8 апреля 2015 г.

Գերման Ավագյան. «Այսօրվա օրենքով գրագողության դեմ պայքարելն անիմաստ է»

«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կայք բացում, եթե չեն կարող նյութերով ապահովել: Փաստորեն, օրենքը ցանկացած մարդու թույլ է տալիս կայք բացել եւ ուրիշների հասցեին վիրավորանքներ գրել: Ու այդ կայքերում, բացի  էլեկտրոնային փոստի հասցեից, ոչինչ չկա, եւ դու նրանց դեմ ոչինչ չես կարող անել: Ինձ թվում է, եթե նյութ չունես, ֆոտո չունես, գրելու բան չունես՝ պետք է թերթ չտպես»,- անդրադառնալով լուսանկարների գողության դեպքերին, ասաց ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Նա կարծում է, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում հստակ ամեն ինչ գրված է. «Ուղղակի պետք է կարդալ: Օրենքում գրված է, որ վերահրապարակելու համար պետք է հարցնել հեղինակի թույլտվությունը, բայց ոչ ոք չի հարցնում»:

Ըստ Գերման Ավագյանի, օրենքում կա միայն մի խնդիր, որն անիմաստ է դարձնում գրագողության դեմ պայքարելը: Դա փոխհատուցում պահանջելու սահմանափակումն է: Պարոն Ավագյանը առաջարկում է հանել այդ սահմանափակումը. «Օրենքում նախատեսվածը, եթե չեմ սխալվում, 300 դոլարից չի անցնում: Եթե այդ սահմանը հանվի, կարող է շարժ լինել: Օրինակ` եթե ես դատի տամ մեկին եւ շահեմ 300 դոլար ու փաստաբանի գումարը, դատարանը հաշվի չի առնի, որ ես ազատ լուսանկարիչ եմ, աշխատավարձ չեմ ստանում: Ես պետք է ե՛ւ տուն պահեմ, ե՛ւ մեքենա պահեմ՝ գնամ հասնեմ այդ տեղը: Դա ավելի մեծ գումար է: Բացի այդ, կա հնարավոր եկամտի հարցը: Դա այն է, երբ, օրինակ, իմ անունը չի դրվում, եւ 50.000 հոգի լուսանկարը նայում է առանց իմ անունի»:

Ազատ լուսանկարիչը քիչ ֆինանսական միջոցներ ունեցող կայքերի հետ աշխատանքի նոր մեթոդ է մշակել. «Ես նրանց առաջարկում եմ իմ անունը հիպերհղումով լինի, որ սեղմեն դրա վրա եւ տեղափոխվեն իմ կայք: Դա փոխշահավետ գովազդի ձեւ է: Ես գիտեմ, որ եթե իրենք վճարեն, կոպեկներ են տալու: Ես 10 տարի առաջ եմ հասկացել, որ լուսանկարիչը մեր մամուլում չի կարող գումար վաստակել»:

Գերման Ավագյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր լուսանկարների վրա տարբերանշան չի տեղադրում, որպեսզի պաշտպանի գողությունից: Նա ասաց, որ երբեմն տեղադրում է, բայց՝ «երբեմն էլ էնպիսի մարդկանց նկար է լինում, որ ինձ թույլ չեմ տալիս դնել: Շատերը լոգո են դնում իրենց գործակալության, նույնիսկ ուրիշի նկարների վրա: Դա ձեւ է, բայց ժամանակ է պահանջում եւ լուսանկարները գնահատողներին զայրացնում է: Ես չեմ կարող, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանի նկարի վրա լոգո դնել, ուղղակի ինձ թույլ չեմ տա այդպիսի բան: Դնելուց էլ դնում եմ ներքեւի անկյունում եւ շատ հեշտ է կտրելը»:

Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց լուսանկարիչ Էդգար Բարսեղյանի դեպքը: Կայքերից մեկն առանց թույլտվության օգտագործել էր նրա լուսանկարներից մեկը: Ու թեեւ հետո լուսանկարը հեռացրել էին եւ ներողություն խնդրել, լուսանկարիչը մտադիր է փոխհատուցում չստանալու դեպքում դիմել դատարան: Լրատվական այդ կայքի փաստաբանն էլ, ըստ media.am-ի հրապարակման, պատասխանել է, թե լուսանկարը կայքից հեռացնելով՝ վերականգնվել է նաեւ լուսանկարչի խախտված իրավունքը:

Անդրադառնալով այս դեպքին՝ Գերման Ավագյանն ասաց, որ ողջունում է Էդգարի քայլը. «Եթե Էդգարն ի վերջո որոշի դատի տալ, ինձ թվում է, կունենա հաղթելու հնարավորություն: Ես ողջունում եմ, որ ինքը պատրաստ է իր ժամանակը ծախսել նման բաների վրա»:

Նա նշեց, որ չի կարող իր գործընկերոջը դատի տալ. «Ում որ ես կուզենայի դատի տալ, չկան: Ոչ մի ֆիզիկական հասցե նշված չէ, որ ես դիմեմ: Նամակ եմ գրել եւ ոչ մի պատասխան չեմ ստացել: Իսկ նախկին գործընկերոջս դատի տալով միլիոնատեր չեմ դառնա, բայց ես էլ, ինքն էլ խայտառակ կլինենք: Մենք պետք է դաշտը մաքրենք: Միայն լուսանկարների դաշտում չէ խնդիրը, տեքստերի հետ էլ խնդիրներ կան»:

Գերման Ավագյանը վերջերս Ֆեյսբուքում բացել է «Ոչ ֆոտոգողությանը» խումբը: Մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարը առաջացել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում. «Առաջին քայլն անելու համար որոշել ենք նման բաներով զբաղվողների անունները գրել»:

Սակայն Գերման Ավագյանը այս խմբից մեծ ակնկալիքներ չունի:

Լուսանկարը (հեղինակ՝ Արա Շիրինյան) վերցված է Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջից եւ օգտագործվում է նրա թույլտվությամբ: 

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ  Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

15 марта 2015 г.

Հայկական «Eyecare+» ծրագիրը կստուգի ձեր տեսողությունը եւ կբացահայտի խնդիրները. Aravot.am

«Sourcio IT Consulting» կազմակերպությունը սկսել է գործել 2005 թվականից: Ի սկզբանե զբաղվել է ծրագրավորմամբ, հիմնականում այլ կազմակերպությունների համար: Աշխատել են Ամերիկայի եւ Եվրոպայի շուկաներում, ունեցել են հաճախորդներ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, նույնիսկ Ավստրալիայում: Այժմ նրանք սեփական գործունեություն են ծավալել, սեփական ծրագրեր են արտադրում: Դրանցից մեկն է աչքերի տեսողության ստուգման «Eyecare+» հավելվածը: Ծրագիրը թեստերի միջոցով կարողանում է ստուգել օգտատերերի աչքերը եւ բացահայտել խնդիրները:

«Eyecare+»-ը նաեւ փորձում է մարդկանց իրազեկել՝ ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ աչքին հարված ստանալու դեպքում եւ այլն: Այն հիմնականում ինչ-որ վիզուալ պատկերներ է ցույց տալիս օգտատերերին եւ վերջիններս պետք է պատասխանեն ինչ են տեսել կամ ինչպես են տեսել եւ այլն: Այսինքն` վերջնական արդյունքը կախված է մարդկանց ուշադրությունից եւ առաջադրանքները ճիշտ կատարելուց: «Մենք նաեւ շարժական պատկերներ ենք ցուցադրում: Մարդիկ պետք է նայեն էկրանին կամ կատարեն մեր հրահանգները, օրինակ` փակեն եւ բացեն աչքերը եւ այլն: Մնացած մասը ինֆորմատիվ մաս է, պետք է պարզապես ընթերցեն նյութերը: Դրանք մենք տալիս ենք ռուսերենով եւ անգլերենով»,- մեզ հետ զրույցում ասաց կազմակերպության տեխնիկական տնօրեն Արամ Մխիթարյանը:

«Sourcio IT Consulting» կազմակերպության փոխնախագահ Պավել Սնխչյանը նշում է, որ 8 ամսվա ընթացքում ունեցել են արդեն 160.000 եւ ավելի ներբեռնումներ եւ օրական 10.000 ակտիվ օգտատերեր. «Ծրագրում ունենք հարցեր բժշկին բաժինը, որտեղ ցանկացած օգտատեր կարող է աչքերի հետ կապված հարց տալ: Հիմա ամսական 1000-ից ավելի հարցեր ենք ստանում»: Կազմակերպության փոխնախագահը նաեւ հավելեց, որ իրենք աշխատում են երեք պրոֆեսիոնալ ակնաբույժների հետ, որոնք օգնում են բարձրակարգ ծառայություն մատուցել. «Այսինքն` մենք պրոֆեսիոնալ մակարդակով ենք պատասխանում հարցերին»: Հեղինակները նաեւ նշեցին, որ բացի երեք բժիշկներից, ծրագրի վրա աշխատում է 7 հոգի:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

14 марта 2015 г.

Սոցիալական ցանցերի 21 ամենակարեւոր կանոնները

Thenextweb.com կայքը ներկայացրել է սոցիալական ցանցերը օգտագործողների համար 21 ընդհանուր կանոններ:

Բոլոր սոցիալական ցանցերի համար

1. Օրվա մեջ մի քանի անգամ նյութեր տարածեք, բայց որոշակի ժամանակ դադար տալով:
2. Բոլոր մեկնաբանություններին հնարավորինս արագ պատասխանեք:
3. Իմացեք հեշթեգերի արվեստը: 1 հեշթեգը նորմալ է, 10-ը՝ ոչ:
4. Միշտ պահել 80/20-ի օրենքը: Զվարճացրեք եւ տեղեկացրեք ձեր լսարանին սկզբում, հետո վաճառեք:
5. Հոգնակիով խոսեք Ձեր կազմակերպության մասին (Մենք, Մեզ):

Twitter-ի համար

6. Ձեզ հետեւող մարդկանց ավտոմատ կերպով անձնական նամակ մի ուղարկեք:
7. 140 նիշերը ամբողջությամբ մի օգտագործեք: Մարդկանց տարածք թողեք պատասխանելու համար:
8. Մի գողացեք ուրիշ ընկերության հեշթեգը:
9. Մի գնեք հետեւողների:
10. Ձեր գրառումները բանալի բառերով մի լցրեք

Facebook-ի համար

11. Մի լայքեք ձեր գրառումները:
12. Ձեր երկրպագուների, հաճախորդների կամ աշխատողների նկարներ մի տեղադրեք կամ նշեք նրանց առանց թույլտվության:
13. Ձեր գրառումներում մի նշեք մարդկանց կամ էջեր, որոնք կապ չունեն Ձեզ հետ:
14. Լայքեր, մեկնաբանություններ կամ տարածել մի խնդրեք:

Google+

15. Մարդկանց գրառումներին մեկնաբանություններ անելիս միշտ +-ով գրեք մարդկանց անունները:
16. Երբ գրառում եք տարածում, միշտ Ձեր մեկնաբանությունը ավելացրեք դրան:
17. Թիրախավորված տարածեք Ձեր գրառումները:
18. Օգտագործեք տեքստը ձեւավորելու Google+-ի հնարավորությունը. bold, italics եւ strikethrough:

Instagram

19. Մարդկանց մի խնդրեք հետեւել Ձեզ կամ օգտագործել #tagsforlikes-ի նման հեշթեգեր. դա ոչ պրոֆեսիոնալ է:
20. Շատ նկարներ մի տեղադրեք: Ոչ ոք չի սիրում իր էջում մեկ օգտատիրոջ տեղադրածները տեսնել միայն:
21. Ձեր բրենդի համար համապատասխան ձեւով հեշթեգեր օգտագործեք: Հեշթեգերի ոսկե թիվը 11-ն է:

13 марта 2015 г.

Apple Watch-ի 12 գործառույթ, որ չունի Android Wear-ը (ֆոտոշարք)

Այն բանից հետո, երբ Apple աշխարհին ներկայացրեց Apple Watch-ի վերջնական տարբերակը, այն հարցը, թե որ սմարթ ժամացույցն է «ամենախելացին» կրկին արդիականություն է ձեռք բերել: Android Wear-ով թողարկվող ամենաշատ քննարկված սարքերը թողարկել են Samsung-ը, LG-ն, Asus-ը եւ Huawei-ն: Google համակարգով աշխատող սարքերի քանակը արագ աճում են: Այդ պատճառով տվյալ պարագայում կա անհրաժեշտություն խոսելու Apple Watch մրցակցության մասին այլ մոդելների հետ:

Macdigger.ru-ն ներկայացրել է Apple Watch-ի 12 գործառույթ, որ չունի Android Wear-ը:

Զանգ ընդունելու եւ կատարելու հնարավորություն
Apple Watch-ում տեղադրված բարձրախոսը եւ խոսափողը թույլ են տալիս զանգեր կատարել: Իսկ եթե խոսակցությունը երկար է տեւելու կարելի է հեշտությամբ տեղափոխվել iPhone-ով խոսելու: Զանգը անջատելու համար պետք է ուղղակի սարքը ձեռքով ծածկել:


Էկրանին ձեռքով նկարելու հնարավորություն

Apple-ի սարքերը օգտագործողները կարող են բառեր չօգտագործել: Digital Touch գործառույթի շնորհիվ էկրանին կարելի է ցանկացած նկար նկարել, որը կհայտնի Ձեր զրուցակցի ժամացույցի էկրանին: Նա նույնպես Ձեզ կարող է նկարով պատասխանել:


Թվային կոճակի միջոցով կառավարել սարքը

Digital Crown թվային կոճակը հնարավորություն է տալիս բարձրացնել եւ իջեցնել, մեծացնել եւ խուսափել էկրանը ձեռքով ծածկելուց:


Apple Watch օգտագործող ծանոթին սրտի զարկեր ուղարկել

Եթե երկու մատերը հպեք Apple Watch-ի էկրանին, սարքում տեղադրված կարդիոմոնիտորը կձայնագրի Ձեր սրտի զարկերը, որը կարող եք փոխանցել ուրիշին: Դա կարող է օգնել ցույց տալ, թե ինչ եք զգում:


Տվյալների փոխանակում Wi-Fi-ով

iPhone-ը ձեռքի համակարգչին միացնելու համար պարտադիր չէ Bluetooth օգտագործել: Ժամերը կարող են տվյալներով փոխանակվել սմարթֆոնի հետո Wi-Fi ցանցին միանալու միջոցով: Եթե հեռախոսից հեռու գնաք, սարքը ավտոմատ կմիանա Wi-Fi ցանցին


Հպումների ուղարկում ուրիշ Apple Watch-երի

Ցույց տվեք սիրելիներին եւ ընկերներին, որ դուք իրենց հիշում եք փոխանցելով մի շարք թեթեւ, անձայն հպումներ, որը նրանք կզգան իրենց ձեռքերին:


Էկրանի պարունակության փոփոխություն

Android Wear օգտագործողները էկրանի պարունակությունը կարող են փոխել Google Play-ից նորերը քաշելով: Իսկ Apple ժամերը օգտագործողները կարող են փոխել օգտագործելով պատրաստի տարբերակները. ավելացնել եղանակ, վայրկյանաչափ ամսաթիվ եւ այլն:


Վճարումներ NFC-ի միջոցով

Apple Watch ապահովում է Apple Pay էլեկտրոնային վճարումների համակարգը: Վճարում իրականացնելու համար օգտատերը պետք է սարքը մոտեցնի վճարային տերմինալին, որից հետո սարքի էկրանին կհայտնի վճարման քարտը եւ կարիք կլինի միայն հաստատել գործարքը:


Force Touch

Apple Watch-ի Retina էկրանը Force Touch տեխնոլոգիայով կտարբերակի հպումները եւ սեղմումները, որի միջոցով ավելի արագ եւ հեշտ կլինի տարբեր գործողություններ կատարել:


Անիմացիոն սմայլիկների ուղարկում

Apple Watch կարող է գուշակել Ձեր պատասխանը հաշվի առնելով Ձեր նամակագրությունը եւ շատ օգտագործվող բառերը: Սեղմեք Apple Watch-ի էկրանին եւ սարքը ցույց կտա պատասխանի պատրաստի տարբերակները: Սմայլիկները շատ-շատ են:


Taptic Engine

Taptic Engine նորագույն տեխնոլոգիան թույլ է տալիս ձեռքի թեթեւ հպումով ստանալ ծանուցումներ եւ նամակներ:


Ձայնային հաղորդագրությունների ուղարկում

Նամակը հավաքելու փոխարեն կարելի է ձայնագրել եւ ուղարկել զրուցակցին: