Показаны сообщения с ярлыком Lightning port. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Lightning port. Показать все сообщения

19 декабря 2015 г.

7 առասպել սմարթֆոնների մարտկոցների մասին

Macdigger.ru կայքն անդրադարձել է սմարթֆոնների մարտկոցների վերաբերյալ ամենաշատ տարածված առասպելներին եւ մոլորություններին: Այս 7 միֆերին ծանոթանալով ցանկացած մարդ կարող է ավելացնել մեկ ամբողջական լիցքավորմամբ իր սմարթֆոնի աշխատանքի երկարությունը եւ որակը:

1-ին առասպել. Նոր սարքի մարտկոցի հետ պետք է աշխատանքներ տանել մինչեւ օգտագործելը

Այս առասպելը մասամբ ճիշտ է: Ավելի կոնկրետ՝ այդպիսի գործողություն կարող էր պետք գալ, եթե դուք 5 տարի առաջ գնեիք հեռախոս: Այդ աշխատանքներն իրենցից ենթադրում էին առաջին անգամ հեռախոսն օգտագործելուց թողնել, որպեսզի այն ամբողջությամբ լիցքաթափվի ու անջատվի եւ լիցքավորել հեռախոսը մինչեւ 100%: Ժամանակակից հեռախոսները դրա կարիքը չունեն: Իհարկե, դա չի վերաբերվում բոլոր հեռախոսներին: Եթե բջջայինի ձեռնարկում կա կետ, որ հեռախոսի մարտկոցը նման աշխատանքի կարիք ունի, ապա պետք է անել:


2-րդ առասպել. Հեռախոսը չի կարելի ամբողջ գիշեր թողնել լիցքավորման

Ասում են, թե այդպես կարելի է վնասել հեռախոսի մարտկոցը եւ այն այլեւս երկար չի պահի լիցքավորումը:Սուտ է: Իրականում չի կարելի հեռախոսը բարձի տակ դնել եւ ամբողջ գիշեր քնել: Դրանից հեռախոսը կտաքանա եւ կվնասվի: Այս առասպելը կրկին վերաբերում է հին հեռախոսներին: Նոր հեռախոսները 100% լիցքավորման դեպքում ավտոմատ անջատում են լիցքավորման դեպքում:


3-րդ առասպել. Հեռախոսը պետք է ամբողջությամբ լիցքաթափել մինչեւ լիցքավորելը

Եվ կրկին սուտ է: Ցանկացած հեռախոսի մարտկոցի լիցքավորման նորմալ մակարդակը 40%-ից 80% է: Այսինքն` այն ամբողջությամբ լիցքաթափել պետք չէ: Դա նույնիսկ վնաս է սարքին:

4-րդ առասպել. Ոչ օրիգինալ լիցքավորող սարքերը վնասակար են

Սա վստահաբար հորինել են գովազդային գործակալները, որպեսզի թանկ գներով վաճառեն բջջայինների լիցքավորող սարքերը: Բացառություն են կազմում միայն Apple վերջին iPhone-ները, որոնք չինական լարերից չեն լիցքավորում, կամ էլ անվտանգության համակարգ ունեն: Մնացած դեպքերում կարեւոր չէ, թե որտեղ եւ ում կողմից է արտադրվել լարը:


5-րդ առասպել. Հեռախոսից չի կարելի օգտվել, երբ այն լիցքավորվում է

Բոլորը, կարծում ենք, տեսել են ուռած ձեռքերի, վառված լարերի եւ փչացած հեռախոսների նկարներ, որոնք արդեն երկու տարի է վախեցնում են օգտատերերին: Սակային իրականում մարտկոցի լիցքավորումը եւ միաժամանակ խաղեր խաղալը կարող են տաքացնել սարքը, բայց չեն վառի այն: Ուղղակի, եթե լիցքավորման մակարդակը քիչ է եւ դուք լիցքավորում եք մարտկոցը ու միաժամանակ խաղ եք խաղում, սարքը կարող է անջատվել, որովհետեւ խաղը շատ հոսանք է ծախսում եւ սարքը կարող է չհասցնել լիցքավորվել:

6-րդ առասպել. Սարքը պետք է անջատել, որպեսզի մարտկոցը լավ աշխատի

Շաբաթը մեկ անգամ սարքն անջատել-միացնել կարելի է, սակայն մարտկոցի աշխատանքի վրա դա շատ քիչ ազդեցություն է ունենում: Ավելի շատ օգուտ է օպերացիոն համակարգի աշխատանքին: Համարեք, որ դա նման է համակարգիչը անջատել-միացնելուն:


7-րդ առասպել. Ցուրտն օգնում է երկարացնել մարտկոցի կյանքը

Ցուրտն, ինչպես նաեւ շատ շոգը միայն վնասում են մարտկոցին: Ամենահաճախ գրանցվող արդյունքն արագ լիցքաթափումն է: Դրա համար խորհուրդ է տրվում ձմռանը հեռախոսը պահել բաճկոնի ներսի գրպանում:

21 июня 2015 г.

Ի՞նչ անել, եթե չի աշխատում iPhone-ի լիցքավորման բնիկը

Վերջին շրջանում նկատել էի, որ հեռախոսիս (iPhone 5S) լիցքավորման բնիկը նորմալ չի աշխատում: Լարը միացնելիս պետք է մի քանի անգամ շարժել, որպեսզի հեռախոսը սկսեր լիցքավորվել, կամ համակարգիչը ճանաչեր այն:

Սկզբնական շրջանում այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ խնդրին, բայց մի օր հեռախոսը առհասարակ դադարեց լիցքավորվել: Նշեմ, որ հեռախոսը ոչ մի անգամ չի ընկել ձեռքիցս եւ չի ստացել այնպիսի հարված, որը կարող էր խափանել բնիկի բնականոն աշխատանքը:

Համացանցում որոնումներ կատարելուց հետո գտա մի եղանակ, որն օգնեց լուծել այդ խնդիրը: Լուծում շատ պարզ է. պետք է անջատել հեռախոսը, ինչ-որ բարակ փայտի կտորի վրա անձեռոցիկ փաթաթել, թաթախել սպիրտի մեջ եւ դրանով մաքրել հեռախոսի բնիկի ներսի հատվածը: Հետո պետք է որոշ ժամանակ թողել, որ սպիտը չորանա եւ նոր միացնել հեռախոսը:

Այս մեթոդը անմիջապես օգնեց իմ հեռախոսին եւ այն սկսեց նորմալ աշխատել: Պարզվեց, որ ուղղակի փոշի է կուտակվել բնիկում: Այն թույլ չէր տալիս, որը հեռախոսը լիցքավորվի:
Եթե Դուք էլ ունեք նման խնդիր, կարող եք փորձել այս մեթոդը: Այն վնաս չի հասցնի հեռախոսին: Բայց եթե չի օգնում, լավ կլինի դիմեք մասնագետին, քանի որ դա կարող է ինչ-որ հարվածի կամ այլ խափանման հետեւանք լինել:

Հավելեմ, որ համացանցում որոնումների ընթացքում նկատեցի, որ նման խնդիր առաջանում է Lightning լարով աշխատող սարքերում: