22 сентября 2012 г.

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունն ավարտված է, թշնամին՝ ոչնչացված (բացառիկ տեսանյութ)


Սեպտեմբերի
19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ:


«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, զորավարժության մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության, Միավորված շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ԱՊՀ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդներ, ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Զորավարժությունների ավարտից հետո լավագույն ցուցանիշներ ցույց տված զինվորականները պարգևատրվել են ՀԱՊԿ հատուկ շքանշանով, պատվոգրերով և հուշանվերներով, որոնք հանձնել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Նրանց շարքում են եղել նաև ՀՀ բանակի զորամասերի հրամանատարներ, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ:



11 сентября 2012 г.

Խորհուրդներ զինվորներին


Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: 

Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: Գրքույկը կրում է «Առողջության, առաջին օգնության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մատչելի խորհուրդներ զինվորին» անվանումը և նպատակ ունի զինվորին սովորեցնել ինչպես գործել առողջական այս կամ այն խնդիրների ի հայտ գալու դեպքում: Այս 56 էջանոց գրքույկում մատչելի կերպով ներկայացված է, թե ինչպես պետք է զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Բացի այդ, գրքույկում ուշադրություն է դարձված արտաքին միջավայրի ազդեցությանը օրգանիզմի վրա, առաջին օգնությանը դժբախտ պատահարների, շնչառության խանգարման դեպքում և հանկարծահաս հիվանդագին վիճակներում, ինչպես նաև  կոտրվածքների, սրտի կանգի, այրվածքների,  էլեկտրահարությունների, թունավոր միջատների և օձերի խայթոցի  ժամանակ: Գրքույկի մեկ այլ բաժնում մանրամասն նկարագրված են սուր աղիքային և սուր շնչառական հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները: Վերջին գլխում նկարագրված են որոշ ախտանիշներ և դրանց հնարավոր պատճառները: Նշենք, որ ամեն մի դեպքի նկարագրության և առաջին բուժօգնության մասին հատվածում նշված է, որ զինվորը պարտավոր է իր կամ համածառայակից ընկերոջ առողջական խնդիրների դեպքում՝ առաջին բուժօգնությունից հետո դիմել զորամասի բուժկետ կամ մոտական բժշկական հաստատություն: 

Այս գրքույկը զինվորներին դժբախտ պատահարներից հեռու պահելու մի փորձ է: Այն նաև կոչ է զինվորներին` առողջական խնդիրների դեպքում չփորձել թաքցնել հիվանդությունը կամ ինքնուրույն բուժվելու փորձ անել: 

Այն վերջին ժամանակներս զինվորների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկված հերթական քայլն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ պարբերաբար կազմվում են բազմաթիվ նմանատիպ գրքույկներ՝ զինվորի ապահովության և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:  

Զինվորը լավ սերտելով և մշտապես ձեռքի տակ ունենալով այս գրքույկը` հեռու կմնա ծանր դեպքերից և կկարողանա առողջ և ապահով ծառայություն տանել: Գրքույկը հատկապես օգտակար կլինի մարտական հերթապահության ժամանակ, քանի որ շատ ժամանակ հենակետում զինվորները ունենում են առողջական խնդիրներ ցրտից, երկար կանգնելուց, թունավոր միջատների, սողունների խայթոցից. ծայրահեղ դեպքերում զինվորը պետք է իմանա ինչպիսի կանխարգելիչ միջոցների դիմի մինչև օգնության հասնելը: 

Հ.Գ. Այս նյութս տեղ է գտել «Հենարան».am, «Հրապարակ».am, «Սլաք».am կայքերում, ինչպես նաև պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում:

7 сентября 2012 г.

Այսպիսին է մեր հերոսը


Մի քանի օր առաջ ամբողջ մամուլում տարածում գտան հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և նրա`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալու լուրերը: Դա կարծես սառը ցնցուղ լիներ Հայաստանի գլխին: Ադրբեջանն իր այս քայլով խախտեց մի շարք օրենքներ, այդ թվում` իր իսկ սահամանադրությունը: Այսպիսով ադրբեջանկան տոտանլիտար ռեժիմի հերթական արկածախնդրությունը դարձավ ողջ քաղաքակիրթ երկրների քննադատության առարկան: Կարծես թե ամեն ինչ խոսում էր Ադրբեջանի դեմ, բայց այդպես չէ: Ինչպես լինում է միշտ, նմանատիպ  իրավիճակներում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնք պաշտպանում են Սաֆարովին: Ցավալին այն է, որ այդպիսի հոդվածներ եղան նաև մեր երկրի մամուլում: Մասնավորապես հոդվածներից մեկում կոչ էր արվում հանգիստ թողնել Սաֆարովին, քանզի մենք էլ ունենք մի քաղաքացի, որն վաղաժամկետ ներման էր արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից և որպես հերոս վերադարձել Հայաստանի Հանրապետություն: Կարճ ներկայացնենք Վարուժանի պատմությունը մանրամասն պատկերացում կազմելու համար իրավիճակի մասին: 

Վարուժան Կարապետյանը 1983 թ.-ի հուլիսի 15-ին Փարիզի Օրլի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրում ճամպրուկով՝ թուրքական ավիաընկերության օդանավ պայթեցնելու նպատակով: Չվերթը հիմնականում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների համար էր: Թռիչքը հետաձգվում է: Պայթյունը տեղի է ունենում ոչ թե օդում, այլ' օդանավակայանում: Զոհվում է 8 անմեղ մարդ, որոնցից թուրք ընդամենը երկուսը, 4-ը ֆրանսիացի, 1 շվեդ ու 1 ամերիկացի: Վիրավորվում է 65 քաղաքացի: Դատը Ֆրանսիայում է կայանում: Արդարադատությունը Վարուժան Կարապետյանին դատապարտում է ցմահ ազատազրկման: 2001 թ., ապրիլի 24-ին 18 տարի բանտարկությունից հետո Վարուժան Կարապետյանը Ֆրանսիայի հայ համայնքի և իր գաղափարակից ընկերների տարբեր ճնշումների շնորհիվ ազատվում և ուղարկվում է ՀՀ: Մայիսի 4-ին Կարապետյանը հանդիպում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Անդրանիկ Մարգարյանը հայտնում է, որ շատ ուրախ է վերջապես հերոսին տեսնել հայրենիքում ու ազատության մեջ, իսկ Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստանում է հերոսին ապահովել աշխատանքով և բնակարանով: 

Եվ ահա հիմք ընդունելով այս փաստը, որոշ լրագրողներ փորձում են, կոպիտ ասած, փակել հայերի բերանը, բայց նրանք հաշվի չեն առնում մի հանգամանք: Այս երկու դեպքերը լիովին տարբեր են և ընդհանուր եզրույթներ փնտրելը նրանց մեջ ուղղակի տգիտության հետևանք է: Ռ.Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել է ռասիստական խտրականության, էթնիկ, ազգային պատկանելիության, ատելության հողի վրա: Իսկ Վ.Կարապետյանի դեպքը լրիվ այլ է: Նրա դրդապատաճառները այդպիսի քայլի դիմելու լրիվ այլ են: Մի մեջբերում անենք իր վերջերս արած հարցազրույցներից մեկից. «Օռլիի գործողության նախորդող ժամանակաշրջանը ամենաթեժ շրջանն էր ԱՍԱԼԱ-ի համար. նախորդ ամիսներին մենք շատ կորուստներ էինք ունեցել: Կախաղան էր բարձրացվել Լևոն Էքմեքճյանը, Անկարայում նահատակվել էր Զոհրաբ Սարգսյանը, Լիբանան էր ներխուժել իսրայելյան բանակը, այնտեղ մեր ռազմակայաններում, մեծ թվով զոհեր էինք տվել: Եվ թուրքերն անխնա հալածում էին մեզ աշխարհի տարբեր վայրերում  Բեյրութում գնդակահարել էին Մինաս Սիմոնյանին: Այդ օրերին էլ ԱՍԱԼԱ-ն որոշեց հակահարված տալ թուրքական իշխանություններին և նրա ներկայացրած բոլոր հաստատություններին: Թիրախ էր ընտրված թուրքական ավիաուղիները, քանի որ այդ ուղիներով թուրքական ՄԻԹ կազմակերպությունը իր գեներալներով ու պատվիրակներով գալիս էր Ֆրանսիա: ԱՍԱԼԱ-ի նպատակն էր ոչնչացնել այդ պատվիրակությանը, ովքեր գալիս էին հալածելու և քայլեր ձեռնարկելու ԱՍԱԼԱ-ի դեմ»: Եվ իհարկե օպերացիայի ձախողվելուց և 4  անմեղ զոհեր լինելուց հետո (չհաշված 4 թուրքերը) ԱՍԱԼԱ-ն հայտարարում է, որ դա կազմակերպվել է իր ձեռքով և Վարուժանը որպես իսկական հայ տղամարդ կրում է իր պատիժը Ֆրանսիայում, բանտում անցկացնելով 18 տարի: 
Կա նաև մեկ այլ հանգամանք, որը հաշվի չեն առել լրագրողները: Ռամիլ Սաֆարովը հանդիսանում է ադրբեջանական բանակի սպա և անթույլատրելի է նման քայլ կատարելը, քանի որ իսկական սպան պետք է ունենա պատվի համապատասխան վարքականոն: Սպան պետք է օրինակ ծառայի իր ազգին: Նա պետք է կարողանա ճիշտ ներկայացնել իր ազգը օտար երկրնում: Բանակի սպային տեսնելով մարդիկ կարծիք են կազմում այդ երկրի ժողովրդի մասին: Չնայած զարմանալի չէ: Սաֆարովը շատ ճիշտ ներկայացրեց իր ժողովուրդը, իր ազգը օտարերկրյա պետությունում: Եվ մարդիկ շատ ճիշտ կարծիք սկսեցին կազմել Ադրբեջանի մասին, եթե մինչև այդ չէին կազմել: Նա կարող էր Գուրգենին ոչ թե քնած ժամանած սպանել, այլ օրը ցերեկով, դիմացը կանգնած, նախօրոք զգուշացնելով, որ պատրաստվում է հարձակվել: Սաֆարովը ոչ մի կերպ չի մտնում իսկական սպայի կերպարի մեջ: Նրան ավելի շատ կարելի է նմանեցնել բորենիների, որոնք հարձակվում են միայն ընկած կենդանու վրա կամ ուտում են ավելի հզորների թողած մսի կտորները: Իսկ Վարուժանը ազատ քաղաքացի է: Նա ոչ մի կապի չուներ պետության և բանակի հետ: Նա գործել է որպես անհատ և իր պատիժը նույնպես կրել է որպես անհատ և չի վարկաբեկել իր երկիրը:

Ահա այս պատմություններից և համեմատություններից երևում է, որ Վարուժանի դեպքը անկասկած արդարացի վրեժ էր` ընդդեմ ոճրագործ թուրքերի: Եվ նրանք դա արեցին բացահայտ կերպով: Սաֆարով կոչեցյալը Վարուժանի նման տղամարդ չգտնվեց: Նա քնած վիճակում կացնով սպանեց անմեղ մարդու և կարող էր սպանել նաև երկրորդին, եթե չմիջամտեին:

Եվ այս ամենից հետո գտնվում են մարդիկ, որոնք փորձում են այս դեպքերը կապել իրար հե՞տ: Ո՞րն է իմաստը: Ինչպիսի՞ համեմատության եզրեր կարող են ունենալ փոքրոգի վախկոտ ադրբեջանցին և հպարտ հայը: Իհարկե մենք չենք արդարացնում Վարուժանի արարքը: Սպանությունը մնում է սպանություն: Սակայն կան մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս այս դեպքերը համեմատել իրար հետ: Վարուժանին հարցնում են բանտում անցկացրած իր տարիների մասին, նա պատասխանում է, որ միակ բանը որի համար ափսոսում է, դա այն է, որ չի կարողացել մանսակցել Արցախյան ազատամարտին: Այսպիսին է մեր հերոսը: