3 ноября 2014 г.

Աղասի Ենոքյան. «Եվրասիական տնտեսական միությունը չկայացած կառույց է»

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որը պետք է վավերացվի Հայաստանի եւ ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից: Մինչ այդ բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ մի շարք խնդիրներն են տեսնում այս անդամակցության հետ կապված: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

- Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ, այդ պայմանագիրը ի՞նչ ճակատագիր կունենա ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում:

- Այս պայմանագիրը պետք չի, ոչ Հայաստանին, ոչ Բելառուսին, ոչ Ղազախստանին, այn միայն Ռուսաստանին է պետք: Եվ դրա համար Ղազախստանը եւ Բելառուսը օգտագործում են թե պայմանագրի ստորագրումը եւ թե վավերացումը Ռուսաստանից լրացուցիչ օգուտներ կորզելու համար: Ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը ի վերջո կվավերացվի, բայց այդ ընթացքում Ռուսաստանի հետ կլինեն գաղտնի կամ բացահայտ բանակցություններ՝ այս երկրների կողմից որոշակի բաներ կորզելու համար:

- Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով վստահեցրել են, որ Հայաստանը տնտեսապես անդամակցում է ԵՏՄ-ին, իսկ մնացած ոլորտներում Եվրոպայի հետ է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

- Եթե կարդում ես պայմանագրի բովանդակությունը, ապա տնտեսական է, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը սա օգտագործում է քաղաքական նպատակների համար: Համենայն դեպս, տնտեսական առումով բացարձակապես անհասկանալի է, թե Հայաստանի ինչին է պետք այս պայմանագիրը: Ռուսաստանին նույնպես պետք չէ այս պայմանագիրը տնտեսական առումով: Ռուսաստանին պարզապես պետք է իր շուրջը ստեղծել երկրների խումբ, որով նա կփորձի իր երկրի ներսում ներկայանալ որպես Խորհրդային Միության կամ հին ռուսական հողերի հավաքող, իսկ արտասահմանին կներկայանա որպես երկրների խմբի առաջնորդ: Այս խնդիրն է նա լուծում: Ինչ վերաբերում է Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային, ես կարծում եմ, որ Հայաստանը դեռ շատ հեռու է Եվրոպայի հետ ինտեգրվելուց: Հայաստանը Եվրոպայի հետ չունի այնքան պայմանագրեր, ինչքան Ռուսաստանի հետ: Հայաստանը նաեւ չունի դեպի Եվրոպա գնալու քաջություն, որովհետեւ դա նշանակում է հակադրվել Ռուսաստանին:

- Եվրոպան եւ Ամերիկան պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ինչպե՞ս կազդեն այս պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա:

- Եթե պայմանագրի տառին հավատարին մնանք, ապա, անպայման, կազդեն: Բայց մենք տեսնում ենք իրականությունը ինչպիսինն է, այսինքն` նույն Բելառուսը եւ նույն Ղազախստանը շրջանցում են այդ հարաբերությունները, այսինքն, ըստ էության, մաքսային սահմանը չի աշխատում: Ես նաեւ կարծում եմ, որ Ռուսաստանը ինքը հակված չի ստիպելու, որ ԵՏՄ անդամ երկրները պահպանեն պայմանագրի տառը կապված պատժամիջոցների հետ, որովհետեւ ինքը իր դեմքը փրկելու համար հայտարարեց պատասխան պատժամիջոցների մասին:

- Թեեւ իշխանության ներկայացուցիչները բացառում էին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետի տեղադրումը, ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի մեջ կա կետ, որով Հայաստանը պարտավորվում է այլ երկրների հետ սահմանին մաքսակետ տեղադրել: Իսկ ԼՂՀ-ն պաշտոնապես դեմ է դրա տեղադրմանը: Ի վերջո, ըստ Ձեզ, կտեղա՞դրվի մաքսակետ, թե՞ ոչ:

- Կարծես թե հիմա կա բանավոր պայմանավորվածություն, որ մաքսակետ չի տեղադրվի, բայց, քանի որ թղթի վրա գրված է, որ մաքսակետ կարող է տեղադրվել, ցանկացած պահի, երբ Ռուսաստանին անհաճո քայլ արվի Հայաստանին կողմից, այդ մաքսակետը կտեղադրվի: Ավելին` ես կարծում եմ, որ Ռուսաստանը կօգտագործի այս մաքսակետը սահմանին կամ Ղարաբաղում ռազմական ներկայություն ապահովելու համար: Այսինքն` այնտեղ բացի մաքսավորներից կարող են լինել նաեւ ռուսական սահմանապահներ, իսկ սահմամանապահից մինչեւ ռուսական խաղաղապահը մեկ քայլ է: Մենք գիտենք, թե ինչպես ռուսական խաղաղապահները օկուպացրեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

- ԵՏՄ անդամակցությանը դեմ արտահայտվողներին ի պատասխան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մեջբերում են անվտանգության խնդիրները եւ ասում են, որ այս անդամակցումը թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդ պնդումը համարում են անհեթեթություն, որովհետեւ մեխանիզմները չեն երեւում: Միակ մեխանիզմը, որը Ադրբեջանի հետ նոր պատերազմի սանձազերծման մասին կարող է լինել, դա Ադրբեջանին մատակարարված 5 միլիարդ դոլարի զենքն է, որի մեջ կա նաեւ լուրջ հարձակողական զենք: Ռուսաստանը նման խնդիր չի դրել իր առաջ, չի դնի եւ չի լուծի

- Եթե Հայաստանը ի վերջո պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, ի՞նչ իմաստ ուներ կամ ի՞նչ նպատակ էր հետապնդում ԵՄ-ի հետ բանակցությունները:

- Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանը փորձում էր չմիանալ Եվրասիական միությանը եւ նրա ճանապարհը դեպի Եվրոպա կարծես ավելի հաստատուն էր երեւում: Սակայն համոզված եմ, որ Ռուսաստանը ստիպեց Սերժ Սարգսյանին այս փաստաթուղթը ստորագրել զուտ շանտաժով: Շանտաժը կարող է լինել թե անվտանգության հարցերով, թե ներքաղաքական խնդիրներով, թե անձնական:

- Եթե, այնուամենայնիվ, Հայաստանը մինչեւ վերջ շարունակեր իր ուղին եւ ինտեգրվեր Եվրամիությանը, անվտանգության խնդիրը չէ՞ր լուծվի օրինակ ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ:

- Ոչ: Անվտանգության հարցը չէր լուծվի, որովհետեւ մենք պարզ տեսանք, որ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանից ավելի շատ ինտեգրված Վրաստանին որեւէ էական աջակցություն ցույց չտվեց ՆԱՏՕ-ն 2008 թվականի պատերազմի ժամանակ: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում չի ուզում ռազմական առումով խառնվել գործերին: Բացի այդ, Ռուսաստանը ցույց տվեց բոլորին, թե ինչ է նշանակում իրեն չենթարկվել իր տարածաշրջանում: Խոսքը Ուկրաինայի մասին է:

Ռուսաստանը նաեւ օգոստոսյան վերջին դեպքերի ժամանակ ցույց տվեց, որ ինքը ղարաբաղյան կոնֆլիկտի դիրիժորն է, այսինքն` նա կարող է սրել կոնֆլիկտը, իր մոտ կանչել նախագահներին, հանդարտեցնել կոնֆլիկտը:

- Ձեր ասածից կարե՞լի է ենթադրել, որ եթե Եվրոպան Հայաստանին անվտանգության երաշխիքներ տար, այժմ իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

- Բազմիցս այս մասին խոսվել է եվրոպացի պաշտոնյաների հետ: Մինչեւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ես անձամբ նման բանակցությունների մասնակցել եմ, որոնց ժամանակ ասվել է, որ Եվրոպան չի տալիս անվտանգության եւ քաղաքական երաշխիքներ եւ ցանկացած պահի այստեղ կարող է իրավիճակ փոխվել, որին նրանք համաձայնվում էին եւ նշում, որ իրենք չէին կարող տալ անվտանգության երաշխիքներ:

- Շատ է խոսվում Ադրբեջանի ԵՏՄ-ին միանալու հավանականության մասին: Եթե դա տեղի ունենա, ինչպի՞սի զարգացումներ կունենան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Կլի՞նի առաջընթաց:

- Երկու բան ասեմ: Առաջինը գոնե Նազարբաեւը, գոնե Ալիեւը այս միությունը տեսնում են որպես թուրքական պետությունների միություն եւ կարծես Պուտինը առանձնապես դեմ չի դրան որոշակի մակարդակում, որովհետեւ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական թուրքախոս եւ մուսուլման բնակչությունը, կարծես թե այստեղ կոշտ հակազդեցության չկա: Մյուս կողմից, տեսությունը պնդում է, որ եթե երկու հակամարտող երկրները գտնվում են նույն ռազմաքաղաքական բլոկում, ապա այս բլոկը կարողանում է կառավարել նրանց միջեւ հարաբերությունները: Օրինական Հունաստանը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ում:

- Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 20 տարուց ավել է միասին ԱՊՀ-ում են եւ կարծես այդ միությունը ոչնչով չի օգնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

- Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները այս տարածաշրջանում այդպես չեն լուծվում եւ Ռուսաստանն այդպես չի լուծում: Ավելին` եթե հանկարծ Ադրբեջանը միացավ այս միությանը, ապա մաքսակետի գոյությունը կդառնա օրախնդիր, կդառնա խիստ անհրաժեշտություն:

- Լրագրողական մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ամեն տարի իրենց զեկույցներում նշում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ մամուլի, խոսքի, քաղաքացիական ազատության առումով ամենալավ վիճակում է: Ի՞նչպիսին կլինի իրավիճակը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

- Ռուսաստանը, երևի, ավելի շատ աշխարհին հայտնի է ոչ իր տարածքի մեծությամբ, ոչ այնքան իր նավթով կամ իր բանակով, որքան կառուցվածքային կոռուպցիայով եւ ավտորիտարիզմով: Ես կարծում եմ, նա այդպիսի ավտորիտար երկրների կլուբ է բացում եւ եթե Հայաստանը իրեն պահի որպես ժողովրդավարական, դա անընդունելի կլինի կլուբի մյուս անդամների կողմից:

- Այսինքն` այդ երկրների պնդմամբ Հայաստանում կլինեն ճնշումնե՞ր:

- Բնավ չեմ բացառում:

- ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերին 10-ի հանրահավաքում ասել էր, որ ԵՏՄ-ին անդամակցումը այլեւս անշրջելի է: Համաձա՞յն եք այդ դիտարկմանը:

- Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ն չկայացած կառույց է եւ շատ մեծ հարցական է դրա կայանալը: Չկայացած կառույցին անդամակցումը չի կարող լինել անշրջելի: Եթե այդ կառույցը չեղավ, ի՞նչն է անշրջելի:

 Հարցազրույցը վարեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Աղասի Ենոքյանի Ֆեյսբուքյան էջից

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ: