17 августа 2012 г.

Կամ պետք է ընկնես ծախսի, կամ էլ ծախսի տակ


Անցնում եմ Կիևյան կամրջով, մեկ էլ նկատում եմ, որ մի պահ բոլոր մեքենաները դուրս են գալիս հանդիպակաց ուղի և անցնելով որոշ ճանապարհ վերադառնում են նորմալ ճանապարհ: Մոտենալուց հետո տեսնում եմ մեծ փոսեր: Փոսերն էլ փոսեր լինեն… Մի ամբողջ խրամատ: Այստեղից մի հարց է ծագում: Հեռուստացույցով ոստիկանները անընդհատ քարոզում են, թե վարորդները չպետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները: Բայց այսպիսի իրադրության մեջ ընկնելով նրանց մնում է կամ խախտելով օրենքը շրջանցել փոսը կամ էլ պահպանելով օրենքը ընկնել փոսի մեջ: Հարցը հետևյալն է. Ի՞նչ անեն այդ մարդիկ: Եթե ձախ կողմով շրջանցեն, խախտում կանեն և կտուգանվեն, այսինքն փող կծախսեն: Եթե աջ կողմով` կհարվածեն կողքի մեքենային նորից ծախս: Եթե ուղիղ գնան իրենց մեքենան կկոտրեն և նորից ծախս: Այսինքն ասֆալտամանիայի պատճառով մարդիկ ամպայման պետք է ընկնեն ծախսի տակ:

Ակամայից հիշեցի ծանոթներիցս մեկի պատմածը: Մի անգամ Դուբայում մի այսպիսի դեպք է հանդիպել նրան. «Փողոցով գնում էի: Ուշ երեկո էր: Մեկ էլ տեսնեմ փողոցի մեջտեղում ինչ-որ փոքրիկ լույսեր են վառվում: Մոտեցա տեսնում մի փոքրիկ փոս է և կողքը լույսեր են շարել, որպեսզի մարդիկ մեքենայով չընկնեն փոսը: Որոշ ժամանակ անց, երբ կրկին անցնում էի այդ վայրով տեսա, որ փոսը այլևս չկա»,- պատմում է ծանոթս: Իսկ մեզ մոտ հույսդ պետք է դնես միայն մեքենայիդ լույսերի կամ էլ ռեակցիայիդ վրա:    

13 августа 2012 г.

Երեւանը՝ մունաթի համաշխարհային մայրաքաղաք

 Քայլում եմ Երեւանի փողոցներով ու րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն հասնեմ: Պատճառը շոգը չէ: Պատճառը այն մունաթ դեմքերն են, որ տեսնում եմ չորսբոլորս: Ծաղիկ վաճառողը մունաթ է գալիս քար կտրողի վրա, թե «Արա սաղ ապրանքս փչացրիր»: Քար կտրողը պատասխանում է. «Արա, իմ վրա «պլանա» դրած պտի անեմ»: Շարունակում եմ քայլել եւ հանդիպում եմ մունաթների մյուս խմբաքանակին: 

    Երկու բանջարեղենի եւ մրգեղենի վաճառողներ կռիվ են անում մոտավորապես այս տեքստով. «Ախչի սաղ կլիենտներիս փախցրիր»: Մյուսը պատասխանում է. «Էտ հոտած ապրանքը բերել ես, ուզում ես սաղցնես մարդկանց վրա, մարդիկ էլ չեն առնում ու էդ ամենի մեղավորը ե՞ս եմ»:

 Նստում եմ հասարակական տրանսպորտ հանդիպելու մունաթների մյուս արտահայտումներին: Վարորդը մունաթա գալիս, որ դուռը ուժեղ են փակում այն դեպքում, երբ գրված է կամաց ծածկել: Ուղեւորները բողոքում են վարորդի լսած ռաբիզից, որի պատճառով վարորդը չի լսում, որ ուղեւորները բղավում են «կանգառում պահի»: Դա եւս մի մունաթի առիթ է հանդիսանում: Վարորդը ասում է. «Մի քիչ շուտ ասեք»: Ուղեւորները պատասխանում են. «Էտ ռաբիզդ անջատի, որ լսես»:

      Եւ շատ այսպիսի երեւույթների կարելի է հանդիպել շրջելով Երեւանի փողոցներում: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի Երեւանը շուտով կդառնա մունաթի համաշխարհային մայրաքաղաք:   

Տղա և աղջիկ ընկերներ


Տղա և աղջիկ ընկերների թեման շատ ավելի բարդ է, քան կարող է երևալ առաջին հայացքից: Հնարավո՞ր է արդյոք աղջիկ-տղա իսկական ընկերություն, թե վերջում ամեն ինչ վերածվում է սիրո: Հարաբերություններ, որ որոշ դեպքերում ուրախ հարսանիքի առիթ են դառնում, իսկ որոշ դեպքերում` տարիների ընկերական հարաբերությունների կործանում, ատելություն և այլն: Այս ֆոնի վրա կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի ընկերություն է տղայի և աղջկա միջև:


       Օրինակ՝ եթե նրանք ուղղակի կապ են պահպանում, շփվում են, խոսում են հնարավոր է, որ դա վերջում չվերածվի սիրո: Կա նաև մի ուրիշ տարբերակ: Եթե տղան աղջկա հետ շփվում է այնպես, ինչպես կշփվեր իր ընկերոջ հետ կամ աղջիկը, ինչպես իր ընկերուհու հետ, ապա շատ հավանական է, որ այդպիսի շփումը վերջում վերածվի սիրո: Խոսքն այնպիսի շփման մասին է, երբ աղջիկ ընկերոջդ կամ տղա ընկերոջդ հետ խոսում ես քո սիրային արկածների, խնդիրների, ցավոտ հարցերի և այլ խիստ անձնական հարցերի մասին, որի մասին չէիր խոսի ուղղակի մտերիմ աղջկա կամ տղայի հետ: Այսինքն լինում ես մաքսիմալ անկեղծ՝ առանց, որևէ բան թաքցնելու:

Այս դեպքում հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերդ կարող է քո մեջ գտնել այնպիսի հատկություններ, որոնք նա միշտ երազել է տեսնել իր կողակցի մեջ: Չէ, որ հաճախ մարդիկ սկսում են իրար հետ ընկերություն անել առանց լավ ճանաչելու միմյանց և հետագայում դա հանգեցնում է բաժանման կամ ինչ-որ տհաճ հետևանքների: Իսկ այս դեպքում, երբ դու իմանում ես քո ընկերոջ անխտիր բոլոր դրական և բացասական կողմերը, քո մեջ կարող է սեր առաջանալ:

Շատ քչերի մոտ է ընկերությունը երկար ժամանակ պահպանվում: Բանն այն է, որ տղաները աղջիկներին նայում եմ որպես թույլ ու անպաշտպան էակի և նրանց հետ ուղղակի ընկերական լինելը շատ դժվար է: Այդ հարաբերություններում վաղ թե ուշ նրանցից մեկը սիրահարվում է մյուսին: Միայն բացառիկ դեպքերում է, որ ընկերները միշտ մնում են միայն ընկերներ` ոչ ավելին :

Շատ եմ ականատես եղել նման դեպքերի: Շատ հաճախ այդպիսի մարդիկ սկսում են ընկերություն անել, հետո նշանադրություն, ամուսնություն և այլն: Բայց նաև քիչ չեն դեպքերը, երբ կողմերից մեկը սեր է խոստովանում և դա հանգեցնում է երկար տարիների ընկերության կործանման: Այս հարաբերություններն ավելի շատ փչացնում են արական սեռի ներկայացուցիչները, քանի որ ապացուցված է, թե տղամարդկանց մոտ ավելի արագ են զգացմունքներ առաջանում:

Կան մի քանի հանգամանքներ, որոնք խանգարում են տղաներին և աղջիկներին իսկական ընկերություն անել: Առաջինը կիրքն է: Երբ հարաբերությունների մեջ կիրք կամ սեքսուալ ցանկանություններ են առաջանում, դրանք դադարում են ընկերական լինելուց: Եվս մի հանգամանք, որը մանավանդ հայկական հասարակության համար վճռորոշ դեր է խաղում՝ ընկերների միջև հավասարության առկայությունն է: Եթե կա տղամարդու գերակայություն, ապա կանայք ենթագիտակցորեն հակված են ընդունել հնազանդության դերը. այս դեպքում տուժում է իսկական ըներությունը:

Ընդհանրապես ընդունված է համարել, որ ավելի ամուր ընտանիք են կազմում հենց այն աղջիկներն ու տղաներն, ովքեր սկզբում եղել են ուղղակի ընկերներ, իսկ հետագայում զգացմունքներ են առաջացել: 

24 июля 2012 г.

Համատարած «Apple»-ա-ասֆալտամանիա


Ինչպես նկատել եք՝ ամառային այս շոգ ու անտանելի օրերին գրեթե ամեն տեղ ասֆալտ են անում: Հիմա կասեք, թե «լավ են անում անում են, էտ ինչա, որ բլոգումդ գրում ես»: Պատասխանեմ: Ոչ մի զարմանալի բան չկա իհարկե: Զարմանալին միայն այն է, որ այդ ասֆալտը անում են հենց այն ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են գնում եւ աշխատանքից վերադառնում են, այդպիսով առաջացնելով արհեստական խցանումներ:

Մյուս զարմանալի երեւույթն այն է, որ որոշ ժամանակ առաջ առավոտյան անձրեւ էր գալիս, բայց չնայած դրան՝ նրանք ջանասիրաբար շարունակում էին ասֆալտ «փռել»: Հա, ճիշտ է, մոռացել էի: Ասֆալտը պետք է այն հաշվարկով անեն, որ գոնե մինչեւ մյուս ընտրություններ դիմանան, որ այդ ժամանակ նորից ինչ-որ անելու գործ լինի: Եթե նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ նորմալ է:

Ամառային շոգ երեկոներից մեկն էր: Հրաչյա Քոչար փողոցը գրեթե լրիվ փակ էր: Պատճառը կրկին ասֆալտն էր: Ծանոթներիցս մեկը տեսնելով այդ փակ փողոցը, խցանումը եւ ջանասիրաբար ասֆալտ անողներին՝ ասաց. «Արա, բայց մենք էս ինչ ասֆալտ «փռող» ժողովուրդ ենք... Քեֆս գալիս ա»:

Մի երեկո որոշեցի իջնել բակ՝ մաքուր օդ շնչելու եւ կրկին ականատես եղա աննորմալ, բայց ինչ-որ տեսանկյունից նաեւ նորմալ երեւույթի: Մեզ մոտեցան ծանոթ տղաներ. մեկի ձեռքում Ipad, մյուսի ձեռքում Iphone եւ նմանատիպ այլ թանկարժեք սարքավորումներ: Որոշ ժամանակ անց ուրիշ ծանոթներ եկան. եւ կրկին Ipad-ով եւ այլն, եւ այլն: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Apple»-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել էր մեր բակ. 4 կողմում «կրծած խնձորներ», պլաշենտներ: Մի պահ հարեւանի երեխան պատուհանից նայեց: Ինձ թվաց, թե նրա ձեռքում էլ է Ipad: Բայց ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա սովորական կրծած խնձոր էր:

Հետո էլ կասեն, թե ժողովուրդն աղքատ է, փող չունենք, ուտելիք չունենք, աշխատանք չկա, հույս չկա: Մի կողմից համաձայն եմ: Մարդիկ կան, որ բողոքում են, թե այդ վերը թվարկվածներիցս ոչ մեկը չունեն, բայց փոխարենն ունեն Ipad-ներ, Iphone-ներ, բազմաթիվ թանկարժեք հեռախոսներ: Երեւի Սթիվ պապիկն իր կտակի մեջ այդպիսի մարդկանց անունները նշել էր, որ խեղճերը, եթե ուտելու բան չունեն՝ գոնե Ipad ու Iphone ունենան: