1 марта 2012 г.

Մեռնեմ մեր «արդարադատության» ջանին

Չորս տարի առաջ այս օրը ուժով և արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ և Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիական ընդվզումը: Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել: Եվ ո՛չ չորս տարի անց, ո՛չ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընսհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է.
1. Մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս չեն բացահայտվել տասը սպանությունները, դրանց համար պատասխանատու անձինք, և ոչ ոք քրեական կամ այլ պատասխանատվություն չի կրել այդ սպանությունների համար: Չեն բացահայտվել և պատասխանատվության չեն կանչվել ցուցարարների վրա կրակելու հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաները: Պետությունը ոչ միայն Խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլև քայլեր չի ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և հասարակությանը բավարար պատասխան տալու համար կատարվածի մասին և վերացնելու անպատժելիության վերաբերմունքը ոստիկանական և զինված ուժերի կողմից:
2. Առ այսօր իրավական գնահատական չի տրվել 2008 թ. մարտի 1-ին, Երևան քաղաքում քսանօրյա արտակարգ դրություն սահմանելու մասին Ռոբերտ Քոչարյանի արձակած հրամանագրին, որն ընդունվեց արտակարգ դրության մասին օրենքի բացակայության պայմաններում: Որևէ քննության չեն արժանացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրավունքների խախտման փաստերը և որևէ իրավական գնահատական չի տրվել այդ իրավունքների սահմանափակումներին:
3. Որևէ քննության չի արժանացել 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի արձակած թիվ 0038 հրամանի օրինականությունը և իրավական գնահատական չի տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ Զինված ուժերի օգտագործման փաստին:
Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետևանքով ձևավորված անպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարող փոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որ անպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը' չունենալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերի իրավական գնահատականները:
(Օրիգինալ տեքստը կարող եք դիտել (Aravot.am կայքում):

Հետո էլ կխոսեն արդարադատության մասին: Ի՞նչ ադարադատության մասին է խոսքը, եթե չորս տարում չեն կարողանում բացահայտել 10 հոգու սպանողներին: Եվ քանի դեռ այս դեպքերը մնում են չբացահայտված այդ մարդկանց մահը անիմաստ է լինում: Եթե գոնե նրանց մահվան հանգամանքները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, հույս կլինի, որ Հայաստանում դեռ կարող է լինել արդարադատություն եւ կատարված հանցագործությունների իրական մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն: Ինչպես նաեւ այդ մարդկանց ընտանիքներին գոնե ինչ-որ սփոփանք կլինի, որ իրենց հարազատներին սպանողները գտնվեն եւ պատժվեն: Շարունակենք հույս ունենալ, որ արդարությունը կվերականգնվի: Հույսը վերջինն է մարում...