16 февраля 2012 г.

Բանակ եւ իրականություն

    Բանակը շատ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության 20-ամյա երկար, բայց նաև կարճ տարիների ընթացքում: Եթե համեմատենք իմ ընկեր զինծառայողների պատմությունները, ովքեր ծառայել են 10 տարի առաջ և նրանց պատմությունները, ովքեր ծառայում են հիմա, կարող եմ նշել մեծ առաջընթաց և փոփոխություններ: Օրինակ. «որդով» փլավից-մակարոնով փլավներ, ցուրտ և կեղտոտ զորանոցներից՝ մաքուր, տաք և հարմարավետ զորանոցներ, հին և մաշված տեխնիկայից՝ ժամանակակից և հզոր տեխնիկա:
    
    Անշուշտ այս տարիների ընթացքում նաև բարձրացել է մեր բանակի մարտունակությունը բազում նպատակամետ զորավարժությունների, առավել արհեստավարժ սպաների շնորհիվ: Որ մեր բանակը այժմ առավել հզոր է, համոզվեցինք 2011թ.-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ:
    Ցավոք, այս ամենի կողքին երբեմն տեղ են գտնում տխուր և ցավալի` խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, որոնք ստվեր են գցում բանակի ձեռքբերումների վրա:
     Չգիտես ինչու դրանց համար շատերը մեղադրում են հատկապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ո՞րն է նրա մեղքը: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ վաշտի որոշ հրամանատարներ, ասենք, համոզում են նորաթուխ ենթասպաներին պակասորդով ընդունել վաշտը և ապա ստիպում լրացնել այդ ահռելի պակասորդը, և ենթասպան անկարողությունից դիմում է ինքնասպանության: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ պայմանագրային զինվորը ալկոհոլի ազդեցության տակ իր ընկեր զինծառայողների հետ մեքենայով վթարի է ենթարկվում, որի պատճառով ընկերները մահանում են: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ զինվորը զենքի հետ վարվել չիմանալու պատճառով սպանում է իր ծառայակից ընկերոջը: Կամ ի՞նչ մեղք ունի նա, որ ջրծաղիկով հիվանդ զինվորին հրամանատարները «սիմուլյանտ» անվանելով՝ վազեցնել են տալիս և հետագայում բարձիթողի վիճակում զինվորը մահանում է: Ըստ իս` պատճառը առաջին հերթին անմիջական հրամանատարներն են:
    Նախարարի պարտականությունն է հանձնարարականներ տալը, որոնք պետք է հստակորեն կատարեն զորամասի հրամանատարները և նրանց ենթակաները: Զորամասի հրամանատարները պետք է խստիվ վերահսկեն վաշտի հրամանատերներին, վերջիններս էլ դասակի հրամանատարներին` խստությանը զուգահեռ ջերմ մարդկային մթնոլորտ ապահովելով զորամասերում:

  …Վերջերս նաև ինտերնետում տեղադրվել էր մի տեսանյութ, որտեղ նախարար Ս.Օհանյանը Ազգային ժողովում քնում է: Այդպիսի նյութ տեղադրելով՝ վայ լրագրողները երևի չեն էլ մտածել, որ խայտառակում են նաև մեզ, մեր հաղթական բանակին: Չի կարելի պաշտպանության նախարարի հետ կապված կեղծ սենսացիա «հրահրող» տեսանյութ դնել ինտերնետում, քանի որ մամուլին հետևում են ոչ միայն հայերը, այլև մեր հակառակորդները: Իսկ նրանց համար հաստատ բավարար չի լինի այն փաստը, որ նախարարն այդ տեսանյութի նախօրեին 20 ժամ աշխատել է, և ապա մեծ մամլո ասուլիս տվել և գերհոգնած վիճակում եկել Ազգային ժողով: Նրանք լուն փիղ դարձնելով` կձգտեն ծաղրուծանակի ենթարկել մեզ և մեր զինված ուժերը:
     Շատ ճիշտ է գրել «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը, նշելով, թե գեղեցիկ չէ պատերազմի հերոսին, որը ծանրագույն վերքեր է ստացել պատերազմի ընթացքում և այժմ կառավարում է ՀՀ զինված ուժերը՝ քնած վիճակում նկարել և գցել ինտերնետ: Կայքերից մեկում այս թեմայի վերաբերյալ մի հետաքրքիր քննարկում տեսա: Մեջբերեմ բլոգերների խոսքերը. «Ու հետո՞: Ի՞նչ կարիք կա դրա մասին խոսելու: Նախարարը մեծ մամուլի ասուլիս է ունեցել, գումարած իմացել եմ, որ նախարարությունում տագնապ է եղելԻ՞նչ եք ուզում դրանով ասած լինել: Ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, ինչը հավասարազոր է դավաճանության»,- գրել է «Մեռնեմ օրենքին» ծածկանունով մի բլոգեր: Մի ուրիշ բլոգեր հավելել է. «Ախր իր ծանրաբեռնվածությունը քիչ է, մի հատ էլ եկել ու տարբեր պիտանի և անպիտան ելույթներ է լսումՈվ գիտի ինչ ծանր օր է ունեցել»:

    Ցավոք, անտակտ, պետականության զգացողությունից զուրկ հոդվածներ հայտնվեցին հայկական լրատվամիջոներում: Պարզ է, թե ինչ բարբաջանքներ դուրս կտան ադրբեջանական ԶԼՄ-ները և տարբեր մակարդակի գործիչները: