28 декабря 2014 г.

Ի՞նչ նորամուծություններ կարելի է սպասել Apple-ից 2015 թվականին

Նոր տարվա շեմը շատ լավ ժամանակ է անցնող տարին ամփոփելու, ինչպես նաեւ մյուս տարվա ծրագրերը կազմելու համար: Մեկը երազանքներ է պահում, մյուսը ապագան է կանխատեսում, քանի որ այդպես է ընդունված տոնական օրերի նախօրեին

VentureBeat-ի հեղինակ Մարկ Սալիվանը պատկերացրել է, թե ինչով Apple-ը մեզ կուրախացնի 2015 թվականին: Փոխանցում է Iphones.ru-ն:



Կրկին կարտադրվի պլաստմասե iPhone

Կարծես թե iPhone 5c-ն բավականին հաջողված մոդել էր, այսպիսով` մյուս տարի մեզ սպասվում է պլաստմասե iPhone 6: Այս մոդելի գլխավոր առանձնահատկությունը, իհարկե, էժան գինն է եւ գունավոր պատյանը: Apple-ի համար iPhone-ի մոդելների շատացումը լավ է NFC չիպով սարքերի տարածման համար, որն էլ իր հերթին կզարգացնի Apple Pay-ը: Բացի դրանից շատ մարդիկ հնարավորություն կունենան Apple Watch-ից օգտվեն:

 iPhone 6s

Համաձայն նոր սարքերի արտադրման ժամանակացույցի, 2015-ին iPhone 6s-ը կթողարկվի: Այդ սարքի նորամուծությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն բարելավված տեսախցիկը, սապֆիրե ապակին էկրանին եւ, հնարավոր է, 3D ցույց տալու հնարավորություն:

Սմարթ-ժամացույցներ

Аpple Watch-ը կթողարկվի մյուս տարվա սկզբում, մինչեւ Սուրբ Վալենտինի օրը: Apple-ի նորամուծությունը կարող է հեղափոխություն իրականացնել սմարթ-ժամացույցների ասպարեզում, եթե օգտագործելիս իսկապես ցուցաբերի այն հատկանիշները, որոնց մասին հայտարարվել է: Հենց այդ պատճառով էլ Apple Watch-ին անհամբերությամբ են սպասում: Բացի դրանից, Apple-ի նոր սարքը սպառնում է փոխել Samsung, Motorola, Sony եւ Pebble ընկերությունների սարքերի ճակատագիրը փոխել:

Ազատություն սմարթ-ժամացույցներին

Apple Watch-ի մյուս մոդելներին արդեն պետք չեն գա iPhone-ներ Apple Pay-ով վճարումներ կատարելու համար: Կան տվյալներ, որ Apple իր սմարթ-ժամացույցների համար արտադրել է առանձին, ավելի փոքր չափսի NFC չիպ: Եթե այս մոդելին պետք է լինելու iPhone վճարումներ կատարելու համար, ապա նոր մոդելներին՝ ոչ: 8.

Մեծ iPad

Սպասվում է 12 դյույմանոց iPad-ի թողարկում: Այս ենթադրությունը հիմնված է արտադրողի այն հայտարարություններով, որ ուզում են ներթափանցել կորպորատիվ ոլորտ: Օրինակ` կազմակերպությունը արդեն հարմարեցնում է իր արտադրանքները բուժաշխատողների համար (նրանց հարմար է օգտագործել iPhone 6 Plus եւ iPad Air):

Սակայն կորպորատիվ դաշտում շատերը երազում են մի սարքի մասին, որը կլրացներ պլանշետի եւ նոթբուքի միջեւ ընկած տարածությունը: Եվ օրինակ 12 դյույմանոց էկրանով iPad Air-ը կարող է դառնալ այդ սարքը: Սպասենք հունիս ամսին եւ նոր անոնսներին:

Այլ սարքերի մասին, որոնք կարող են թողարկվել 2015 թվականին կարդացեք այստեղ:

26 декабря 2014 г.

Վարկով Նոր տարի մի արեք, թե չէ ամբողջ տարին վարկի տակ կանցնի

Առհասարակ Հայաստանում վարկ վերցնելը շահավետ չէ բարձր տոկոսադրույքների պատճառով։ Էլ չեմ խոսում հիփոթեքի մասին։ Դա պետք է ամենածայրահեղ, անելանելի իրավիճակներում անել։ 

Ցավոք վերջին շրջանում մենք դեկտեմբեր ամսին ավելի շատ կենտրոնանում ենք, թե ինչ դնենք սեղանին, քան ինչպես դիմավորենք Նոր տարին։ Կա տարածված կարծիք, որ տարին ինչպես դիմավորես այդպես էլ կշարունակվի։ Իմ դեպքում դա իրականություն դարձավ 2014 թվականին։ Չեմ ուզում փակագծերը բացել։ Արդեն անցել գնացել է։

Այդ պատճառով պետք չէ ճոխ սեղան ունենալու համար պարտքի կամ վարկի տակ ընկնել։ Թե չէ ամբողջ տարին պետք է նոր պարտքեր անեք, որ վարկերը փակեք։

Նոր տարին ինձ համար ոչ թե նյութական (ուտել-խմելու), այլ հոգևոր (նոր հույսերի, նոր ծրագրերի և այլ նոր բաների) տոն է։ Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ովքեր են կոկորդիլոս դնում սեղանին և ովքեր հավի միս։ 

Ես, երբ գնում եմ ինչ-որ մեկի տուն դեկտեմբերի 31-ից հետո, նպատակ եմ ունենում շնորհավորեմ, այլ ոչ կուշտ փորով հաց ուտեմ։ Իհարկե, ճիշտ էլ չէ տանտիրուհու աշխատանքը չգնահատել, պետք է գոնե մի բան ուտել։

Դեկտեմբեր ամիսը, և հատկապես 20-31-ն ընկած ժամանակահատվածը ինձ համար անցած տարվա սխալները ու ձեռքբերումները վերլուծելու, մյուս տարվա անելիքները պլանավորելու, արած-չարածները հիշելու օրեր են։

Ես սիրում եմ գնալ եկեղեցի և Աստծուց մեղքերի թողություն խնդրել։ Իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը ինձ համար ամենաուրախ օրն է։ Ես կարծես այդ օրը նոր շունչ եմ ստանում, նոր բարձունքներ գրավելու մոտիվացիա։ Իսկ ուտուշ-խմուշները ցանկացած օր էլ կարելի է անել։

Շատ կուրախանամ, եթե բոլորը այդպես մտածեն։ Այդպիսի վերաբերմունքը Նոր տարվա նկատմամբ շատ բան կարող է փոխել։ 

Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը և ցանկանալ ամենայն բարիք ու առողջություն այս նոր՝ այծի տարում։

3 ноября 2014 г.

Աղասի Ենոքյան. «Եվրասիական տնտեսական միությունը չկայացած կառույց է»

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որը պետք է վավերացվի Հայաստանի եւ ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից: Մինչ այդ բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ մի շարք խնդիրներն են տեսնում այս անդամակցության հետ կապված: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

- Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ, այդ պայմանագիրը ի՞նչ ճակատագիր կունենա ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում:

- Այս պայմանագիրը պետք չի, ոչ Հայաստանին, ոչ Բելառուսին, ոչ Ղազախստանին, այn միայն Ռուսաստանին է պետք: Եվ դրա համար Ղազախստանը եւ Բելառուսը օգտագործում են թե պայմանագրի ստորագրումը եւ թե վավերացումը Ռուսաստանից լրացուցիչ օգուտներ կորզելու համար: Ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը ի վերջո կվավերացվի, բայց այդ ընթացքում Ռուսաստանի հետ կլինեն գաղտնի կամ բացահայտ բանակցություններ՝ այս երկրների կողմից որոշակի բաներ կորզելու համար:

- Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով վստահեցրել են, որ Հայաստանը տնտեսապես անդամակցում է ԵՏՄ-ին, իսկ մնացած ոլորտներում Եվրոպայի հետ է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

- Եթե կարդում ես պայմանագրի բովանդակությունը, ապա տնտեսական է, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը սա օգտագործում է քաղաքական նպատակների համար: Համենայն դեպս, տնտեսական առումով բացարձակապես անհասկանալի է, թե Հայաստանի ինչին է պետք այս պայմանագիրը: Ռուսաստանին նույնպես պետք չէ այս պայմանագիրը տնտեսական առումով: Ռուսաստանին պարզապես պետք է իր շուրջը ստեղծել երկրների խումբ, որով նա կփորձի իր երկրի ներսում ներկայանալ որպես Խորհրդային Միության կամ հին ռուսական հողերի հավաքող, իսկ արտասահմանին կներկայանա որպես երկրների խմբի առաջնորդ: Այս խնդիրն է նա լուծում: Ինչ վերաբերում է Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային, ես կարծում եմ, որ Հայաստանը դեռ շատ հեռու է Եվրոպայի հետ ինտեգրվելուց: Հայաստանը Եվրոպայի հետ չունի այնքան պայմանագրեր, ինչքան Ռուսաստանի հետ: Հայաստանը նաեւ չունի դեպի Եվրոպա գնալու քաջություն, որովհետեւ դա նշանակում է հակադրվել Ռուսաստանին:

- Եվրոպան եւ Ամերիկան պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ինչպե՞ս կազդեն այս պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա:

- Եթե պայմանագրի տառին հավատարին մնանք, ապա, անպայման, կազդեն: Բայց մենք տեսնում ենք իրականությունը ինչպիսինն է, այսինքն` նույն Բելառուսը եւ նույն Ղազախստանը շրջանցում են այդ հարաբերությունները, այսինքն, ըստ էության, մաքսային սահմանը չի աշխատում: Ես նաեւ կարծում եմ, որ Ռուսաստանը ինքը հակված չի ստիպելու, որ ԵՏՄ անդամ երկրները պահպանեն պայմանագրի տառը կապված պատժամիջոցների հետ, որովհետեւ ինքը իր դեմքը փրկելու համար հայտարարեց պատասխան պատժամիջոցների մասին:

- Թեեւ իշխանության ներկայացուցիչները բացառում էին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետի տեղադրումը, ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի մեջ կա կետ, որով Հայաստանը պարտավորվում է այլ երկրների հետ սահմանին մաքսակետ տեղադրել: Իսկ ԼՂՀ-ն պաշտոնապես դեմ է դրա տեղադրմանը: Ի վերջո, ըստ Ձեզ, կտեղա՞դրվի մաքսակետ, թե՞ ոչ:

- Կարծես թե հիմա կա բանավոր պայմանավորվածություն, որ մաքսակետ չի տեղադրվի, բայց, քանի որ թղթի վրա գրված է, որ մաքսակետ կարող է տեղադրվել, ցանկացած պահի, երբ Ռուսաստանին անհաճո քայլ արվի Հայաստանին կողմից, այդ մաքսակետը կտեղադրվի: Ավելին` ես կարծում եմ, որ Ռուսաստանը կօգտագործի այս մաքսակետը սահմանին կամ Ղարաբաղում ռազմական ներկայություն ապահովելու համար: Այսինքն` այնտեղ բացի մաքսավորներից կարող են լինել նաեւ ռուսական սահմանապահներ, իսկ սահմամանապահից մինչեւ ռուսական խաղաղապահը մեկ քայլ է: Մենք գիտենք, թե ինչպես ռուսական խաղաղապահները օկուպացրեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

- ԵՏՄ անդամակցությանը դեմ արտահայտվողներին ի պատասխան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մեջբերում են անվտանգության խնդիրները եւ ասում են, որ այս անդամակցումը թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդ պնդումը համարում են անհեթեթություն, որովհետեւ մեխանիզմները չեն երեւում: Միակ մեխանիզմը, որը Ադրբեջանի հետ նոր պատերազմի սանձազերծման մասին կարող է լինել, դա Ադրբեջանին մատակարարված 5 միլիարդ դոլարի զենքն է, որի մեջ կա նաեւ լուրջ հարձակողական զենք: Ռուսաստանը նման խնդիր չի դրել իր առաջ, չի դնի եւ չի լուծի

- Եթե Հայաստանը ի վերջո պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, ի՞նչ իմաստ ուներ կամ ի՞նչ նպատակ էր հետապնդում ԵՄ-ի հետ բանակցությունները:

- Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանը փորձում էր չմիանալ Եվրասիական միությանը եւ նրա ճանապարհը դեպի Եվրոպա կարծես ավելի հաստատուն էր երեւում: Սակայն համոզված եմ, որ Ռուսաստանը ստիպեց Սերժ Սարգսյանին այս փաստաթուղթը ստորագրել զուտ շանտաժով: Շանտաժը կարող է լինել թե անվտանգության հարցերով, թե ներքաղաքական խնդիրներով, թե անձնական:

- Եթե, այնուամենայնիվ, Հայաստանը մինչեւ վերջ շարունակեր իր ուղին եւ ինտեգրվեր Եվրամիությանը, անվտանգության խնդիրը չէ՞ր լուծվի օրինակ ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ:

- Ոչ: Անվտանգության հարցը չէր լուծվի, որովհետեւ մենք պարզ տեսանք, որ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանից ավելի շատ ինտեգրված Վրաստանին որեւէ էական աջակցություն ցույց չտվեց ՆԱՏՕ-ն 2008 թվականի պատերազմի ժամանակ: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում չի ուզում ռազմական առումով խառնվել գործերին: Բացի այդ, Ռուսաստանը ցույց տվեց բոլորին, թե ինչ է նշանակում իրեն չենթարկվել իր տարածաշրջանում: Խոսքը Ուկրաինայի մասին է:

Ռուսաստանը նաեւ օգոստոսյան վերջին դեպքերի ժամանակ ցույց տվեց, որ ինքը ղարաբաղյան կոնֆլիկտի դիրիժորն է, այսինքն` նա կարող է սրել կոնֆլիկտը, իր մոտ կանչել նախագահներին, հանդարտեցնել կոնֆլիկտը:

- Ձեր ասածից կարե՞լի է ենթադրել, որ եթե Եվրոպան Հայաստանին անվտանգության երաշխիքներ տար, այժմ իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

- Բազմիցս այս մասին խոսվել է եվրոպացի պաշտոնյաների հետ: Մինչեւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ես անձամբ նման բանակցությունների մասնակցել եմ, որոնց ժամանակ ասվել է, որ Եվրոպան չի տալիս անվտանգության եւ քաղաքական երաշխիքներ եւ ցանկացած պահի այստեղ կարող է իրավիճակ փոխվել, որին նրանք համաձայնվում էին եւ նշում, որ իրենք չէին կարող տալ անվտանգության երաշխիքներ:

- Շատ է խոսվում Ադրբեջանի ԵՏՄ-ին միանալու հավանականության մասին: Եթե դա տեղի ունենա, ինչպի՞սի զարգացումներ կունենան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Կլի՞նի առաջընթաց:

- Երկու բան ասեմ: Առաջինը գոնե Նազարբաեւը, գոնե Ալիեւը այս միությունը տեսնում են որպես թուրքական պետությունների միություն եւ կարծես Պուտինը առանձնապես դեմ չի դրան որոշակի մակարդակում, որովհետեւ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական թուրքախոս եւ մուսուլման բնակչությունը, կարծես թե այստեղ կոշտ հակազդեցության չկա: Մյուս կողմից, տեսությունը պնդում է, որ եթե երկու հակամարտող երկրները գտնվում են նույն ռազմաքաղաքական բլոկում, ապա այս բլոկը կարողանում է կառավարել նրանց միջեւ հարաբերությունները: Օրինական Հունաստանը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ում:

- Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 20 տարուց ավել է միասին ԱՊՀ-ում են եւ կարծես այդ միությունը ոչնչով չի օգնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

- Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները այս տարածաշրջանում այդպես չեն լուծվում եւ Ռուսաստանն այդպես չի լուծում: Ավելին` եթե հանկարծ Ադրբեջանը միացավ այս միությանը, ապա մաքսակետի գոյությունը կդառնա օրախնդիր, կդառնա խիստ անհրաժեշտություն:

- Լրագրողական մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ամեն տարի իրենց զեկույցներում նշում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ մամուլի, խոսքի, քաղաքացիական ազատության առումով ամենալավ վիճակում է: Ի՞նչպիսին կլինի իրավիճակը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

- Ռուսաստանը, երևի, ավելի շատ աշխարհին հայտնի է ոչ իր տարածքի մեծությամբ, ոչ այնքան իր նավթով կամ իր բանակով, որքան կառուցվածքային կոռուպցիայով եւ ավտորիտարիզմով: Ես կարծում եմ, նա այդպիսի ավտորիտար երկրների կլուբ է բացում եւ եթե Հայաստանը իրեն պահի որպես ժողովրդավարական, դա անընդունելի կլինի կլուբի մյուս անդամների կողմից:

- Այսինքն` այդ երկրների պնդմամբ Հայաստանում կլինեն ճնշումնե՞ր:

- Բնավ չեմ բացառում:

- ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերին 10-ի հանրահավաքում ասել էր, որ ԵՏՄ-ին անդամակցումը այլեւս անշրջելի է: Համաձա՞յն եք այդ դիտարկմանը:

- Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ն չկայացած կառույց է եւ շատ մեծ հարցական է դրա կայանալը: Չկայացած կառույցին անդամակցումը չի կարող լինել անշրջելի: Եթե այդ կառույցը չեղավ, ի՞նչն է անշրջելի:

 Հարցազրույցը վարեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Աղասի Ենոքյանի Ֆեյսբուքյան էջից

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

1 ноября 2014 г.

Apple-ը լուծել է ճկվող iPhone 6 Plus-ի խնդիրը

Macdigger-ի տեղեկացմամբ` Apple ընկերությունը փոփոխություններ է կատարել iPhone 6 Plus հեռախոսի կառուցվածքում, այն դարձնելով ավելի ամուր: Doctorkuddles կեղծանունով օգտատերը նշել է, որ այս շաբաթ նա գնել է նոր iPhone 6 Plus: Նրա կինը նույնպես ունի iPhone 6 Plus 16 GB հիշողությամբ հեռախոսը, որը գնվել է սեպտեմբերի 20-ին: Արտաքինից հեռախոսները ամբողջովին նույնն են եւ տարբերվում են միայն քաշով: Նոր 128 GB հիշողությամբ հեռախոսը 21 գրամով ավելի ծանր է քան 16 GB-ը:

Doctorkuddles-ը մանրամասն ուսումնասիրել է հեռախոսները: Նա նկատել է, որ հեռախոսներին հարվածելից տարբեր ձայներ են գալիս: Նոր iPhone 6 Plus-ից ավելի խուլ ձայն է գալիս: Ամերիկացին չի կոտրել հեռախոսները, նա մանրադիտակով փորձել է ուսումնասիրել հեռախոսի ձայնի բարձրությունը կարգավորող կոճակը: Հեռախոսի ամենաթույլ մասում նա նկատել է կարմիր գույնի մասնիկ: Հին iPhone 6 Plus-ի վրա այդպիսի մասնիկ չկա:


Օգտատերը ենթադրում է, որ iPhone 6 Plus-ի վաճառքը սկսելուց որոշ ժամանակ անց Apple-ը փոխել է հեռախոսի կառուցվածքը, որպեսզի այն դարձնի ավելի դիմացկուն: iFixit կայքի մասնագետը հաստատել է Doctorkuddles-ի խոսքերը. նոր iPhone 6 Plus-երը ավելի ծանր են, քան նախորդները:

26 октября 2014 г.

iPhone-ները չեն ենթարկվել Վլադիմիր Պուտինին

MacDigger-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ օգտատերեր դժգոհում են, որ իրենց ենթադրյալ «խելացի» սարքերը այդքան էլ խելացի չեն եւ ժամը ամառայինից ձմեռայինի չեն փոխել: Դա տեղի է ունել iOS 7-ով եւ iOS 6-ով աշխատող iPhone-ների, մի քանի Android հեռախոսների ու համակարգիչների հետ:

Կիրակի օրը, ինչպես ենթադրվում էր, «խնձորային» հեռախոսների մի շարք օգտատերերի անակնկալ էր սպասվում: iPhone-ները, չնայած ընդունված օրենքին, չեն անցել «ձմեռային» ժամանակի: Դեռ հուլիս ամսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ձմեռային ժամանակի անցնելու մասին. հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի ժամը 1 ժամով հետ է գնացել եւ այլեւս չի փոխվելու:

Որոշ սարքեր, համենայն դեպս, ժամերը փոխել են ձմեռայինի: Սակայն դա արել են միայն այն սարքերը, որոնց օպերացիոն համակարգերը վերջերս թարմացել են: Խնդիրներ չեն եղել OS X Yosemite, OS X Mavericks ինչպես նաեւ iOS 7.1, iOS 8.0 и iOS 8.1-ով աշխատող սարքերի օգտատերերի մոտ: Ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սարքերը ժամերը չեն փոխել:

25 октября 2014 г.

Microsoft-ը պաշտոնապես Nokia ապրանքանիշը դարձնում է «Microsoft Lumia»

Macdigger.ru-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Nokia ապրանքանիշից հրաժարվելու մասին: Ընկերությունում ասել են, որ Nokia-ի տեղը կզբաղեցնի Microsoft Lumia ապրանքանիշը: Արդեն թողարկված հեռախոսները կշարունակեն Nokia Lumia ապրանքանիշով վաճառվել, բայց ընկերության մնացած նոր հեռախոսները նոր անունով կվաճառվեն:

Ընկերությունը նաեւ կշարունակի հին հեռախոսների սպասարկումը: Բացի այդ, այս գործընթացի արդյունքում, Nokia ապրանքանիշով սովորական հեռախոսները չեն հանվի վաճառքի: Microsoft-ին է պատկանում այդ սարքերի ապրանքային նշանի օգտագործման իրավունքը:

Microsoft-ի հեռախոսների մարքեթինգի ավագ փոխնախագահ Տուլա Ռյուտիլայի խոսքերով՝ ընկերությունը արդեն սկսել է Nokia-ի ծրագրերի եւ մի քանի կայքերի ապրանքանիշների փոփոխության գործընթացը:

Microsoft Lumia անվանմամբ առաջին հեռախոսները արդեն մոտակա ժամանակներս կարող են լույս տեսնել: Սակայն, եթե դրանք մինչեւ այս տարվա վերջ լույս չտեսնեն, պետք է սպասել MWC 2015 փետրվարյան ցուցահանդեսին:

21 октября 2014 г.

Microsoft-ը պատրաստվում է սմարթ-ժամացույցներ թողարկել

Iphones.ru կայքի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը տարածել է տեղեկություններ մոտակա ժամանակներս սեփական սմարթ-ժամացույցների եւ ֆիթնես սարքերի թողարկման մասին: Նորույթը զինված կլինի զարկերակների աշխատանքները եւ ակտիվությունը ստուգող սարքերով:

Microsoft սմարթ-ժամացույցները կաշխատեն բոլոր բջջային օպերացիոն համակարգերի հետ (Windows Phone, Android եւ iOS), բայց ամենակարեւոր առանձնահատկությունը համարվում է աշխատանքի ժամաքանակի բարելավումը:

Չնացած Samsung ընկերության ցուցադրած Galaxy Gear-ի եւ Մոտորոլա ընկերության ցուցադրած Moto 360-ի լավ աշխատանքին եւ գրավիչ դիզայնին, նրանք էական թերություն ունեն. ժամացույցները պետք է լիցքավորման դնել ամեն օր: Microsoft-ի սմարթ-ժամացույցը պատրաստ է առանց լիցքավորման աշխատել երկու օր: Հենց այս առավելությունը կարող է օգնել ընկերությանը հետեւում թողնել հակառակորդներին:


Microsoft-ի «երկաթե նորույթների» թողարկման պատմությունը բավականին խառն է: Մի կողմից Zune երաժշտական նվագարկիչը թողարկումը եւ Surface տեսակի պլանշետների ոչ հաջող վաճառքը, մյուս կողմից Xbox 360-ի համար նախատեսված Kninect ռեկորդային վաճառքը:

Microsoft-ը կանի ամեն ինչ, որպեսզի թողարկի սեփական սմարթ-ժամացույցները, մինչեւ դա կանի Apple-ը: Բայց Կուպերտինոյի ընկերությունը բավականին խելացի գործեց. սեպտեմբերյան շնորհանդեսի ժամանակ ցույց տալով, թե ինչպիսին է լինելու Apple ժամացույցը նա կարողացավ պահել ինտրիգը, լռելով սարքի տեխնիկական առանձնահատկությունների մասին:

20 октября 2014 г.

Լույս է տեսել Apple-ի iOS 8.1 օպերացիոն համակարգը

Հոկտեմբերի 16-ին, նոր iPad Air 2-ի եւ iPad Mini 3-ի շնորհանդեսի ժամանակ, ամերիկյան Apple ընկերության ներկայացուցիչները խոստացել էին, որ հոկտեմբերի 20-ին լույս կտեսնի iOS 8 օպերացիոն համակարգի առաջին մեծ թարմացումը՝ iOS 8.1 համակարգը:

Եվ ահա այսօր iOS 8.1-ն արդեն հասանելի է iսարքեր օգտագործողներին: Apple-ի հաղորդագրության համաձայն թարմացումը իր մեջ ներառում է նոր հնարավորություններ, բարելավումներ եւ նախորդ թարմացումների արդյունքում առաջացած խնդիրների լուծումներ:

Այս թարմացմամբ արդեն հասանելի է դառնում Apple-ի վճարման նոր համակարգը՝ Apple Pay-ը, որը կարող են օգտագործել iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի ամերիկաբնակ օգտատերերը: Հետագայում, ամենայն հավանականությամբ, համակարգը հասանելի կլինի նաեւ այլ երկրներում:

Այս թարմացմամբ beta տարբերակով սկսվում է iCloud նկարների գրադարանի աշխատանքը, որը թույլ է տալիս Ձեր iCloud-ի էջով աշխատող բոլոր սարքերում տեսնել Ձեր բոլոր սարքերից արած նկարները: Հնարավոր է դառնում նաեւ SMS հաղորդագրություններ ուղարկել iPad-ից եւ Mac-ի օգտագործելով iPhone-ը:

iOS 8.1 համակարգը լուծում է Wi-fi-ի, Bluetooth-ի հետ կապված խնդիրները, ավելացվել է 2G, 3G, LTE բջջային ցանցերի միջեւ ընտրություն կատարելու հնարավորությունը, Safari վեբ-դիտարկիչում վերացվել է թերությունը, որը կարող էր խնդիրներ առաջացնել տեսանյութերի դիտմանը եւ այլն:

Բավականին արագացել է iսարքերի աշխատանքը: Իհարկե, կան շատ փոքր նորամուծություններ, որոնք ի հայտ են գալիս օգտագործելիս:

Այս թարմացումը կարող են քաշել iPhone 4S, iPhone 5, iPhone 5C, iPhone 5S, iPhone 6, iPhone 6 Plus հեռախոսների, 5-րդ սերնդի iPod-ի, iPad 2, iPad 3, iPad 4, iPad Air, iPad Air 2, iPad Mini, iPad Mini with retina display եւ iPad Mini 3 սարքերի օգտատերերը: 

19 октября 2014 г.

Դմիտրի Մեդվեդեւը iPhone 6 Plus է օգտագործում

Macdigger.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել «խնձորային» սարքավորումներից: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները չպետք է պատճառ հանդիսանան ամերիկական սմարթ հեռախոսներից եւ պլանշետներից հրաժարվելու համար:

«Մեր հարաբերությունները Ամերիկայի հետ ի՞նչ կապ ունեն iPhone-ի հետ: Ուրեմն եկեք հրաժարվենք բոլոր արտասահմանյան իրերից եւ ի՞նչ կստացվի: Հյուսիսային Կորե՞ա: Դա մեր ճանապարհը չէ: Ընդհակառակը. ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է որեւէ բանից հրաժարվենք: Ամերիկացիներին վնաս հասցնել Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով ուղղակի ծիծաղելի է»,- ասել է Մեդվեդեւը:

Սոցիալական ցանցերում հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ Դմիտրի Մեդվեդեւը iPhone 6 Plus հեռախոս է օգտագործում:

29 сентября 2014 г.

Աննա Իսրաելյան. «Լրագրողները եւ խմբագիրները երկու տարբեր դասակարգեր են ու հակամարտում են»

 Շատ հաճախ, երբ թերթերի կամ առցանց լրատվական կայքերի խմբագիրները նկատողություն են անում լրագրողներին վատ կամ թերի աշխատանք կատարելու համար, վերջիններս էլ հակադարձում են, թե իրենք ամբողջ օրը քրտնաջան աշխատում են, նյութեր են պատրաստում, իսկ խմբագիրն իր աշխատասենյակում նստած միայն դժգոհում է: Այդ լրագրողները նաև ասում են, որ խմբագիր բոլորն էլ կարող են աշխատել, իսկ լրագրողի գործը շատ ավելի բարդ է: Ահա այս թեմայի շուրջ զրուցեցինք առցանց «Առավոտի» խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱԵԼՅԱՆԻ  հետ:

– Լրագրողները հաճախ բողոքում են, որ խմբագիրների գործը ավելի հեշտ է, քանի որ իրենք ամբողջ օրը վազում են, նյութեր են հավաքում, իսկ խմբագիրները ուղղակի նստած կարդում են: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ընդհանրապես, ասում են, որ կարծես լրագրողական երկու տարբեր դասակարգեր լինեն, որոնք ուղղակի հակամարտում են: Մի ժամանակ, երբ որ տպագիր մամուլի մասին էր խոսքը, այդպես էր. խմբագիրները կրճատում էին, լրագրողները՝ դրա դեմ պայքարում, իսկ առցանցի դեպքում ինչ-որ բան փոխվեց: Ես երկու կարգավիճակում էլ աշխատել եմ ե՛ւ լրագրողի, ե՛ւ խմբագրի: Երբ փոփոխության այդ առաջարկը եղավ, ինձ թվում էր, թե խմբագրի աշխատանքը շատ ավելի թեթեւ է լինելու, բայց պարզվեց, որ այն շատ ավելի լարված է, շատ ավելի մեծ է պատասխանատվությունը: Եթե որպես լրագրող դու միայն քո ստորագրության համար ես պատասխանատու, ապա որպես խմբագիր դու պատասխան ես տալիս ողջ խմբագրական գործունեության համար:

- Ի՞նչ գիտելիքներ կամ փորձ պետք է ունենա լրագրողը, որպեսզի կարողանա խմբագիր աշխատել:

- Հայերենի շատ լավ իմացություն պետք է ունենա առաջին հերթին, ինչը, կարծես, պակասում է: Լրագրողը շատ է ապավինում նրան, որ իր աշխատանքը կկարդան սրբագրիչները, խմբագիրները, իսկ որոշ լրագրողներ անգամ երկրորդ անգամ իրենց տեքստը չեն կարդում: Չեմ սիրում այդպիսի լրագրողների, որովհետեւ եթե դու քո նյութը չես ցանկանում երկրորդ անգամ կարդալ, ուրեմն ո՞նց ես ակնկալում, որ այն կկարդան ուրիշները: Մյուս կարեւոր հատկանիշը մենեջերի, կազմակերպչի ունակություններն են՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման իմաստով, որ կարողանաս գլխավորը երկրորդականից զատել, իմանալ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ: Եվ երրորդը թիմ ստեղծողի հատկանիշներն են, որ ինչ-որ աշխատանքի մոտիվացիայի, թիմը համախմբելու ունակություններ ունենաս եւ կարողանաս դրանք գործադրել:

- Խմբագիրը լրագրողի կայացման գործում ինչ-որ դերակատարություն ո՞ւնի եւ ի՞նչ չպետք է անի սկսնակ լրագրողի հետ աշխատելիս:

- Չպիտի ջարդի: Պետք է հասկանա, որ բոլորս էլ սխալներ արել ենք սկզբում եւ ոչ ոք ապահովագրված չէ: Չպետք է արված սխալը առիթ դարձնի լրագրողի վրա խաչ քաշելու համար, իբր ոչնչի պիտանի չի: Խմբագիրը կարող է օգնել, որ լրագրողը հասկանա, թե որտեղ իր տեղը, որտեղ է ինքը ուժեղ, ուղղորդի, սխալները մատնանշի:

- Դուք 2011 թվականից առցանց «Առավոտի» խմբագիրն եք: Այս երեք տարիների ընթացքում ունեցե՞լ եք ակտիվ լրագրություն վերադառնալու ցանկություն:

- Զարմանալի է, բայց ոչ: Իմ այն ընկերները, որոնք էլի լրագրողից անցում են կատարել խմբագրի աշխատանքին, այդքան էլ գոհ չեն, որովհետեւ առավել կարեւորում են ստեղծագործական աշխատանքը: Խնդիրն այն է, որ ես իմ մտահաղացումները, որ կանեի իբրեւ լրագրող, փորձում եմ մեր այլ լրագրողների միջոցով իրականացնել: Մեծ մասամբ դա ստացվում է: Մեկ-երկու դեպք է եղել, երբ մտածել եմ, որ, այնուամենայնիվ, այդքանը պատմելու, բացատրելու փոխարեն ավելի լավ է ինքս անեմ: Օրինակ` այդպես եղավ Անաստաս Միկոյանի թոռան հետ հարցազրույցի դեպքում: Ինքս էլ արեցի, քանի որ մտածեցի, որ բոլոր փաստերը վերաշարադրելու, պատմելու փոխարեն, որ ասեմ այս հարցրեք, այն հարցրեք, ճիշտ կլինի ինքս անեմ:Ես չեմ ափսոսում, մանավանդ, որ շարունակում եմ պրակտիկ լրագրող էլ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Այդ իմաստով, որեւէ պակաս չկա:

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

27 июля 2014 г.

Արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր չէ նորմալ տեղեկություն ստանալ

Խառանշփոթ: Ահա այսպես կարելի է բնութագրել արտակարգ իրավիճակում հայաստանյան լրատվամիջոցների հրապարակած նյութերը. գրեթե բոլոր կայքերը տարբեր, իրար հակասող նյութեր են գրում, և հնարավոր չի լինում որևէ հստակ բան իմանալ:
Թարմ օրինակ: Հուլիսի 25-ին մի շարք կայքեր գրել էին, թե Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Բարեխիղճ կայքերը տեղադրել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը կամ փորձել էին այցելել և տեղում պարզել իրավիճակը:
Իսկ այն կայքերը, որոնք հայտնի են իրականությանը չհամապատասխանող վերնագրերի ընտրությամբ գրել էին «մեծ հրդեհ», «խոշոր հրդեհ» և նմանատիպ այլ վերնագրերով նյութեր: Ամենայն հավանականությամբ այս հոդվածները կունենան շատ ընթերցումներ և գովազդատուների միջոցով լրատվամիջոցը կունենա հավելյալ ֆինանսական եկամուտ:
Քանի որ տողերիս հեղինակը Վ.Բրյուսովի անվան համալսարանի ուսանող է, որոշեցի գնալ տեսնել, թե որքան է վնասվել համալսարանը և նյութ պատրաստել այդ մասին:
Եվ ի՞նչ պարզվեց: Արտաքինից երբեք չէիր ասի, թե քիչ առաջ այդտեղ «խոշոր հրդեհ» է եղել: Ուղղակի շինարարական աղբ էր վառվել, որի հետևանքով մեծ ծուխ էր եղել:
Մի օրինակ ևս բերենք: Հայ-ադրբեջական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին վերջին դիվերսիաների ժամանակ կայքերից մեկը լուր տարածեց, թե Վարդենիսի շրջանում 39 հոգի դիվերսանտ է մտել և թունավորել է խմելու ջուրը: Հետո պարզվեց իրականում այդ տարածաշրջանում 2-3 հոգի էին թունավորվել:
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, սակայն որոշենցինք մեջբերել ամենաթարմ օրինակները:
Լուսանկարը` Shamshyan.com-ի
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

2 июня 2014 г.

Որոշ մարդիկ անօրինական կերպով արջ են պահում, իսկ պատկան մարմինները քնած են

«Կենդանաբանական այգու հիմնական խնդիրներից մեկը արտաքին պարիսպների բացակայությունն է: Դրա պատճառով յուրաքանչյուր մարդ կամ կենդանի կարող է ազատորեն մտնել եւ դուրս գալ այգի»,- այս մասին մոտ երեք ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 
Այս հարցազրույցը հիշեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության մայիսի 27-ի գիշերը հրապարակած հաղորդագրությունը կարդալուց հետո: Հիշեցնենք, որ այդ օրը Հալաբյան փողոցում արջ է հայտնաբերվել: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: 
Իսկ, ո՞րտեղից է այդ արջը եկել Հալաբյան փողոց: Հաշվի առնելով կենդանաբանական այգում արտաքին պարիսպների բացակայությունը, առաջին վարկածը եղավ այն, որ կենդանին փախել է կենդանաբանական այգուց եւ ձորով եկել է Հալաբյան փողոց: Այս վարկածը, սակայն, շատ արագ հերքեց այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը: 
Մյուս վարկածն այն էր, որ արջը պատկանել է 1980-ականներին Սպիտակի քաղաքապետ Նորայր Մուրադյանին: Վերջինս այժմ Ռուսաստանում է եւ արջին հանձնել է Հալաբյան փողոցում տեղակայված «Սպիտակ» կենտրոնի պահակ Հրաչ Ավետիսյանին: 
Սակայն այս վարկածը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հրաչ Ավետիսյանը: Պահակի խոսքերով՝ ինքը արջին կիսամեռ վիճակում մոտ մեկ ամիս առաջ գտել է Սպիտակի մայրուղու հարակից տարածքում՝ պահել եւ մեծացրել է: 
Այստեղ հարցն այն չէ, թե ում է պատկանում կենդանին: Այլ՝թե արդյո՞ք այդ մարդը գիտի, որ այս կենդանին «Կարմիր գրքում» գրանցված անդրկովկասյան գորշ արջ է: «Կենդանական աշխարհի մասին» օրենքով անհատներին թույլատրվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պահել, միայն եթե կան համապատասխան պայմանները: 
Մի քիչ կասկածելի է թվում, թե ինչպե՞ս կարող էր «Սպիտակ» կենտրոնում աշխատող պահակը ապահովել այդ պայմանները: Հայտնի է, որ այս կենդանիներին օրական մի քանի կիլոգրամ սնունդ, բավականին մեծ, սակայն ճաղերով փակված տարածք եւ հատուկ խնամք է անհրաժեշտ:
Եթե նույնիսկ Հրաչ Ավետիսյանը կարողացել է ապահովել այդ պայմանները, նա պետք է տեղեկացներ համապատասխան մարմիններին, որ իր մոտ այդպիսի կենդանի կա: Այդ կենտրոնում օրական մի քանի հարյուր փոքր երեխաներ են գնում մարզվելու: Կարիք չկա նշելու, թե ինչ կարող էր պատահել, եթե արջը ցերեկը դուրս պրծներ իր վանդակից:
Այս ամենի պատճառը, մեր կարծիքով, բնապահպանական ոլորտում տիրող ամենաթողությունն ու բնապահպանության նախարարության անգործությունն է: Բավական է համացանցում մի փոքր ժամանակ անցկացնել, որպեսզի տեսնես քանի այդպիսի դեպքի մասին են ահազանգել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ քանիսն են արձագանք ստացել համապատասխան գերատեսչությունների կողմից: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի ռեստորանների սեփականատերեր, այսպիսի արջերի են բռնել եւ պահել իրենց ռեստորաններում, որպեսզի հաճախորդների մեծ հոսք առաջանա: 
Հայաստանում կենդանիների որսի վերահսկողություն ու սահմանափակում նույնիսկ չի գործում: Դրա վառ ապացույցն այն է, որ մարդիկ օրը ցերեկով մտնում են «Խոսրովի արգելոց», որս են եւ կերուխում են անում եւ հանգիստ հեռանում են: Իսկ պատկան մարմինները անգործության են մատնված: 
Չի բացառվում, որ Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը պատկանում է Հրազդան գետի շրջակայքում գտնվող ռեստորաններից մեկին: Ուղղակի վերջիններս մամուլի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար «համոզել են» Հրաչ Ավետիսյանին, որ հանդես գա որպես արջի սեփականատեր:
Կա մի հանգամանք, որը մեզ կասկածելի թվաց: Լավ, այդ ինչպե՞ս եղավ, որ արջը մի ամիս ապրեց կենտրոնի տարածքում եւ ոչ ոք չնկատեց նրան: Իսկ եթե նկատել են եւ չեն տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա պետք է պատժվեն ՀՀ քրեական օրենսգրքի «իմանալ-չհայտնելու» հոդվածով: 
Կարծում ենք, որ Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունը պետք է այս խնդրի առնչությամբ խորը քննությունն անցկացնեն եւ պատժեն մեղավորներին, որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը:  
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:
Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

23 мая 2014 г.

Հեծանվամարաթոն՝ Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտին օգնելու համար

Մայիսի 24-ից սկսած 7 օրվա ընթացքում հեծանվորդների խումբը կանցնի շուրջ 400 կմ,  Երևան-Ապարան-Գյումրի-Վանաձոր-Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով:
Մայիսի 24-30-ը Հայաստանում տեղի կունենա «Bike-a-thons» 15-րդ հեծանվարշավը, որն այս տարի կրում է «Տպավորիչ ուղղություն Հայաստանով» անվանումը: 
Հեծանվարշավը կազմակերպել են Հույսով լի Հայաստանի Համար Հեծանվարշավախումբը և Հայաստանի Հեծանվավազքի Խմբի և Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովը:
Հեծանվամարաթոնի կազմակերպիչ, Անահիտ Երեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իրենց նպատակը Ֆիզիկայի ինստիտուտի վրա ուշադրություն գրավելն է. 
«Մարդիկ տեսնում են, հետաքրքրվում են, իրենց ընկերներին են հրավիրում եւ հաճախ միանում են մեզ: Տիեզերական ճառագայթների բաժանմունքի երիտասարդները նույնպես շատ ոգեւորված են այս միջոցառումով: Նրանք էլ են ամսի 24-ից մեզ միանալու»:
«ԱՄՆ-ում գործող ձեռնարկատերերը, գործարարները  տարեկան 50.000 ԱՄՆ դոլար են փոխանցում Երևանի Ֆիզիկային Ինստիտուտին: Այդ գումարը ծախսվում է նորագույն տեխնիկա գնելու համար»,- այս մասին Mynews.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:
Պարոն Չիլինգարյանը այս հանգամանքը կապում է Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովի կատարած աշխատանքի հետ: «Նրանք Ամերիկայում համերգներ են կազմակերպում, հանգանակություններ են կատարում եւ մեծ գումարներ է հավաքվում: Իսկ գնված տեխնիկան էլ իրենց հետ բերում են Հայաստան»:
Բացի ԱՄՆ-ում իրականացված միջոցառումներից Հույսով լի Հայաստանի Համար Հեծանվարշավախումբը, Հայաստանի Հեծանվավազքի Խմբի և Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ Հայաստանում կազմակերպում է հեծանվամարաթոն: 
Հայաստանի հեծանվային սպորտի հրչակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը, ով արդեն երեք տարի է ղեկավարում է արշավը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումները մեծ արդյունքներ են ունենում իրենց սաների համար: «Նրանք օրեկան 60-70 կիլոմետր տարածք են անցնում, դա լավագույն միջոցն է մարզվելու համար»:
Միջոցառման մանրամասների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

15 мая 2014 г.

Եվրոպայի օրը կնշվի Գյումրիում և Երևանում

Պատկերացրեք, դուք կարող եք մուտք գործել Հայաստանում Եվորպական միության երկրները ներկայացնող յուրաքանչյուր դեսպանատուն՝ ծանոթանալ դեսպանատան գործունեությանը, անձամբ հանդիպել դեսպաններին և անմիջականորեն ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, զրուցել աշխատակիցների հետ:
Այս հնարավորությունը շուտով կընձեռվի ձեզ. Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանատներում, Եվրոպայի առթիվ կազմակերպված տեղեկատվական շաբաթի շրջանակներում՝ մայիսի 19-23-ը, տեղի կունենա բաց դռների օր:
2010 թվականից սկսած ամեն տարի Հայաստանում անցկացվող եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթը բոլոր հետաքրքրվածներին թույլ է տալիս դիտել տեղեկատվական ցուցահանդեսներ, ֆիլմեր, մասնակցել մշակութային միջոցառումների, խաղ-մրցույթներ և այլն:
Այս տարի տեղեկատվական շաբաթը կանցկացվի մայիսի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումները կմեկնարկեն Գյումրիում մայիսի 17-ին և կամփոփվեն Երևանում՝ մայիսի 24-ին անցկացվող տեղեկատվական ցուցահանդեսով և համերգով:
Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Եվրոպայի օրվա պատմություն
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը, ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:Եվրոպայի օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք ԵՄ պաշտոնական կայք:
Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է 2010 թվականից: 2013 թվականին Հայաստանում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Երևանում և Գյումրիում մայիսի 25-ին, նախորդող և հաջորդող օրերին: ԵՄ պատվիրակությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Քաղաքի կենտրոնում անցկացվում էին նաև եվրոպական մշակույթը ներկայացնող պարի վարպետության դասեր, մրցույթներ և խաղեր:

11 мая 2014 г.

Քոչար փողոցի վրա կոտրված ծառը չեն հեռացնում

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժեղ քամիների արդյունքում Հրաչյա Քոչար փողոցի սկզբնամասում մի ծառ է կոտրվել (նկարում): Արդեն քանի օր է այն կիսակոտրված վիճակում կախված է և կա լուրջ վտանգ, որ հերթական ուժեղ քամիների ժամանակ ծառը կարող է ընկնել մարդկանց վրա:
Իսկ ո՞ւր են պատկան մարմինները: