13 июня 2012 г.

Խնայեք մեր զինվորների մայրերին



Ս.թ. հունիսի 4-ին տարածաշրջանային այցելությամբ Հայաստան էր ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Չգիտեմ՝ զուգադիպություն էր դա, թե Քլինթոնին «արյունով» դիմավորելու միջոց՝ հունիս 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:  Սակայն ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվեց և տալով կորուստներ` հակառակորդը ետ մղվեց:

Ցավոք, դիամդրությունը չանցավ առանց զոհերի եւ վիրավորների: Զոհվեց 3 հոգի վիրավորվեց 6-ը: Բոլորի համար, կարծում եմ, շոկ էր այսպիսի լուր լսելը, քանզի շատ քչերը կպատկերացնեին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից հաշված ժամեր առաջ Ադրբեջանը կդիմի նման քայլերի:

Այսքանով չավարտվեցին Ադրբեջանի սադրիչ, նախահարձակ գործողությունները, որոնք միտում ունեն փոխելու տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն: Դիվերսիայի հաջորդ օրը՝ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձեցին կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, եւ տալով բազմաթիվ կորուստներ եւ վիրավորներ՝ նահանջել է:

Այս լուրը կարծես ամպրոպը լիներ խաղաղ երկնքում: Բոլորը սկսեցին կարծել, թե վերսկսվում է պատերազմը: Շատ, շատ մարդիկ սկսեցին դիմել պաշտպանության նախարարություն՝ կամավոր զորակոչվելու եւ դիրքեր մեկնելու համար: Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ դրա կարիքը չկա եւ հայ սահմանապահները վերահսկում են իրավիճակը:

Որ դա այդպես է՝ համոզվեցինք ադրբեջանական հաջորդ եւ կարծես, թե վերջին դիվերսիայի ժամանակ: Հունիսի 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը փորձ է արել ներխուժել ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը: Վնասազերծման գործողությունների ժամանակ զոհվել է 1 եւ վիրավորվել 2 հայ զինծառայող: Ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ ադրբեջանական կողմն այս բոլոր գործողությունների ընթացքում ունեցել է ավելի քան 25 զոհ:

Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին ընդամենը 8 զոհի մասին, բայց չգիտես ինչու՝ վերջին ժամանակներս Ադրբեջանի ԶՈՒ-ում շատացան ականի վրա պայթելու, զինծառայողների վրա բետոնե պանելներ ընկնելու դեպքերը: Կարծում եմ՝ հասկացալի է, թե որն է սրա նպատակը: Ադրբեջանցիները սովորություն ունեն թաքցնելու իրենց զոհերին: Եվ եթե նրանք հայտարարում են 8 զոհի մասին, ապա այդ թիվը հանգիստ կարող եք բազմապատկել 2-ով կամ 3-ով եւ կստանանք նրանց զոհերի իրական թիվը: Պարզ է, դիակները կան, դա փաստ է, դա չեն կարող թաքցնել: Բայց չեն կարող նաեւ հայտարարել, որ այդքան զոհեր ունեցել են այդ գործողությունների ժամանակ, քանի որ այդ դեպքում ադրբեջանական պղպջակները կպայթեին: