9 декабря 2012 г.

Երևանը ամանորյա շունչ է առել


Արդեն քանի տարի է, որ Երևանում այսպիսի շուքով չեն պատրաստվել Ամանորին: Հիշում եմ, նախորդ տարիներին քաղաքը զարդարում էին շատ աղքատիկ և միայն ձյունն էր, որ Նոր տարվա տպավորություն էր ստեղծում: Սակայն ձյունն էլ էր հաճախ ուշանում և գալիս էր դեկտեմբերի 31-ից մի քանի օր անց:
Այս տարի Երևանը շատ գեղեցիկ է զարդարված: Երեկոյան զբոսանքի ժամանակ նկատեցինք, որ քաղաքի սրտում ամեն տեղ կարելի է հանդիպել սպիտակ տնակների, ձմեռ պապիների, խոտերի վրա «արածող» եղնիկների և, իհարկե, եղևնիների: Բացի դրանից կան նաև ավանդական զարդարանքները: Փողոցների վերևի մասերում կախված են լույսեր, իսկ Հյուսիսային պողոտայում թափվող ձյան փաթիլների տպավորություն ստեղծող լամպեր:
Կան նաև մի շաք խանութներ, որտեղ Նոր տարվա համար նախատեսված պարագաներ են վաճառվում: Մի շարք սրճարաններ և խանութներ զարդարված են լույսերով:
Երկար ժամանակ է ինչ քաղաքում զբոսնելիս հաճույք չէի ստացել: Այսօր ուղղակի չէի ուզում վերադառնալ տուն, քանի որ շատ հաճելի է զբոսնել այսպիսի քաղաքում: Եվ վերջապես մենք եվրոպացիներից ինչո՞վ ենք պակաս: Ամեն անգամ հեռուստացույցով կամ ինտերնետով տեսնում ենք, թե ինչպես են նրանք զարդարում իրենց քաղաքները և տխրում ենք: Այս տարի չենք տխրի:

1 комментарий: