29 августа 2012 г.

Ծնունդդ շնորհավոր Մայքլ Ջեքսոն



54 տարի առաջ ծնվեց մի երեխա: Նրա ծնողները չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց իրենց երեխայի մասին կխոսի ամբողջ աշխարհը: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց տղայի 54-ամյակին նրանք ոչ թե ընտանյոք հավաքված կնշեին, այլ կայցելեին նրա գերեզմանին:

Մայքլ Ջեքսոնը իր երաժշտական գործունեությունը սկսել է շատ վաղ տարիքում: 5 տարեկան հասակում նա ընդգրկվեց հայտնի «Jackson 5» ընտանեկան խմբի մեջ, որտեղ ելույթ էին ունենում իր ավագ եղբայրները: Խմբի ղեկավար էր ժոզեֆ Ջեքսոնը՝ Մայքլ Ջեքսոնի հայրը: Ջեքսոնը այդ խմբի միջոցով հայտի դարձավ: Նրա ձայնը շատ եզակի էր իր տարիքի համար:

Մի քանի տարի խմբում հանդես գալուց, եւ արդեն չափահաս մարդ դառնալուց հետո Մայքլը որոշում է թողնել խումբը եւ զբաղվել անհատական գործունեությամբ: Նա իրար հետեւից թողարկում է մի շարք ձայնասկավառակներ, որոնք ցնցում են ամբողջ աշխարհը, վաճառվում միլիոնավոր օրինակներով, զբաղեցնում երաժշտական աղյուսակների առաջին հորիզոնականները:

Բայց Մայքլը չի սահմանափակվում միայն ձայնասկավառակ թողարկելով: Նա՝ սկսած «BAD» ձայնասկավառակից մինչեւ «History» իր ձայնասկավառակին զուգահեռ կազմակերպում է համաշխարհային համերգային շրջագայություններ՝ ցնցելով իր երկրպագումներին իր պարով, ձայնով, բեմական կոստյումներով ու շոուով: Նշեմ, որ այդ համերգային շրջագայությունների ամբողջ հասույթը նա օգտագործում էր բարեգործության համար: Նա ունեցավ երեք համերգային շրջագայություն. «Bad», «Dangerous», «History»: Ամեն շրջագայության ժամանակ նա հանդես եկավ նորովի՝ նոր երգերով, նոր կոստյումներով ու նոր պարով:

Ջեքսոնը բացի իր աստղային կյանքից ունեցել է ընտանեկան կյանք: Նա երկու անգամ ամուսնացել է եւ ունեցել 3 երեխա: Առաջին անգամ ամուսնացել է Rock & Roll-ի արքա Էլվիս Փրեսլիի դուստր Լիզա Մարիա Փրեսլիի հետ: Սակայն համատեղ կյանքը չի ստացվում եւ մի քանի տարի անց նրանք բաժանվում են: Հետագայում նա ամուսնանում է իրեն բուժող բուժքույրի՝ Դեբի Ռոուի հետ, որից ունենում է երկու երեխա. մեկ տղա եւ մեկ աղջիկ: Սակայն նրանք էլ են շուտով բաժանվում եւ երեխաները մնում են Ջեքսոնի մոտ: Երրորդ երեխայի ծագումը հայտնի չէ: Ըստ տարածված լուրերի նա ծնվել է արհեստական բեղմնավորման միջոցով, ինչ-որ անհայտ կնոջից:

Ջեքսոնը 2001 թվականի համերգներից հետո որոշում է գնալ հանգստի: Եվ  մոտավորապես 10 տարի մնում է ստվերում՝ վարելով ընտանեկան կյանք: 2009 թվականին նա հայտարարում է իր վերադարձի մասին եւ խոստանում 50 համերգ: Սկսվում են փորձեր, դժվար աշխատանք, նոր բեմ, նոր կոստյումներ են կարվում, քասթինգ եւ այլն եւ այլն: Սակայն գալիս է չարաբաստիկ հունիսի 25-ը: Այդ օրը Ջեքսոնը անքնության եւ ցավերի պատճառով ընդունում է անթույլատրելի քանակով ցավազրկող դեղամիջոցներ, որից էլ ժամեր անց մահանում է ցնցելով ամբողջ աշխարհը:

Եվ այսպես մի կարճ պատմությամբ ներկայացրեցի մի մեծ մարդու կյանքը: Քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, չեմ ցանականում խոսել այն բացասական բաների մասին, որոնք շրջանառվում են մամուլով: Ուղղակի ցանկանում եմ շնորհավորել նրա ծննդյան օրը: Շնորհավոր Մայքլ Ջեքսոն: