21 июня 2012 г.

Երևանը վերափոխվում է





Վերջին ժամանակներս շրջելով Երևանի փողոցներում` կարելի է նկատել բազմաթիվ դրական փոփոխություններ: Ամառը սկսելուն պես՝ Երևանում սկսվել են մեծամասշտաբ շինարարական և այլ տեսակի աշխատանքներ: Մասնավորապես շրջելով քաղաքի կենտրոնում՝ ամեն անկյունում նկատում ես նստարաններ «Երևան» անունով: Մեծամասամբ լուծվել է նաև աղբի հարցը, քանի որ բոլոր տեղերում տեղադրվել են աղբարկղներ, որոնք օգնում եմ մաքուր պահել քաղաքը: Որոշ վայրերում նաև կարելի է տեսնել հատուկ պլաստիկ տարաների համար նախատեսված աղբամաններ:



Բարելավվել են նաև ճանապարհները: Եթե նկատել եք, քաղաքի բոլոր մասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ճիշտ ժամանակն է, քանի որ որոշ փողոցներում այնպիսի փոսեր կան, որոնք կարող են որպես խրամատ օգտագործվել: Հասարակական տրանսպորտով փողոցներում երթևեկելիս մեզ զգում էինք, ինչպես «Հաղթանակի» զբոսայգու ատրակցիոններից մեկում: Իսկ հիմա կարծես արտասահմանյան ճանապարհներով երթևեկենք՝ հարթ, հանգիստ, «առանց ատրակցիոնների» և ամենակարևորը՝ անվտանգ, քանի որ ավտովթարների մի զգալի մաս տեղի է ունենում փոսերից խուսափելու ժամանակ:


Նաև սկսվել է ծառատունկ, որը շատ օգուտ կբերի քաղաքի օդին: Այս շոգ օրերին մարդիկ մաքուր և պաղ օդի կարիք ունեն: Երբ զբոսնում ես քաղաքում՝ խեղդվում ես օդի պակասությունից, մեքենաների շարժիչների տաքությունից և արձակած վնասակար գազերից: Այդ պատճառով շատ մարդիկ ամռանը ուղղակի հեռանում են երկրից կամ քաղաքից: Անձամբ ես ապրում եմ Աջափնյակում և քաղաքից տուն գալիս այնպիսի տպավորություն է՝ կարծես վառվող անտառից մտել ես սառը ջրի մեջ: Այս և այլ պատճառներով շատ օգտակար է, որ նոր ծառեր ունենաք (եթե իհարկե որոշ մարդիկ նորերը տնկելուն զուգահեռ հները չկտրեն և իրենց անձնական օգտագործման համար պահեն):

Երևանը իսկապես շատ գեղեցիկ քաղաք է: Այն թանգարանների, գեղեցիկ շենքերի, ինչպես նաև նորագույն ճարտարապետական ստեղծագործությունների մի գեղեցիկ խառնուրդ է: Երեկոյան Կասկադի վերևից և այլ բարձր շինություններից նայելիս շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Ուղղակի պետք է պահպանել այդ գեղեցկությունը, և շատ լավ է, որ դա արվում է: Միայն այն, որ մարդիկ աղբը փողոցում գցելու փոխարեն գցում են աղբարկղերի մեջ՝ արդեն մեծ առաջընթաց է: Եթե այս տեմպերով շարունակենք՝ շատ շուտով կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխանող քաղաք, որն առավել շատ կգրավի զբոսաշրջիկների և այլազգի ճանապարհորդել սիրող մարդկանց: Յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքրիկ գործողություններով նպաստել քաղաքի ծաղկմանը: Այդ գործողություններից ամենակարևորն այն է, որ ուղղակի փորձենք մաքուր պահենք: Մնացածը ժամանակի հետ կլինի: