11 февраля 2012 г.

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը

-Շարքային Իսրաելյան:
-Ես եմ:
-Հանդիսավոր երդումն ընդունելու կապակցությամբ ինձ մոտ:
-Լսում եմ,- ասացի ես ու շարային քայլով մոտեցա սեղանին: -Պարոն կապիտան, շարքային Իսրաելյանը հանդիսավոր երդումն ընդունելու կապակցությամբ ներկայացավ:
-Վերցրու գիրքը: Եեեեեեետ դարձ: Ասա երդումը:
-Ես Աշոտ Արամի Իսրաելյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս:
Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ    ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
-Ետ դարձ: Դիր գիրքը, այստեղ ստորագրի: Շնորհավորում եմ:
-Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
-Կանգնել շարք:
-Լսում եմ,- ասացի ես ու նորից շարային քայլով կանգնեցի շարք:
Եվ այսպես մի քանի րոպեում, այսպիսի երկխոսության միջոցով դարձա հայ զինվոր:
Կարող եմ ասել, որ շատ պատասխանատու գործ է հանդիսավոր երդում ընդունելը՝ ձեռքում մարտական զենք բռնած: Երբ մոտենում ես սեղանին՝ սիրտդ անհանգստությունից թրթռում է, փորձում ես ամեն ինչ անել, որ երդումդ ինչքան հնարավոր է՝ գեղեցիկ ստացվի: Չէ±որ քեզ նայում են հարազատներդ, սպայական անձնակազմը և շատ ուրիշ մարդիկ... Խոստովանում եմ, որ երդումն ընդունելուց հետո ինձ զգում էի ոգևորված, և ծառայելու ցանկությունս կտրուկ բարձրացել էր:
   Զինվորական երդումն ընդունելուց հետո ստացա զինվորական գրքույկս, արձակման թերթիկս և գնացի տուն՝ մի քանի ժամով: 2 ամիս վաշտում ծառայելուց հետո շատ հաճելի էր նորից լինել տանը, բայց, ցավոք, երեկոյան պետք է լինեի զորամասում և հարազատներիս հետ շատ կարճ ժամանակ անցկացրեցի: Միևնույն է, շատ գոհ էի և նույն տրամադրությամբ էլ շարունակելու եմ ծառայել:

Հ.Գ. Ցանկանում եմ բոլոր ծառայող ընկերներիս, մոտիկ մարդկանց և ընդհանրապես բոլոր հայ զինվորներին մաղթել բարի ծառայություն և բարի վերադարձ: Թող ձեր ծառայությունը անցնի արագ, աննկատ և դուք տուն վերադառնալով չկարողանաք հասկանալ, թե ինչպես անցավ այդ երկու տարին: Բարին եմ ցանկանում ձեզ իմ ծառայակից եղբայրներ և համբերություն ձեր հարազատներին:
Եթե ցանկանում եք տեսնել իմ երդման հանդիսավոր արարողությունը, սեղմեք վերևում տեղադրված տեսանյութը:

Комментариев нет:

Отправить комментарий