1 марта 2015 г.

Ժամանակը ցույց կտա՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը ճի՞շտ քայլ էր, թե՞ ոչ

«Սխալ եւ անհաջող քայլ».-ահա այսպես արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն: «Հայաստանի խորհրդարանում գտնվող արձանագրությունների առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա Հայաստանի իշխանությունների որոշումն է: Բայց դա մենք սխալ ենք համարում: Սխալ եւ անհաջող քայլ: Այս մոտեցումները հեռու են մերձեցման քաղաքականությունից»,- մասնավորապես նշել էր ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Արձանագրությունները ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին:

Իսկ թուրքական լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվել էին միայն արձանագրությունները հետ կանչելու մասին տեղեկատվությունը հրապարակելով: Որոշ կայքեր ինչ-որ անդրադարձ, այնուամենայնիվ, կատարել էին: Մասնավորապես թուրքական NTV ալիքը, որպես նյութի վերնագիր գրել է «6 տարի անց Հայաստանից հետքայլ», Kanal A Haber-ը այս քայլը որակել է «շոկային որոշում», իսկ Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»:

Ծանոթանալով Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանին եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի այս քայլը կամ անակնկալ էր նրանց համար եւ չէին նախապատրաստվել, կամ էլ, ուղղակի, ասելիք չունեն եւ նախընտրում են լռել:

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այստեղ քաղաքագետները, կարծես, միահամուռ կերպով դրական գնահատական տվեցին Սերժ Սարգսյանի քայլին: Մասնավորապես Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, թե ինքը կանխատեսել էր, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչվի ցյուրիխյան արձանագրությունները, «ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար. «Կարող է նաեւ ստորագրությունը հետ վերցնել եւ դրանով ամբողջությամբ վնասազերծել այս արձանագրությունները: Այս ձեւով պահելով, այսինքն` ստորագրված, թեկուզ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերված, տակավին թողնում ենք Թուրքիայի ձեռքին լծակ»:

Արձանագրությունները հետ կանչելու անհրաժեշտության մասին արդեն մի քանի տարի է խոսում էին մի շարք քաղաքագետներ, թուրքագետներ եւ քաղաքական գործիչներ: Սակայն Հայաստանի իշխանությունները, կարծես, լռելյայն սպասում էին Թուրքիայի քայլերին: Իսկ Թուրքիան էլ անընդհատ կրկնում էր, որ արձանագրություններին ընթացք կտան միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման դեպքում եւ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ «օկուպացված տարածքների» մասին:

Բացի վերոնշյալից կա կարծիք, որ այս քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին եւ 102 այլ երկրների ղեկավարներին հրավիրել էր Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սերժ Սարգսյանը պատասխան նամակով մերժել էր հրավերը:

Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանի իշխանությունների համբերության բաժակը արդեն լցվել էր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կար անհրաժեշտություն դիմելու վճռական քայլերի:

Կարծիքների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն փաստն այն է, որ արձանագրությունները այժմ հետ են կանչվել Ազգային ժողովից, իսկ ստորագրությունը՝ ոչ: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերջին հնարավորությունը տալ Թուրքիային քայլ առաջ կատարելու: Ամեն դեպքում ապագան ցույց կտա այս քայլը ճի՞շտ էր, թե՞ ոչ:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий