1 июля 2012 г.

Բազմաթիվ զինվորների կյանքերը փրկածին չկարողացան փրկել


 Վահե Ավետյանը կնոջ հետ
Չնայած որ բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, ասում էին, որ միայն հրաշքը կփրկի նրան, իրենք այլևս անզոր են ինչ-որ բան անել, մենք հավատում էինք... Հավատում էինք, որ նա ոտքի կկանգնի... Հավատում էինք, որ Աստված կօգնի Հայոց բանակի սպային, բժիշկին, մայորին, ծնողների զավակին, կնոջ ամուսնուն, երեխաների հորը... Կօգնի այն մարդուն ով բազմաթիվ զինվորների է բուժել... Բայց, ցավոք սրտի, մեր հույսերը ի դերև ելան: Բժիշկը մահացավ... «Закон подлости»-ին այս անգամ էլ կատարեց իր «подлый» գործը: Բժիշկը մահացավ, իսկ նրան ծեծող «պահարանները» կենդանի մնացին: «Պահարան» եմ անվանում այդ մարդկանց, քանի որ երբ առաջին անգամ տեսա նրանց նկարները՝ ակամայից գլուխս բարձրացրեցի և նայեցի մեր հյուրասենյակում դրված պահարանին: Շատ չնչին տարբերություն տեսա: Ուղղակի մեր պահարանն ավելի գեղեցիկ է ու պակաս նեղ «թիկունք» ունի: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Ինչո՞ւ պետք է զինվորների կյանք փրկողը մահանա..

Հիմա լայն ուսերի, դատարկ գլուխների, մեծ «բիլաքների» դարն է: Այսինքն, եթե դու չունես այդ թվարկվածներից մեկը, քեզ էլ կարող են կերակրել փողը վերցնել ու սպանել: Այս մութ ու տխուր պատմության միակ լուսավոր կետն այն է, որ մեղավորները ձերբակալվեցին և նրանցից 6-ը նաև կալանավորվեցին: Բայց դա բժշկին ետ չի բերի: Ուղղակի մենք որոշ չափով հանգիստ կլինենք, որ մի քանի «պահարան» պակասեց Երևանի փողոցներից:

Այս օրերին կարդալով մարդկանց կարծիքները, հետևելով քննարկումներին՝ հասկանում եմ, որ նրանք այլևս չեն հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: Ուզում են հավատան`չեն կարողանում: Վստահությունը կորել է ոստիկանության և դատարանի հանդեպ: Չեն հավատում, որ այն կառույցները, որոնք ի սկզբանե ստեղծված են եղել պայքարելու կոռուպցիայի դեմ՝ կատարում են իրենց առաքելությունը: Նրանց հավատը կարող է մասամբ վերականգնվել միմիայն այն դեպքում, եթե մեղավորները ստանան իրենց պատիժները:

Վահե Ավետյանը մահանալուց մի քանի օր առաջ
Երբ նման դեպք տեղի է ունենում երկրի ներսում՝ դա ուղղակի չգիտեմ ինչ է: Բառ չեմ գտնում, որ նկարագրեմ, թե դա ինչ է: Հա, լավ, ասենք խմել էին, մի երկու ավելորդ բան էին ասել: Հնարավո՞ր չէր նրանց տաքսի նստեցնել, ուղարկել տուն: Եթե ոչ, ապա ոստիկանություն կանչեիք: Իսկ եթե դու այդքան «լավ տղա» ես ու քեզ համար, այսպես ասած, западло է ոստիկանության դիմելը ու քեզ համար կյանքի ու մահվան հարց է քեզ վիրավորածին ծեծել՝ հարվածիր: Երկու անգամ հարվածիր, երեք անգամ հարվածիր ու հանգիստ թող: Բայց ինչ է նշանակում մարդուն այնպես ծեծելը, որ մի կիսագունդը մտնի մյուսի մեջ և դադարել հարվածելը այն ժամանակ, երբ տեսնում ես, որ նա էլ չի շնչում: Հաճո՞ւյք ես ստանում մարդուն ծեծելուց: Գնա բռնցքամարտով զբաղվիր: Չէ՞ որ քո ֆիզիկական տվյալները ներում են և այնտեղ քեզ ոչ մեկ չի դատի կամ քննադատի, որ մարդուն հարվածես: Կրկնում եմ միակ լավ բանն այն է, որ նրանք այժմ բանտում են և ավելի լավ կլինի այն ժամանակ, երբ դատարանը խստագույնս պատժի նրանց և նրանք ինչ-որ հրաշքով սովորեն մարդկանց հետ մարդավարի վարվել, ոչ թե կենդանու նման: Չնայած այս պարագայում կենդանի է ոչ թե ծեծվողը, այլ`ծեծողը:

Հույս ունենանք, որ ամեն ինչ արդար կլինի: Իսկ եթե ոչ ես՝ չեմ զարմանա, եթե լսենք, որ արտագաղթի թիվը ավելացել է... Ցավակցում եմ Վահե Ավետյանի ընտանիքին: Հասկանում եմ, որ այս կորուստը անդառնալի է և գիտեմ, որ ոչ մի խոսք ձեզ չի մխիթարի... Ուղղակի ցանկանում եմ համբերություն: 

2 комментария:

  1. Ոչ մի մահ այնքան ծանր չի ազդում հոգուս,որքան բանակի հետ կապված մեկի մահը,բայց այս բժշկի մահը ուղղակի ցնցեծ ինձ,փշուր-փշուր արեց իմ ներսում ամեն ինչ,նա այն բժիշկներից էր,որի օգնությամբ նաև, որդիս փրկվեց դժողքից ու հիմա իմ կողքին է:Այնքան կուզենային,որ նա էլ փրկվեր ,բայց ափսոս կյանքն դաժան գտնվեց նրա նկատմամբ,իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին,մտերիմներին,նրանց ովքեր իրոք զգում էին նրա կարիքը:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Իրոք շատ ցավալի է: Շատ անգամներ է այդպես է լինում: Բազմաթիվ կյանք փրկած մարդու կյանքը չեն կարողանում փրկել:

      Удалить