24 января 2015 г.

Համարժեք եւ դեռ մի բան էլ ավելի պատասխանը եղել է

Պաշտպանության բանակի տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ունեցել է 14 զոհ եւ 20 վիրավոր: Միայն կարելի է ենթադրել, թե եթե այս թվին գումարենք Հայաստանի հետ սահմանին ունեցած զոհերի, ինչպես նաեւ նախորդ երկու շաբաթների զոհերի քանակը ինչ մեծ թիվ կկազմի:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության հունվարի 2-ից հետո տարածած հաղորդագրությունների այս տարի հայկական կողմը ունեցել է 12 զոհ: Միայն այս համեմատությունը ապացուցում է, որ մերոնք համարժեք եւ դեռ մի բան էլ ավելի պատասխան տվել են:

Վերջին շրջանում սոցցանցերում շատ հաճախ կարելի էր հանդիպել գրառումների կամ մեկնաբանությունների, որոնցով օգտատերերը իրենց կասկածներն էին հայտնում համարժեք պատասխանի առկայության մասին: Նրանք դժգոհում էին, թե Հայաստանի պաշտոնյաները միայն խոսում են համարժեք եւ դեռ մի բան էլ ավելի պատասխանի մասին, բայց իրականում ոչինչ չեն անում:

Կա մի հանգամանք, որը ոչ բոլորն են հաշվի առնում: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում կա նախագահի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագիրը, որով կասեցվել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը:

Իսկ Հայաստանում լրատվամիջոցները այդ առումով ազատ են: Հետեւելով մեր լրահոսին կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում սահմանին եւ քանի զոհ ու քանի վիրավոր ունենք: Բացի նրանից, որ ՀՀ ՊՆ-ն եւ ԼՂՀ ՊԲ-ն ամեն օր հաղորդագրություններ են տարածում սահմանում տիրող իրավիճակի մասին, լրագրողները կարողանում են սեփական հետաքննությունների եւ սահմանամերձ գյուղեր այցելությունների միջոցով պարզել իրականությունը:

Ադրբեջանում նույնպես եղան այդպիսի հետաքննություններ: Մասնավորապես անցած տարվա օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ Ադրբեջանում գերության մեջ հայտնվեց եւ հետագայում խոշտանգումների արդյունքում մահացավ Տավուշի մարզի, Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկարահանող խումբը, գնաց այն գյուղը, որտեղ հայտնվել էր Պետրոսյանը, խոսեց գյուղի բնակիչների հետ եւ փորձեց պարզել իրականությունը:

Բոլորս տեսանք, թե դրանից հետո ինչ կատարվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ: Թղթակիցներից մեկին ձերբակալեցին, ծառայության գրասենյակը փակեցին, մնացած աշխատակիցներին էլ անընդհատ հարցաքննում ինչ-որ անհասկանալի մեղադրանք առաջադրելով ռադիոկայանին:

Այդ իսկ պատճառով ադրբեջանական լրատվամիջոցները զգուշանում են իրենց բանակի ձախողումների մասին ինֆորմացիա հրապարակելուց, քանի որ կարող են արժանանալ «Ազատություն» ռադիոկայանի ճակատագրին: Իսկ Հայաստանում նման բան չկա:

Այս ամենից կարելի է անել մի ենթադրություն. եթե կա ինֆորմացիայի պակաս, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան չի եղել: