26 декабря 2014 г.

Վարկով Նոր տարի մի արեք, թե չէ ամբողջ տարին վարկի տակ կանցնի

Առհասարակ Հայաստանում վարկ վերցնելը շահավետ չէ բարձր տոկոսադրույքների պատճառով։ Էլ չեմ խոսում հիփոթեքի մասին։ Դա պետք է ամենածայրահեղ, անելանելի իրավիճակներում անել։ 

Ցավոք վերջին շրջանում մենք դեկտեմբեր ամսին ավելի շատ կենտրոնանում ենք, թե ինչ դնենք սեղանին, քան ինչպես դիմավորենք Նոր տարին։ Կա տարածված կարծիք, որ տարին ինչպես դիմավորես այդպես էլ կշարունակվի։ Իմ դեպքում դա իրականություն դարձավ 2014 թվականին։ Չեմ ուզում փակագծերը բացել։ Արդեն անցել գնացել է։

Այդ պատճառով պետք չէ ճոխ սեղան ունենալու համար պարտքի կամ վարկի տակ ընկնել։ Թե չէ ամբողջ տարին պետք է նոր պարտքեր անեք, որ վարկերը փակեք։

Նոր տարին ինձ համար ոչ թե նյութական (ուտել-խմելու), այլ հոգևոր (նոր հույսերի, նոր ծրագրերի և այլ նոր բաների) տոն է։ Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ովքեր են կոկորդիլոս դնում սեղանին և ովքեր հավի միս։ 

Ես, երբ գնում եմ ինչ-որ մեկի տուն դեկտեմբերի 31-ից հետո, նպատակ եմ ունենում շնորհավորեմ, այլ ոչ կուշտ փորով հաց ուտեմ։ Իհարկե, ճիշտ էլ չէ տանտիրուհու աշխատանքը չգնահատել, պետք է գոնե մի բան ուտել։

Դեկտեմբեր ամիսը, և հատկապես 20-31-ն ընկած ժամանակահատվածը ինձ համար անցած տարվա սխալները ու ձեռքբերումները վերլուծելու, մյուս տարվա անելիքները պլանավորելու, արած-չարածները հիշելու օրեր են։

Ես սիրում եմ գնալ եկեղեցի և Աստծուց մեղքերի թողություն խնդրել։ Իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը ինձ համար ամենաուրախ օրն է։ Ես կարծես այդ օրը նոր շունչ եմ ստանում, նոր բարձունքներ գրավելու մոտիվացիա։ Իսկ ուտուշ-խմուշները ցանկացած օր էլ կարելի է անել։

Շատ կուրախանամ, եթե բոլորը այդպես մտածեն։ Այդպիսի վերաբերմունքը Նոր տարվա նկատմամբ շատ բան կարող է փոխել։ 

Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը և ցանկանալ ամենայն բարիք ու առողջություն այս նոր՝ այծի տարում։