27 июля 2014 г.

Արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր չէ նորմալ տեղեկություն ստանալ

Խառանշփոթ: Ահա այսպես կարելի է բնութագրել արտակարգ իրավիճակում հայաստանյան լրատվամիջոցների հրապարակած նյութերը. գրեթե բոլոր կայքերը տարբեր, իրար հակասող նյութեր են գրում, և հնարավոր չի լինում որևէ հստակ բան իմանալ:
Թարմ օրինակ: Հուլիսի 25-ին մի շարք կայքեր գրել էին, թե Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Բարեխիղճ կայքերը տեղադրել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը կամ փորձել էին այցելել և տեղում պարզել իրավիճակը:
Իսկ այն կայքերը, որոնք հայտնի են իրականությանը չհամապատասխանող վերնագրերի ընտրությամբ գրել էին «մեծ հրդեհ», «խոշոր հրդեհ» և նմանատիպ այլ վերնագրերով նյութեր: Ամենայն հավանականությամբ այս հոդվածները կունենան շատ ընթերցումներ և գովազդատուների միջոցով լրատվամիջոցը կունենա հավելյալ ֆինանսական եկամուտ:
Քանի որ տողերիս հեղինակը Վ.Բրյուսովի անվան համալսարանի ուսանող է, որոշեցի գնալ տեսնել, թե որքան է վնասվել համալսարանը և նյութ պատրաստել այդ մասին:
Եվ ի՞նչ պարզվեց: Արտաքինից երբեք չէիր ասի, թե քիչ առաջ այդտեղ «խոշոր հրդեհ» է եղել: Ուղղակի շինարարական աղբ էր վառվել, որի հետևանքով մեծ ծուխ էր եղել:
Մի օրինակ ևս բերենք: Հայ-ադրբեջական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին վերջին դիվերսիաների ժամանակ կայքերից մեկը լուր տարածեց, թե Վարդենիսի շրջանում 39 հոգի դիվերսանտ է մտել և թունավորել է խմելու ջուրը: Հետո պարզվեց իրականում այդ տարածաշրջանում 2-3 հոգի էին թունավորվել:
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, սակայն որոշենցինք մեջբերել ամենաթարմ օրինակները:
Լուսանկարը` Shamshyan.com-ի
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է: