11 декабря 2013 г.

Վահրամ Մարտիրոսյան. «Գյումրեցիներն այժմ երկրորդ աղետի մեջ են»

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». այս անունն է կրում  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտրենյուսի») «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական  գրադարանում բացված շրջիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի սրահում զետեղված են հայկական եւ սովետական մամուլի անդրադարձները երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները եւ թերթերի առաջին էջերը: Հատուկ էկրանների միջոցով կարելի էր տեսնել նաեւ հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, չլուսաբանված արխիվային նյութերը, հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների եւ լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս:

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը, ով ծնունդով գյումրեցի է եւ այդ ժամանակ աշխատում էր «Գրական թերթում», մեզ հետ զրույցում նշեց, որ երկրաշարժի մասին իմանալուց հետո անմիջապես գնացել է Լենինական՝ տեսնելու, թե ինչ վիճակում է իր ընտանիքը: «Տեղ հասնելով՝ ես պարզեցի, որ մեր ընտանիքից էլ զոհ կա. քույրս էր: Տունը քանդվել էր: Շատ վատ վիճակ էր: Մեկ շաբաթ հոսանք չկար Գյումրիում եւ դա շոկ էր մեզ համար, քանի որ մինչ այդ չէր եղել այնպիսի դեպք, որ մենք այդքան երկար ժամանակ լույս չունենայինք»:

Մեր այն հարցին, թե ինչպես կգնահատեք աղետի գոտու վիճակը 25 տարի անց, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղացիները այժմ երկրորդ աղետի մեջ են: «Գյումրիում տիրում է աղքատություն եւ գործազրկություն: Գյումրեցիները, որոնք միշտ աշխատասեր, պատվախնդիր մարդիկ են եղել, այսօր նույնիսկ աշխատնք չունեն, քաղաքը կիսով չափ դատարկվել է, մարդիկ գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի»,- ցավով նշեց Վահրամ Մարիտրոսյանը եւ հավելեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կատարված աշխատանքները շատ ավելի քիչ էին, քան կարող էին լինել: «Մինչեւ այսօր էլ այնտեղ տնակներում ապրող մարդիկ կան եւ քաղաքը շատ վատ վիճակում է»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե ինքը հույս ո՞ւնի, որ գյումրեցիների բոլոր խնդիրները կլուծվեն եւ քաղաքը կստանա իր նախկին տեսքը: Վ.Մարտիրոսյանը լավատեսորեն ասաց. «Ես միշտ հույս ունեմ»:

«Լրատունը» կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Երեւանից առաջ շրջիկ ցուցահանդեսը եղել է Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում եւ Կապանում: Երեւանում այն կգործի մինչեւ դեկտեմբերի 13-ը: