20 октября 2014 г.

Լույս է տեսել Apple-ի iOS 8.1 օպերացիոն համակարգը

Հոկտեմբերի 16-ին, նոր iPad Air 2-ի եւ iPad Mini 3-ի շնորհանդեսի ժամանակ, ամերիկյան Apple ընկերության ներկայացուցիչները խոստացել էին, որ հոկտեմբերի 20-ին լույս կտեսնի iOS 8 օպերացիոն համակարգի առաջին մեծ թարմացումը՝ iOS 8.1 համակարգը:

Եվ ահա այսօր iOS 8.1-ն արդեն հասանելի է iսարքեր օգտագործողներին: Apple-ի հաղորդագրության համաձայն թարմացումը իր մեջ ներառում է նոր հնարավորություններ, բարելավումներ եւ նախորդ թարմացումների արդյունքում առաջացած խնդիրների լուծումներ:

Այս թարմացմամբ արդեն հասանելի է դառնում Apple-ի վճարման նոր համակարգը՝ Apple Pay-ը, որը կարող են օգտագործել iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի ամերիկաբնակ օգտատերերը: Հետագայում, ամենայն հավանականությամբ, համակարգը հասանելի կլինի նաեւ այլ երկրներում:

Այս թարմացմամբ beta տարբերակով սկսվում է iCloud նկարների գրադարանի աշխատանքը, որը թույլ է տալիս Ձեր iCloud-ի էջով աշխատող բոլոր սարքերում տեսնել Ձեր բոլոր սարքերից արած նկարները: Հնարավոր է դառնում նաեւ SMS հաղորդագրություններ ուղարկել iPad-ից եւ Mac-ի օգտագործելով iPhone-ը:

iOS 8.1 համակարգը լուծում է Wi-fi-ի, Bluetooth-ի հետ կապված խնդիրները, ավելացվել է 2G, 3G, LTE բջջային ցանցերի միջեւ ընտրություն կատարելու հնարավորությունը, Safari վեբ-դիտարկիչում վերացվել է թերությունը, որը կարող էր խնդիրներ առաջացնել տեսանյութերի դիտմանը եւ այլն:

Բավականին արագացել է iսարքերի աշխատանքը: Իհարկե, կան շատ փոքր նորամուծություններ, որոնք ի հայտ են գալիս օգտագործելիս:

Այս թարմացումը կարող են քաշել iPhone 4S, iPhone 5, iPhone 5C, iPhone 5S, iPhone 6, iPhone 6 Plus հեռախոսների, 5-րդ սերնդի iPod-ի, iPad 2, iPad 3, iPad 4, iPad Air, iPad Air 2, iPad Mini, iPad Mini with retina display եւ iPad Mini 3 սարքերի օգտատերերը: 

19 октября 2014 г.

Դմիտրի Մեդվեդեւը iPhone 6 Plus է օգտագործում

Macdigger.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել «խնձորային» սարքավորումներից: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները չպետք է պատճառ հանդիսանան ամերիկական սմարթ հեռախոսներից եւ պլանշետներից հրաժարվելու համար:

«Մեր հարաբերությունները Ամերիկայի հետ ի՞նչ կապ ունեն iPhone-ի հետ: Ուրեմն եկեք հրաժարվենք բոլոր արտասահմանյան իրերից եւ ի՞նչ կստացվի: Հյուսիսային Կորե՞ա: Դա մեր ճանապարհը չէ: Ընդհակառակը. ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է որեւէ բանից հրաժարվենք: Ամերիկացիներին վնաս հասցնել Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով ուղղակի ծիծաղելի է»,- ասել է Մեդվեդեւը:

Սոցիալական ցանցերում հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ Դմիտրի Մեդվեդեւը iPhone 6 Plus հեռախոս է օգտագործում:

29 сентября 2014 г.

Աննա Իսրաելյան. «Լրագրողները եւ խմբագիրները երկու տարբեր դասակարգեր են ու հակամարտում են»

 Շատ հաճախ, երբ թերթերի կամ առցանց լրատվական կայքերի խմբագիրները նկատողություն են անում լրագրողներին վատ կամ թերի աշխատանք կատարելու համար, վերջիններս էլ հակադարձում են, թե իրենք ամբողջ օրը քրտնաջան աշխատում են, նյութեր են պատրաստում, իսկ խմբագիրն իր աշխատասենյակում նստած միայն դժգոհում է: Այդ լրագրողները նաև ասում են, որ խմբագիր բոլորն էլ կարող են աշխատել, իսկ լրագրողի գործը շատ ավելի բարդ է: Ահա այս թեմայի շուրջ զրուցեցինք առցանց «Առավոտի» խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱԵԼՅԱՆԻ  հետ:

– Լրագրողները հաճախ բողոքում են, որ խմբագիրների գործը ավելի հեշտ է, քանի որ իրենք ամբողջ օրը վազում են, նյութեր են հավաքում, իսկ խմբագիրները ուղղակի նստած կարդում են: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ընդհանրապես, ասում են, որ կարծես լրագրողական երկու տարբեր դասակարգեր լինեն, որոնք ուղղակի հակամարտում են: Մի ժամանակ, երբ որ տպագիր մամուլի մասին էր խոսքը, այդպես էր. խմբագիրները կրճատում էին, լրագրողները՝ դրա դեմ պայքարում, իսկ առցանցի դեպքում ինչ-որ բան փոխվեց: Ես երկու կարգավիճակում էլ աշխատել եմ ե՛ւ լրագրողի, ե՛ւ խմբագրի: Երբ փոփոխության այդ առաջարկը եղավ, ինձ թվում էր, թե խմբագրի աշխատանքը շատ ավելի թեթեւ է լինելու, բայց պարզվեց, որ այն շատ ավելի լարված է, շատ ավելի մեծ է պատասխանատվությունը: Եթե որպես լրագրող դու միայն քո ստորագրության համար ես պատասխանատու, ապա որպես խմբագիր դու պատասխան ես տալիս ողջ խմբագրական գործունեության համար:

- Ի՞նչ գիտելիքներ կամ փորձ պետք է ունենա լրագրողը, որպեսզի կարողանա խմբագիր աշխատել:

- Հայերենի շատ լավ իմացություն պետք է ունենա առաջին հերթին, ինչը, կարծես, պակասում է: Լրագրողը շատ է ապավինում նրան, որ իր աշխատանքը կկարդան սրբագրիչները, խմբագիրները, իսկ որոշ լրագրողներ անգամ երկրորդ անգամ իրենց տեքստը չեն կարդում: Չեմ սիրում այդպիսի լրագրողների, որովհետեւ եթե դու քո նյութը չես ցանկանում երկրորդ անգամ կարդալ, ուրեմն ո՞նց ես ակնկալում, որ այն կկարդան ուրիշները: Մյուս կարեւոր հատկանիշը մենեջերի, կազմակերպչի ունակություններն են՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման իմաստով, որ կարողանաս գլխավորը երկրորդականից զատել, իմանալ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ: Եվ երրորդը թիմ ստեղծողի հատկանիշներն են, որ ինչ-որ աշխատանքի մոտիվացիայի, թիմը համախմբելու ունակություններ ունենաս եւ կարողանաս դրանք գործադրել:

- Խմբագիրը լրագրողի կայացման գործում ինչ-որ դերակատարություն ո՞ւնի եւ ի՞նչ չպետք է անի սկսնակ լրագրողի հետ աշխատելիս:

- Չպիտի ջարդի: Պետք է հասկանա, որ բոլորս էլ սխալներ արել ենք սկզբում եւ ոչ ոք ապահովագրված չէ: Չպետք է արված սխալը առիթ դարձնի լրագրողի վրա խաչ քաշելու համար, իբր ոչնչի պիտանի չի: Խմբագիրը կարող է օգնել, որ լրագրողը հասկանա, թե որտեղ իր տեղը, որտեղ է ինքը ուժեղ, ուղղորդի, սխալները մատնանշի:

- Դուք 2011 թվականից առցանց «Առավոտի» խմբագիրն եք: Այս երեք տարիների ընթացքում ունեցե՞լ եք ակտիվ լրագրություն վերադառնալու ցանկություն:

- Զարմանալի է, բայց ոչ: Իմ այն ընկերները, որոնք էլի լրագրողից անցում են կատարել խմբագրի աշխատանքին, այդքան էլ գոհ չեն, որովհետեւ առավել կարեւորում են ստեղծագործական աշխատանքը: Խնդիրն այն է, որ ես իմ մտահաղացումները, որ կանեի իբրեւ լրագրող, փորձում եմ մեր այլ լրագրողների միջոցով իրականացնել: Մեծ մասամբ դա ստացվում է: Մեկ-երկու դեպք է եղել, երբ մտածել եմ, որ, այնուամենայնիվ, այդքանը պատմելու, բացատրելու փոխարեն ավելի լավ է ինքս անեմ: Օրինակ` այդպես եղավ Անաստաս Միկոյանի թոռան հետ հարցազրույցի դեպքում: Ինքս էլ արեցի, քանի որ մտածեցի, որ բոլոր փաստերը վերաշարադրելու, պատմելու փոխարեն, որ ասեմ այս հարցրեք, այն հարցրեք, ճիշտ կլինի ինքս անեմ:Ես չեմ ափսոսում, մանավանդ, որ շարունակում եմ պրակտիկ լրագրող էլ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Այդ իմաստով, որեւէ պակաս չկա:

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

27 июля 2014 г.

Արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր չէ նորմալ տեղեկություն ստանալ

Խառանշփոթ: Ահա այսպես կարելի է բնութագրել արտակարգ իրավիճակում հայաստանյան լրատվամիջոցների հրապարակած նյութերը. գրեթե բոլոր կայքերը տարբեր, իրար հակասող նյութեր են գրում, և հնարավոր չի լինում որևէ հստակ բան իմանալ:
Թարմ օրինակ: Հուլիսի 25-ին մի շարք կայքեր գրել էին, թե Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Բարեխիղճ կայքերը տեղադրել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը կամ փորձել էին այցելել և տեղում պարզել իրավիճակը:
Իսկ այն կայքերը, որոնք հայտնի են իրականությանը չհամապատասխանող վերնագրերի ընտրությամբ գրել էին «մեծ հրդեհ», «խոշոր հրդեհ» և նմանատիպ այլ վերնագրերով նյութեր: Ամենայն հավանականությամբ այս հոդվածները կունենան շատ ընթերցումներ և գովազդատուների միջոցով լրատվամիջոցը կունենա հավելյալ ֆինանսական եկամուտ:
Քանի որ տողերիս հեղինակը Վ.Բրյուսովի անվան համալսարանի ուսանող է, որոշեցի գնալ տեսնել, թե որքան է վնասվել համալսարանը և նյութ պատրաստել այդ մասին:
Եվ ի՞նչ պարզվեց: Արտաքինից երբեք չէիր ասի, թե քիչ առաջ այդտեղ «խոշոր հրդեհ» է եղել: Ուղղակի շինարարական աղբ էր վառվել, որի հետևանքով մեծ ծուխ էր եղել:
Մի օրինակ ևս բերենք: Հայ-ադրբեջական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին վերջին դիվերսիաների ժամանակ կայքերից մեկը լուր տարածեց, թե Վարդենիսի շրջանում 39 հոգի դիվերսանտ է մտել և թունավորել է խմելու ջուրը: Հետո պարզվեց իրականում այդ տարածաշրջանում 2-3 հոգի էին թունավորվել:
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, սակայն որոշենցինք մեջբերել ամենաթարմ օրինակները:
Լուսանկարը` Shamshyan.com-ի
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է: