Սեպտեմբեր ամիսն էր, բայց ստույգ չեմ կարող ասել, թե կոնկրետ որ օրն
էր: Ընդամենը մի քանի օր էր անցել այն օրվանից, երբ ես համալսարան ոտք դրեցի որպես
ուսանող: Ընկերոջս հետ նստած էինք դասի: Որոշեցինք վերջին դասը չնստել: Ընկերս առաջարկեց,
որ իր երկու ծանոթ աղջիկների հետ ոտքով գնանք ԵՊՀ ու հետ գանք: Քանի որ ուրիշ
պլաններ չունեի, համաձայնեցի: Ու այդ համաձայնությունը դարձավ այս պատմության
սկիզբը:
Չնայած, որ ես նրա հետ
նույն դպրոցում եմ սովորել, ես չեմ ճանաչել նրան և միայն այդ օրը ծանոթացանք:
Առաջին տպավորությունը լավն էր: Հավանեցի, խելացի աղջիկ էր երևում: Այդ օրվանից
հետո ես նրան տեսնում էի կամ ընդհանուր հոսքային դասերի ժամանակ, կամ դասամիջոցի
ժամանակ միջանցքում:
Ահա եկավ առաջին
կիսամյակի ավարտը, երբ մենք պետք է ընտրեինք մեր երկրորդ մասնագիտությունը և
տեղափոխվեինք ուրիշ խմբեր:
Երբ նայում էի արդեն
նոր ցուցակները, տեսա նրա անունը… Ընկերոջս հարցրեցի արդյոք դա նույն մա՞րդն է,
ասաց հա: Մի տեսակ ներքին ուրախություն ապրեցի, որովհետև ուզում էի նրան ճանաչել:
Ձմեռային արձակուրդները
վերջացան, սկսվեց նոր կիսամյակը և ես առաջին անգամ գնացի այդ խումբ դասի: Դասից
հետո ամաչելով մոտեցա նրան և, քանի որ նա էր խմբի ավագը, խնդրեցի նրա բջջայինի
համարը: Երեկոյան տանը նստած մտածում էի, թե ինչ պատրվակ հորինեմ, որ զանգեմ նրան:
Մտածեցի ու հիշեցի… Ես չէի արտագրել դասացուցակը… Ըհն… Լավ առիթ է: Կզանգեմ,
կհարցնեմ, համ էլ կխոսեմ հետը: Զանգեցի... Ցավոք սրտի համարն անհասանելի էր…
Ժամանակի ընթացքում
մտերմացանք, սկսեցինք շատ շփվել, զանգել իրար, իրար հետ տուն գնալ դասից և այլն, և
այլն: Ավարտվեց երկրորդ կիսամյակը և սկսեցին ամառային արձակուրդները: 3 ամիս չտեսա
նրան… Միայն հեռախոսով կամ սոցիալական ցանցով էինք շփվում իրար հետ: Հիմա եմ
հասկանում, թե ինչքան ծանր էին այդ ամիսները ինձ համար… 3 ամիս անց, դասերը
սկսվելուց մի քանի օր առաջ, որոշեցինք խմբով հավաքվել: Առաջինը եկավ նա և խմբի
աղջիկներից մեկը: Երբ մոտեցա նրանց, զգացի, որ ահավոր կարոտել եմ, ուզում էի գնայի,
բարևեի, գրկեի ու համբուրեի: Բայց վախ անցավ միջովս. «Բա որ չհասկանա: Բա որ սխալ
բան մտածի: Բա որ էլ չխոսա հետս…»:
Комментариев нет:
Отправить комментарий