31 декабря 2012 г.

Աշոտ Իսրաելյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի հայրենակիցներ,

Ահա ավարտին է մոտենում եւս մեկ տարի: Հաշված ժամեր անց մենք բաժակների խրոխտ հարվածների, ՀՀ նախագահի, Կաթողիկոսի ուղերձների ներքո կներխուժենք 2013 թվական: Որոշեցի հետ չմնամ եւ հանդես գամ ուղերձով:
Այս տարին նշանակալից եղավ մի քանի առումներով: Նախ եւ առաջ մոտակա հարյուրամյակում այլեւս գոլդ օրեր չենք ունենա: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ տեսել ենք 01.01.01-ը, 02.02.02-ը, 03.03.03-ը, 04.04.04-ը, 05.05.05-ը, 06.06.06-ը, 07.07.07-ը, 08.08.08-ը, 09.09.09-ը, 10.10.10-ը (որն իմ հաջողության օրն է, բայց այդ օրը ես նստած մոդուլի համար էի պարապում), 11.11.11-ը եւ վերջապես 12.12.12-ը: Մենք նաեւ կարող ենք հպարտանալ, քանի որ դիմացանք աշխարհի վերջին: Հրից, կրակից, աստերոիդների եւ երկրաշարժների հարվածներից կենդանի մնացինք եւ այժմ դիմավորում ենք Նոր՝ 2013 տարին:
Այս տարին նաեւ նշանակալից եղավ մի քանի իրադարձություններով: Մաշտոցի պուրակի կրպակներից մինչեւ «Փակ» շուկայի հիմնահարց, արձանների կոտրվելու պատմությունից մինչեւ կուսաթաղանթներ, գոմեշից՝ պռեգոմեշ:
Այս տարին աշխույժ էր նաեւ քաղաքական հարցերում: Ամիսներով մենք հետեւցինք լեւոնածառուկյանական լինել, թե չլինելու (այս դեպքում առաջադրվել, թե չառաջադրվելու) դրամատիկ պոեմին՝ իր ողբերգական հանգուցալուծմամբ:
Ահագին ժամանակ մամուլը ողողված էր Սաֆարովի արտահանձնման եւ դրա հետ կապված բազմաթիվ նյութերով ու հայտարարություններով:
Սկիզբ դրվեց մի շատ կարեւոր ՝ Արցախի Հանրապետության ճանաչման երկար սպասված գործընթացին:
Չեմ ուզում լրիվ գրել, թե ինչ է եղել, ինչ չի եղել: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ տարին ամփոփում ենք դրական արդյունքներով: Բացասական էլ կա, բայց, ըստ իս, դրականը գերակշռում է:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ եւ բարեկամներ,

Գալիք տարում ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ կարիերայում: Միայնակ տղաներին մաղթում եմ գտնեն իրենց երկրորդ կեսին, նույնը մաղթում եմ նաեւ միայնակ աղջիկներին: Թող, որ բոլորիս գործերը առաջ գնան ժամացույցի մեխանիզմով եւ տիեզերանավի արագությամբ: Բոլոր ծառայող զինվորներին, պայմանագրայիններին եւ սպաներին մաղթում եմ խաղաղ եւ անփորձանք ծառայություն, իսկ զինվորներին նաեւ բարի վերադարձ: Եվ քանի որ աշխարհի վերջը հետաձգվեց մի քանի հազար տարով, օգտվենք այդ առիթից եւ ապրենք մեր կյանքը այնպես, ինչպես, որ ուզում ենք:

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: