2 марта 2015 г.

«Ֆրանսիան դրախտ է ֆրանսիացիների համար, բայց ոչ՝ միգրանտների»

Մեր առօրյայում շատ կարելի է հանդիպել «վերջ, գնում եմ էս երկրից», «արտասահմանում գործը լիքն է, կգնամ կաշխատեմ, լավ կապրեմ», «այստեղ հույս չկա, հեն ա, հարևանիս աղջիկը եվրոպաներում լավ էլ տեղավորվել է, աշխատում է» և այլ արտահայտություններ: Մեզանում Եվրոպան ասոցիացվում է լավ կյանքի, բարձր աշխատավարձով աշխատանքի, օրենքների գերակայության և այլ դրական հատկանիշների հետ: Մարդիկ գնալով Եվրոպա` ցանկանում են տեսնել այդ ամենը:

Բայց միգրացիան ունի նաև իր բացասական կողմերը: Մանավանդ, եթե միգրացիան անօրինական է, շատ դժվար կլինի քաղաքացիություն և աշխատելու իրավունք ստանալ: Հիմնականում դրա համար մեծ գումարներ, ծանոթություն է պետք: Կա նաև ամուսնանալու կամ ապաստան խնդրելու հնարավորությունը:

Եվրոպայում միգրանտների պայմանների մասին զրուցեցինք Ֆրանսիայում բնակվող Բաբկենի հետ (անունը փոխված է` իր խնդրանքով): Նա էլ լավ կյանքի հույսով գնացել է Եվրոպա ու երկար տարիների չարչարանքներից հետո շատ դժվարությամբ քաղաքացիություն է ստացել:

Բաբկենը մինչև 2002 թվականն ապրել է Հայաստանում: Ունեցել է միջին աշխատավարձով աշխատանք, ծառայել է բանակում: «Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերին: Ընկերներիցս մեկը, որ Ֆրանսիայի քաղաքացի է, եկավ Հայաստան` արձակուրդն անցկացնելու: Մեր հանդիպման ընթացքում պատմեց Ֆրանսիայում մարդկանց կյանքի մասին, թե ինչքան բարձր աշխատավարձ են ստանում, և ինչպես է ընդհանրապես կյանքը»:

Նրա խոսքերով` ընկերը քաղաքական ապաստան է խնդրել, և ինչ-որ հրաշքով` շատ արագ տվել են, ստացել է քաղաքացիություն, սկսել է աշխատել և լավ ապրել. «Ոգևորվելով նրա պատմությունից` որոշեցի ես էլ գնալ և ապաստան խնդրել: Վաճառեցի տունը, մեքենաս, եղբորս ու մորս ուղարկեցի վարձով ապրելու, հույս ունենալով, որ արագ կստանամ Ֆրանսիայի քաղաքացիություն և իրենց էլ կբերեմ ինձ մոտ: Արեցի այն, ինչ որոշել էի»:

Բաբկենը գնացել է Ֆրանսիա, դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար, բայց մերժվել է. «Ստիպված եղա միգրանտների ճամբար գնալ, և այդ ժամանակ սկսվեցին իմ տանջանքները: Ճիշտ է, քնելու տեղ և սնունդ տալիս էին, բայց մեզ ստրուկ էինք զգում: Անընդհատ տեղից տեղ էին տեղափոխում, մի վայրում մի քանի օրից ավելի չէինք մնում»:

Ծանր վիճակը, ընտանիքի անդամների պարտքերն ու անելանելի դրությունը ժամանակի հետ Բաբկենի մոտ առաջացրեցին ինքնասպանություն գործելու ցանկություն: «Երբ տարան հերթական ճամբար, գիշերը գնացել էի ծովի մոտ: Աչքիս առջևով անցնում էին ընտանիքիս անդամները, զինծառայությունս, ընկերներս, աշխատանքս, Հայաստանը: Ինչո՞ւ թողեցի այդ ամենը: Ինչո՞ւ առանց երկար մտածելու` ամեն ինչ թողեցի ու եկա անծանոթ երկիր: Ինչո՞ւ մտքովս չանցավ, որ Ֆրանսիան լավն է ֆրանսիացիների համար, բայց ոչ` հայերի»:

Բաբկենի խոսքերով` այդպիսի սուր զգացումների ազդեցության տակ մտավ ծովը, որ խեղդվի ու ազատվի այդ տառապանքներից. «Բայց ինչ-որ ներքին ձայն ինձ ասաց, որ չանեմ այդպիսի բան, ամեն ինչ լավ կլինի: Որոշեցի լսել այդ ձայնին և մի քիչ էլ սպասել: Հաջորդ օրը մեզ տեղափոխեցին այլ ճամբար: Այդտեղ նկատեցի բանվորների, ովքեր բեռնատարից արկղեր էին իջեցնում: Որոշեցի օգնեմ, քանի որ ազատ էի»: Տղաներին օգնելու ընթացքում այդ ճամբարի ղեկավարը նկատում է Բաբկենին, աշխատանք է առաջարկում: Բաբկենը համաձայնում է` մի պայմանով, որ իրեն կպահի այդ ճամբարում և ուրիշ տեղ չի ուղարկի: Ղեկավարը չի մերժում: Բաբկենն ընդունվում է` որպես բանվոր: Մի քանի ամիս աշխատելուց հետո տեղափոխվում է գրասենյակային աշխատանքի:

Դրանից հետո Բաբկենի կյանքը կարծես 180 աստիճանով շրջվեց: «Այդտեղ ծանոթացա ղեկավարի քարտուղարուհու հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո սկսեցի տուն ճանապարհել, հանդիպումների հրավիրել: Ամուսնալուծված աղջիկ էր, մի անչափահաս երեխա ուներ: Ժամանակի ընթացքում սիրեցինք իրար ու որոշեցինք ամուսնանալ»: Ամուսնությունից հետո Բաբկենը քաղաքացիություն է ստանում և 7 տարվա ընդմիջումից հետո կարողանում է վերջապես գալ Հայաստան և մի հարսանիք էլ այստեղ անել: «Չեք պատկերացնի` ինչ զգացի, երբ մտա մեր բակ, տեսա մորս ու եղբորս: Ուղղակի աննկարագրելի է, չեմ կարող բառերով բացատրել»:

Այժմ նա լավ աշխատանք ունի, բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունում մենեջեր է աշխատում, բավականին բարձր աշխատավարձ ունի, ընտանիքի բոլոր պարտքերը վճարել է:

Բաբկենին հարցրեցինք, թե արդյո՞ք արժեր այդքան դժվարություններ տեսնել` հանուն Ֆրանսիայում բնակվելու և աշխատելու հնարավորության: Նա պատասխանեց, որ չի կարող միանշանակ պատասխանել. «Գիտե՞ք, ես կորցրեցի իմ երիտասարդության 7 տարիները: Ես այլևս երիտասարդ չեմ, առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ, տեսա այն, ինչ թշնամուս էլ չեմ ցանկանա, որ տեսնի: Մյուս կողմից` հանդիպեցի Միշելին, որին սիրեցի, և այժմ մենք երջանիկ ենք: Չգիտեմ` ինչ ասեմ: Ե՛վ արժեր, և՛ չարժեր»:

Մեր հարցին, թե` ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Հայաստանից և ապաստան գտնել Եվրոպայում, պատասխանեց. «Թող լավ մտածեն, հապճեպ որոշումներ չկայացնեն, շատ տեղեկություններ հավաքեն այն երկրի մասին, ուր ուզում են գնալ, չփորձեն մի լավ պատմություն լսելով` ինձ նման հապճեպ որոշում կայացնել: Ամենակարևորը` թող աշխատեն միայն օրինական ձևով գնալ ուրիշ երկիր, քանի որ անօրինականն ուղղակի տանջանք է: Եվ հիշեք. Ֆրանսիան դրախտ է ֆրանսիացիների համար, ոչ` միգրանտների»:

Լուսանկարը՝ WikiMedia-ից 
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Комментариев нет:

Отправить комментарий