19 ноября 2011 г.

Պարային հոբբի


Ֆանատ Պարի Ստուդիայում անցկացրած իմ ժամանակը
Ֆանատ Պարի Խումբ


                                                                           Որոշ ժամանակ առաջ տարվել էի պարով: Այցելում էի Ֆանատ Պարի Ստուդիան, որտեղ սովորում էի Բռեյք Դանս և Մայքլ Ջեքսոնի պարերը: Պարի այդ խումբը ինձ դուր եկավ, քանի որ Հայաստանում միակ խումբն է, որտեղ դասավանդվում են Մայքլ Ջեքսոնի պարերը: Այդ ժամանակ իմ հոբբին էր Մայքլ Ջեքսոնին ուսումնասիրելը:  Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր հոբբի է, քանի որ չի սահմանափակվում միայն երգով: Նրան ուսումնասիրելով կարող ես շատ բաների մասին գաղափար կազմել. պար, երաժշտություն, նորաձևություն և այն:
   Պարի խումբ սկսեցի այցելել 2010 թվականի նոյեմբերից: Խոստովանում եմ՝ սկզբում հիասթափված էի, քանի որ չէի կարողանում արագ սովորել՝ գիրությանս և պարել չիմանալու պատճառով: Բայց հետագայում, մի քանի ամիս անց արդեն արդյունքի հասա: Մայրս, երբ տեսավ պարելս, ասաց, որ կյանքում չէր պատկերացնի, թե ես այսպես կարող եմ պարել, որովհետև այդ պարի խումբ գնալուց առաջ կյանքում մի անգամ էի պարել: Պարել էի մեր վերջին զանգի օրը, և այդ պարը, մեղմ ասած, խայտառակություն էր:
Ֆանատ Պարի Խումբը Բրյուսովում
 
Չորս ամիս քրտնաջան պարապմունքներից հետո ելույթ ունեցանք Երևանի Պետական Լեզվաբական Համալսարանի բեմում Ապրիլի 7-ին նվիրված համերգին: Իմ կարծիքով, արձագանքը շատ լավն էր, քանի որ բուռն ծափահարություններ լսեցինք: Այդ ելույթի վիդեոն կարող եք դիտել սեղմելով Բրյուսովի ելույթ հղումը:
 
Այս ելույթից հետո որոշ ժամանակ պարապում էինք առանց ելույթների: Հուլիսի 14-ին հրավիրված էինք Կենտրոն հեռուստատեսություն՝ ուղիղ եթերով հարցրազրույցի «Սկսենք Նորից» հաղորդմանը: Ինչպես գիտեք՝ այդ հաղորդման հաղորդավարներ Ժակը և Լուսինեն Մայքլ Ջեքսոնի մեծ սիրահարներ են և դրա շնորհիվ հարցրազրույցը ստացվեց շատ հետաքրքիր:
Վերջում մենք անակնկալ էինք պատրաստել հեռուստադիտողների համար: Հաղորդման կեսն էր անցել, երբ հաղորդավարները հայտարարեցին, որ մենք ցանկանում ենք ներկայացնել պարային համար : Այդ հաղորդման տեսագրությունը կարող եք դիտել սեղմելով այս հղումը Fanat Dance Studio - Interview & Dangerous:

 Օգոստոսի 29 լրանում էր Մայքլ Ջեքսոնի ծննդյան 53 տարին: Այդ առթիվ Մայքլ Ջեքսոնի մի խումբ հայ ֆանատներ կազմակերպել էին ֆլեշմոբ Երեւվանի փողոցներում: Ֆլեշմոբը անցավ շատ հաջող, այն նկարել էր «Դար 21» հեռուստաընկերությունը եւ ցուցադրել «Ֆայլ Պրոյի» շրջանակներում: Այդ ֆլեշմոբի ձայնագրությունը կարող եք դիտել սեղմելով այս հղումը Flashmob in Armenia:

 Ունեցել ենք նաեւ մի տեսանյութ, որը ցուցադրված չի եղել հեռուստատեսությունով եւ բացի մեզանից ոչ ոք չի տեսել: Դա մի տեսանյութ է, որտեղ Ֆանատ պարի ստուդիայի սաները ցուցադրում են իրենց «բռեյք դանսի» ունակությունները: Այդ տեսանյութը դիտելու համար կարող եք սեղմել այս հղումը Fanat Dance Studio- Break dance:

Եվ կարելի է ասել՝ այսքանով ավարտվեց իմ պարային հոբբին, քանի որ հոբբիի համար միշտ էլ ժամանակ կա, իսկ հիմա պետք է մտածեմ ապագայիս մասին: Պարի խմբում անցկացրեցի 7 ամիս, սովորեցի բազմաթիվ պարեր, նիհարեցի, ձեռք բերեցի նոր ընկերներ և ուրախ ժամանակ անցկացրեցի: Իմ մնացած վիդեոները կարող եք դիտել բլոգի Վիդեոյի աշխարհ բաժնում:

Ամանօրյա շնորհավորհանք հայ ժողովրդին 11-ամյա տղայից:

Երկու տարի անց, երբ վիճակս քիչ թե շատ բարելավվեց՝ որոշեցի վերջապես շնորհավորել հայ ժողովրդին Նոր Տարվա կապակցությամբ: Թե ինչ ստացվեց ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

ԱՄԱՆՈՐՅԱ ԴԻՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ


Սիրելի ժողովուրդ, այս վերջերս ես շատ եմ թուլացել մաթեմատիկայից: Առանց դասը կարդալու՝ փորձում եմ գրել: Բայց իմ բոլոր պատմողական առարկաները «5» են, բացի «Հին աշխարհի պատմությունից» եվ «Աշխարհագրությունից»:Դեկտեմբերի 18-ից բոլոր դպրոցները, մանկապարտեզները եւ քոլեջները փակվել են ահավոր գրիպից: Խորհուրդ եմ տալիս՝ ձեր երեխաներին սխտոր տաք եւ ուլունք կազմած կախեք նրանց վրա: Ուզում էի մի լավ բան գրել Քոչարյանի մասին, որ վրաս խոսակցություն չգա եւ ասել, որ շատ լավ բան է արել, որ հրամայել է փակել դպրոցները: Բայց մամաս ասաց, որ Քոչարյանը կապ չունի՝ առողջապահության նախարարն է հրամայել: Շնորհակալություն նրան, որ այդպիսի բան արեց:Նաեւ բարի է Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Բագրատ Եսայանը, որ Քոչարյանին խորհուրդ է տալու անվճար դարձնել բոլոր հիվանդանոցները: Այդ մասին ես իմացա հեռուստացույցից: Բայց ես դրան ուշադրություն չէի դարձնի, եթե նրան անձամբ չճանաչեի: Բագրատն ամեն առավոտ վեր է կենում եւ մինչեւ ուշ գիշեր պայքարում կաշառակերության դեմ:Ժողովուրդ ջան, մեր տանն ամեն ինչ խառն է: Էմման վազում է հետեւիցս, որ խփի, բայց ես փախնում եմ: Հոգնել եմ, ժողովուրդ ջան, հոգնել եմ այս գովազդներից: Դեռ ամանորը չի եկել, բայց միլիոն հատ ամանորյա գովազդ կա: Մի գովազն օրը միլիարդ անգամ ցույց են տալիս: Ես այդ գովազդներն արդեն անգիր եմ արել: Հատկապես այդ լոտոները, ժողովուրդ ջան, 100%-անոց սուտ են: Մարդկանց են ցույց տալիս, որ շահել են, բայց սուտ է: Նրանց ուղղակի 50 դոլար են տալիս եւ պատվիրում խաբել: ՙՇահող լոտոն՚, ՙՇահող ակնթարթը՚, թվերը, մեքենաները եւ գանձարանը սուտ են: Ու~ֆ: Մի հավատացեք: Իզուր փող եք ծախսելու: Մանր շահումներ լինում են, բայց մեծ՝ ոչ: Ցտեսություն:

Աշոտ Իսրայելյան

11 տարեկան

Հ. Գ. Հա, մոռացա, ձեր Նոր տարին շնորհավորել:        




Բողոքները շարունակվում են: Բարելավումներ չեն սպասվում:

20 փետրվարի-Մամ, Էմման ինձ ասաց. «Վայ, Աշոտ, դու ի՞նչ տեսակ երեխա ես»: Ես ասացի. «Էմմա, հազար անգամ եմ ասել. Մարդը տեսակ չունի: Կատուն ունի, շունը ունի, կապիկն ունի, մարդը չունի»:

26 փետրվարի-Մամ, ես Էմմային ասացի. «Էմմա, ես ինը տարուց բանակ եմ գնալու: Այնտեղ ասելու են՝ ավլի, ես չեմ ավլելու: Նրանք հաստ երկաթով խփելու են գլխիս: Այ, դրանով նրանք խփելու են երկու ամիս: Ու ըտենց երկու ամիս... Հետո ես իրենց ընկերն եմ լինելու: Նրանք այնտեղ որդով փլավ են տալու: Մենք պետք է շուն, օձ, թռչուն որսանք, որ ուտենք: Այնտեղ կան շատ կարիճներ»: Դրանից հետո Էմման լաց եղավ և ասաց. «Ես քեզ բանակ չեմ թողնի: Ես ասացի. «Հա՞: Դե ուրեմն 5000 դոլար պատրաստիր»:

28 փետրվարի-Մամ, Էմման ինձ ասաց. «Սատկես, սատկես պրծնեմ քեզնից»: Ես ասացի. «Ասա, ասա, տեսնենք, որ ես մեռնեմ՝ քեզ ո՞վ է պահելու»:

Քո ԱՇՈՏ

ՀՈԳՈՒ ՃԻՉ

Իննամյա տղայի օրագրից

27 ՄԱՐՏԻ
Մամ, երբ ես Էմմայից ջուր եմ ուզում, ինքն ասում է. «Մեծ տղա ես, ինքդ վեր կաց, վերցրու»: Բայց նա իր ծաղիկներին միշտ ջրում է: Ես այդ տեսա և ասացի. «Էմմա, պատկերացրու ես քո ծաղիկն եմ, ինձ էլ մեկ-մեկ ջուր տուր»: Դրանից հետո Էմման ասաց. «Մեռնեմ ծաղիկիս» և մի բաժակ ջուր տվեց: Թե չէ կթառամեի:

3 ԱՊՐԻԼԻ
Երբ «Ա1+»ը փակվեց, ես ասացի. «Վա~յ, մենք կաղքատանանք»: Ու լացեցի: Էմման ասաց. «Ոչինչ, մայրդ «Առավոտում» կաշխատի և մենք չենք աղքատանա»: Դրանից հետո ես շատ-շատ ուրախ եմ:

4 ԱՊՐԻԼԻ
Մամ, մի առավոտ Էմմային ասացի. «Ես քեզ շատ եմ սիրում»: Իսկ նա ասաց. «Աշոտ, դու կարող է՞ ստից ես ասում», ես ասացի. «Ռոբերտ Քոչարյանն է սուտ ասում, որ չէր ուզում «Ա1+»-ը փակվի: Բայց եթե նա չէր ուզում` ինչու՞ փակեց»:

Նամակ-բողոք մայրիկիս ինը տարեկանում


Ժամերով մտածում էի, թե որպես առաջին նյութ ինչ դնեմ բլոգումս: Վերջապես կողմնորոշվեցի: Մայրիկիս խորհրդով՝ որպես բլոգեր առաջին նյութս տեղադրեցի մանուկ ժամանակ գրածս նամակներից մեկը: Նամակը տպագրվել է Տարեգիր թերթում:

 ՀՈԳՈՒ ՃԻՉ
Ինը տարեկան տղայի բողոքները իր տատի խստաբարո վերաբերմունքից 
3 փետրվարի-Մամ, Էմման երեկ ինձ ասաց՝ վեր ընկի քնի, անասունի մեկը:

4 փետրվարի-Մամ, երբ ես Էմմային ասացի ուրիշ շոր տուր, ինքը չտվեց: Ասաց, որ էդ շորը հագի: Ես իրեն չլսեցի և գնացի շոր հանեմ, որ հագնեմ: Ես գնացի մեկ հատ թենիսի վերնաշապիկը հանեցի, էն, որի վրա գրած է թենիս և մեկ հատ շալվար: Նա եկավ այդ երկուսով խփեց ոտքերիս և ձեռքերիս: Ես լացեցի և հանգիստ պառկեցի: Երբ որ ես ասացի՝ Էմմա, սոված եմ, հաց տուր, ինքը չտվեց: Նա ասաց՝ ջանդամին, թե սոված չես: Հետո ես պառկեցի: Մի քիչ հետո որ ես հարցրեցի՝ նա ասաց. չգնա՞մ սրան ծեծեմ, ա'յ էշ, դու ե՞րբ ես էսքան շուտ հաց կերել: Հետո նա հարցրեց. այստեղ մի քանի հատ պիլմենի կա, կուտե՞ս: Ես ասացի այո: Իսկ նա ասաց զահրումար: Հետո նա ասաց. անշնորհք լակոտի մեկը: Երբ Կառան զանգեց, նա ասաց բան եմ սարքում, որ տամ էդ լակոտը ուտի: Նա ասաց էշ:

5 փետրվարի-Մի քանի օր նա ինձ վատ բառեր էր ասում: Ես այդ ժամանակ բանի տեղ չէի դնում: Երեկ գիշեր էլ չդիմացա և ասացի. քույրդ ա:

6 փետրվարի-Մամ, ինքը ինձ նեղացնում է, վատ բառեր է ասում, ծեծում է, ես մեկ է, իրա համար գժվում եմ: Բայց աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում: Էրեխեքը ամենաշատը իրենց մամաներին պետք է սիրեն, չէ՞:

Քո ԱՇՈՏ