21 июня 2015 г.

Ի՞նչ անել, եթե չի աշխատում iPhone-ի լիցքավորման բնիկը

Վերջին շրջանում նկատել էի, որ հեռախոսիս (iPhone 5S) լիցքավորման բնիկը նորմալ չի աշխատում: Լարը միացնելիս պետք է մի քանի անգամ շարժել, որպեսզի հեռախոսը սկսեր լիցքավորվել, կամ համակարգիչը ճանաչեր այն:

Սկզբնական շրջանում այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ խնդրին, բայց մի օր հեռախոսը առհասարակ դադարեց լիցքավորվել: Նշեմ, որ հեռախոսը ոչ մի անգամ չի ընկել ձեռքիցս եւ չի ստացել այնպիսի հարված, որը կարող էր խափանել բնիկի բնականոն աշխատանքը:

Համացանցում որոնումներ կատարելուց հետո գտա մի եղանակ, որն օգնեց լուծել այդ խնդիրը: Լուծում շատ պարզ է. պետք է անջատել հեռախոսը, ինչ-որ բարակ փայտի կտորի վրա անձեռոցիկ փաթաթել, թաթախել սպիրտի մեջ եւ դրանով մաքրել հեռախոսի բնիկի ներսի հատվածը: Հետո պետք է որոշ ժամանակ թողել, որ սպիտը չորանա եւ նոր միացնել հեռախոսը:

Այս մեթոդը անմիջապես օգնեց իմ հեռախոսին եւ այն սկսեց նորմալ աշխատել: Պարզվեց, որ ուղղակի փոշի է կուտակվել բնիկում: Այն թույլ չէր տալիս, որը հեռախոսը լիցքավորվի:
Եթե Դուք էլ ունեք նման խնդիր, կարող եք փորձել այս մեթոդը: Այն վնաս չի հասցնի հեռախոսին: Բայց եթե չի օգնում, լավ կլինի դիմեք մասնագետին, քանի որ դա կարող է ինչ-որ հարվածի կամ այլ խափանման հետեւանք լինել:

Հավելեմ, որ համացանցում որոնումների ընթացքում նկատեցի, որ նման խնդիր առաջանում է Lightning լարով աշխատող սարքերում: 

14 июня 2015 г.

Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա պետք է չխանգարի

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների մեծամասնությունը նշում է, որ թեեւ աշխատում է Հայաստանում, բայց իրենց արտադրանքը ներքին շուկայի համար չէ: Այս հանգամանքը  փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կապում է Հայաստանի փոքր շուկա ունենալու հետ: Նա նշում է, որ մեր շուկան չի կարող բավարարել որեւէ մեծ կազմակերպության:

«Օրինակ, եթե նայենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի շատ կայացած Իսրայելին, այնտեղ բոլոր սթարթափերը (սկսնակ ծրագրավորողներ-Ա.Ի.) ամբողջ աշխարհի վրա են աշխատում: Այսինքն` Իսրայելի շուկան դիտվում է որպես միջազգային շուկայի մի մաս: Ու դա նորմալ է, որովհետեւ շատ քիչ թեմաներ կան, որոնցով դուք կկարողանաք միայն ներքին շուկայի վրա աշխատելով բիզնեսը պահել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ եթե մի կազմակերպություն զբաղվում է սննդի մատակարարմամբ, կարող է միայն Երեւանում աշխատելով բիզնեսը պահել. «Բայց եթե դուք օրինակ` խաղ եք գրում եւ հույս ունեք այդ խաղով գումար վաստակել, Հայաստանյան շուկայով չեք բավարարվի: Այդ պատճառով լավ է, որ ավելի գլոբալ են մտածում, այլ հարց, որ պետք է այնպես անել, որպեսզի ներքին շուկան հասկանա, որ կարող է ներքին կազմակերպություններին դիմել հարցեր լուծելու համար»:

Ըստ փորձագետի՝ լուծումն այն է, որ հայ բիզնեսմենները հասկանան՝ իրենք կարող են ավանդական մեթոդներից անցնել ավելի նորարականների: «Օրինակ` երկար տարիներ պետք եղան, որպեսզի բիզնեսմենները հասկանան, որ իրենք պետք է կայք ունենան: Բիզնեսը կարող է իր ներքին ավտոմատացման համակարգերն ունենալ: Բանկային ոլորտը արդեն երկար ժամանակ է շատ հարցերում ներքին լուծումներ է տալիս: Դա արագացնում է տեխնիկական աջակցությունը: Այս ոլորտում մեր հայկական ծրագրերը շատ ավելի հաջողակ են: Բիզնեսմենները ուղղակի չեն հասկանում, որ իրենք կարող են ՏՏ ոլորտից շահույթ ստանալ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարությունը  հռչակել է որպես գերակա: Սակայն ծրագրավորողները շատ հաճախ ուղղակի հրաժարվում են դիմել կառավարության օգնությանը, քանի որ մեծամասամբ մերժում են ստանում: Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել ՏՏ ոլորտին, պետք է չխանգարի: «Բարեբախտաբար, հիմա հասկացել են, որ պետք է արտոնություններ տան նրանց: Ինքը շատ նոր ծրագիր է, բայց կարծում եմ օգուտ կտա»:

Նա նաեւ կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի ազատականացնի վենչուրային կապիտալի ներգրավումը. «Օրինակ` Թուրքիայում վենչուրային ներդրողները շատ ավելի մեծ արտոնություններ ունեն, դրա համար Թուրքիան ահռելի քանակի եկամուտներ է ստանում դրսից: Մենք էլ կարող ենք այդպիսի բաներ անել, եթե հասկանանք, որ հարկերը հենց այսօրվա համար չեն, հետո փողը ավելի մեծ չափով գալու է»:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

28 мая 2015 г.

Ինչպե՞ս գաղտնի նկարել iPhone-ով. տեղեկագիր

Բոլորս էլ ինչ-որ ժամանակ ունեցել ենք անհրաժեշտություն գաղտնի լուսանկարելու կամ տեսաձայնագրելու որեւէ բան: Սակայն ոչ միշտ է, որ դա հաջողվում է: Հիմնականում շրջապատող մարդիկ նայում են Ձեր հեռախոսի էկրանին եւ տեսնում են, որ նկարում եք:

Apple ընկերության iOS բջջային օպերացիոն համակարգչի 7-րդ եւ 8-րդ տարբերակներում կա գաղտնի նկարելու հնարավորություն: Սակայն ոչ բոլորը գիտեն այդ մասին:

Այս նյութում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր iPhone-ով նկարել այնպես, որ ոչ ոք չհասկանա:

Քայլ 1

Անջատեք Ձեր հեռախոսի ձայնը (որպեսզի նկարելիս ձայն չգա) եւ միացրեք տեսախցիկը (Camera): Միացնելու հետո ընտրեք Ձեզ անհրաժեշտ նկարելու ռեժիմը (Photo, Video, Slo-mo, Panorama եւ այլն):


Քայլ 2

Երկու անգամ սեղմում եք հեռախոսի գլխավոր կոճակը (Home button):


Քայլ 3

Բացվում է ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը (multitasking bar), բայց տեսախցիկը շարունակում է աշխատել:


Քայլ 4

Սեղմում եք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակներից մեկը. հեռախոսը սկսում է նկարել:


Քայլ 5 

Ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը չպետք է փակել, ուղղակի մատով աջ եւ ձախ տարեք ծրագրերը ու այդ ընթացքում հեռախոսը պահեք այնպես, որ կարողանաք նկարել Ձեր ուզած կադրը: Եթե շրջապատողները հարցնեն, թե ինչ եք անում կարող եք ասել, որ բաց ծրագրերն եք նայում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղակի սեղմեք այլ ծրագրի վրա եւ տեսախցիկը կդադարի նկարել:


Քայլ 6 

Եթե առանց խոչընդոտների կարողացաք նկարել այն ինչ ուզում էիք, կրկին սեղմեք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակների մեկը եւ տեսախցիկը կդադարի նկարել:

2 мая 2015 г.

Apple Watch-ի 7 գործառույթ, որը հաճելի կլիներ տեսնել նոր iPhone-ներում

Apple Watch սարքն իր մեջ ներառում է մի քանի տասնյակ ինովացիոն նոր տեխնոլոգիաներ: Դրանցից որոշները միայն հասանելի կլինեն ժամացույցի համար, իսկ մի քանիսն էլ կարող են հայտնվել Apple-ի այլ սարքերում: Macdigger.ru-ն առանձնացրել է 7 գործառույթներ, որ հաճելի կլիներ տեսնել iPhone-ի նոր մոդելներում:

1. Հավելումներ

Ժամացույցը Apple-ը ընկերության ամենաշատ կարգավորումներ ունեցող սարքն է: Նրա գրեթե բոլոր գործառույթները կարելի է կարգավորել ըստ նախասիրությունների: iOS-ի մյուս տարբերակներում հնարավոր է հայտնվի այս հնարավորությունը եւ օգտատերը կկարողանա էկրանին տեղադրել այն տեղեկատվությունը, որը կարեւոր է իր համար:


2. «Խելացի» ծանուցումներ

Apple Watch-ի ծանուցումները հետեւյալ կերպ են աշխատում. սկզբում օգտատերը տեսնում է ծանուցման փոքր տեսակը՝ ծրագրի նշանը եւ կարճ տեղեկություն, ինչպես նաեւ ուղարկողի անունը եւ ծանուցման ձեւը: Եթե նա շարունակում է նայել սարքին կամ դիպչել էկրանին (կախված սարքի կարգավորումներից), հայտնվում է ծանուցման ավելի մեծ տարբերակը: Այդպիսի ծանուցումներ կարող են հայտնվել օրինակ iPhone 7-ում:


3. Ծրագրի մուգ գույներ

App Store առցանց խանութի եւ այլ գործարանային ծրագրերի կարգավորումների գույները շատ պայծառ են: Դա հատկապես անհարմարությունն է առաջացնում գիշերային ժամերին սարքով աշխատելիս: Իսկ Apple Watch-ի ծրագիրը ավելի մուգ գույներով է պատրաստված: Լավ կլիներ, որ iOS-ի հետագա տարբերակներում հնարավորություն լիներ ընտրելու բաց եւ մուգ գույների միջեւ:


4. Էկրան, որը տարբերում է հպման ուժգնությունը

iPhone-ի նոր մոդելների առանձնահատկություններից մեկը կարող է դառնալ Force Touch տեխնոլոգիայի ապահովումը, որն արդեն գործում է ժամացույցում եւ նոր Macbook-ում: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն հասկանալ հպման վայրը, այլեւ ուժգնությունը: Այդպիսով օգտատերը կարող է տարբեր բաներ անել առանց ավելորդ շարժումների:


5. Taptic Engine շարժիչ

Apple Watch-ի ուշադրություն չգրավող ծանուցումները ժամացույցի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն է: Taptic Engine ինովացիոն նոր տեխնոլոգիայի շնորհիվ սարքը ծանուցումները ցույց է տալիս շրջապատի համար աննկատ կերպով:


6. «Թվային հպում»

Digital Touch գործառույթի շնորհիվ Apple Watch-ի օգտատերերը ստացել են հնարավորություն նոր ձեւով շփվելու միմյանց հետ: Օգտատերերը կարող են էկրանի վրա սովորական նկար նկարել, որն էլ անիմացիայի տեսքով կհայտնվի ուրիշ մարդու սարքի էկրանին: Apple Watch-ը նաեւ թույլ է տալիս անձայն հպումներ կամ սրտի զարկեր ուղարկել ուրիշներին եւ վերջիններս դա իրենց ձեռքի վրա կզգան:


7. Բոլոր ծանուցումների հեռացում մեկ կոճակով

Apple Watch-ը թույլ է տալիս մեկ հպումով հեռացնել բոլոր նոր ծանուցումները: Հերիք է միայն հպվել էկրանին եւ մի քանի վայրկյան պահել մատը եւ բոլոր ծանուցումները կանհետանան: