաբկենը համաձայնում է` մի պայմանով, որ իրեն կպահի այդ ճամբարում և ուրիշ տեղ չի ուղարկի: Ղեկավարը չի մերժում: Բաբկենն ընդունվում է` որպես բանվոր: Մի քանի ամիս աշխատելուց հետո տեղափոխվում է գրասենյակային աշխատանքի:

Դրանից հետո Բաբկենի կյանքը կարծես 180 աստիճանով շրջվեց: «Այդտեղ ծանոթացա ղեկավարի քարտուղարուհու հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո սկսեցի տուն ճանապարհել, հանդիպումների հրավիրել: Ամուսնալուծված աղջիկ էր, մի անչափահաս երեխա ուներ: Ժամանակի ընթացքում սիրեցինք իրար ու որոշեցինք ամուսնանալ»: Ամուսնությունից հետո Բաբկենը քաղաքացիություն է ստանում և 7 տարվա ընդմիջումից հետո կարողանում է վերջապես գալ Հայաստան և մի հարսանիք էլ այստեղ անել: «Չեք պատկերացնի` ինչ զգացի, երբ մտա մեր բակ, տեսա մորս ու եղբորս: Ուղղակի աննկարագրելի է, չեմ կարող բառերով բացատրել»:

Այժմ նա լավ աշխատանք ունի, բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունում մենեջեր է աշխատում, բավականին բարձր աշխատավարձ ունի, ընտանիքի բոլոր պարտքերը վճարել է:

Բաբկենին հարցրեցինք, թե արդյո՞ք արժեր այդքան դժվարություններ տեսնել` հանուն Ֆրանսիայում բնակվելու և աշխատելու հնարավորության: Նա պատասխանեց, որ չի կարող միանշանակ պատասխանել. «Գիտե՞ք, ես կորցրեցի իմ երիտասարդության 7 տարիները: Ես այլևս երիտասարդ չեմ, առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ, տեսա այն, ինչ թշնամուս էլ չեմ ցանկանա, որ տեսնի: Մյուս կողմից` հանդիպեցի Միշելին, որին սիրեցի, և այժմ մենք երջանիկ ենք: Չգիտեմ` ինչ ասեմ: Ե՛վ արժեր, և՛ չարժեր»:

Մեր հարցին, թե` ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Հայաստանից և ապաստան գտնել Եվրոպայում, պատասխանեց. «Թող լավ մտածեն, հապճեպ որոշումներ չկայացնեն, շատ տեղեկություններ հավաքեն այն երկրի մասին, ուր ուզում են գնալ, չփորձեն մի լավ պատմություն լսելով` ինձ նման հապճեպ որոշում կայացնել: Ամենակարևորը` թող աշխատեն միայն օրինական ձևով գնալ ուրիշ երկիր, քանի որ անօրինականն ուղղակի տանջանք է: Եվ հիշեք. Ֆրանսիան դրախտ է ֆրանսիացիների համար, ոչ` միգրանտների»:

Լուսանկարը՝ WikiMedia-ից 
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

1 марта 2015 г.

Ժամանակը ցույց կտա՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը ճի՞շտ քայլ էր, թե՞ ոչ

«Սխալ եւ անհաջող քայլ».-ահա այսպես արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն: «Հայաստանի խորհրդարանում գտնվող արձանագրությունների առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա Հայաստանի իշխանությունների որոշումն է: Բայց դա մենք սխալ ենք համարում: Սխալ եւ անհաջող քայլ: Այս մոտեցումները հեռու են մերձեցման քաղաքականությունից»,- մասնավորապես նշել էր ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Արձանագրությունները ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին:

Իսկ թուրքական լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվել էին միայն արձանագրությունները հետ կանչելու մասին տեղեկատվությունը հրապարակելով: Որոշ կայքեր ինչ-որ անդրադարձ, այնուամենայնիվ, կատարել էին: Մասնավորապես թուրքական NTV ալիքը, որպես նյութի վերնագիր գրել է «6 տարի անց Հայաստանից հետքայլ», Kanal A Haber-ը այս քայլը որակել է «շոկային որոշում», իսկ Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»:

Ծանոթանալով Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանին եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի այս քայլը կամ անակնկալ էր նրանց համար եւ չէին նախապատրաստվել, կամ էլ, ուղղակի, ասելիք չունեն եւ նախընտրում են լռել:

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այստեղ քաղաքագետները, կարծես, միահամուռ կերպով դրական գնահատական տվեցին Սերժ Սարգսյանի քայլին: Մասնավորապես Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, թե ինքը կանխատեսել էր, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչվի ցյուրիխյան արձանագրությունները, «ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար. «Կարող է նաեւ ստորագրությունը հետ վերցնել եւ դրանով ամբողջությամբ վնասազերծել այս արձանագրությունները: Այս ձեւով պահելով, այսինքն` ստորագրված, թեկուզ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերված, տակավին թողնում ենք Թուրքիայի ձեռքին լծակ»:

Արձանագրությունները հետ կանչելու անհրաժեշտության մասին արդեն մի քանի տարի է խոսում էին մի շարք քաղաքագետներ, թուրքագետներ եւ քաղաքական գործիչներ: Սակայն Հայաստանի իշխանությունները, կարծես, լռելյայն սպասում էին Թուրքիայի քայլերին: Իսկ Թուրքիան էլ անընդհատ կրկնում էր, որ արձանագրություններին ընթացք կտան միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման դեպքում եւ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ «օկուպացված տարածքների» մասին:

Բացի վերոնշյալից կա կարծիք, որ այս քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին եւ 102 այլ երկրների ղեկավարներին հրավիրել էր Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սերժ Սարգսյանը պատասխան նամակով մերժել էր հրավերը:

Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանի իշխանությունների համբերության բաժակը արդեն լցվել էր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կար անհրաժեշտություն դիմելու վճռական քայլերի:

Կարծիքների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն փաստն այն է, որ արձանագրությունները այժմ հետ են կանչվել Ազգային ժողովից, իսկ ստորագրությունը՝ ոչ: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերջին հնարավորությունը տալ Թուրքիային քայլ առաջ կատարելու: Ամեն դեպքում ապագան ցույց կտա այս քայլը ճի՞շտ էր, թե՞ ոչ:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

7 февраля 2015 г.

15 հետաքրքիր գործառույթ, որ կարող է կատարել iPhone-ը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Եթե դուք նոր եք iPhone օգտագործում, Ձեզ համար դժվար կլինի գլուխ հանել այն ամենից ինչ կարող է անել այս սարքը: Նույնիսկ, եթե դուք որոշ ժամանակ է օգտագործում եք Ձեր iPhone-ը, Դուք կարող է նկատած չլինի մի շարք գործառույթներ: Architecture & Design-ը ներկայացնում է 15 հետաքրքիր գործառույթ, որը կհեշտացնի հեռախոսի հետ Ձեր աշխատանքը:



Եթե տեքստ գրելիս Դուք սխալ եք արել, ուղղակի թափահարեք iPhone-ը, որպեսզի ջնջեք տեքստը եւ նորից սկսեք գրել:


Եթե ավելի ապահով գաղտնաբառ եք ուզում հեռախոսի համար, քան գործարանային 4 թվանոց գաղտնաբառն է, մտեք Settings>General>Passcode Lock եւ ընտրեք Turn Off Simple Passcode: Սարքը Ձեզ կառաջարկի նոր գաղտնաբառ գրել:


Սեղմած պահել 123 կոճակը եւ մատը առանց էկրանից հեռացնելու տարեք Ձեր ուզած թվի վրա, որպեսզի ընտրվի միայն թիվը եւ ամբողջ ստեղնաշարը չփոխվի:


Մտեք Settings>General>Accessibility եւ միացրեք Invert Colors, որպեսզի աչքերի լարվածությունը նվազի կամ գիշերը չարթնացնենք մարդկանց Ձեր հեռախոսի էկրանի պայծառ լույսի պատճառով:


Նկարելիս սեղմած պահեք նկարելու կոճակը, որպեսզի Ձեր հեռախոսի տեսախցիկը միանգամից մի քանի նկար նկարի:


Ինչ-որ կայքի հասցե գրելիս վերջակետը սեղմած գրեք, որպեսզի բացվի պատուհան, որտեղից կարող եք ընտրել.com, .net, .am եւ այլն:


Նկարել կարելի է նաեւ ձայնի կոճակների միջոցով:


Ուզում եք տեսնել, ե՞րբ են Ձեզ նամակ ուղարկել: Ուղղակի նամակը սեղմած տարեք դեպի ձախ եւ կբացի պատուհան, որտեղ կերեւա ժամը: Մանրամասները՝ տեսանյութում:


Այլ հետաքրքիր գործառույթների կարող եք ծանոթանալ այստեղ