3 июля 2012 г.

Իսպանիան ստորացրեց Իտալիային




2008 և 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն Իսպանիան
Հուլիսի 1-ին Կիևում տեղի ունեցավ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակչի Իսպանիա-Իտալիա հանդիպումը: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր պայքարում: Երկու հավաքականներն էլ բազում հնարավորություններ ունեցան հաշվի մեջ առաջ անցնելու: 14-րդ րոպեին Չավի-Ֆաբրեգաս համագործակցությունից հետո՝ գոլի հեղինակ դարձավ Դավիթ Սիլվան, առաջ մղելով Իսպանիայի հավաքականին: Մի քանի րոպե անց վնասվածք ստացավ Իտալիայի առաջատար պաշտպաններից մեկը` Ջորջիո Կյելինին: Մինչև 41 րոպե հավաքականները խաղացին առանց արդյունքի: Եղան մի քանի պահեր երկու դարպասների մոտ էլ, բայց գոլ չգրանցվեց:

41-րդ րոպեին Չավի գերազանց փոխանցումից հետո Խորդի Ալբան գնդակը մխրճեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Երկրորդ խաղակեսում, 60-րդ րոպեին վնասվածք ստացավ նոր փոխարինման ելած Տյագո Մոտան, և Իտալիայի հավաքականը, քանի որ չէր կարող ուրիշ փոփոխություններ անել՝ մնաց 10 հոգով:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում արդեն Իտալիան հանձնվել էր: Չէր գրոհում և միայն պաշտպանվում էր: Հանդիպման վերջնամասում Իսպանիան 2 գեղեցիկ գոլ խփեց՝ ջախջախելով Իտալիայի հավաքականին: Աչքի ընկան փոխարինման ելած Խուան Մատան և Ֆերնանդո Տորեսը: Հիշեցնեմ, որ վերջինս բացի գոլ խփելուց՝ դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այսպիսով Իսպանիան պահպանեց իր` Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, դառնալով առաջին հավաքականը ամբողջ պատմության մեջ, որը կարողացել է 3 անգամ դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող, որոնցից երկուսն՝ անընդմեջ:

Մադրիդի Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկել Կասիլյասը մի քանի ռեկորդներ սահմանեց Եվրո-2012-ում: Դարպասապահը սկսած 2008 թվականից՝ ոչ մի գոլ բաց չի թողել սեփական դարպասը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում: Կասիլյասը նաև գերազանցեց իտալացի դարպասապահ Դինո Ձոֆի ռեկորդը, որը Իտալիայի հավաքականի դարպասը անառիկ է պահել 494 րոպե: Կասիլյասի նոր ռեկորդը կազմում է 510 րոպե: Առաջանության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ինիեստան, որը կատարել է բոլորից շատ փոխանցումները բոլոր խաղերի ընթացքում և կատարել է բազմաթիվ գոլային փոխանցումներ:

Եվ այսպիսով Իսպանիայի հավաքականը, որը առաջնության սկզբից ցուցադրում էր ոչ այդքան դիտարժան ֆուտբոլ՝ կարողացավ ջախջախել Իտալիային, որը, որոշ ֆուտբոլասերների կարծիքով, լավագույնն էր այս առաջնությունում: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կարևորը վերջնական արդյունքն է: Իսկ դրան հասնելու ճանապարհն այդքան էլ կարևոր չէ: Որպես ամենաբացահայտ օրինակ՝ կարող եմ ներկայացնել Իսպանիային: Ամբողջ առաջնության ընթացքում ցուցադրեց դանդաղ, ձանձրալի ֆուտբոլ, հաղթանակներ տարավ նվազագույն հաշիվներով, բայց վերջում վերափոխվեց, դարձավ մի իսկական գիշատիչ և հարձակվեց Իտալիայի վրա՝ մինչև մազերի ծայրը հոշոտելով նրան: Իսկ Իտալիան առաջնության սկզբից գազազած գայլի նման հարձակվեց իր առջև ոչխարի հոտ դարձած հավաքականների վրա, բզկտեց նրանց, բայց վերջում ընկավ իսպանական թակարդը, դարձավ նապաստակ և թողեց «կարմիր գազանին», որ հոշոտի իրեն:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ շատ դիտարժան, հետաքրքիր լարված խաղ էր: Սա այն եզակի խաղերից է, որը կարող ենք տեսնել միայն եզրափակչում: Կարծում եմ, որ բոլորը հաճույք ստացան և չեն փոշմանում այն ժամանակի համար, որ անցկացրել են այս մեկ ամսվա ընթացքում հեռուստացույցի դիմաց:



Комментариев нет:

Отправить комментарий