5 мая 2012 г.

Անկեղծ ուրախություն, թե՞ մի քանի տարիների կուտակված վրեժի արտահայտում


Վերջին մի քանի շաբաթվա ֆուտբոլասերների, եւ ոչ միայն, քննարկման համար մեկ թեմաներից մեկն են դարձել Բարսելոնա-Ռեալ Մադրիդ դարավոր հակամարտության կտրուկ զարգացումները:

Հիշեցնեմ, որ այս տարի վերջապես երկար ընդմիջումից հետո Ռեալ Մադրիդը կարողացավ դառնալ Իսպանիայի չեմպիոն՝ երջանկացնելով իր ֆաներին: Անմիջապես այդ դեպքից հետո սոցիալական ցանցերում, տարբեր կայքերում սկսեցին Ռեալին աստվածացնող եւ Բարսելոնային վարկաբեկող նյութեր եւ գրառումներ տեղադրվել: Կարելի է երկու բան ենթադրել: Առաջինը այն է, որ Ռեալի ֆաները անկեղծ ուրախ են իրենց ակումբի համար եւ ուղղակի ուրախանում են: Երկրորդ՝ ֆուտբոլից բացարձակ գաղափար չունեցող մարդիկ (հիմնականում Ռոնալդուասեր աղջիկները) որոշել են, որ իրենք շատ լավ ֆուտբոլային վերլուծաբան են եւ իրենց տարիներով կուտակած վրեժը սկսել են թափել Բարսելոնայի վրա: Ինձ առավել շատ հանդիպել է երկրորդ տարբերակը: Ուզում եմ հարցնել ինչո՞ւ: Ո՞րն է այս ամենի իմաստը: Չի՞ կարելի արդյոք ուղղակի ֆուտբոլ նայել: Շատերի համար այս ամենը Ֆեյսբուքում մի քանի հատ ավել «լայք» ստանալու միջոց է, շատերի համար էլ ինքնահաստատվելու միջոց:

Ցանկանում եմ մի պահ փաստերով խոսել: Ուզում եմ ներկայացնել ձեզ վերջին 10 տարիների ՌՄ-ի եւ Բարսելոնայի հաջողությունները:  Վերջին 10 տարիներին Բարսելոնան Իսպանիայի առաջնության գավաթը նվաճել է 5 անգամ: Ռեալը՝ 4: Իսպանիայի գավաթը Բարսելոնան նվաճել է մեկ անգամ: Ռեալը նույնպես մեկ անգամ եւ այն էլ նվաճելուց մի քանի րոպե հետո Սերխիո Ռամոսի թեթեւ ձեռքով այդ գավաթը հայտնվել է ավտոբուսի անիվների տակ: Այսինքն այսպես ասած «չեղածի հաշիվա»: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթը Բարսելոնան նվաճել է 3 անգամ, Ռեալը համապատասխանաբար՝ 2 անգամ: ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության գավաթը Բարսելոնան նվաճել է 2 անգամ, Ռեալը՝ ոչ մի անգամ: Թվային առավելությունը, ինչպես տեսնում եք, Բարսելոնայի կողմն է: 


Նաեւ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) վերջերս հրապարակել էր 21-րդ դարի առաջին տասնամյակի Եվրոպայի լավագույն ակումբների աղյուսակը: Առաջին հորիզոնականում է կատալոնական Բարսելոնան այն դեպքում, երբ Ռեալը 4-րդ տեղում է: Ինչպես նաեւ Բարսելոնային է պատկանում մեկ տարում ակումբային բոլոր հնարավոր գավաթները նվաճելու ռեկորդը: Բարսելոնայի հարձակվող Մեսսին վերջին 3 տարիներին ստանում է «Ոսկե գնդակ» մրցանակը:

Այս ամենից հետո Ռեալի ֆաները, այսպես կոչված «մադրիդիստաները», ընդամենը մեկ հաղթանակից հետո իրենց համարում են աշխարհի տիրակալները: Համոզված եմ՝ այս նյութս կարդալուց հետո նրանք պետք է հիշեցնեն «Հիտլերի թվերին» Ռեալի հաղթանակը Բարսելոնայի նկատմամբ 11-1 հաշվով: Խնդրում եմ՝ պետք չէ: Ես խոսում եմ միայն վերջին 10 տարվա մասին: Բան չունեմ ասելու՝ Ռեալը տիտղոսակիր ակումբ է եւ ավելի շատ տիտղոսներ ունի, քան Բարսան: Բայց պետք է ռեալ նայել ստեղծված իրավիճակին: Ժամանակակից ֆուտբոլում Բարսելոնան Մեսիի գլխավորությամբ ահ ու սարսափ է բոլոր ակումբների համար: Նրա հետ խաղից առաջ ակումբները մտածում են ոչ թե ինչպես հարձակվեն, այլ ինչպես պաշտպանվեն: Եվ վերջիվերջո մոռացե՞լ եք արդյոք Սանտիագո Բեռնաբեոյում ձեր խայտառակ 5-0 պարտությունը:

Եկեք իրերը իրենց անունով կոչենք եւ փաստերով խոսենք, այլ ոչ թե անձնական համակրանքներով: Եթե Ռոնալդուն Ռեալում է խաղում՝ դա չի նշանակում, որ Ռեալը լավագույնն է: Իմ սիրած ֆուտբոլիստն էլ միակ ու անկրկնելի, ֆուտբոլի կախարդ, բրազիլացի հարձակվող-կիսապաշտպան Ռոնալդինոն է, որը որոշ ժամանակ փայլում էր Բարսելոնայի կազմում եւ անընդհատ անհանգստացնում Իկեր Կասիլիասին: Այժմ նա խաղում է Բրազիլիայի առաջնությունում՝ Ֆլամենգո ակումբի կազմում: Եվ ի՞նչ: Ֆեսյբուքիս պատը լցնեմ Ֆլամենգոյին՝ աշխարհի լավագույն ակումբը ճանաչող կարգավիճակներո՞վ:



Մեկ այլ իրարանցում եղավ Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակչում, երբ Բարսելոնան Չելսիի հետ խաղից հետո դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Բոլոր «մադրիդիստաները» խոսում էին այն մասին, որ Բարսելոնայի «լավ օրերը» անցել են, Բարսելոնան «մթագնում է», Մեսսին վրիպեց 11 մետրանոցը: «Մադրիդիստաների» մոտ նույն ուրախությունն էր նկատվում, ինչպես այն հայերի, որոնք 1945 թվին Բեռլինի պատերի տակ քոչարի էին պարում : Բայց արի ու տես, որ «Ջուրը դեռ չտեսած ոտքերդ մի մերկացրու» աֆորիզմը գործեց: Ուրախությունը երկար չտեւեց: ¼ եզրափակչի մյուս խաղում Բավարիան խայտառակ ձեւով, այսպես ասած «դուրս շպրտեց» Ռեալին հետագա պայքարից: Եթե Բարսելոնան, գոնե պատահական դուրս մնաց, վերջին վարկյաններին ընդունած գոլի պատճառով, ապա Ռեալը խայտառակ ձեւով «դուրս թռավ»: Մեսսին մեկ 11 մետրանոց վրիպեց, իսկ Ռեալը 3: Իսկ Սերխիո Ռամոսի վրիպումը անասելի խայտառակություն էր: Նրա հարվածից հետո գնդակը դարպասներից մի քանի մետր վերեւ սլացավ: Այդ դեպքից հետո համացանցերում սկսեցին հումորային նկարներ տեղադրել, որոնցում ցուցադրվում էր, թե իբր Ռամոսի գնդակը լուսնի վրա են գտել, կամ մինչեւ տիեզարանավերն է հասել: Մեկ այլ նկարում ցույց են տալիս, որ իբր հարվածի ժամանակ դարպասի ետեւի տրիբունայում նստած երկրպագուներից մեկը Բարսելոնայի դրոշն էր ծածանում: Իսկ ամենածիծաղելին այն է, որ որոշ «մադրիդիստաները» ասում են, որ մենք՝ Բարսելոնայի ֆաներս, խոսելու տեղ չունենք, քանի որ մենք առաջինն ենք դուրս մնացել Չեմպիոնների լիգայից:

Կապրենք կտեսնենք, ով ավելի շատ տիտղոսներ կնվաճի մոտակա մի քանի տարիների ընթացքում: Ժամանակից առաջ մի ընկեք: Մի հաղթանակով ոչինչ չի որոշվում: Մի անգամ շատ ոգեւորվեցիք, եւ պատժվեցիք: Զգուշացեք պատմությունը չկրկնվի: Բարսելոնայի ֆաներին էլ կոչ եմ անում չընկճվել, ամեն ինչ կորած չէ: Լավագույններն էլ են մեկ-մեկ պարտվում:

Հ.Գ. Ռեալը արքայական է կոչվում ոչ թե իր անպարտելիության եւ շատ լավ ֆուտբոլ խաղալու համար, այլ այն պատճառով, որ նույն «Հիտլերի թվերին» Ռեալին հովանավորում էին արքաները: Սա ասում են այն «մադրիդիստաների» համար, ովքեր մինչեւ հիմա կարծում են, թե Ռեալը իր խաղի շնորհիվ է այդ անվանումը ստացել: 

Комментариев нет:

Отправить комментарий