13 июня 2012 г.

Խնայեք մեր զինվորների մայրերին



Ս.թ. հունիսի 4-ին տարածաշրջանային այցելությամբ Հայաստան էր ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Չգիտեմ՝ զուգադիպություն էր դա, թե Քլինթոնին «արյունով» դիմավորելու միջոց՝ հունիս 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:  Սակայն ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվեց և տալով կորուստներ` հակառակորդը ետ մղվեց:

Ցավոք, դիամդրությունը չանցավ առանց զոհերի եւ վիրավորների: Զոհվեց 3 հոգի վիրավորվեց 6-ը: Բոլորի համար, կարծում եմ, շոկ էր այսպիսի լուր լսելը, քանզի շատ քչերը կպատկերացնեին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից հաշված ժամեր առաջ Ադրբեջանը կդիմի նման քայլերի:

Այսքանով չավարտվեցին Ադրբեջանի սադրիչ, նախահարձակ գործողությունները, որոնք միտում ունեն փոխելու տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն: Դիվերսիայի հաջորդ օրը՝ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձեցին կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, եւ տալով բազմաթիվ կորուստներ եւ վիրավորներ՝ նահանջել է:

Այս լուրը կարծես ամպրոպը լիներ խաղաղ երկնքում: Բոլորը սկսեցին կարծել, թե վերսկսվում է պատերազմը: Շատ, շատ մարդիկ սկսեցին դիմել պաշտպանության նախարարություն՝ կամավոր զորակոչվելու եւ դիրքեր մեկնելու համար: Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ դրա կարիքը չկա եւ հայ սահմանապահները վերահսկում են իրավիճակը:

Որ դա այդպես է՝ համոզվեցինք ադրբեջանական հաջորդ եւ կարծես, թե վերջին դիվերսիայի ժամանակ: Հունիսի 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը փորձ է արել ներխուժել ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը: Վնասազերծման գործողությունների ժամանակ զոհվել է 1 եւ վիրավորվել 2 հայ զինծառայող: Ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ ադրբեջանական կողմն այս բոլոր գործողությունների ընթացքում ունեցել է ավելի քան 25 զոհ:

Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին ընդամենը 8 զոհի մասին, բայց չգիտես ինչու՝ վերջին ժամանակներս Ադրբեջանի ԶՈՒ-ում շատացան ականի վրա պայթելու, զինծառայողների վրա բետոնե պանելներ ընկնելու դեպքերը: Կարծում եմ՝ հասկացալի է, թե որն է սրա նպատակը: Ադրբեջանցիները սովորություն ունեն թաքցնելու իրենց զոհերին: Եվ եթե նրանք հայտարարում են 8 զոհի մասին, ապա այդ թիվը հանգիստ կարող եք բազմապատկել 2-ով կամ 3-ով եւ կստանանք նրանց զոհերի իրական թիվը: Պարզ է, դիակները կան, դա փաստ է, դա չեն կարող թաքցնել: Բայց չեն կարող նաեւ հայտարարել, որ այդքան զոհեր ունեցել են այդ գործողությունների ժամանակ, քանի որ այդ դեպքում ադրբեջանական պղպջակները կպայթեին:


Չնայած այս ամենին, այս օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներով բազմաթիվ քաղաքական գործիչներ ռազմատենչ հայտարարություններ էին անում: Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ իրենց զինված ուժերից ընդամենը 10 օր կպահանջվի հետ գրավելու Հայաստանի «օկուպացրած տարածքները»:

Խոսել բոլորն էլ կարող են, պետք է գործով ապացուցել... 20 տարի առաջվա ազատամարտը պարզ ցույց տվեց, որ քանակական առավելությունը վճռորոշ դեր չի խաղում, կարեւորը ռազմական ոգին է, ինչը մեր զինվորականների մոտ, համաձայնեք, շատ բարձր է: Այս օրերին պատերազմի բազմաթիվ փառապանծ մարտիկներ, նախկին գեներալներ, պաշտպանության փոխնախարարներ, տարբեր ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ ելույթ ունեցան: Նրանք իրենց ելույթներով փորձեցին քաջալերել հայ ժողովրդին` նշելով, որ «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: Նրանք դեռ չեն մոռացել 20 տարի առաջ կատարվածը: Հիմա սահմանում 18-20 տարեկան զինվորներն են, եւ այսպիսի պատասխան են տալիս Ադրբեջանի սադրիչ գործողություններին, բա որ մենք գնանք ի՞նչ կլինի»,- ասել է նախկին գեներալ, ԱԺ ներկայիս պատգամավոր Սեյրան Սարոյանը: Այսպիսի եւ այլ նմանատիպ խոսքեր լսեցինք մի քանի օրվա ընթացքում:

Նաեւ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, հունիսի 4-ից սկսած մինչեւ օրս կամավոր զինվորագրվելու հայտ է ներկայացրել շուրջ 7000 հոգի:Ազգը միասնական է նման ծայրահեղ պայմաններում: Լավն այն է, որ դեռ նրանց զինվորագրվելու կարիքը չկա, քանի որ սրանք դիվերսիաներ էին եւ լայնամասշտաբ գործողություններ չեն սկսվել, եւ հուսով եմ՝ չեն էլ սկսվի: Ադրբեջանցիներին պետք են այսպիսի դիվերսիաներ, որպեսզի հայերին հանեն հունից, հայերն էլ պատասխան հարված հասցնեն եւ ադրբեջանցիներն իրենց ոճով Եվրոպային եւ ամբողջ աշխարհին համոզեն, թե հայերն են ագրեսորները եւ նրանք են ցանկանում փոխել ստատուս-քվոն: 

Անդրադառնամ մեկ այլ խնդրի, որն արդեն մեր ներքաղաքական խնդիրն է: Այս օրերին բազմաթիվ հուսադրող եւ ոգեւորող հայտարարությունների կողքին սկսեցին տեղ գտնել նաեւ որոշ պնդումներ, որոնց հավաստի լինելը խիստ կասկածելի էին:

Մասնավորապես Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր իրենց անձնական էջերում գրել են, թե «Պատերազմ է սկսվել», «Պաշտպանության նախարարությունը զորակոչ է անցկացնում եւ արդեն ծառայած մարդկանց տանում է դիրքեր», «Չծառայած երիտասարդներին, որոնք ունեն առողջական խնդիրներ՝ նորից կանչել են հետազոտման», եւ նմանատիպ այլ գրառումներ: Այս գրառումների մեջ եղած տեղեկությունները իհարկե հերքվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նաեւ նախարարությունը կոչ է անում բոլորին, ինչ-որ տեղեկություն տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստի լինելը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւ արհեստականորեն չսրել առանց այդ էլ լարված իրավիճակը:

Պարզ է, որ նման պնդումների իմաստը միմիայն «ռեյտինգ հավաքելն» ու Facebook-ում մի քանի հատ ավել «like» ստանալն է: Կան որոշ անհաջողակներ, ովքեր փորձում են հաջողության հասնել ապատեղեկատվություն տարածելով: Նրանք երեւի չեն էլ մտածում, թե դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Երեւի մոռացել են, որ շատ զինվորներ հիմա դիրքերում կանգնած են, եւ նրանց ծնողներն անհանգիստ են: Նրանք ուղղակի չեն հասկանում, որ ծնողները հոգեկան մեծ հարված կարող են կաթվածք ստանալ՝ տեսնելով այսպիսի գրառումներ...

Հույս ունենանք, որ շատ շուտով այս ամենը կավարտվի: Դիրքերում նորից հարաբերական խաղաղություն կհաստատվի, եւ մեր զինվորները հանգիստ ու  վստահ կծառայեն: Իսկ այն ծնողներին, ովքեր ունեն դիրքերում ծառայող որդի կամ որդիներ՝ ցանկանում եմ համբերություն: Մեր ազգը միշտ առանձնացել է իր մարտական ոգով, եւ եթե թշնամին նորից փորձի սադրանքներ անել, մերոնք վերստին կհիշեցնեն Արցախյան պատերազմը...  

Комментариев нет:

Отправить комментарий