«Կենդանաբանական այգու հիմնական խնդիրներից մեկը արտաքին պարիսպների բացակայությունն է: Դրա պատճառով յուրաքանչյուր մարդ կամ կենդանի կարող է ազատորեն մտնել եւ դուրս գալ այգի»,- այս մասին մոտ երեք ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Այս հարցազրույցը հիշեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության մայիսի 27-ի գիշերը հրապարակած հաղորդագրությունը կարդալուց հետո: Հիշեցնենք, որ այդ օրը Հալաբյան փողոցում արջ է հայտնաբերվել: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք:
Իսկ, ո՞րտեղից է այդ արջը եկել Հալաբյան փողոց: Հաշվի առնելով կենդանաբանական այգում արտաքին պարիսպների բացակայությունը, առաջին վարկածը եղավ այն, որ կենդանին փախել է կենդանաբանական այգուց եւ ձորով եկել է Հալաբյան փողոց: Այս վարկածը, սակայն, շատ արագ հերքեց այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը:
Մյուս վարկածն այն էր, որ արջը պատկանել է 1980-ականներին Սպիտակի քաղաքապետ Նորայր Մուրադյանին: Վերջինս այժմ Ռուսաստանում է եւ արջին հանձնել է Հալաբյան փողոցում տեղակայված «Սպիտակ» կենտրոնի պահակ Հրաչ Ավետիսյանին:
Սակայն այս վարկածը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հրաչ Ավետիսյանը: Պահակի խոսքերով՝ ինքը արջին կիսամեռ վիճակում մոտ մեկ ամիս առաջ գտել է Սպիտակի մայրուղու հարակից տարածքում՝ պահել եւ մեծացրել է:
Այստեղ հարցն այն չէ, թե ում է պատկանում կենդանին: Այլ՝թե արդյո՞ք այդ մարդը գիտի, որ այս կենդանին «Կարմիր գրքում» գրանցված անդրկովկասյան գորշ արջ է: «Կենդանական աշխարհի մասին» օրենքով անհատներին թույլատրվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պահել, միայն եթե կան համապատասխան պայմանները:
Մի քիչ կասկածելի է թվում, թե ինչպե՞ս կարող էր «Սպիտակ» կենտրոնում աշխատող պահակը ապահովել այդ պայմանները: Հայտնի է, որ այս կենդանիներին օրական մի քանի կիլոգրամ սնունդ, բավականին մեծ, սակայն ճաղերով փակված տարածք եւ հատուկ խնամք է անհրաժեշտ:
Եթե նույնիսկ Հրաչ Ավետիսյանը կարողացել է ապահովել այդ պայմանները, նա պետք է տեղեկացներ համապատասխան մարմիններին, որ իր մոտ այդպիսի կենդանի կա: Այդ կենտրոնում օրական մի քանի հարյուր փոքր երեխաներ են գնում մարզվելու: Կարիք չկա նշելու, թե ինչ կարող էր պատահել, եթե արջը ցերեկը դուրս պրծներ իր վանդակից:
Այս ամենի պատճառը, մեր կարծիքով, բնապահպանական ոլորտում տիրող ամենաթողությունն ու բնապահպանության նախարարության անգործությունն է: Բավական է համացանցում մի փոքր ժամանակ անցկացնել, որպեսզի տեսնես քանի այդպիսի դեպքի մասին են ահազանգել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ քանիսն են արձագանք ստացել համապատասխան գերատեսչությունների կողմից: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի ռեստորանների սեփականատերեր, այսպիսի արջերի են բռնել եւ պահել իրենց ռեստորաններում, որպեսզի հաճախորդների մեծ հոսք առաջանա:
Հայաստանում կենդանիների որսի վերահսկողություն ու սահմանափակում նույնիսկ չի գործում: Դրա վառ ապացույցն այն է, որ մարդիկ օրը ցերեկով մտնում են «Խոսրովի արգելոց», որս են եւ կերուխում են անում եւ հանգիստ հեռանում են: Իսկ պատկան մարմինները անգործության են մատնված:
Չի բացառվում, որ Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը պատկանում է Հրազդան գետի շրջակայքում գտնվող ռեստորաններից մեկին: Ուղղակի վերջիններս մամուլի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար «համոզել են» Հրաչ Ավետիսյանին, որ հանդես գա որպես արջի սեփականատեր:
Կա մի հանգամանք, որը մեզ կասկածելի թվաց: Լավ, այդ ինչպե՞ս եղավ, որ արջը մի ամիս ապրեց կենտրոնի տարածքում եւ ոչ ոք չնկատեց նրան: Իսկ եթե նկատել են եւ չեն տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա պետք է պատժվեն ՀՀ քրեական օրենսգրքի «իմանալ-չհայտնելու» հոդվածով:
Կարծում ենք, որ Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունը պետք է այս խնդրի առնչությամբ խորը քննությունն անցկացնեն եւ պատժեն մեղավորներին, որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը:
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:
Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий