11 сентября 2012 г.

Խորհուրդներ զինվորներին


Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: 

Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: Գրքույկը կրում է «Առողջության, առաջին օգնության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մատչելի խորհուրդներ զինվորին» անվանումը և նպատակ ունի զինվորին սովորեցնել ինչպես գործել առողջական այս կամ այն խնդիրների ի հայտ գալու դեպքում: Այս 56 էջանոց գրքույկում մատչելի կերպով ներկայացված է, թե ինչպես պետք է զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Բացի այդ, գրքույկում ուշադրություն է դարձված արտաքին միջավայրի ազդեցությանը օրգանիզմի վրա, առաջին օգնությանը դժբախտ պատահարների, շնչառության խանգարման դեպքում և հանկարծահաս հիվանդագին վիճակներում, ինչպես նաև  կոտրվածքների, սրտի կանգի, այրվածքների,  էլեկտրահարությունների, թունավոր միջատների և օձերի խայթոցի  ժամանակ: Գրքույկի մեկ այլ բաժնում մանրամասն նկարագրված են սուր աղիքային և սուր շնչառական հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները: Վերջին գլխում նկարագրված են որոշ ախտանիշներ և դրանց հնարավոր պատճառները: Նշենք, որ ամեն մի դեպքի նկարագրության և առաջին բուժօգնության մասին հատվածում նշված է, որ զինվորը պարտավոր է իր կամ համածառայակից ընկերոջ առողջական խնդիրների դեպքում՝ առաջին բուժօգնությունից հետո դիմել զորամասի բուժկետ կամ մոտական բժշկական հաստատություն: 

Այս գրքույկը զինվորներին դժբախտ պատահարներից հեռու պահելու մի փորձ է: Այն նաև կոչ է զինվորներին` առողջական խնդիրների դեպքում չփորձել թաքցնել հիվանդությունը կամ ինքնուրույն բուժվելու փորձ անել: 

Այն վերջին ժամանակներս զինվորների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկված հերթական քայլն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ պարբերաբար կազմվում են բազմաթիվ նմանատիպ գրքույկներ՝ զինվորի ապահովության և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:  

Զինվորը լավ սերտելով և մշտապես ձեռքի տակ ունենալով այս գրքույկը` հեռու կմնա ծանր դեպքերից և կկարողանա առողջ և ապահով ծառայություն տանել: Գրքույկը հատկապես օգտակար կլինի մարտական հերթապահության ժամանակ, քանի որ շատ ժամանակ հենակետում զինվորները ունենում են առողջական խնդիրներ ցրտից, երկար կանգնելուց, թունավոր միջատների, սողունների խայթոցից. ծայրահեղ դեպքերում զինվորը պետք է իմանա ինչպիսի կանխարգելիչ միջոցների դիմի մինչև օգնության հասնելը: 

Հ.Գ. Այս նյութս տեղ է գտել «Հենարան».am, «Հրապարակ».am, «Սլաք».am կայքերում, ինչպես նաև պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում:

Комментариев нет:

Отправить комментарий