![]() |
«Bad»-ի գլխավոր նկարը |
Այս տարի լրանում է աշխարհահռչակ
ամերիկացի երգիչ, «Գրեմմի» մրցանակի 13 անգամ, ինչպես նաև անթիվ այլ մրցանակների
արժանացած, ողջ աշխարհում մեծ ընդունում և ճանաչում գտած, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի
«Bad» ձայնասկավառակի
25-ամյակը: Ինչպես հիշում եք, որոշ ժամանակ առաջ գրել էի մի նյութ Ջեքսոնի ամենամեծ ձայնասկավառակի՝ «Thriller»-ի մասին, որի 30-ամյակն է լրանում այս տարի: Եվ այդ նյութի
վերջում խոսք էի տվել, որ շուտով կլինի նաև «Bad»-ին նվիրված նյութս: Եվ ահա
կատարում եմ խոստումս: Կարդալով նյութս՝ ձեզ համար, կարծում եմ, պարզ կլինի «Bad»-ի ինչպիսին լինելը, և իմ
մեկնաբանությունների կարիքը չի լինի: Նյութի հետ կցված ներկայացնում եմ նաև
տեսանյութեր, որոնց միջոցով կկարողանաք հասկանալ, թե
խոսքը ինչի մասին է:
Նախաբան
![]() |
«The way you make me feel» |
«Bad»-ը ամերիկացի երգիչ, փոփի արքա Մայքլ
Ջեքսոնի 7-րդ ձայնասկավառակն է: Ձայնասկավառակը թողարկվել է երգչի մյուս
ձայնասկավառակից` «Thriller»-ից մոտավորապես 5 տարի անց, 1987 թվականի օգոստոսի
31-ին Էպիք Ռեքորդսի կողմից: «Bad»-ը վաճառվել է 45 միլիոն օրինակով ամբողջ
աշխարհում, և ճանաչվել է որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված
ձայնասկավառակներից մեկը: Հիշեցնեմ, որ այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է
հենց «Thriller»-ը, որը վերջին տվյալներով վաճառվել է ավելի քան 145 միլիոն
օրինակով: Ինչպես նախորդ ձայնասկավառակը, այնպես էլ այս մեկի ժանրերի մեջ մտնում են՝ փոփը, ռոքը և R&B-ն:
«Bad»-ը ձայնագրվել է 1987 սկզբներում: Ձայնասկավառակի
երգերից 5-ը զբաղեցրել են երաժշտական աղյուսակների առաջին տեղերը ԱՄՆ-ում, իսկ
6-րդը լավագույն տասնյակում է եղել: «Bad»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնը ավելի արտիստիկ
ազատությամբ ստեղածագործեց, քան նախորդ երկուսում (Off the Wall և Thriller): Ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի և Քուինսի Ջոնսի վերջին համատեղ աշխատանքն
էր:
Արտադրությունը
և թողարկումը
![]() |
«Smooth Criminal» |
Ջեքսոնի
նախորդ ձայնասկավառակները` «Off the Wall»-ը և «Thriller»-ը բավականին
մեծ հաջողություններ ունեցան, վաճառվելով համապատասխանաբար 20 և 100 (80-ականների
տվյալներով) միլիոն օրինակներով ամբողջ աշխարհում:
Ձայնագրումը տեղի է ունեցել 1987 թվականի հունվարի 5-ի և 1987 թվականի
հուլիսի 9-ի միջև ընկած ժամանակահատվածում «Վեթլեյք Աուդիո» ձայնագրման
ընկերությունում, որտեղ հատուկ փայտե բեմ էր կառուցվել, որը թույլ էր տալիս
Ջեքսոնին պարել ձայնագրման աշխատանքների ժամանակ: Ձայնասկավառակը թողարկվել է 1987
թվականի օգոստոսի 31-ին: Սեպտեմբերի 26-ի դրությամբ այն զբաղեցրել էր Բիլբորդ
200-ի առաջին հորիզոնականը, այդ դիրքում մնալով 6 շաբաթ:
«Bad»-ը Մայքլ Ջեքսոնի թվով 3-րդ ամենաշատ վաճառված ձայնասկավառակն է «Thriller»-ից և «Dangerous»-ից հետո: Այն ժամանակ, երբ
«Bad»-ը նոր թողարկվում էր «Thriller»-ը արդեն վաճառվել էր մի քանի միլիոն
օրինակով ամբողջ աշխարհում: Շուկայական մարտավարությունը ստիպեց Ջեքսոնին թողարկել
ևս մի կարճամետրաժ ֆիլմ «Bad» համաշխարհային շրջագայության ժամանակ: Այդ ֆիլմը
կոչվում է «Moonwalker», որը ներառում է կատարումներ «Bad-ի երգերից, ներառյալ
«Speed demon»-ը և «Leave me alone»-ը: «Man in the Mirror»-ը և «Smooth Criminal»-ը հետագայում թողարկվեցին որպես
առանձին տեսահոլովակներ ֆիլմի վերջնամասում: