29 сентября 2014 г.

Աննա Իսրաելյան. «Լրագրողները եւ խմբագիրները երկու տարբեր դասակարգեր են ու հակամարտում են»

 Շատ հաճախ, երբ թերթերի կամ առցանց լրատվական կայքերի խմբագիրները նկատողություն են անում լրագրողներին վատ կամ թերի աշխատանք կատարելու համար, վերջիններս էլ հակադարձում են, թե իրենք ամբողջ օրը քրտնաջան աշխատում են, նյութեր են պատրաստում, իսկ խմբագիրն իր աշխատասենյակում նստած միայն դժգոհում է: Այդ լրագրողները նաև ասում են, որ խմբագիր բոլորն էլ կարող են աշխատել, իսկ լրագրողի գործը շատ ավելի բարդ է: Ահա այս թեմայի շուրջ զրուցեցինք առցանց «Առավոտի» խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱԵԼՅԱՆԻ  հետ:

– Լրագրողները հաճախ բողոքում են, որ խմբագիրների գործը ավելի հեշտ է, քանի որ իրենք ամբողջ օրը վազում են, նյութեր են հավաքում, իսկ խմբագիրները ուղղակի նստած կարդում են: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ընդհանրապես, ասում են, որ կարծես լրագրողական երկու տարբեր դասակարգեր լինեն, որոնք ուղղակի հակամարտում են: Մի ժամանակ, երբ որ տպագիր մամուլի մասին էր խոսքը, այդպես էր. խմբագիրները կրճատում էին, լրագրողները՝ դրա դեմ պայքարում, իսկ առցանցի դեպքում ինչ-որ բան փոխվեց: Ես երկու կարգավիճակում էլ աշխատել եմ ե՛ւ լրագրողի, ե՛ւ խմբագրի: Երբ փոփոխության այդ առաջարկը եղավ, ինձ թվում էր, թե խմբագրի աշխատանքը շատ ավելի թեթեւ է լինելու, բայց պարզվեց, որ այն շատ ավելի լարված է, շատ ավելի մեծ է պատասխանատվությունը: Եթե որպես լրագրող դու միայն քո ստորագրության համար ես պատասխանատու, ապա որպես խմբագիր դու պատասխան ես տալիս ողջ խմբագրական գործունեության համար:

- Ի՞նչ գիտելիքներ կամ փորձ պետք է ունենա լրագրողը, որպեսզի կարողանա խմբագիր աշխատել:

- Հայերենի շատ լավ իմացություն պետք է ունենա առաջին հերթին, ինչը, կարծես, պակասում է: Լրագրողը շատ է ապավինում նրան, որ իր աշխատանքը կկարդան սրբագրիչները, խմբագիրները, իսկ որոշ լրագրողներ անգամ երկրորդ անգամ իրենց տեքստը չեն կարդում: Չեմ սիրում այդպիսի լրագրողների, որովհետեւ եթե դու քո նյութը չես ցանկանում երկրորդ անգամ կարդալ, ուրեմն ո՞նց ես ակնկալում, որ այն կկարդան ուրիշները: Մյուս կարեւոր հատկանիշը մենեջերի, կազմակերպչի ունակություններն են՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման իմաստով, որ կարողանաս գլխավորը երկրորդականից զատել, իմանալ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ: Եվ երրորդը թիմ ստեղծողի հատկանիշներն են, որ ինչ-որ աշխատանքի մոտիվացիայի, թիմը համախմբելու ունակություններ ունենաս եւ կարողանաս դրանք գործադրել:

- Խմբագիրը լրագրողի կայացման գործում ինչ-որ դերակատարություն ո՞ւնի եւ ի՞նչ չպետք է անի սկսնակ լրագրողի հետ աշխատելիս:

- Չպիտի ջարդի: Պետք է հասկանա, որ բոլորս էլ սխալներ արել ենք սկզբում եւ ոչ ոք ապահովագրված չէ: Չպետք է արված սխալը առիթ դարձնի լրագրողի վրա խաչ քաշելու համար, իբր ոչնչի պիտանի չի: Խմբագիրը կարող է օգնել, որ լրագրողը հասկանա, թե որտեղ իր տեղը, որտեղ է ինքը ուժեղ, ուղղորդի, սխալները մատնանշի:

- Դուք 2011 թվականից առցանց «Առավոտի» խմբագիրն եք: Այս երեք տարիների ընթացքում ունեցե՞լ եք ակտիվ լրագրություն վերադառնալու ցանկություն:

- Զարմանալի է, բայց ոչ: Իմ այն ընկերները, որոնք էլի լրագրողից անցում են կատարել խմբագրի աշխատանքին, այդքան էլ գոհ չեն, որովհետեւ առավել կարեւորում են ստեղծագործական աշխատանքը: Խնդիրն այն է, որ ես իմ մտահաղացումները, որ կանեի իբրեւ լրագրող, փորձում եմ մեր այլ լրագրողների միջոցով իրականացնել: Մեծ մասամբ դա ստացվում է: Մեկ-երկու դեպք է եղել, երբ մտածել եմ, որ, այնուամենայնիվ, այդքանը պատմելու, բացատրելու փոխարեն ավելի լավ է ինքս անեմ: Օրինակ` այդպես եղավ Անաստաս Միկոյանի թոռան հետ հարցազրույցի դեպքում: Ինքս էլ արեցի, քանի որ մտածեցի, որ բոլոր փաստերը վերաշարադրելու, պատմելու փոխարեն, որ ասեմ այս հարցրեք, այն հարցրեք, ճիշտ կլինի ինքս անեմ:Ես չեմ ափսոսում, մանավանդ, որ շարունակում եմ պրակտիկ լրագրող էլ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Այդ իմաստով, որեւէ պակաս չկա:

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ: