Սովորական երեկո էր: Ընկերներով զբոսնում էինք Օպերայի շրջակայքում: Մի քիչ զբոսնելուց հետո տեսանք մի խումբ մարդկանց, ովքեր հավաքվել էին Կարապի լճի կողքը: Մոտենալով տեսնենք, որ բոլոր մարդիկ կերակրում են կարապներին, սկսեցին մասնակցել այդ պրոցեսին և, նաև, մի քիչ էլ նկարահանել: Մնացածը կարող եք տեսնել կից ներկայացվող տեսանյութում:
4 сентября 2012 г.
29 августа 2012 г.
Ծնունդդ շնորհավոր Մայքլ Ջեքսոն
54 տարի առաջ ծնվեց մի երեխա: Նրա ծնողները
չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց իրենց երեխայի մասին կխոսի ամբողջ
աշխարհը: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց տղայի 54-ամյակին նրանք ոչ թե
ընտանյոք հավաքված կնշեին, այլ կայցելեին նրա գերեզմանին:
Մայքլ Ջեքսոնը իր երաժշտական գործունեությունը
սկսել է շատ վաղ տարիքում: 5 տարեկան հասակում նա ընդգրկվեց հայտնի «Jackson 5» ընտանեկան
խմբի մեջ, որտեղ ելույթ էին ունենում իր ավագ եղբայրները: Խմբի ղեկավար էր ժոզեֆ Ջեքսոնը՝
Մայքլ Ջեքսոնի հայրը: Ջեքսոնը այդ խմբի միջոցով հայտի դարձավ: Նրա ձայնը շատ եզակի
էր իր տարիքի համար:
Մի քանի տարի խմբում հանդես գալուց, եւ արդեն
չափահաս մարդ դառնալուց հետո Մայքլը որոշում է թողնել խումբը եւ զբաղվել անհատական
գործունեությամբ: Նա իրար հետեւից թողարկում է մի շարք ձայնասկավառակներ, որոնք ցնցում
են ամբողջ աշխարհը, վաճառվում միլիոնավոր օրինակներով, զբաղեցնում երաժշտական աղյուսակների
առաջին հորիզոնականները:
Բայց Մայքլը չի սահմանափակվում միայն ձայնասկավառակ
թողարկելով: Նա՝ սկսած «BAD» ձայնասկավառակից մինչեւ «History» իր ձայնասկավառակին
զուգահեռ կազմակերպում է համաշխարհային համերգային շրջագայություններ՝ ցնցելով իր երկրպագումներին
իր պարով, ձայնով, բեմական կոստյումներով ու շոուով: Նշեմ, որ այդ համերգային շրջագայությունների
ամբողջ հասույթը նա օգտագործում էր բարեգործության համար: Նա ունեցավ երեք համերգային
շրջագայություն. «Bad», «Dangerous», «History»: Ամեն շրջագայության ժամանակ նա հանդես
եկավ նորովի՝ նոր երգերով, նոր կոստյումներով ու նոր պարով:
Ջեքսոնը բացի իր աստղային կյանքից ունեցել
է ընտանեկան կյանք: Նա երկու անգամ ամուսնացել է եւ ունեցել 3 երեխա: Առաջին անգամ
ամուսնացել է Rock & Roll-ի արքա Էլվիս Փրեսլիի դուստր Լիզա Մարիա Փրեսլիի հետ:
Սակայն համատեղ կյանքը չի ստացվում եւ մի քանի տարի անց նրանք բաժանվում են: Հետագայում
նա ամուսնանում է իրեն բուժող բուժքույրի՝ Դեբի Ռոուի հետ, որից ունենում է երկու երեխա.
մեկ տղա եւ մեկ աղջիկ: Սակայն նրանք էլ են շուտով բաժանվում եւ երեխաները մնում են
Ջեքսոնի մոտ: Երրորդ երեխայի ծագումը հայտնի չէ: Ըստ տարածված լուրերի նա ծնվել է արհեստական
բեղմնավորման միջոցով, ինչ-որ անհայտ կնոջից:
Ջեքսոնը 2001 թվականի համերգներից հետո որոշում
է գնալ հանգստի: Եվ
մոտավորապես 10 տարի մնում է ստվերում՝ վարելով ընտանեկան կյանք:
2009 թվականին նա հայտարարում է իր վերադարձի մասին եւ խոստանում 50 համերգ: Սկսվում
են փորձեր, դժվար աշխատանք, նոր բեմ, նոր կոստյումներ են կարվում, քասթինգ եւ այլն
եւ այլն: Սակայն գալիս է չարաբաստիկ հունիսի 25-ը: Այդ օրը Ջեքսոնը անքնության եւ ցավերի
պատճառով ընդունում է անթույլատրելի քանակով ցավազրկող դեղամիջոցներ, որից էլ ժամեր
անց մահանում է ցնցելով ամբողջ աշխարհը:
Եվ այսպես մի կարճ պատմությամբ ներկայացրեցի
մի մեծ մարդու կյանքը: Քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, չեմ ցանականում խոսել այն
բացասական բաների մասին, որոնք շրջանառվում են մամուլով: Ուղղակի ցանկանում եմ շնորհավորել
նրա ծննդյան օրը: Շնորհավոր Մայքլ Ջեքսոն:
17 августа 2012 г.
Կամ պետք է ընկնես ծախսի, կամ էլ ծախսի տակ
Անցնում եմ Կիևյան կամրջով,
մեկ էլ նկատում եմ, որ մի պահ բոլոր մեքենաները դուրս են գալիս հանդիպակաց ուղի և անցնելով
որոշ ճանապարհ վերադառնում են նորմալ ճանապարհ: Մոտենալուց հետո տեսնում եմ մեծ փոսեր:
Փոսերն էլ փոսեր լինեն… Մի ամբողջ խրամատ: Այստեղից մի հարց է ծագում: Հեռուստացույցով
ոստիկանները անընդհատ քարոզում են, թե վարորդները չպետք է խախտեն ճանապարհային երթևեկության
կանոնները: Բայց այսպիսի իրադրության մեջ ընկնելով նրանց մնում է կամ խախտելով օրենքը
շրջանցել փոսը կամ էլ պահպանելով օրենքը ընկնել փոսի մեջ: Հարցը հետևյալն է. Ի՞նչ անեն
այդ մարդիկ: Եթե ձախ կողմով շրջանցեն, խախտում կանեն և կտուգանվեն, այսինքն փող կծախսեն:
Եթե աջ կողմով` կհարվածեն կողքի մեքենային նորից ծախս: Եթե ուղիղ գնան իրենց մեքենան
կկոտրեն և նորից ծախս: Այսինքն ասֆալտամանիայի պատճառով մարդիկ ամպայման պետք է ընկնեն
ծախսի տակ:
Ակամայից հիշեցի ծանոթներիցս
մեկի պատմածը: Մի անգամ Դուբայում մի այսպիսի դեպք է հանդիպել նրան. «Փողոցով գնում
էի: Ուշ երեկո էր: Մեկ էլ տեսնեմ փողոցի մեջտեղում ինչ-որ փոքրիկ լույսեր են վառվում:
Մոտեցա տեսնում մի փոքրիկ փոս է և կողքը լույսեր են շարել, որպեսզի մարդիկ մեքենայով
չընկնեն փոսը: Որոշ ժամանակ անց, երբ կրկին անցնում էի այդ վայրով տեսա, որ փոսը այլևս
չկա»,- պատմում է ծանոթս: Իսկ մեզ մոտ հույսդ պետք է դնես միայն մեքենայիդ լույսերի կամ էլ ռեակցիայիդ
վրա:
13 августа 2012 г.
Երեւանը՝ մունաթի համաշխարհային մայրաքաղաք
Քայլում եմ Երեւանի փողոցներով ու րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն հասնեմ: Պատճառը շոգը չէ: Պատճառը այն մունաթ դեմքերն են, որ տեսնում եմ չորսբոլորս: Ծաղիկ վաճառողը մունաթ է գալիս քար կտրողի վրա, թե «Արա սաղ ապրանքս փչացրիր»: Քար կտրողը պատասխանում է. «Արա, իմ վրա «պլանա» դրած պտի անեմ»: Շարունակում եմ քայլել եւ հանդիպում եմ մունաթների մյուս խմբաքանակին:
Երկու բանջարեղենի եւ մրգեղենի վաճառողներ կռիվ են անում մոտավորապես այս տեքստով. «Ախչի սաղ կլիենտներիս փախցրիր»: Մյուսը պատասխանում է. «Էտ հոտած ապրանքը բերել ես, ուզում ես սաղցնես մարդկանց վրա, մարդիկ էլ չեն առնում ու էդ ամենի մեղավորը ե՞ս եմ»:
Նստում եմ հասարակական տրանսպորտ հանդիպելու մունաթների մյուս արտահայտումներին: Վարորդը մունաթա գալիս, որ դուռը ուժեղ են փակում այն դեպքում, երբ գրված է կամաց ծածկել: Ուղեւորները բողոքում են վարորդի լսած ռաբիզից, որի պատճառով վարորդը չի լսում, որ ուղեւորները բղավում են «կանգառում պահի»: Դա եւս մի մունաթի առիթ է հանդիսանում: Վարորդը ասում է. «Մի քիչ շուտ ասեք»: Ուղեւորները պատասխանում են. «Էտ ռաբիզդ անջատի, որ լսես»:
Եւ շատ այսպիսի երեւույթների կարելի է հանդիպել շրջելով Երեւանի փողոցներում: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի Երեւանը շուտով կդառնա մունաթի համաշխարհային մայրաքաղաք:
Подписаться на:
Сообщения (Atom)



