31 декабря 2012 г.

Աշոտ Իսրաելյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի հայրենակիցներ,

Ահա ավարտին է մոտենում եւս մեկ տարի: Հաշված ժամեր անց մենք բաժակների խրոխտ հարվածների, ՀՀ նախագահի, Կաթողիկոսի ուղերձների ներքո կներխուժենք 2013 թվական: Որոշեցի հետ չմնամ եւ հանդես գամ ուղերձով:
Այս տարին նշանակալից եղավ մի քանի առումներով: Նախ եւ առաջ մոտակա հարյուրամյակում այլեւս գոլդ օրեր չենք ունենա: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ տեսել ենք 01.01.01-ը, 02.02.02-ը, 03.03.03-ը, 04.04.04-ը, 05.05.05-ը, 06.06.06-ը, 07.07.07-ը, 08.08.08-ը, 09.09.09-ը, 10.10.10-ը (որն իմ հաջողության օրն է, բայց այդ օրը ես նստած մոդուլի համար էի պարապում), 11.11.11-ը եւ վերջապես 12.12.12-ը: Մենք նաեւ կարող ենք հպարտանալ, քանի որ դիմացանք աշխարհի վերջին: Հրից, կրակից, աստերոիդների եւ երկրաշարժների հարվածներից կենդանի մնացինք եւ այժմ դիմավորում ենք Նոր՝ 2013 տարին:
Այս տարին նաեւ նշանակալից եղավ մի քանի իրադարձություններով: Մաշտոցի պուրակի կրպակներից մինչեւ «Փակ» շուկայի հիմնահարց, արձանների կոտրվելու պատմությունից մինչեւ կուսաթաղանթներ, գոմեշից՝ պռեգոմեշ:
Այս տարին աշխույժ էր նաեւ քաղաքական հարցերում: Ամիսներով մենք հետեւցինք լեւոնածառուկյանական լինել, թե չլինելու (այս դեպքում առաջադրվել, թե չառաջադրվելու) դրամատիկ պոեմին՝ իր ողբերգական հանգուցալուծմամբ:
Ահագին ժամանակ մամուլը ողողված էր Սաֆարովի արտահանձնման եւ դրա հետ կապված բազմաթիվ նյութերով ու հայտարարություններով:
Սկիզբ դրվեց մի շատ կարեւոր ՝ Արցախի Հանրապետության ճանաչման երկար սպասված գործընթացին:
Չեմ ուզում լրիվ գրել, թե ինչ է եղել, ինչ չի եղել: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ տարին ամփոփում ենք դրական արդյունքներով: Բացասական էլ կա, բայց, ըստ իս, դրականը գերակշռում է:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ եւ բարեկամներ,

Գալիք տարում ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ կարիերայում: Միայնակ տղաներին մաղթում եմ գտնեն իրենց երկրորդ կեսին, նույնը մաղթում եմ նաեւ միայնակ աղջիկներին: Թող, որ բոլորիս գործերը առաջ գնան ժամացույցի մեխանիզմով եւ տիեզերանավի արագությամբ: Բոլոր ծառայող զինվորներին, պայմանագրայիններին եւ սպաներին մաղթում եմ խաղաղ եւ անփորձանք ծառայություն, իսկ զինվորներին նաեւ բարի վերադարձ: Եվ քանի որ աշխարհի վերջը հետաձգվեց մի քանի հազար տարով, օգտվենք այդ առիթից եւ ապրենք մեր կյանքը այնպես, ինչպես, որ ուզում ենք:

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: 


11 декабря 2012 г.

Экзорцизм. այն կետերից մեկը, որտեղ բախվում են կրոնը և գիտությունը


«Экзорци́зм»-ը սատանաների և այլ գերբնական ուժերի հեռացումն է դիվահար մարդու մարմնից աղոթքների և հատուկ ծիսակատարությունների միջոցով: «Экзорци́зм» երևույթը ունի երկար պատմություն, և շատ կրոնների և մշակույթների մեջ մեծ նշանակություն ունի:
Վերջերս համացանցում տեսա մի պատմություն և տեսանյութ նվիրված Անելիզա Միխել անունով մի աղջկա: Նա հայտնի է նրանով,որ իր կյանքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ «Եմիլի Ռոուզի 6 դևերը»: Անելիզան ունեցել է հոգեկան շեղումներ 16 տարեկանից մինչև մահ: Տեսանյութի մեջ լսվում է, թե ինչպես են նրան «экзорци́зм»-ի ենթարկում:
Աղջկա մասին պատմության մեջ գրված է, որ բժիշկները կարծել են, թե նա տառապել է էպիլեպսիայով, սակայն ոչ մի բուժում փոփոխություն չի առաջացրել: Իսկ հոգևորականները համոզված էին, որ նրա մեջ բնակություն են գտել դևեր: Եվ այդ համոզմունով նրան ենթարկում են «экзорци́зм»-ի, որից հետո, նա մահանում է:
Այստեղ է, որ գիտությունը և կրոնը բախվում են: Բժիշկները համոզված լինելով, որ նա սովորական հիվանդ է դեղամիջոցներ են տալիս նրան, սակայն չի օգնում: Չի օգնում նաև հոգևորականի գործողությունը և աղջիկը մահանում է:
Շատ խառը և մութ պատմությունը է: Չի կարելի միանշանակ ասել, թե որ կողմն է սխալ և, որը ճիշտ: Դա նույնքան բարդ հարց է, որքան մարդը առաջացել է կապկից, թե Ադամից ու Եվայից: Եվ ոչ մի ընդհանրություն հնարավոր չէ գտնել, քանի որ նրանք երկուսն էլ ներկայացնում են խնդրի տրամագծորեն տարբեր բացատրություններ:
Այստեղ գոյություն ունի անհատի հավատի խնդիր: Եթե մարդ միանշանակ հավատում է կրոնին և բացառում է այլ տարբերակ, ապա նրա համար ընդունելի կլինի աղջկա դիվային հիվանդությունը: Իսկ ով այդքան էլ չի հավատում կրոնին, Աստծու գոյությանը և Աստվածաշնչին, նա կընդունի բժիշկների ասածը:
Համենայն դեպս դժվար թե մարդ այնպես հիվանդանա, որ խուսափի Հիսուսի նկարներից, հրաժարվի խմել օրհնված ջուր և կոտրի խաչերը: Նաև դժվար է հավատալ, որ մարդը նորմալ ուտելիքներից կհրաժարվի և միջատ ու կարիճներ կուտի:
Այս դեպքի կրոնական մոտեցումն էլ է կասկածի տեղիքներ տալիս: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդու մեջ 6 դև մտնել և ապրել:
       Այս առեղծվածը, երբեք չի բացահայտվի, այնպես ինչպես երկրի ծագումը, մարդկանց ծագումը և այլ նման հարցեր:


9 декабря 2012 г.

Երևանը ամանորյա շունչ է առել


Արդեն քանի տարի է, որ Երևանում այսպիսի շուքով չեն պատրաստվել Ամանորին: Հիշում եմ, նախորդ տարիներին քաղաքը զարդարում էին շատ աղքատիկ և միայն ձյունն էր, որ Նոր տարվա տպավորություն էր ստեղծում: Սակայն ձյունն էլ էր հաճախ ուշանում և գալիս էր դեկտեմբերի 31-ից մի քանի օր անց:
Այս տարի Երևանը շատ գեղեցիկ է զարդարված: Երեկոյան զբոսանքի ժամանակ նկատեցինք, որ քաղաքի սրտում ամեն տեղ կարելի է հանդիպել սպիտակ տնակների, ձմեռ պապիների, խոտերի վրա «արածող» եղնիկների և, իհարկե, եղևնիների: Բացի դրանից կան նաև ավանդական զարդարանքները: Փողոցների վերևի մասերում կախված են լույսեր, իսկ Հյուսիսային պողոտայում թափվող ձյան փաթիլների տպավորություն ստեղծող լամպեր:
Կան նաև մի շաք խանութներ, որտեղ Նոր տարվա համար նախատեսված պարագաներ են վաճառվում: Մի շարք սրճարաններ և խանութներ զարդարված են լույսերով:
Երկար ժամանակ է ինչ քաղաքում զբոսնելիս հաճույք չէի ստացել: Այսօր ուղղակի չէի ուզում վերադառնալ տուն, քանի որ շատ հաճելի է զբոսնել այսպիսի քաղաքում: Եվ վերջապես մենք եվրոպացիներից ինչո՞վ ենք պակաս: Ամեն անգամ հեռուստացույցով կամ ինտերնետով տեսնում ենք, թե ինչպես են նրանք զարդարում իրենց քաղաքները և տխրում ենք: Այս տարի չենք տխրի:

12 ноября 2012 г.

Հետախույզների 20-րդ տարեդարձին նվիրված ցուցադրական վարժանք (տեսանյութ)


Նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև հետախույզների հարազատներ և հյուրեր: 
Ողջունելով և շնորհավորելով բոլոր հետախույզներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նրանց դերը Հայոց բանակի կազմավորման և կայացման բոլոր փուլերում. «Ազգային բանակի հետախուզությունը փառապանծ ճանապարհ է անցել: Համաշխարհային հետախուզական պատմության մեջ մեծ է հայորդիների դերը: Հայ ժողովուրդը մշտապես կարողացել է իր մատը պահել համաշխարհային զարգացումների զարկերակի վրա և իր մասնակցությունն ունենալ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշել է պաշտպանության նախարարը:
Միջոցառման ավարտին հետախուզության զորքերը հանդես եկան ցուցադրական վարժանքով` ցուցադրելով իրենց ունակությունները և պատրաստվածությունը:


   Տեսանյութը և լուսանկարները վերցված են Պաշտպանության նախարարության պաշտոնական Mil.am կայքէջից:

12 октября 2012 г.

Կուսաթաղանթների պատմությունը գրավել է բոլորին


Մի քանի օր է համացանցը ուղղակի պայթում է արհեստական կուսաթաղանթների քննարկումներից և ես ուղղակի չկարողացա անտարբեր անցնել այդ հարցի կողքով: Հոկտեմբերի 9-ին տեղեկություն տարածվեց, որ «մոտ 10 օր առաջ, ֆիզիկական անձը Հայաստան է ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ: Ներմուծումը կատարվել է օրինական ճանապարհով` հետագայում իրացնելու նպատակով»: 

Այս լուրին անմիջապես լայնորեն սկսեցին արձագանքել սոցցանցերի օգատատերերը: Մասնավորապես լայն քննարկում սկսվեց այն մասին, որ այս կուսաթաղանթները հնարավորություն կտան անբարոյականներին մի քանի անգամ «կարմիր խնձոր» անել և մնալ չբացահայտված:

Բոլորը սկսեցին լրջորեն և վրդովված բողոքել այս իրողության դեմ: Այս դեպքը շատ մադրկանց հիասթափության պատճառ դարձավ: Եվ շատ քչերը փորձեցին հումորով մոտենալ այս հարցին: Ցավալի այն է, որ նման հիմարությունը կարող է այնքան լուրջ քննարկման թեմա դառնալ, որ տարածվի ամբողջ համացանցով և վարակի գրեթե բոլորին:  

Պետք է գիտակցել մի բան: Բոլոր կուսազրկվածները չեն, որ անբարոյական են: Անբարոյական է նա ով անընդհատ զբաղվում է սեռական հարաբերություններով և հաճույք է ստանում դրանից կամ փորձում է փող վաստակել: Ով գնում է նման քայլի, և կուսությունը կորցնելուց հետո իր անունը մաքրելու համար արհեստական կուսաթաղանթ է գնում, երբեք չի կարող լինել բարոյական մարդ: 

Իսկ սիրո հողի վրա կատարված հարաբերությունները, որի ընթացքում աղջիկը կորցրել է կուսությունը անբարոյականություն չի կարող համարվել:  Իմ կարծիքով սխալ է նաև այն տեսակետը, որ աղջիկը պետք է կույս մնա մինչև ամուսնություն: Եթե տղան և աղջիկը փոխադարձաբար հարգում են իրար և նպատակ ունեն հետագայում ամուսնանլու,  շատ հանգիստ կարող են դուրս գալ այդ կարծրատիպերի միջից և ազատություն տալ իրենց ցանկություններին: 

Բարոյականությունը ֆիզիկական կուսության մեջ չէ: Պետք է հոգեպես «կույս» լինել և ոչ թե ֆիզիկապես: Եվ ամեն դեպքում, ամեն մարդ ընտրում այն ճանապարհը, որով նա քայլելու է իր ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ ներկա պահին կան ավելի լուրջ հարցեր, որոնք արժանի են քննարկման: Կուսաթաղանթի մասին թող մտածեն այդ «կեղծ կույսերի» իրական ամուսինները:

2 октября 2012 г.

Հայոց հզոր ու անպարտելի բանակը 21 տարեկան է (տեսանյութ)

Ձեզ եմ ներկայացնում ընկերոջս պատրաստած՝ հայկական բանակի 21-րդ տարեդարձին նվիված տեսանյութը: Ես հանգիստ եմ, քանի որ գիտեմ, որ մեր երկիրը հզոր բանակ ունի, մեր սահմաններին կանգնած են խիզախ զինվորներ, որոնք պատրաստ են ամեն վարկյան կտրել այն թշնամու գլուխը, ով կհանդգնի խանգարել մեր մայրերի եւ քույրերի անդորրը:



30 сентября 2012 г.

Հայկական բանակը վերազինվում է (ֆոտոշարք)

 Սեպտեմբերի 15-ից 19-ը ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը ` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ: Զորավարժության ավարտին ցուցադրվեց հայկական բանակի նոր սպառազինությունը: Տեսնելով այդ զենքերը կարելի է վստահաբար ասել. «Հայկական բանակը վերազինվում է»: Ֆոտոռեպորտաժը՝ Կարեն Մինասյանի:   


22 сентября 2012 г.

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունն ավարտված է, թշնամին՝ ոչնչացված (բացառիկ տեսանյութ)


Սեպտեմբերի
19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ:


«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, զորավարժության մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության, Միավորված շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ԱՊՀ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդներ, ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Զորավարժությունների ավարտից հետո լավագույն ցուցանիշներ ցույց տված զինվորականները պարգևատրվել են ՀԱՊԿ հատուկ շքանշանով, պատվոգրերով և հուշանվերներով, որոնք հանձնել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Նրանց շարքում են եղել նաև ՀՀ բանակի զորամասերի հրամանատարներ, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ: