2 января 2015 г.

Պարզ մեթոդ Apple-ի Touch ID-ի աշխատանքը բարելավելու համար

iPhone 5s-ի, 6-ի եւ 6 Plus-ի որոշ օգտատերեր դժգոհում են հեռախոսի գլխավոր կոճակի վրա տեղակայված մատնահետքի սկաների ոչ նորմալ աշխատանքից: Վեբ ծրագրավորող Ջոշ Բետսը Touch ID-ի աշխատանքը բարելավելու պարզ մեթոդ է հայտնաբերել, փոխանցում է Macdigger.ru-ն:

iOS 8-ում կա հնարավորություն բարելավելու մատնահետքերի ճանաչման գործընթացը, առանց նորից մատը սկան անելու:  Ծրագրավորողը մասնավորապես նշել է. «Բարելավումը սկսելու համար մտեք կարգավորումների մենյու (Settings), հետո Touch ID and password: Հավաքեք կոդը, որպեսզի կարողանաք փոխել մատնահետքի սկաների կարգավորումները:

Հիմա հեռախոսում գրանցված մատով հպվեք Touch ID սկաներին: Դուք կտեսնեք, որ մի քանի վայրկյանով Ձեր մատնահետքի տողը մոխրագույն երանգ կստանա (նկարում): Հիմա, որպեսզի բարելավեք սկաների աշխատանքը եւ մատնահետքի ճանաչման արագությունը, շարունակեք նույն մատով, բայց տարբեր դիրքերով մի քանի անգամ դիպչել սկաներին»:



Եթե հեռախոսի հիշողության մեջ մի քանի մատ ունեք գրանցած, ապա նույն գործողությունը պետք է կատարել բոլոր մատների համար: Եթե այսպիսի գործողությունը պարբերաբար կատարեք, կարիք չի լինի մատնահետքը ջնջել եւ նորից սկան անել: 

28 декабря 2014 г.

Ի՞նչ նորամուծություններ կարելի է սպասել Apple-ից 2015 թվականին

Նոր տարվա շեմը շատ լավ ժամանակ է անցնող տարին ամփոփելու, ինչպես նաեւ մյուս տարվա ծրագրերը կազմելու համար: Մեկը երազանքներ է պահում, մյուսը ապագան է կանխատեսում, քանի որ այդպես է ընդունված տոնական օրերի նախօրեին

VentureBeat-ի հեղինակ Մարկ Սալիվանը պատկերացրել է, թե ինչով Apple-ը մեզ կուրախացնի 2015 թվականին: Փոխանցում է Iphones.ru-ն:



Կրկին կարտադրվի պլաստմասե iPhone

Կարծես թե iPhone 5c-ն բավականին հաջողված մոդել էր, այսպիսով` մյուս տարի մեզ սպասվում է պլաստմասե iPhone 6: Այս մոդելի գլխավոր առանձնահատկությունը, իհարկե, էժան գինն է եւ գունավոր պատյանը: Apple-ի համար iPhone-ի մոդելների շատացումը լավ է NFC չիպով սարքերի տարածման համար, որն էլ իր հերթին կզարգացնի Apple Pay-ը: Բացի դրանից շատ մարդիկ հնարավորություն կունենան Apple Watch-ից օգտվեն:

 iPhone 6s

Համաձայն նոր սարքերի արտադրման ժամանակացույցի, 2015-ին iPhone 6s-ը կթողարկվի: Այդ սարքի նորամուծությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն բարելավված տեսախցիկը, սապֆիրե ապակին էկրանին եւ, հնարավոր է, 3D ցույց տալու հնարավորություն:

Սմարթ-ժամացույցներ

Аpple Watch-ը կթողարկվի մյուս տարվա սկզբում, մինչեւ Սուրբ Վալենտինի օրը: Apple-ի նորամուծությունը կարող է հեղափոխություն իրականացնել սմարթ-ժամացույցների ասպարեզում, եթե օգտագործելիս իսկապես ցուցաբերի այն հատկանիշները, որոնց մասին հայտարարվել է: Հենց այդ պատճառով էլ Apple Watch-ին անհամբերությամբ են սպասում: Բացի դրանից, Apple-ի նոր սարքը սպառնում է փոխել Samsung, Motorola, Sony եւ Pebble ընկերությունների սարքերի ճակատագիրը փոխել:

Ազատություն սմարթ-ժամացույցներին

Apple Watch-ի մյուս մոդելներին արդեն պետք չեն գա iPhone-ներ Apple Pay-ով վճարումներ կատարելու համար: Կան տվյալներ, որ Apple իր սմարթ-ժամացույցների համար արտադրել է առանձին, ավելի փոքր չափսի NFC չիպ: Եթե այս մոդելին պետք է լինելու iPhone վճարումներ կատարելու համար, ապա նոր մոդելներին՝ ոչ: 8.

Մեծ iPad

Սպասվում է 12 դյույմանոց iPad-ի թողարկում: Այս ենթադրությունը հիմնված է արտադրողի այն հայտարարություններով, որ ուզում են ներթափանցել կորպորատիվ ոլորտ: Օրինակ` կազմակերպությունը արդեն հարմարեցնում է իր արտադրանքները բուժաշխատողների համար (նրանց հարմար է օգտագործել iPhone 6 Plus եւ iPad Air):

Սակայն կորպորատիվ դաշտում շատերը երազում են մի սարքի մասին, որը կլրացներ պլանշետի եւ նոթբուքի միջեւ ընկած տարածությունը: Եվ օրինակ 12 դյույմանոց էկրանով iPad Air-ը կարող է դառնալ այդ սարքը: Սպասենք հունիս ամսին եւ նոր անոնսներին:

Այլ սարքերի մասին, որոնք կարող են թողարկվել 2015 թվականին կարդացեք այստեղ:

26 декабря 2014 г.

Վարկով Նոր տարի մի արեք, թե չէ ամբողջ տարին վարկի տակ կանցնի

Առհասարակ Հայաստանում վարկ վերցնելը շահավետ չէ բարձր տոկոսադրույքների պատճառով։ Էլ չեմ խոսում հիփոթեքի մասին։ Դա պետք է ամենածայրահեղ, անելանելի իրավիճակներում անել։ 

Ցավոք վերջին շրջանում մենք դեկտեմբեր ամսին ավելի շատ կենտրոնանում ենք, թե ինչ դնենք սեղանին, քան ինչպես դիմավորենք Նոր տարին։ Կա տարածված կարծիք, որ տարին ինչպես դիմավորես այդպես էլ կշարունակվի։ Իմ դեպքում դա իրականություն դարձավ 2014 թվականին։ Չեմ ուզում փակագծերը բացել։ Արդեն անցել գնացել է։

Այդ պատճառով պետք չէ ճոխ սեղան ունենալու համար պարտքի կամ վարկի տակ ընկնել։ Թե չէ ամբողջ տարին պետք է նոր պարտքեր անեք, որ վարկերը փակեք։

Նոր տարին ինձ համար ոչ թե նյութական (ուտել-խմելու), այլ հոգևոր (նոր հույսերի, նոր ծրագրերի և այլ նոր բաների) տոն է։ Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ովքեր են կոկորդիլոս դնում սեղանին և ովքեր հավի միս։ 

Ես, երբ գնում եմ ինչ-որ մեկի տուն դեկտեմբերի 31-ից հետո, նպատակ եմ ունենում շնորհավորեմ, այլ ոչ կուշտ փորով հաց ուտեմ։ Իհարկե, ճիշտ էլ չէ տանտիրուհու աշխատանքը չգնահատել, պետք է գոնե մի բան ուտել։

Դեկտեմբեր ամիսը, և հատկապես 20-31-ն ընկած ժամանակահատվածը ինձ համար անցած տարվա սխալները ու ձեռքբերումները վերլուծելու, մյուս տարվա անելիքները պլանավորելու, արած-չարածները հիշելու օրեր են։

Ես սիրում եմ գնալ եկեղեցի և Աստծուց մեղքերի թողություն խնդրել։ Իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը ինձ համար ամենաուրախ օրն է։ Ես կարծես այդ օրը նոր շունչ եմ ստանում, նոր բարձունքներ գրավելու մոտիվացիա։ Իսկ ուտուշ-խմուշները ցանկացած օր էլ կարելի է անել։

Շատ կուրախանամ, եթե բոլորը այդպես մտածեն։ Այդպիսի վերաբերմունքը Նոր տարվա նկատմամբ շատ բան կարող է փոխել։ 

Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը և ցանկանալ ամենայն բարիք ու առողջություն այս նոր՝ այծի տարում։

3 ноября 2014 г.

Աղասի Ենոքյան. «Եվրասիական տնտեսական միությունը չկայացած կառույց է»

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որը պետք է վավերացվի Հայաստանի եւ ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից: Մինչ այդ բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ մի շարք խնդիրներն են տեսնում այս անդամակցության հետ կապված: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

- Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ, այդ պայմանագիրը ի՞նչ ճակատագիր կունենա ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում:

- Այս պայմանագիրը պետք չի, ոչ Հայաստանին, ոչ Բելառուսին, ոչ Ղազախստանին, այn միայն Ռուսաստանին է պետք: Եվ դրա համար Ղազախստանը եւ Բելառուսը օգտագործում են թե պայմանագրի ստորագրումը եւ թե վավերացումը Ռուսաստանից լրացուցիչ օգուտներ կորզելու համար: Ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը ի վերջո կվավերացվի, բայց այդ ընթացքում Ռուսաստանի հետ կլինեն գաղտնի կամ բացահայտ բանակցություններ՝ այս երկրների կողմից որոշակի բաներ կորզելու համար:

- Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով վստահեցրել են, որ Հայաստանը տնտեսապես անդամակցում է ԵՏՄ-ին, իսկ մնացած ոլորտներում Եվրոպայի հետ է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

- Եթե կարդում ես պայմանագրի բովանդակությունը, ապա տնտեսական է, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը սա օգտագործում է քաղաքական նպատակների համար: Համենայն դեպս, տնտեսական առումով բացարձակապես անհասկանալի է, թե Հայաստանի ինչին է պետք այս պայմանագիրը: Ռուսաստանին նույնպես պետք չէ այս պայմանագիրը տնտեսական առումով: Ռուսաստանին պարզապես պետք է իր շուրջը ստեղծել երկրների խումբ, որով նա կփորձի իր երկրի ներսում ներկայանալ որպես Խորհրդային Միության կամ հին ռուսական հողերի հավաքող, իսկ արտասահմանին կներկայանա որպես երկրների խմբի առաջնորդ: Այս խնդիրն է նա լուծում: Ինչ վերաբերում է Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային, ես կարծում եմ, որ Հայաստանը դեռ շատ հեռու է Եվրոպայի հետ ինտեգրվելուց: Հայաստանը Եվրոպայի հետ չունի այնքան պայմանագրեր, ինչքան Ռուսաստանի հետ: Հայաստանը նաեւ չունի դեպի Եվրոպա գնալու քաջություն, որովհետեւ դա նշանակում է հակադրվել Ռուսաստանին:

- Եվրոպան եւ Ամերիկան պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ինչպե՞ս կազդեն այս պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա:

- Եթե պայմանագրի տառին հավատարին մնանք, ապա, անպայման, կազդեն: Բայց մենք տեսնում ենք իրականությունը ինչպիսինն է, այսինքն` նույն Բելառուսը եւ նույն Ղազախստանը շրջանցում են այդ հարաբերությունները, այսինքն, ըստ էության, մաքսային սահմանը չի աշխատում: Ես նաեւ կարծում եմ, որ Ռուսաստանը ինքը հակված չի ստիպելու, որ ԵՏՄ անդամ երկրները պահպանեն պայմանագրի տառը կապված պատժամիջոցների հետ, որովհետեւ ինքը իր դեմքը փրկելու համար հայտարարեց պատասխան պատժամիջոցների մասին:

- Թեեւ իշխանության ներկայացուցիչները բացառում էին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետի տեղադրումը, ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի մեջ կա կետ, որով Հայաստանը պարտավորվում է այլ երկրների հետ սահմանին մաքսակետ տեղադրել: Իսկ ԼՂՀ-ն պաշտոնապես դեմ է դրա տեղադրմանը: Ի վերջո, ըստ Ձեզ, կտեղա՞դրվի մաքսակետ, թե՞ ոչ:

- Կարծես թե հիմա կա բանավոր պայմանավորվածություն, որ մաքսակետ չի տեղադրվի, բայց, քանի որ թղթի վրա գրված է, որ մաքսակետ կարող է տեղադրվել, ցանկացած պահի, երբ Ռուսաստանին անհաճո քայլ արվի Հայաստանին կողմից, այդ մաքսակետը կտեղադրվի: Ավելին` ես կարծում եմ, որ Ռուսաստանը կօգտագործի այս մաքսակետը սահմանին կամ Ղարաբաղում ռազմական ներկայություն ապահովելու համար: Այսինքն` այնտեղ բացի մաքսավորներից կարող են լինել նաեւ ռուսական սահմանապահներ, իսկ սահմամանապահից մինչեւ ռուսական խաղաղապահը մեկ քայլ է: Մենք գիտենք, թե ինչպես ռուսական խաղաղապահները օկուպացրեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

- ԵՏՄ անդամակցությանը դեմ արտահայտվողներին ի պատասխան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մեջբերում են անվտանգության խնդիրները եւ ասում են, որ այս անդամակցումը թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդ պնդումը համարում են անհեթեթություն, որովհետեւ մեխանիզմները չեն երեւում: Միակ մեխանիզմը, որը Ադրբեջանի հետ նոր պատերազմի սանձազերծման մասին կարող է լինել, դա Ադրբեջանին մատակարարված 5 միլիարդ դոլարի զենքն է, որի մեջ կա նաեւ լուրջ հարձակողական զենք: Ռուսաստանը նման խնդիր չի դրել իր առաջ, չի դնի եւ չի լուծի

- Եթե Հայաստանը ի վերջո պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, ի՞նչ իմաստ ուներ կամ ի՞նչ նպատակ էր հետապնդում ԵՄ-ի հետ բանակցությունները:

- Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանը փորձում էր չմիանալ Եվրասիական միությանը եւ նրա ճանապարհը դեպի Եվրոպա կարծես ավելի հաստատուն էր երեւում: Սակայն համոզված եմ, որ Ռուսաստանը ստիպեց Սերժ Սարգսյանին այս փաստաթուղթը ստորագրել զուտ շանտաժով: Շանտաժը կարող է լինել թե անվտանգության հարցերով, թե ներքաղաքական խնդիրներով, թե անձնական:

- Եթե, այնուամենայնիվ, Հայաստանը մինչեւ վերջ շարունակեր իր ուղին եւ ինտեգրվեր Եվրամիությանը, անվտանգության խնդիրը չէ՞ր լուծվի օրինակ ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ:

- Ոչ: Անվտանգության հարցը չէր լուծվի, որովհետեւ մենք պարզ տեսանք, որ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանից ավելի շատ ինտեգրված Վրաստանին որեւէ էական աջակցություն ցույց չտվեց ՆԱՏՕ-ն 2008 թվականի պատերազմի ժամանակ: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում չի ուզում ռազմական առումով խառնվել գործերին: Բացի այդ, Ռուսաստանը ցույց տվեց բոլորին, թե ինչ է նշանակում իրեն չենթարկվել իր տարածաշրջանում: Խոսքը Ուկրաինայի մասին է:

Ռուսաստանը նաեւ օգոստոսյան վերջին դեպքերի ժամանակ ցույց տվեց, որ ինքը ղարաբաղյան կոնֆլիկտի դիրիժորն է, այսինքն` նա կարող է սրել կոնֆլիկտը, իր մոտ կանչել նախագահներին, հանդարտեցնել կոնֆլիկտը:

- Ձեր ասածից կարե՞լի է ենթադրել, որ եթե Եվրոպան Հայաստանին անվտանգության երաշխիքներ տար, այժմ իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

- Բազմիցս այս մասին խոսվել է եվրոպացի պաշտոնյաների հետ: Մինչեւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ես անձամբ նման բանակցությունների մասնակցել եմ, որոնց ժամանակ ասվել է, որ Եվրոպան չի տալիս անվտանգության եւ քաղաքական երաշխիքներ եւ ցանկացած պահի այստեղ կարող է իրավիճակ փոխվել, որին նրանք համաձայնվում էին եւ նշում, որ իրենք չէին կարող տալ անվտանգության երաշխիքներ:

- Շատ է խոսվում Ադրբեջանի ԵՏՄ-ին միանալու հավանականության մասին: Եթե դա տեղի ունենա, ինչպի՞սի զարգացումներ կունենան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Կլի՞նի առաջընթաց:

- Երկու բան ասեմ: Առաջինը գոնե Նազարբաեւը, գոնե Ալիեւը այս միությունը տեսնում են որպես թուրքական պետությունների միություն եւ կարծես Պուտինը առանձնապես դեմ չի դրան որոշակի մակարդակում, որովհետեւ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական թուրքախոս եւ մուսուլման բնակչությունը, կարծես թե այստեղ կոշտ հակազդեցության չկա: Մյուս կողմից, տեսությունը պնդում է, որ եթե երկու հակամարտող երկրները գտնվում են նույն ռազմաքաղաքական բլոկում, ապա այս բլոկը կարողանում է կառավարել նրանց միջեւ հարաբերությունները: Օրինական Հունաստանը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ում:

- Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 20 տարուց ավել է միասին ԱՊՀ-ում են եւ կարծես այդ միությունը ոչնչով չի օգնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

- Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները այս տարածաշրջանում այդպես չեն լուծվում եւ Ռուսաստանն այդպես չի լուծում: Ավելին` եթե հանկարծ Ադրբեջանը միացավ այս միությանը, ապա մաքսակետի գոյությունը կդառնա օրախնդիր, կդառնա խիստ անհրաժեշտություն:

- Լրագրողական մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ամեն տարի իրենց զեկույցներում նշում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ մամուլի, խոսքի, քաղաքացիական ազատության առումով ամենալավ վիճակում է: Ի՞նչպիսին կլինի իրավիճակը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

- Ռուսաստանը, երևի, ավելի շատ աշխարհին հայտնի է ոչ իր տարածքի մեծությամբ, ոչ այնքան իր նավթով կամ իր բանակով, որքան կառուցվածքային կոռուպցիայով եւ ավտորիտարիզմով: Ես կարծում եմ, նա այդպիսի ավտորիտար երկրների կլուբ է բացում եւ եթե Հայաստանը իրեն պահի որպես ժողովրդավարական, դա անընդունելի կլինի կլուբի մյուս անդամների կողմից:

- Այսինքն` այդ երկրների պնդմամբ Հայաստանում կլինեն ճնշումնե՞ր:

- Բնավ չեմ բացառում:

- ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերին 10-ի հանրահավաքում ասել էր, որ ԵՏՄ-ին անդամակցումը այլեւս անշրջելի է: Համաձա՞յն եք այդ դիտարկմանը:

- Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ն չկայացած կառույց է եւ շատ մեծ հարցական է դրա կայանալը: Չկայացած կառույցին անդամակցումը չի կարող լինել անշրջելի: Եթե այդ կառույցը չեղավ, ի՞նչն է անշրջելի:

 Հարցազրույցը վարեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Աղասի Ենոքյանի Ֆեյսբուքյան էջից

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ: