3 июля 2012 г.

Իսպանիան ստորացրեց Իտալիային




2008 և 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն Իսպանիան
Հուլիսի 1-ին Կիևում տեղի ունեցավ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակչի Իսպանիա-Իտալիա հանդիպումը: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր պայքարում: Երկու հավաքականներն էլ բազում հնարավորություններ ունեցան հաշվի մեջ առաջ անցնելու: 14-րդ րոպեին Չավի-Ֆաբրեգաս համագործակցությունից հետո՝ գոլի հեղինակ դարձավ Դավիթ Սիլվան, առաջ մղելով Իսպանիայի հավաքականին: Մի քանի րոպե անց վնասվածք ստացավ Իտալիայի առաջատար պաշտպաններից մեկը` Ջորջիո Կյելինին: Մինչև 41 րոպե հավաքականները խաղացին առանց արդյունքի: Եղան մի քանի պահեր երկու դարպասների մոտ էլ, բայց գոլ չգրանցվեց:

41-րդ րոպեին Չավի գերազանց փոխանցումից հետո Խորդի Ալբան գնդակը մխրճեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Երկրորդ խաղակեսում, 60-րդ րոպեին վնասվածք ստացավ նոր փոխարինման ելած Տյագո Մոտան, և Իտալիայի հավաքականը, քանի որ չէր կարող ուրիշ փոփոխություններ անել՝ մնաց 10 հոգով:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում արդեն Իտալիան հանձնվել էր: Չէր գրոհում և միայն պաշտպանվում էր: Հանդիպման վերջնամասում Իսպանիան 2 գեղեցիկ գոլ խփեց՝ ջախջախելով Իտալիայի հավաքականին: Աչքի ընկան փոխարինման ելած Խուան Մատան և Ֆերնանդո Տորեսը: Հիշեցնեմ, որ վերջինս բացի գոլ խփելուց՝ դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այսպիսով Իսպանիան պահպանեց իր` Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, դառնալով առաջին հավաքականը ամբողջ պատմության մեջ, որը կարողացել է 3 անգամ դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող, որոնցից երկուսն՝ անընդմեջ:

Մադրիդի Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկել Կասիլյասը մի քանի ռեկորդներ սահմանեց Եվրո-2012-ում: Դարպասապահը սկսած 2008 թվականից՝ ոչ մի գոլ բաց չի թողել սեփական դարպասը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում: Կասիլյասը նաև գերազանցեց իտալացի դարպասապահ Դինո Ձոֆի ռեկորդը, որը Իտալիայի հավաքականի դարպասը անառիկ է պահել 494 րոպե: Կասիլյասի նոր ռեկորդը կազմում է 510 րոպե: Առաջանության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ինիեստան, որը կատարել է բոլորից շատ փոխանցումները բոլոր խաղերի ընթացքում և կատարել է բազմաթիվ գոլային փոխանցումներ:

Եվ այսպիսով Իսպանիայի հավաքականը, որը առաջնության սկզբից ցուցադրում էր ոչ այդքան դիտարժան ֆուտբոլ՝ կարողացավ ջախջախել Իտալիային, որը, որոշ ֆուտբոլասերների կարծիքով, լավագույնն էր այս առաջնությունում: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կարևորը վերջնական արդյունքն է: Իսկ դրան հասնելու ճանապարհն այդքան էլ կարևոր չէ: Որպես ամենաբացահայտ օրինակ՝ կարող եմ ներկայացնել Իսպանիային: Ամբողջ առաջնության ընթացքում ցուցադրեց դանդաղ, ձանձրալի ֆուտբոլ, հաղթանակներ տարավ նվազագույն հաշիվներով, բայց վերջում վերափոխվեց, դարձավ մի իսկական գիշատիչ և հարձակվեց Իտալիայի վրա՝ մինչև մազերի ծայրը հոշոտելով նրան: Իսկ Իտալիան առաջնության սկզբից գազազած գայլի նման հարձակվեց իր առջև ոչխարի հոտ դարձած հավաքականների վրա, բզկտեց նրանց, բայց վերջում ընկավ իսպանական թակարդը, դարձավ նապաստակ և թողեց «կարմիր գազանին», որ հոշոտի իրեն:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ շատ դիտարժան, հետաքրքիր լարված խաղ էր: Սա այն եզակի խաղերից է, որը կարող ենք տեսնել միայն եզրափակչում: Կարծում եմ, որ բոլորը հաճույք ստացան և չեն փոշմանում այն ժամանակի համար, որ անցկացրել են այս մեկ ամսվա ընթացքում հեռուստացույցի դիմաց:



1 июля 2012 г.

Իսպանիա-Իտալիա խաղին ընդառաջ: Go Spain, Go



Այսպիսով, «Եվրո-2012»-ի եզրափակչում դիտելու ենք Իսպանիա-Իտալիա հակամարտությունը: Առաջնության սկզբում, խմբային փուլի ժամանակ արդեն ականատես ենք եղել այս հակամարտությանը, որն, ինչպես հիշում եք, ավարտվեց 1-1 հաշվով: Սակայն այս անգամ այդպիսի հաշիվ չի կարող գրանցվել, քանի որ այդ դեպքում կավելացվի ևս 30 րոպե և եթե այդ ընթացքում էլ չորոշվի հաղթողը՝ խաղի ելքը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, ինչը ես ամենահավանական լուծումն եմ համարում:

 Իհարկե ես երկրպագելու եմ Իսպանիային, բայց կա մի բայց... Ինչքան էլ Իսպանիան հզոր լինի, իմ կարծիքով, շատ քիչ են շանսերը, որ նա կհաղթի, քանի որ Եվրոպայի առաջնության ամբողջ պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որ մի հավաքական 2 տարի անընդմեջ դառնա հաղթող: Մեզ մնում է միայն սպասել և տեսնել ինչ կլինի: Համենայն դեպս մի բան հաստատ է, որ դիտելու ենք հետաքրքիր, լարված և հարուստ խաղ: Երկու հավաքականներն էլ ունեն նույն խաղաոճը և այդ պատճառով շանսերը հավասարազոր են: Երկու հավաքականներն էլ սիրում են փակ ֆուտբոլ խաղալ, գնդակ պահել և մրցակցի վրա հարձակվել միայն հակագրոհների ժամանակ: Երկու թիմերն էլ ունեն ֆուտբոլիստներ, որոնց վրա հիմնվում է ամբողջ խաղը և որոնք կարող են իրենց ճիշտ խաղաոճով հաջողության հասցնել հավաքականին: Երկուսն էլ ունեն ֆուտբոլիստներ, որոնք շատ լավ կարող են իրացնել ստանդարտ հարվածները և հետխաղյա 11 մետրանոցները:

Հ.Գ.Առաջին անգամ կյանքումս խաղադրույք եմ անելու մի հավաքականի հաղթանակի օգտին, բայց երկրպագելու եմ մյուսին:  Это бизнес- ничего личного...

Բազմաթիվ զինվորների կյանքերը փրկածին չկարողացան փրկել


 Վահե Ավետյանը կնոջ հետ
Չնայած որ բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, ասում էին, որ միայն հրաշքը կփրկի նրան, իրենք այլևս անզոր են ինչ-որ բան անել, մենք հավատում էինք... Հավատում էինք, որ նա ոտքի կկանգնի... Հավատում էինք, որ Աստված կօգնի Հայոց բանակի սպային, բժիշկին, մայորին, ծնողների զավակին, կնոջ ամուսնուն, երեխաների հորը... Կօգնի այն մարդուն ով բազմաթիվ զինվորների է բուժել... Բայց, ցավոք սրտի, մեր հույսերը ի դերև ելան: Բժիշկը մահացավ... «Закон подлости»-ին այս անգամ էլ կատարեց իր «подлый» գործը: Բժիշկը մահացավ, իսկ նրան ծեծող «պահարանները» կենդանի մնացին: «Պահարան» եմ անվանում այդ մարդկանց, քանի որ երբ առաջին անգամ տեսա նրանց նկարները՝ ակամայից գլուխս բարձրացրեցի և նայեցի մեր հյուրասենյակում դրված պահարանին: Շատ չնչին տարբերություն տեսա: Ուղղակի մեր պահարանն ավելի գեղեցիկ է ու պակաս նեղ «թիկունք» ունի: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Ինչո՞ւ պետք է զինվորների կյանք փրկողը մահանա..

Հիմա լայն ուսերի, դատարկ գլուխների, մեծ «բիլաքների» դարն է: Այսինքն, եթե դու չունես այդ թվարկվածներից մեկը, քեզ էլ կարող են կերակրել փողը վերցնել ու սպանել: Այս մութ ու տխուր պատմության միակ լուսավոր կետն այն է, որ մեղավորները ձերբակալվեցին և նրանցից 6-ը նաև կալանավորվեցին: Բայց դա բժշկին ետ չի բերի: Ուղղակի մենք որոշ չափով հանգիստ կլինենք, որ մի քանի «պահարան» պակասեց Երևանի փողոցներից:

Այս օրերին կարդալով մարդկանց կարծիքները, հետևելով քննարկումներին՝ հասկանում եմ, որ նրանք այլևս չեն հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: Ուզում են հավատան`չեն կարողանում: Վստահությունը կորել է ոստիկանության և դատարանի հանդեպ: Չեն հավատում, որ այն կառույցները, որոնք ի սկզբանե ստեղծված են եղել պայքարելու կոռուպցիայի դեմ՝ կատարում են իրենց առաքելությունը: Նրանց հավատը կարող է մասամբ վերականգնվել միմիայն այն դեպքում, եթե մեղավորները ստանան իրենց պատիժները:

Վահե Ավետյանը մահանալուց մի քանի օր առաջ
Երբ նման դեպք տեղի է ունենում երկրի ներսում՝ դա ուղղակի չգիտեմ ինչ է: Բառ չեմ գտնում, որ նկարագրեմ, թե դա ինչ է: Հա, լավ, ասենք խմել էին, մի երկու ավելորդ բան էին ասել: Հնարավո՞ր չէր նրանց տաքսի նստեցնել, ուղարկել տուն: Եթե ոչ, ապա ոստիկանություն կանչեիք: Իսկ եթե դու այդքան «լավ տղա» ես ու քեզ համար, այսպես ասած, западло է ոստիկանության դիմելը ու քեզ համար կյանքի ու մահվան հարց է քեզ վիրավորածին ծեծել՝ հարվածիր: Երկու անգամ հարվածիր, երեք անգամ հարվածիր ու հանգիստ թող: Բայց ինչ է նշանակում մարդուն այնպես ծեծելը, որ մի կիսագունդը մտնի մյուսի մեջ և դադարել հարվածելը այն ժամանակ, երբ տեսնում ես, որ նա էլ չի շնչում: Հաճո՞ւյք ես ստանում մարդուն ծեծելուց: Գնա բռնցքամարտով զբաղվիր: Չէ՞ որ քո ֆիզիկական տվյալները ներում են և այնտեղ քեզ ոչ մեկ չի դատի կամ քննադատի, որ մարդուն հարվածես: Կրկնում եմ միակ լավ բանն այն է, որ նրանք այժմ բանտում են և ավելի լավ կլինի այն ժամանակ, երբ դատարանը խստագույնս պատժի նրանց և նրանք ինչ-որ հրաշքով սովորեն մարդկանց հետ մարդավարի վարվել, ոչ թե կենդանու նման: Չնայած այս պարագայում կենդանի է ոչ թե ծեծվողը, այլ`ծեծողը:

Հույս ունենանք, որ ամեն ինչ արդար կլինի: Իսկ եթե ոչ ես՝ չեմ զարմանա, եթե լսենք, որ արտագաղթի թիվը ավելացել է... Ցավակցում եմ Վահե Ավետյանի ընտանիքին: Հասկանում եմ, որ այս կորուստը անդառնալի է և գիտեմ, որ ոչ մի խոսք ձեզ չի մխիթարի... Ուղղակի ցանկանում եմ համբերություն: