24 июля 2012 г.

Համատարած «Apple»-ա-ասֆալտամանիա


Ինչպես նկատել եք՝ ամառային այս շոգ ու անտանելի օրերին գրեթե ամեն տեղ ասֆալտ են անում: Հիմա կասեք, թե «լավ են անում անում են, էտ ինչա, որ բլոգումդ գրում ես»: Պատասխանեմ: Ոչ մի զարմանալի բան չկա իհարկե: Զարմանալին միայն այն է, որ այդ ասֆալտը անում են հենց այն ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են գնում եւ աշխատանքից վերադառնում են, այդպիսով առաջացնելով արհեստական խցանումներ:

Մյուս զարմանալի երեւույթն այն է, որ որոշ ժամանակ առաջ առավոտյան անձրեւ էր գալիս, բայց չնայած դրան՝ նրանք ջանասիրաբար շարունակում էին ասֆալտ «փռել»: Հա, ճիշտ է, մոռացել էի: Ասֆալտը պետք է այն հաշվարկով անեն, որ գոնե մինչեւ մյուս ընտրություններ դիմանան, որ այդ ժամանակ նորից ինչ-որ անելու գործ լինի: Եթե նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ նորմալ է:

Ամառային շոգ երեկոներից մեկն էր: Հրաչյա Քոչար փողոցը գրեթե լրիվ փակ էր: Պատճառը կրկին ասֆալտն էր: Ծանոթներիցս մեկը տեսնելով այդ փակ փողոցը, խցանումը եւ ջանասիրաբար ասֆալտ անողներին՝ ասաց. «Արա, բայց մենք էս ինչ ասֆալտ «փռող» ժողովուրդ ենք... Քեֆս գալիս ա»:

Մի երեկո որոշեցի իջնել բակ՝ մաքուր օդ շնչելու եւ կրկին ականատես եղա աննորմալ, բայց ինչ-որ տեսանկյունից նաեւ նորմալ երեւույթի: Մեզ մոտեցան ծանոթ տղաներ. մեկի ձեռքում Ipad, մյուսի ձեռքում Iphone եւ նմանատիպ այլ թանկարժեք սարքավորումներ: Որոշ ժամանակ անց ուրիշ ծանոթներ եկան. եւ կրկին Ipad-ով եւ այլն, եւ այլն: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Apple»-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել էր մեր բակ. 4 կողմում «կրծած խնձորներ», պլաշենտներ: Մի պահ հարեւանի երեխան պատուհանից նայեց: Ինձ թվաց, թե նրա ձեռքում էլ է Ipad: Բայց ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա սովորական կրծած խնձոր էր:

Հետո էլ կասեն, թե ժողովուրդն աղքատ է, փող չունենք, ուտելիք չունենք, աշխատանք չկա, հույս չկա: Մի կողմից համաձայն եմ: Մարդիկ կան, որ բողոքում են, թե այդ վերը թվարկվածներիցս ոչ մեկը չունեն, բայց փոխարենն ունեն Ipad-ներ, Iphone-ներ, բազմաթիվ թանկարժեք հեռախոսներ: Երեւի Սթիվ պապիկն իր կտակի մեջ այդպիսի մարդկանց անունները նշել էր, որ խեղճերը, եթե ուտելու բան չունեն՝ գոնե Ipad ու Iphone ունենան: