24 августа 2013 г.

Ադրբեջանի հերթական տապալված տրագիկոմեդիան

Ուշադիր դիտեցի գերևարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի նոր «հարցազրույցը»: Առաջին տպավորությունն այնպիսինն էր, կարծես, թե ադրբեջանցիները փորձում էին փակել նախորդ «հարցազրույցում» տված բացերը: Ինչպես հիշում ենք, նախորդ «հարցազրույցից» հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ինջիղուլյանի ասածը սխալ են թարգմանել, աչքի տակ կապույտ էր ու եթե հիմա ամառ է, ապա ինչո՞ւ տեսանյութում նրա հագի համազգեստի թեւքերը իջեցված չէին: Այս հարցազրույցը, կարծես, նպատակ ուներ փակել այդ բացերը:

Ինչ խոսք. այս անգամ ավելի պրոֆեսիոնալ գործ է արել ադրբեջանական կողմը: Սակայն այս «հարցազրույցը» կրկին համոզիչ չէր: Նախ` պարզ երեւում է, որ զինվորը անգիր արած տեքստ է ասում եւ ոչ թե իր կարծիքը: Երկրորդը նրա դեմքի արտահայտությունից պարզ երեւում է, որ համաձայն չէ իր ասածի հետ: Նույնիսկ նրա ժպիտը կեղծ է: Երրորդ. նա բարձրագույն կրթություն ստացած եւ արդեն բավականին հասուն տղա է: Ուղղակի հնարավոր չէ, որ սպայի մի-երկու հարվածից նա փախչի զորամասից: Չորրորդը. Արցախի քաղաքացիները այնպիսին չեն ինչպիսին ներկայացնում է Հակոբը: Ես անձամբ Ղարաբաղում չեմ եղել, բայց ով եղել է, ասում է, որ ղարաբաղցիները շատ հյուրընկալ ու ջերմ մարդիկ են: Հինգերորդը. հիմա ուղղակի անհնար բան է, որ զինվորները սպայի հետ դիրքերում ալկոհոլ օգտագործեն: Ոչ ոք այդպիսի ռիսկի չի գնա: Վեց. Չի կարող նույն մարդը մի քանի օրվա մեջ մի քանի անգամ կարծիք փոխել՝ սկզբից ասել, թե լավ է, իրեն լավ են վերաբերվում ամեն ինչ նորմալ է, հետո քնել արթնանալ եւ որոշել, որ Հայաստանը վատ տեղ է եւ պետք է գնալ ուրիշ երկիր: Բա ծնողնե՞րը: Ոչ մի խելամիտ տղա այդպիսի քայլի չէր դիմի:

Այս տեսանյութը կրկին ապացուցում է, որ ադրբեջանցիները միջազգային կոնվենցիաները խախտելու մոլի երկրպագուներ են: ՄԵզ մոտ էլ են գերիներ եղել, բայց մերոնք երբեք նման բաներ չեն արել, որովհետեւ դա հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Ադրբեջանցիները ինչպես միշտ փորձում են ներկայացնել իրենց կողմի հզորությունը եւ Հայաստանի թուլությունը: Նրանք կրկին ուզում են ապացուցել, որ իրենց մոտ ավելի լավ է քան Հայաստանում: Չի ստացվի: Բոլորը գիտեն, թե Ադրբեջանում կյանքն ինչպիսինն է:
Նրանք միշտ խոսում են իրենց գերհզոր ռազմական տեխնիկայի, անհաղթահարելի բանակի եւ երկրի հարստությունների մասին: Բայց արի ու տես, որ հենց հերթը հասնում է դա ապացուցելում, նրանք դառնում են «նոր հարսնացուներ»: Նրանք անսպասելի դիվերսիաներ են անում, բայց ավելի շատ վիրավոր ու զոհ են ունենում, քան մենք: Նրանք անընդհատ կրակում են մեր դիրքերի վրա, բայց կրկին ավելի շատ զոհեր են ունենում: Հետո մի քանի ամիս լռում են, հետո նորից հարձակվում ու նույն պատասխանը ստանալուց հետո կրկին լռում:

Իսկ այս դեպքը Ալիեւի նախընտրական քարոզչությունն է: Նրանք իրենց ժողովրդին ուզում են ցույց տալ իրենց ուժը եւ հայերի թուլությունը, իսկ մերոնց ուզում են ցույց տալ, թե ինչքան թուլ է մեր կառավարությունը եւ ինչքան խոցելի է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

Նրանք մոռացել են 20 տարի առաջ տեղի ունեցածը եւ ապրում են վարդագույն երազներում: 20 տարի առաջ էլ էին նրանք մեզնից մի քանի անգամ ավելի շատ եւ ավելի լավ սպառազինված: Բայց թե ինչ կատարվեց՝ գիտենք բոլորս: Նույնը կլինի նաեւ հիմա: Ադրբեջանցիներին կոչ եմ անում, որ թույլ չտան հայերի մեջ արթնանա ցասումը, քանի որ դա կլինի Ադրբեջանի վերջը: Հայաստանը ավելի ծանր պայմաններում էլ է եղել, բայց միշտ իր ցասման, հայրենասեր մարտիկների եւ միասնականության շնորհիվ դուրս է եկել այդ վիճակից: Իսկ այժմ մենք ունենք կանոնավոր բանակ, հզոր զինված ուժեր, հզոր տեխնիկա, լավ հրամանատարներ: Ադրբեջանը չի կարողանում հաշվի չնստել սրա հետ: Եթե նրանք գեթ մեկ վայրկյան զգան, որ առավելություն ունեն մեր նկատմամբ, անմիջապես կհարձակվեն մեզ վրա: Զենքը ոչ մի հարց չի լուծում, եթե կռվող զինվոր չունես: Ադրբեջանցիների մոտ դեռ թարմ են այն հիշողությունները, թե ինչպես Մոնթե Մելքոնյանը 1 տանկով 20-ը գրավեց: Դա կլինի հիմա եւ ավելի խոշոր մասշտաբներով: Եթե նրանք արկածախնդրության գնան, ապա մեր բանակը կհամալրվի իրենց տեխնիկայով:
Հայաստանի ԶԼՄ-ներին էլ կոչ եմ անում, որպեսզի այդքան լայնորեն չտարածեն ադրբեջանական կայքերի ապատեղեկատվությունները, և հատկապես այդ տեսանյութերը, քանի որ դա մարդկանց մեջ անհիմն վախ ու հուսահատություն է առաջացնում: Ես հասկանում եմ, որ այդ նորությունները լավ ու շատ են դիտվում, բայց չի կարելի նման ձեւով վարկանիշ հավաքել:

Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին էլ մաղթում եմ համբերություն եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ իրենց տղան շուտ կվերադառնա տուն: