1 мая 2012 г.

Էս ի՞նչ ա կատարվում, այ մարդ

Ամեն օր բացում եմ Google Reader-ը հույս ունենալով, որ գոնե ինչ-որ դրական բան կտեսնեմ հարազատ համալսարանիս մասին: Բայց ավաղ՝ հույսերս ի դերեւ են լինում: Մի օր տեսնում եմ, որ ուսանողի տարան ոստիկանություն, մի օր՝ ՈՒԽ-ն դուրս է եկել ուսանողների դեմ, սպառնում են, որ կբռնաբարեն, ծնողները այլեւս իրենց երեխաներին չեն տեսնի եւ ամենակարեւորը՝ տեսնում եմ Զոլյան-Աշոտյան հակամարտությունը եւ դրանց բացասական հետեւանքները: Բրյուսովը կարծես վերածված լինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի:

Լավ այդ ամենը մի կողմ թողնենք: Էրեխեք, բա ձեզ սազե՞ց: Փոխանակ միասնական լինեք եւ համախմբված փորձեք ետ բերել մեր ռեկտորին արդար ճանապարհով՝ իրար մի՞ս եք ուտում: Իմաստը ո՞րն է: Ինչի՞ եք ցանկանում հասնել: Դիմում եմ ուսանողական խորհրդին: Մոռացե՞լ եք, որ հենց ուսանողներից եք ընտրվել եւ վերջիվերջո դուք էլ եք ուսանողներ: Ինչո՞ւ եք ապօրինություններ անում: Ինչո՞ւ ուսանողների կողքին չեք: Մի բան պետք է մեկընդմիշտ հասկանաք: Վախի մթնոլորտն արդեն վաղուց չի գործում: Սովետական կարգերն արդեն 20 տարուց ավելի է՝ փլուզվել են: Հիմա նույնիսկ անլուծելի խնդիրներն են լուծվում բանակցությունների միջոցով: Ինչո՞ւ եք խախտում բուհ-ի ներքին օրենքները: Արդյոք դուք տեղյակ չե՞ք, որ արգելվում է ուրիշ համալսարաններից մեր համալսարան ուսանողներ բերել եւ նրանցով լցոնել այն դահլիճը, որում կրթության նախարարն է ելույթ ունենալու: Արդյոք տեղյակ չե՞ք, որ այն քարտերը, որոնք ձեզ տվել են համալսարան ընդունվելուց հետո՝ պետք է օգտագործեք դուք, եւ չպետք է փոխանցեք այլ անձանց: Ինչո՞ւ եք Ձեր իսկ համալսարանի ուսանողներին զրկում նախարարին հանդիպելու եւ հուզող հարցերը տալու հնարավորությունից: Ինչո՞ւ եք խախտում հենց Ձեր կանոնադրության ամենաառաջին օրենքը: Չգիտե՞ք արդյոք, որ ՈՒԽ-ն չպետք է պաշտպանի որեւէ կուսակցության: Ինչո՞ւ եք խոչընդոտում ստորագրահավաք անողներին: Անօրինական բա՞ն են անում: Եթե այո, դիմեք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ինչո՞ւ չեք դիմում: Հաաա մոռացել էի ստորագրահավաքը օրինական է եւ դուք չեք կարող նման բան անել: Կամ Արտակ անունով ՈՒԽ-ի երիտասարդ, ինչպես ես քեզ թույլ տալիս աղջկա վրա ձայն բարձրացնել եւ քաշել թեւից: Վստահ եմ, որ նրա տեղը կամ նրա կողքին տղա լիներ նույն համարձակությունը չէիր ունենա: Ստացա՞ք Ձեր պատասխանը: Ձեր դուրը եկավ, որ Ձեր արածների մասին իմացան եւ դեկանները, եւ ռեկտորի պաշտոնակատարը եւ լրատվամիջոցները:

Անդրադառնամ խնդրի մյուս կողմին՝ Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն: Ճիշտ է, շատ ցավալի է, որ նա այլեւս ռեկտոր չէ: Կարծում եմ շատերն ինձ հետ համաձայն կլինեն, որ նա լավ ռեկտոր էր, միշտ լսում էր ուսանողներին եւ պատրաստ էր ընդառաջել նրանց, եթե նրանց խնդրանքը կամ բողոքը համարում էր իրավացի: Անձամբ ինձ եւ մեր խմբի ու մեր կուրսի ուսանողներին պարոն Զոլյանը շատ մեծ օգնություն է ցույց տվել: Մի անգամ ընդամենը դիմեցինք նրան, որպեսզի առարկաներից մեկի միջանկյալ քննությունը վերահանձնենք եւ նա մեզ ընդառաջեց: Այսքանից հետո ինչպե՞ս կարող եմ ես միայն լավ ձեւով չհիշել նրան: Կրկնում եմ, շատ ցավալի է, որ նա այլեւս ռեկտոր չէ, բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Նրան կարող ենք ետ բերել: Հունիսի 11-ին ռեկտորի ընտրություններն են եւ իմ կարծիքով գիտխորհուրդը շատ հեշտությամբ կարող է նրան ետ բերել: Մնում է միայն զինվել համբերությամբ եւ սպասել ընտրություններին:

Ամեն դեպքում ցանկանում եմ ողջունել «Ազատ ուսանողների ֆորումը» եւ ցանկանում եմ նրանց հաղթանակ իրենց սկսած պայքարում, իսկ ՈՒԽ-ին խորհուրդ եմ տալիս պայքարել արդարացի, առանց ապօրինությունների:

Комментариев нет:

Отправить комментарий