Показаны сообщения с ярлыком Թուրքիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թուրքիա. Показать все сообщения

14 июня 2015 г.

Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա պետք է չխանգարի

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների մեծամասնությունը նշում է, որ թեեւ աշխատում է Հայաստանում, բայց իրենց արտադրանքը ներքին շուկայի համար չէ: Այս հանգամանքը  փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կապում է Հայաստանի փոքր շուկա ունենալու հետ: Նա նշում է, որ մեր շուկան չի կարող բավարարել որեւէ մեծ կազմակերպության:

«Օրինակ, եթե նայենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի շատ կայացած Իսրայելին, այնտեղ բոլոր սթարթափերը (սկսնակ ծրագրավորողներ-Ա.Ի.) ամբողջ աշխարհի վրա են աշխատում: Այսինքն` Իսրայելի շուկան դիտվում է որպես միջազգային շուկայի մի մաս: Ու դա նորմալ է, որովհետեւ շատ քիչ թեմաներ կան, որոնցով դուք կկարողանաք միայն ներքին շուկայի վրա աշխատելով բիզնեսը պահել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ եթե մի կազմակերպություն զբաղվում է սննդի մատակարարմամբ, կարող է միայն Երեւանում աշխատելով բիզնեսը պահել. «Բայց եթե դուք օրինակ` խաղ եք գրում եւ հույս ունեք այդ խաղով գումար վաստակել, Հայաստանյան շուկայով չեք բավարարվի: Այդ պատճառով լավ է, որ ավելի գլոբալ են մտածում, այլ հարց, որ պետք է այնպես անել, որպեսզի ներքին շուկան հասկանա, որ կարող է ներքին կազմակերպություններին դիմել հարցեր լուծելու համար»:

Ըստ փորձագետի՝ լուծումն այն է, որ հայ բիզնեսմենները հասկանան՝ իրենք կարող են ավանդական մեթոդներից անցնել ավելի նորարականների: «Օրինակ` երկար տարիներ պետք եղան, որպեսզի բիզնեսմենները հասկանան, որ իրենք պետք է կայք ունենան: Բիզնեսը կարող է իր ներքին ավտոմատացման համակարգերն ունենալ: Բանկային ոլորտը արդեն երկար ժամանակ է շատ հարցերում ներքին լուծումներ է տալիս: Դա արագացնում է տեխնիկական աջակցությունը: Այս ոլորտում մեր հայկական ծրագրերը շատ ավելի հաջողակ են: Բիզնեսմենները ուղղակի չեն հասկանում, որ իրենք կարող են ՏՏ ոլորտից շահույթ ստանալ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարությունը  հռչակել է որպես գերակա: Սակայն ծրագրավորողները շատ հաճախ ուղղակի հրաժարվում են դիմել կառավարության օգնությանը, քանի որ մեծամասամբ մերժում են ստանում: Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել ՏՏ ոլորտին, պետք է չխանգարի: «Բարեբախտաբար, հիմա հասկացել են, որ պետք է արտոնություններ տան նրանց: Ինքը շատ նոր ծրագիր է, բայց կարծում եմ օգուտ կտա»:

Նա նաեւ կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի ազատականացնի վենչուրային կապիտալի ներգրավումը. «Օրինակ` Թուրքիայում վենչուրային ներդրողները շատ ավելի մեծ արտոնություններ ունեն, դրա համար Թուրքիան ահռելի քանակի եկամուտներ է ստանում դրսից: Մենք էլ կարող ենք այդպիսի բաներ անել, եթե հասկանանք, որ հարկերը հենց այսօրվա համար չեն, հետո փողը ավելի մեծ չափով գալու է»:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

1 марта 2015 г.

Ժամանակը ցույց կտա՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը ճի՞շտ քայլ էր, թե՞ ոչ

«Սխալ եւ անհաջող քայլ».-ահա այսպես արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն: «Հայաստանի խորհրդարանում գտնվող արձանագրությունների առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա Հայաստանի իշխանությունների որոշումն է: Բայց դա մենք սխալ ենք համարում: Սխալ եւ անհաջող քայլ: Այս մոտեցումները հեռու են մերձեցման քաղաքականությունից»,- մասնավորապես նշել էր ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Արձանագրությունները ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին:

Իսկ թուրքական լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվել էին միայն արձանագրությունները հետ կանչելու մասին տեղեկատվությունը հրապարակելով: Որոշ կայքեր ինչ-որ անդրադարձ, այնուամենայնիվ, կատարել էին: Մասնավորապես թուրքական NTV ալիքը, որպես նյութի վերնագիր գրել է «6 տարի անց Հայաստանից հետքայլ», Kanal A Haber-ը այս քայլը որակել է «շոկային որոշում», իսկ Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»:

Ծանոթանալով Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանին եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի այս քայլը կամ անակնկալ էր նրանց համար եւ չէին նախապատրաստվել, կամ էլ, ուղղակի, ասելիք չունեն եւ նախընտրում են լռել:

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այստեղ քաղաքագետները, կարծես, միահամուռ կերպով դրական գնահատական տվեցին Սերժ Սարգսյանի քայլին: Մասնավորապես Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, թե ինքը կանխատեսել էր, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչվի ցյուրիխյան արձանագրությունները, «ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար. «Կարող է նաեւ ստորագրությունը հետ վերցնել եւ դրանով ամբողջությամբ վնասազերծել այս արձանագրությունները: Այս ձեւով պահելով, այսինքն` ստորագրված, թեկուզ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերված, տակավին թողնում ենք Թուրքիայի ձեռքին լծակ»:

Արձանագրությունները հետ կանչելու անհրաժեշտության մասին արդեն մի քանի տարի է խոսում էին մի շարք քաղաքագետներ, թուրքագետներ եւ քաղաքական գործիչներ: Սակայն Հայաստանի իշխանությունները, կարծես, լռելյայն սպասում էին Թուրքիայի քայլերին: Իսկ Թուրքիան էլ անընդհատ կրկնում էր, որ արձանագրություններին ընթացք կտան միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման դեպքում եւ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ «օկուպացված տարածքների» մասին:

Բացի վերոնշյալից կա կարծիք, որ այս քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին եւ 102 այլ երկրների ղեկավարներին հրավիրել էր Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սերժ Սարգսյանը պատասխան նամակով մերժել էր հրավերը:

Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանի իշխանությունների համբերության բաժակը արդեն լցվել էր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կար անհրաժեշտություն դիմելու վճռական քայլերի:

Կարծիքների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն փաստն այն է, որ արձանագրությունները այժմ հետ են կանչվել Ազգային ժողովից, իսկ ստորագրությունը՝ ոչ: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերջին հնարավորությունը տալ Թուրքիային քայլ առաջ կատարելու: Ամեն դեպքում ապագան ցույց կտա այս քայլը ճի՞շտ էր, թե՞ ոչ:

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ: