21 июня 2012 г.

Երևանը վերափոխվում է





Վերջին ժամանակներս շրջելով Երևանի փողոցներում` կարելի է նկատել բազմաթիվ դրական փոփոխություններ: Ամառը սկսելուն պես՝ Երևանում սկսվել են մեծամասշտաբ շինարարական և այլ տեսակի աշխատանքներ: Մասնավորապես շրջելով քաղաքի կենտրոնում՝ ամեն անկյունում նկատում ես նստարաններ «Երևան» անունով: Մեծամասամբ լուծվել է նաև աղբի հարցը, քանի որ բոլոր տեղերում տեղադրվել են աղբարկղներ, որոնք օգնում եմ մաքուր պահել քաղաքը: Որոշ վայրերում նաև կարելի է տեսնել հատուկ պլաստիկ տարաների համար նախատեսված աղբամաններ:



Բարելավվել են նաև ճանապարհները: Եթե նկատել եք, քաղաքի բոլոր մասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ճիշտ ժամանակն է, քանի որ որոշ փողոցներում այնպիսի փոսեր կան, որոնք կարող են որպես խրամատ օգտագործվել: Հասարակական տրանսպորտով փողոցներում երթևեկելիս մեզ զգում էինք, ինչպես «Հաղթանակի» զբոսայգու ատրակցիոններից մեկում: Իսկ հիմա կարծես արտասահմանյան ճանապարհներով երթևեկենք՝ հարթ, հանգիստ, «առանց ատրակցիոնների» և ամենակարևորը՝ անվտանգ, քանի որ ավտովթարների մի զգալի մաս տեղի է ունենում փոսերից խուսափելու ժամանակ:


Նաև սկսվել է ծառատունկ, որը շատ օգուտ կբերի քաղաքի օդին: Այս շոգ օրերին մարդիկ մաքուր և պաղ օդի կարիք ունեն: Երբ զբոսնում ես քաղաքում՝ խեղդվում ես օդի պակասությունից, մեքենաների շարժիչների տաքությունից և արձակած վնասակար գազերից: Այդ պատճառով շատ մարդիկ ամռանը ուղղակի հեռանում են երկրից կամ քաղաքից: Անձամբ ես ապրում եմ Աջափնյակում և քաղաքից տուն գալիս այնպիսի տպավորություն է՝ կարծես վառվող անտառից մտել ես սառը ջրի մեջ: Այս և այլ պատճառներով շատ օգտակար է, որ նոր ծառեր ունենաք (եթե իհարկե որոշ մարդիկ նորերը տնկելուն զուգահեռ հները չկտրեն և իրենց անձնական օգտագործման համար պահեն):

Երևանը իսկապես շատ գեղեցիկ քաղաք է: Այն թանգարանների, գեղեցիկ շենքերի, ինչպես նաև նորագույն ճարտարապետական ստեղծագործությունների մի գեղեցիկ խառնուրդ է: Երեկոյան Կասկադի վերևից և այլ բարձր շինություններից նայելիս շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Ուղղակի պետք է պահպանել այդ գեղեցկությունը, և շատ լավ է, որ դա արվում է: Միայն այն, որ մարդիկ աղբը փողոցում գցելու փոխարեն գցում են աղբարկղերի մեջ՝ արդեն մեծ առաջընթաց է: Եթե այս տեմպերով շարունակենք՝ շատ շուտով կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխանող քաղաք, որն առավել շատ կգրավի զբոսաշրջիկների և այլազգի ճանապարհորդել սիրող մարդկանց: Յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքրիկ գործողություններով նպաստել քաղաքի ծաղկմանը: Այդ գործողություններից ամենակարևորն այն է, որ ուղղակի փորձենք մաքուր պահենք: Մնացածը ժամանակի հետ կլինի:

13 июня 2012 г.

Խնայեք մեր զինվորների մայրերին



Ս.թ. հունիսի 4-ին տարածաշրջանային այցելությամբ Հայաստան էր ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Չգիտեմ՝ զուգադիպություն էր դա, թե Քլինթոնին «արյունով» դիմավորելու միջոց՝ հունիս 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:  Սակայն ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվեց և տալով կորուստներ` հակառակորդը ետ մղվեց:

Ցավոք, դիամդրությունը չանցավ առանց զոհերի եւ վիրավորների: Զոհվեց 3 հոգի վիրավորվեց 6-ը: Բոլորի համար, կարծում եմ, շոկ էր այսպիսի լուր լսելը, քանզի շատ քչերը կպատկերացնեին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից հաշված ժամեր առաջ Ադրբեջանը կդիմի նման քայլերի:

Այսքանով չավարտվեցին Ադրբեջանի սադրիչ, նախահարձակ գործողությունները, որոնք միտում ունեն փոխելու տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն: Դիվերսիայի հաջորդ օրը՝ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձեցին կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, եւ տալով բազմաթիվ կորուստներ եւ վիրավորներ՝ նահանջել է:

Այս լուրը կարծես ամպրոպը լիներ խաղաղ երկնքում: Բոլորը սկսեցին կարծել, թե վերսկսվում է պատերազմը: Շատ, շատ մարդիկ սկսեցին դիմել պաշտպանության նախարարություն՝ կամավոր զորակոչվելու եւ դիրքեր մեկնելու համար: Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ դրա կարիքը չկա եւ հայ սահմանապահները վերահսկում են իրավիճակը:

Որ դա այդպես է՝ համոզվեցինք ադրբեջանական հաջորդ եւ կարծես, թե վերջին դիվերսիայի ժամանակ: Հունիսի 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը փորձ է արել ներխուժել ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը: Վնասազերծման գործողությունների ժամանակ զոհվել է 1 եւ վիրավորվել 2 հայ զինծառայող: Ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ ադրբեջանական կողմն այս բոլոր գործողությունների ընթացքում ունեցել է ավելի քան 25 զոհ:

Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին ընդամենը 8 զոհի մասին, բայց չգիտես ինչու՝ վերջին ժամանակներս Ադրբեջանի ԶՈՒ-ում շատացան ականի վրա պայթելու, զինծառայողների վրա բետոնե պանելներ ընկնելու դեպքերը: Կարծում եմ՝ հասկացալի է, թե որն է սրա նպատակը: Ադրբեջանցիները սովորություն ունեն թաքցնելու իրենց զոհերին: Եվ եթե նրանք հայտարարում են 8 զոհի մասին, ապա այդ թիվը հանգիստ կարող եք բազմապատկել 2-ով կամ 3-ով եւ կստանանք նրանց զոհերի իրական թիվը: Պարզ է, դիակները կան, դա փաստ է, դա չեն կարող թաքցնել: Բայց չեն կարող նաեւ հայտարարել, որ այդքան զոհեր ունեցել են այդ գործողությունների ժամանակ, քանի որ այդ դեպքում ադրբեջանական պղպջակները կպայթեին:


21 мая 2012 г.

Հայտնի նշանի՝ ծագման քիչ հայտի պատմությունը


Շրջելով Երևանի փողոցներում, շատ հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր կրում են այսպիսի «Olodum» նշաններով կոշիկներ, թևնոցներ, վզնոցներ, տաբատներ և այլն: Սակայն եթե նրանց հարցնեք, թե դա ինչ է նշանակում, 90%-ը կպատասխանեն, որ չգիտեն: Կատարելով որոշ հետազոտություններ՝ գտա այդ նշանի նշանակությունը: Խոստովանում եմ՝ առաջին պահին ապշել էի, քանի որ չէի կարող պատկերացնել, թե այդպիսի մեծ նշանակություն ունի: Ինձ էլ էր թվում, թե դա ուղղակի գեղեցիկ նշան է:

«Olodum»-ը մշակության խումբ է՝ հիմնված Բրազիլիայի Բահիա նահանգի մայրաքաղաք Սալվադորի աֆրոամերիկյան համայնքում: Այն հիմնադրվել է 1979 թվականին, հարվածային գործիքների կատարող Նեգուինո դո Սամբայի կողմից: Այս խումբն այդ քաղաքի բազմաթիվ խմբերից մեկն է և առաջարկում է մշակութային գործունեություն երիտասարդ մարդկանց, հատկապես երաժշտության մեջ: Այն նաև առաջարկում է թատերական  և այլ գործունություն: Այս խմբի նպատակներն են` պայքարը ռասիզմի դեմ, քաջալերելը աֆրոբրազիլացիների կողմից հարգված ցեղատեսակներին և պայքարը բոլոր փոքր խմբերի քաղաքացիական իրավունքների համար:

«Olodum»-ը լայն ճանաչում է ստացել է մի երաժշտական ժանրի` սամբա ռեգիի զարգացման և իր ակտիվ մասնակցության համար ամենամյա կառնավալներին: Նեգուինո դո Սամբան` գլխավոր երաժիշտը, ստեղծել է ավանդական բրազիլական սամբաների խառնուրդ՝ սալսայի, ռեգիի և մերինգուեի հետ 1986 թվականի կառնավալի համար: Այն հայտնի դարձավ որպես սամբա ռեգի: «Olodum»-ի նվագախումբը թողարկել է իր հեղինակային իրավունքներով ձայնագրություններ, որոնց մասնակցել են բազմաթիվ բրազիլացի աստղեր:

«Olodum»-ը կատարումներ է ունեցել Պաուլ Սիմոնի 1990 թվականի «The Rhythm of the Saints» ձայնասկավառակի երգերում և 1991 թվականի օգոստոսի 15-ի Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած համերգի ժամանակ:

1996 թվականին «Olodum»-ը հայտնվեց ծանր ռոքում` Սեպուլտրայի «Roots» ձայնասկավառակում:

1995 թվական «Olodum»-ը կարելի է տեսնել Մայքլ Ջեքսոնի «They don’t care about us» երգի տեսահոլովակում: Երաժշտությունը մի փոքր փոփոխվել էր, որպեսզի համապատասխանի «Olodum»-ի հարվածային գործիքներին:

«They don’t care about us»-ը Մայքլ Ջեքսոնի «HIStory: Past, Present and Future, Book I» ձայնասկավառակի 4-րդ կատարումն է: Միացյալ Նահանգներում մեդիան մեղադրել է երգչին հակասեմական բառերի համար, որը ստիպել է երգչին ներողություն խնդրել և նորից ձայնագրել երգն ուրիշ բառերով: Երաժշտական ժանրով այն ագրեսիվ հիփ-հոփ կատարում է:

Երգն ունեցել է երկու տեսահոլովակ Սպիկե Լեեի ղեկավարությամբ: Առաջինը նկարահանվել է Բրազիլիայի երկու տարբեր մասերում` Ռիո դե Ժանեյրոյի Դոնա Մարտա բնակավայրում և Սալվադոր դե Բահիայում: Տեղական հեղինակությունները փորձեցին արգելել նկարահանումը՝ վախենալով, որ այդ տեսահոլովակը կկործանի իրենց անունները, տարածքները և 2004 օլիպիական խաղերը կազմակերպելու նախադրյալները: Այնուամենայնիվ այդ տարածաշրջանների բնակիչներն ուրախ էին տեսնել երգչին` հույս ունենալով, որ իրենց խնդիրները տեսանելի կդառնան լայն հանրությանը:
Երկրորդ տեսահոլովակը նկարահանվել է բանտում և պարունակում է կադրեր, որոնք ցուցադրում են մարդու իրավունքների ոտնահարումներ: Նշեմ, որ այս 2-րդ տեսահոլովակի ցուցադրությունը արգելվել է, իսկ առաջինը կարելի տեսնել է երաժշտական ալիքներով:



Ահա շատ հակիրճ փորձեցի ներկայացնել հեղինակավոր խմբի մասին տվյալներ: Հուսով եմ, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը, կհասնեն նորանոր հաջողությունների և հայտնի կդառնան ամբողջ աշխարհում:

Երևի կարողացա հետաքրքրություն առաջացնել այս խմբի նկատմամբ, իսկ ովքեր որ կրում են այս խմբի նշանով զգեստներ, վերջապես կհասկանան այդ նշանի իմաստը: 

16 мая 2012 г.

Մեծ երգչի մեկ այլ մեծ գործը 25 տարեկան է


«Bad»-ի գլխավոր նկարը
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, «Գրեմմի» մրցանակի 13 անգամ, ինչպես նաև անթիվ այլ մրցանակների արժանացած, ողջ աշխարհում մեծ ընդունում և ճանաչում գտած, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի «Bad» ձայնասկավառակի 25-ամյակը: Ինչպես հիշում եք, որոշ ժամանակ առաջ գրել էի մի նյութ Ջեքսոնի ամենամեծ ձայնասկավառակի՝ «Thriller»-ի մասին, որի 30-ամյակն է լրանում այս տարի: Եվ այդ նյութի վերջում խոսք էի տվել, որ շուտով կլինի նաև «Bad»-ին նվիրված նյութս: Եվ ահա կատարում եմ խոստումս: Կարդալով նյութս՝ ձեզ համար, կարծում եմ, պարզ կլինի «Bad»-ի ինչպիսին լինելը, և իմ մեկնաբանությունների կարիքը չի լինի: Նյութի հետ կցված ներկայացնում եմ նաև տեսանյութեր, որոնց միջոցով կկարողանաք հասկանալ, թե խոսքը ինչի մասին է:

Նախաբան
 «The way you make me feel» 
«Bad»-ը ամերիկացի երգիչ, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի 7-րդ ձայնասկավառակն է: Ձայնասկավառակը թողարկվել է երգչի մյուս ձայնասկավառակից` «Thriller»-ից մոտավորապես 5 տարի անց, 1987 թվականի օգոստոսի 31-ին Էպիք Ռեքորդսի կողմից: «Bad»-ը վաճառվել է 45 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, և ճանաչվել է որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը: Հիշեցնեմ, որ այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է հենց «Thriller»-ը, որը վերջին տվյալներով վաճառվել է ավելի քան 145 միլիոն օրինակով: Ինչպես նախորդ ձայնասկավառակը, այնպես էլ այս մեկի ժանրերի մեջ մտնում են՝ փոփը, ռոքը և R&B-ն: «Bad»-ը ձայնագրվել է 1987 սկզբներում: Ձայնասկավառակի երգերից 5-ը զբաղեցրել են երաժշտական աղյուսակների առաջին տեղերը ԱՄՆ-ում, իսկ 6-րդը լավագույն տասնյակում է եղել: «Bad»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնը ավելի արտիստիկ ազատությամբ ստեղածագործեց, քան նախորդ երկուսում (Off the Wall և Thriller): Ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի և Քուինսի Ջոնսի վերջին համատեղ աշխատանքն էր:

Արտադրությունը և թողարկումը
«Smooth Criminal»
Ջեքսոնի նախորդ ձայնասկավառակները` «Off the Wall»-ը և «Thriller»-ը բավականին մեծ հաջողություններ ունեցան, վաճառվելով համապատասխանաբար 20 և 100 (80-ականների տվյալներով) միլիոն օրինակներով ամբողջ աշխարհում:

Ձայնագրումը տեղի է ունեցել 1987 թվականի հունվարի 5-ի և 1987 թվականի հուլիսի 9-ի միջև ընկած ժամանակահատվածում «Վեթլեյք Աուդիո» ձայնագրման ընկերությունում, որտեղ հատուկ փայտե բեմ էր կառուցվել, որը թույլ էր տալիս Ջեքսոնին պարել ձայնագրման աշխատանքների ժամանակ: Ձայնասկավառակը թողարկվել է 1987 թվականի օգոստոսի 31-ին: Սեպտեմբերի 26-ի դրությամբ այն զբաղեցրել էր Բիլբորդ 200-ի առաջին հորիզոնականը, այդ դիրքում մնալով 6 շաբաթ:

«Bad»-ը Մայքլ Ջեքսոնի թվով 3-րդ ամենաշատ վաճառված ձայնասկավառակն է «Thriller»-ից և «Dangerous»-ից հետո: Այն ժամանակ, երբ «Bad»-ը նոր թողարկվում էր «Thriller»-ը արդեն վաճառվել էր մի քանի միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Շուկայական մարտավարությունը ստիպեց Ջեքսոնին թողարկել ևս մի կարճամետրաժ ֆիլմ «Bad» համաշխարհային շրջագայության ժամանակ: Այդ ֆիլմը կոչվում է «Moonwalker», որը ներառում է կատարումներ «Bad-ի երգերից, ներառյալ «Speed demon»-ը և «Leave me alone»-ը: «Man in the Mirror»-ը և «Smooth Criminal»-ը հետագայում թողարկվեցին որպես առանձին տեսահոլովակներ ֆիլմի վերջնամասում: