27 июля 2014 г.

Արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր չէ նորմալ տեղեկություն ստանալ

Խառանշփոթ: Ահա այսպես կարելի է բնութագրել արտակարգ իրավիճակում հայաստանյան լրատվամիջոցների հրապարակած նյութերը. գրեթե բոլոր կայքերը տարբեր, իրար հակասող նյութեր են գրում, և հնարավոր չի լինում որևէ հստակ բան իմանալ:
Թարմ օրինակ: Հուլիսի 25-ին մի շարք կայքեր գրել էին, թե Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Բարեխիղճ կայքերը տեղադրել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը կամ փորձել էին այցելել և տեղում պարզել իրավիճակը:
Իսկ այն կայքերը, որոնք հայտնի են իրականությանը չհամապատասխանող վերնագրերի ընտրությամբ գրել էին «մեծ հրդեհ», «խոշոր հրդեհ» և նմանատիպ այլ վերնագրերով նյութեր: Ամենայն հավանականությամբ այս հոդվածները կունենան շատ ընթերցումներ և գովազդատուների միջոցով լրատվամիջոցը կունենա հավելյալ ֆինանսական եկամուտ:
Քանի որ տողերիս հեղինակը Վ.Բրյուսովի անվան համալսարանի ուսանող է, որոշեցի գնալ տեսնել, թե որքան է վնասվել համալսարանը և նյութ պատրաստել այդ մասին:
Եվ ի՞նչ պարզվեց: Արտաքինից երբեք չէիր ասի, թե քիչ առաջ այդտեղ «խոշոր հրդեհ» է եղել: Ուղղակի շինարարական աղբ էր վառվել, որի հետևանքով մեծ ծուխ էր եղել:
Մի օրինակ ևս բերենք: Հայ-ադրբեջական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին վերջին դիվերսիաների ժամանակ կայքերից մեկը լուր տարածեց, թե Վարդենիսի շրջանում 39 հոգի դիվերսանտ է մտել և թունավորել է խմելու ջուրը: Հետո պարզվեց իրականում այդ տարածաշրջանում 2-3 հոգի էին թունավորվել:
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, սակայն որոշենցինք մեջբերել ամենաթարմ օրինակները:
Լուսանկարը` Shamshyan.com-ի
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

2 июня 2014 г.

Որոշ մարդիկ անօրինական կերպով արջ են պահում, իսկ պատկան մարմինները քնած են

«Կենդանաբանական այգու հիմնական խնդիրներից մեկը արտաքին պարիսպների բացակայությունն է: Դրա պատճառով յուրաքանչյուր մարդ կամ կենդանի կարող է ազատորեն մտնել եւ դուրս գալ այգի»,- այս մասին մոտ երեք ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 
Այս հարցազրույցը հիշեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության մայիսի 27-ի գիշերը հրապարակած հաղորդագրությունը կարդալուց հետո: Հիշեցնենք, որ այդ օրը Հալաբյան փողոցում արջ է հայտնաբերվել: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: 
Իսկ, ո՞րտեղից է այդ արջը եկել Հալաբյան փողոց: Հաշվի առնելով կենդանաբանական այգում արտաքին պարիսպների բացակայությունը, առաջին վարկածը եղավ այն, որ կենդանին փախել է կենդանաբանական այգուց եւ ձորով եկել է Հալաբյան փողոց: Այս վարկածը, սակայն, շատ արագ հերքեց այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը: 
Մյուս վարկածն այն էր, որ արջը պատկանել է 1980-ականներին Սպիտակի քաղաքապետ Նորայր Մուրադյանին: Վերջինս այժմ Ռուսաստանում է եւ արջին հանձնել է Հալաբյան փողոցում տեղակայված «Սպիտակ» կենտրոնի պահակ Հրաչ Ավետիսյանին: 
Սակայն այս վարկածը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հրաչ Ավետիսյանը: Պահակի խոսքերով՝ ինքը արջին կիսամեռ վիճակում մոտ մեկ ամիս առաջ գտել է Սպիտակի մայրուղու հարակից տարածքում՝ պահել եւ մեծացրել է: 
Այստեղ հարցն այն չէ, թե ում է պատկանում կենդանին: Այլ՝թե արդյո՞ք այդ մարդը գիտի, որ այս կենդանին «Կարմիր գրքում» գրանցված անդրկովկասյան գորշ արջ է: «Կենդանական աշխարհի մասին» օրենքով անհատներին թույլատրվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պահել, միայն եթե կան համապատասխան պայմանները: 
Մի քիչ կասկածելի է թվում, թե ինչպե՞ս կարող էր «Սպիտակ» կենտրոնում աշխատող պահակը ապահովել այդ պայմանները: Հայտնի է, որ այս կենդանիներին օրական մի քանի կիլոգրամ սնունդ, բավականին մեծ, սակայն ճաղերով փակված տարածք եւ հատուկ խնամք է անհրաժեշտ:
Եթե նույնիսկ Հրաչ Ավետիսյանը կարողացել է ապահովել այդ պայմանները, նա պետք է տեղեկացներ համապատասխան մարմիններին, որ իր մոտ այդպիսի կենդանի կա: Այդ կենտրոնում օրական մի քանի հարյուր փոքր երեխաներ են գնում մարզվելու: Կարիք չկա նշելու, թե ինչ կարող էր պատահել, եթե արջը ցերեկը դուրս պրծներ իր վանդակից:
Այս ամենի պատճառը, մեր կարծիքով, բնապահպանական ոլորտում տիրող ամենաթողությունն ու բնապահպանության նախարարության անգործությունն է: Բավական է համացանցում մի փոքր ժամանակ անցկացնել, որպեսզի տեսնես քանի այդպիսի դեպքի մասին են ահազանգել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ քանիսն են արձագանք ստացել համապատասխան գերատեսչությունների կողմից: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի ռեստորանների սեփականատերեր, այսպիսի արջերի են բռնել եւ պահել իրենց ռեստորաններում, որպեսզի հաճախորդների մեծ հոսք առաջանա: 
Հայաստանում կենդանիների որսի վերահսկողություն ու սահմանափակում նույնիսկ չի գործում: Դրա վառ ապացույցն այն է, որ մարդիկ օրը ցերեկով մտնում են «Խոսրովի արգելոց», որս են եւ կերուխում են անում եւ հանգիստ հեռանում են: Իսկ պատկան մարմինները անգործության են մատնված: 
Չի բացառվում, որ Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը պատկանում է Հրազդան գետի շրջակայքում գտնվող ռեստորաններից մեկին: Ուղղակի վերջիններս մամուլի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար «համոզել են» Հրաչ Ավետիսյանին, որ հանդես գա որպես արջի սեփականատեր:
Կա մի հանգամանք, որը մեզ կասկածելի թվաց: Լավ, այդ ինչպե՞ս եղավ, որ արջը մի ամիս ապրեց կենտրոնի տարածքում եւ ոչ ոք չնկատեց նրան: Իսկ եթե նկատել են եւ չեն տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա պետք է պատժվեն ՀՀ քրեական օրենսգրքի «իմանալ-չհայտնելու» հոդվածով: 
Կարծում ենք, որ Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունը պետք է այս խնդրի առնչությամբ խորը քննությունն անցկացնեն եւ պատժեն մեղավորներին, որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը:  
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:
Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

23 мая 2014 г.

Հեծանվամարաթոն՝ Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտին օգնելու համար

Մայիսի 24-ից սկսած 7 օրվա ընթացքում հեծանվորդների խումբը կանցնի շուրջ 400 կմ,  Երևան-Ապարան-Գյումրի-Վանաձոր-Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով:
Մայիսի 24-30-ը Հայաստանում տեղի կունենա «Bike-a-thons» 15-րդ հեծանվարշավը, որն այս տարի կրում է «Տպավորիչ ուղղություն Հայաստանով» անվանումը: 
Հեծանվարշավը կազմակերպել են Հույսով լի Հայաստանի Համար Հեծանվարշավախումբը և Հայաստանի Հեծանվավազքի Խմբի և Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովը:
Հեծանվամարաթոնի կազմակերպիչ, Անահիտ Երեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իրենց նպատակը Ֆիզիկայի ինստիտուտի վրա ուշադրություն գրավելն է. 
«Մարդիկ տեսնում են, հետաքրքրվում են, իրենց ընկերներին են հրավիրում եւ հաճախ միանում են մեզ: Տիեզերական ճառագայթների բաժանմունքի երիտասարդները նույնպես շատ ոգեւորված են այս միջոցառումով: Նրանք էլ են ամսի 24-ից մեզ միանալու»:
«ԱՄՆ-ում գործող ձեռնարկատերերը, գործարարները  տարեկան 50.000 ԱՄՆ դոլար են փոխանցում Երևանի Ֆիզիկային Ինստիտուտին: Այդ գումարը ծախսվում է նորագույն տեխնիկա գնելու համար»,- այս մասին Mynews.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:
Պարոն Չիլինգարյանը այս հանգամանքը կապում է Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովի կատարած աշխատանքի հետ: «Նրանք Ամերիկայում համերգներ են կազմակերպում, հանգանակություններ են կատարում եւ մեծ գումարներ է հավաքվում: Իսկ գնված տեխնիկան էլ իրենց հետ բերում են Հայաստան»:
Բացի ԱՄՆ-ում իրականացված միջոցառումներից Հույսով լի Հայաստանի Համար Հեծանվարշավախումբը, Հայաստանի Հեծանվավազքի Խմբի և Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ Հայաստանում կազմակերպում է հեծանվամարաթոն: 
Հայաստանի հեծանվային սպորտի հրչակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը, ով արդեն երեք տարի է ղեկավարում է արշավը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումները մեծ արդյունքներ են ունենում իրենց սաների համար: «Նրանք օրեկան 60-70 կիլոմետր տարածք են անցնում, դա լավագույն միջոցն է մարզվելու համար»:
Միջոցառման մանրամասների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

15 мая 2014 г.

Եվրոպայի օրը կնշվի Գյումրիում և Երևանում

Պատկերացրեք, դուք կարող եք մուտք գործել Հայաստանում Եվորպական միության երկրները ներկայացնող յուրաքանչյուր դեսպանատուն՝ ծանոթանալ դեսպանատան գործունեությանը, անձամբ հանդիպել դեսպաններին և անմիջականորեն ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, զրուցել աշխատակիցների հետ:
Այս հնարավորությունը շուտով կընձեռվի ձեզ. Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանատներում, Եվրոպայի առթիվ կազմակերպված տեղեկատվական շաբաթի շրջանակներում՝ մայիսի 19-23-ը, տեղի կունենա բաց դռների օր:
2010 թվականից սկսած ամեն տարի Հայաստանում անցկացվող եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթը բոլոր հետաքրքրվածներին թույլ է տալիս դիտել տեղեկատվական ցուցահանդեսներ, ֆիլմեր, մասնակցել մշակութային միջոցառումների, խաղ-մրցույթներ և այլն:
Այս տարի տեղեկատվական շաբաթը կանցկացվի մայիսի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումները կմեկնարկեն Գյումրիում մայիսի 17-ին և կամփոփվեն Երևանում՝ մայիսի 24-ին անցկացվող տեղեկատվական ցուցահանդեսով և համերգով:
Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Եվրոպայի օրվա պատմություն
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը, ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:Եվրոպայի օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք ԵՄ պաշտոնական կայք:
Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է 2010 թվականից: 2013 թվականին Հայաստանում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Երևանում և Գյումրիում մայիսի 25-ին, նախորդող և հաջորդող օրերին: ԵՄ պատվիրակությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Քաղաքի կենտրոնում անցկացվում էին նաև եվրոպական մշակույթը ներկայացնող պարի վարպետության դասեր, մրցույթներ և խաղեր: