16 апреля 2012 г.

Մեծ երգչի մեծ գործը 30 տարեկան է




«Thriller»-ի գլխավոր նկարը
Այս տարի լրանում է հանրահայտ երգիչ` «Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված ձայնասկավառակի` «Thriller»-ի 30-ամյակը: Ինչո՞ւ ցանկացա անդրադառնալ այդ ձայնասկավառակին: Հիմա կասեք, թե սիրում ես՝ անդրադարձել ես, էլի: Ոչ: Դա այդպես չէ: «Thriller»-ը ավելին է քան ուղղակի ձայնասկավառակ կամ երգերի հավաքածու: «Thriller»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնն արել է այն, ինչ չի հաջողվել որևէ սևամորթ երգչի: Նա կոտրել է սևերի և սպիտակների միջև երկար տարիներ գոյություն ունեցող պատնեշը, բերել է նորամուծություն շոու բիզնես, թե երաժշտության մեջ և թե պարի մեջ: Ինչպես վկայում են մի քանի շատ հայտնի երգիչներ, երաժշտական փորձագետներ, եթե չլիներ «Thriller»-ը մենք հիմա լրիվ ուրիշ երաժշտություն կլսեինք: Հաջորդիվ կփորձեմ կարճ, բայց սպառիչ նկարագրել «Thriller»-ի հաջողությունները և դերը շոու բիզնեսում: 

Ներածություն
«Billie Jean»-ից մի կադր
«Thriller»-ը` ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի 6-րդ ձայնասկավառակն է: Այն թողարկվել է 1982թ. նոյեմբերի 30-ին «Epic Records»-ի կողմից` որպես շարունակություն արտիստի 1979թ.-ի «Off the Wall» հաջողված ձայնասկավառակին:  «Thriller»-ն իր երաժշտական ժանրերով շատ նման է «Off the Wall»-ին: Նրա մեջ մտնում են այնպիսի ժանրեր` ինչպիսիք են փոփը,  R&B-ին, դիսկո երաժշտությունը և այլն: Ձայնագրությունները տեղի են ունեցել 1982թ. ապրիլի և նոյեմբերի միջև ընկած ժամանակահատվածում` Լոս Անջելեսի «Վեսթլեյք» ձայնագրման ստուդիայում` Կալիֆոռնիայում: Ձայնասկավառակի ընդհանուր բյուջեն կազմել է 750.000 ԱՄՆ դոլար: Ձայնասկավառակի պրոդյուսերն է Քուինսի Ջոնսը: 
Ձայնասկավառակի երգերից 7-ը հասել են մինչև «Billboard Top 100»-ի առաջին 10 հորիզոնականները: Երգերից 3-ը ունեն տեսահոլովակներ: 
Ընդամենը մեկ տարում «Thriller»-ը դարձավ և մինչև հիմա մնում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը, 65-110 միլիոն օրինակով վաճառված ամբողջ աշխարհում: Այն նաև ճանաչվել է ԱՄՆ-ում բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը: 
 «Thriller»-ը թույլ տվեց Մայքլ Ջեքսոնին իր հանդիպումով ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Սպիտակ տանը և կատարումներով MTV-ում կոտրել ռասայական պատնեշները: «Thriller»-ի, «Billie Jean»-ի և «Beat it»-ի համար նկարահանված տեսահոլովակները շարունակաբար շատ երկար ժամանակ ցուցադրվեցին MTV ալիքով: 2012 թվականին «Slant Magazine»-ը ձայնասկավառակը հռչակեց որպես 1980-ականների լավագույն ձայնասկավառակը:

Նախադրյալները
«Thriller» տեսահոլովակ
Ջեքսոնի նախորդ ձայնասկավառակը` «Off the Wall»-ը ունեցել է բավականին լուրջ հաջողություններ` վաճառվելով 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ջեքսոնը Բրանկայում խոստովանել է, որ նա ցանկանում էր լինել շոու բիզնեսի ամենամեծ աստղը և ամենահարուստը: Ջեքսոնը դժգոհել էր «Off the Wall»-ի արդյունքներից և նշել, որ անարդար է, որ իր այդ ձայնասկավառակը չստացավ «Տարվա լավագույն ձայնագրություն մրացանակը» և հավելել, որ դա այլևս չի կարող լինել: Նա նաև ցանկացել է ստեղծել մի այնպիսի ձայնասկավառակ, որը մի շարք ռեկորդներ սահմանի և լինի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը:

Ձայնագրությունը
«Beat it» 

Քուինսի Ջոնսը շարունակեց իր աշխատանքները Մայքլ Ջեքսոնի հետ ձայնագրելով «Thriller»-ը: Ջեքսոնը կրկին միացավ «Off the Wall»-ի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ, որպեսզի ձայնագրի իր թվով 6-րդ ձայնասկավառակը: Նրանք միասին աշխատեցին 30 երգերի վրա` որոնցից 9  ընգրկվեց ձայնասկավառակի ցանկում: Ի տարբերություն շատ ուրիշ երգիչների Ջեքսոնը չէր գրում իր երգերը թղթի վրա: Դրա փոխարեն նա թելադրում էր դրանք ձայանագրիչին, իսկ երգի ձայնագրության ժամանակ Ջեքսոնը դրանք երգում էր իր հիշողության միջոցով:

Ստեղծագործությունները
«Thriller»-ը Ջեքսոնի նախորդ` «Off the Wall» ձայնասկավառկի երաժշտական առումով «մաքրված» տեսակն է: Պարային և ռոք երգերը ավելի ագրեսիվ են այն դեպքում, երբ փոփը և բալադները ավելի թեթև են: Ձայնասկավառակը ներառում է « The Lady in My Life», «Human Nature» և «The Girl Is Mine» բալադները, «Billie Jean» և «Wanna Be Startin' Somethin'» պարային ստեղծագործությունները: «Thriller»-ով Մայքլ Ջեքսոնը սկսել է իր անդրադարձը պարանոյիկ, մութ թեմաներին: «Beat It»-ը Մայքլ Ջեքսոնի առաջին հաջողված ռոք երգն է: « Human Nature»-ը մռայլ և տխուր երգ է, որի մեջ կան այնպիսի տողեր ինչպիսիք են. «Առավոտյան դուրս եմ նայում պատուհանից: Քաղաքի սիրտը սկսում է բաբախել: Դուրս եմ գալիս, դիպչում նրա ուսին, ես երազում եմ փողոցի մասին»:




Կենդանի կատարումներ
«Thriller»-ը չի թողարկվել ուղղակի որպես ձայնասկավառակ: Մայքլ Ջեքսոնի իր 3 համերգային համաշխարհային շրջագայությունների, ինչպես նաև տարբեր մրցանակաբաշխությունների, բարեգործական միջոցառումների ժամանակ կենդանի կատարել է «Thriller»-ից մի շարք երգեր, որոնք ուղղեկցվել են պարային շատ լավ համարներով և շոուներով: Առաջին և շատ հանրահայտ ներկայացումը եղել է «Մոթաուն» ձայնագրության ստուդիայի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ Մայքլ Ջեքսոնի կատարած «Billie Jean» համարը, որի ժամանակ նա առաջին անգամ ցուցադրեց իր լուսնային քայլվածքը՝ ապշեցնելով հանդիսատեսներին և հեղափոխություն կատարելով պարի մեջ: Ջեքսոնը այդ համարից հետո խոստովանել է, որ նա կյանքում առաջին անգամ պարել է այնպես՝ ինչպես ցանկացել է: Այդ կատարման հղումը և մի քանի այլ կենդանի կատարման հղումներ ներկայացնում եմ Ձեզ, որպեսզի ավելի վառ պատկերացում ունենաք նրա տաղանդի մասին: 

    


Թողարկումը և ընդունելությունը

Մայքլ Ջեքսոն եւ Քուինսի Ջոնս: Ջեքսոնի ձեռքում այն 8
Գրեմմիներն են
«Thriller»-ը թողարկվել է 1982 թվականի նոյեմբերի 30-ին: Մի շաբաթում այն վաճառվել 1 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: «Billie Jean» երգը «Thriller» ձայնասկավառակը դարձրեց երաժշտական աղյուսակների առաջատարը: Հաջողությունը շարունակվեց «Beat it» երգով: Ձայնասկավառակը ռեկորդային՝ 8 Գրեմի ստացավ 1984 թվականին, ինչպես նաև ճանաչվեց այդ տարվա «Լավագույն ձայնասկավառակ»: Նույն տարում ձայնասկավառակը ստացավ 8 «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» մրցանակ, «Մերիթի հատուկ մրցանակը» և 3 «MTV երաժշտական մրցանակ»: 1984 թվականի փետրվարի 7-ին «Thriller»-ը ճանաչվեց բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը և գրանցվեց «Գինեսի ռեկորդների գրքում»: Դա 3 ալբոմներից մեկն է, որ մնացել է «Billboard 200»-ի լավագույն տասնյակի մեջ մի ամբողջ տարի և անցկացրել է 37 շաբաթ առաջին հորիզոնականում: Փաստորեն Ջեքսոնը լինելով շատ համեստ, բայց արտահայտելով մեղմ ասած «անհամեստ» ցանկություններ, ինչպես նշեցի վերևում, կատարեց դրանք:

 Վերջաբան
90-ակններից մի կադր
Մինչև «Thriller»-ի հաջողությունը շատերը մտածում էին, որ Ջեքսոնը պայքարում է, որ իր տեսահոլովակները ցուցադրեն MTV ալիքով, քանի որ նա սևամորթ էր: Նրա հաջողությունները ստիպեցին MTV-ին սկսել ցուցադրել «Billie Jean»-ը և հետագայում նաև «Beat it»-ը, որը տարավ դեպի երկարատև համագործակցություն և օգնեց սևամորթ արտիստներին ստանալ ճանաչում: «Billie Jean»-ի և «Beat it»-ի հայտնիությունը օգնեց երտիասարդ ալիքը «դնել քարտեզի վրա» և MTV-ին իր ուշադրությունը կենտրոնացրեց փոփի և R&B-ի վրա: 
Երբ 14 րոպե երկարությամբ «Thriller» տեսահոլովակը ցուցադրվեց, MTV-ն այն մեկ ժամում երկու անգամ ցուցադրում էր, որպեսզի ստանա պահանջարկ: Կարճ ֆիլմը ճանաչվեց բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակ: 
«Time»-ը նշել է, որ Ջեքսոնը ամենամեծ երևույթներից մեկն է «The Beatles»-ից հետո: Նա ամենամեծ երգող ֆենոմենն է Էլվիս Փրեսլիից հետո: Նա բոլոր ժամանակների ամենահայտնի սևամորթ երգիչն է: Հեղինակ Նելսոն Ջորջը գրել է նաև, որ. «Ջեքսոնը կրթել է Ռ.Քելիին, Աշերին, Ջասթին Թիմբերլեյքին, Բիյոնսեին, Ջասթին Բիբերին և շատ ուրիշ ժամանակակից երգիչների` օգտագործելով «Thriller»-ը որպես դասագիրք»: 
Ջեքսոնի մահից հետո «Thriller»-ը ևս մի քանի ռեկորդ սահմանեց: Այն վաճառվեց ավելի քան 100.000 օրինակով զբաղացնելով «Փոփի լավագույն ձայնասկավառակներ»-ի աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Ձայնասկավառակի երգերը նաև օգնեցին Ջեքսոնին դառնալ առաջին արտիստը, որը վաճառել է 1 միլիոն երգ համացանցի միջոցով մեկ շաբաթում: Ըստ Նիելսեն Սաունդսքանի` «Thriller»-ը 2009 թվականին ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկում 14-րդն է Միացյալ Նահանգներում 1.27 միլիոն վաճառքով:



Եվ ահա ես մի քանի էջով ինչ-որ չափով ներկայացրեցի 30-ամյա լեգենդար ձայնասկավառակի կյանքը և անցած փառավոր ուղին: Իմ կարծիքով ով չգիտեր կամ քիչ էր տեղյակ այս ձայնասկավառակից` ընդհանուր պատկերացնում կկազմի կարդալով իմ նյութը: Բայց իհարկե, եթե ցանկանում եք «Thriller»-ի մասին ավելի շատ ինֆորմացիա գնտել պետք է դիտեք նրա կենդանի կատարումները հայտնի մարդկանց խոսքերը և այլն, և այլն:

 «Bad»-ի գլխավոր նկարը
Հ.Գ. Օգտնվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ ցուցադրել 2011 թվականի հուլիսի 14-ին «Կենտրոն» հեռուստաընկերության մեր հարցազրույցը, որտեղ մենք  խոսում ենք Ջեքսոնի մասին: Եվ ցանկանում եմ հավելել, որ շուտով նաև կլինի «Bad» ձայնասկավառակին նվիրված հոդվածս: Այս տարի նաև լրանում է «Bad»-ի 25-ամյակը:




1 комментарий: