27 марта 2012 г.

Զավեշտալի դեպք երթուղային տաքսիում

Երկար ժամանակ մտածում էի, ինչ գրեմ բոլգումս: Թարսի պես մտքիս ոչինչ չէր գալիս: Եվ ինչպես ասում են, ես չգտա գրելու նյութ՝ նյութը եկավ գտավ ինձ:




Սովորական երեկո էր: Որոշեցի դուրս գամ զբոսնելու: Կանգառում կանգնած սպասում էի երթուղային տաքսուն: Որոշ ժամանակ անց եկավ: Քանի որ վարորդի կողքի նստատեղերը ազատ էին, նստեցի դիմացը: Ինձ հետ նստեց եւս մի տղա: Որոշ ճանապարհ անցնելուց հետո հասկացա, որ նա ժամանակակից «քյառթուների» վառ մարմնացումն էր: Դա հասկացա՝ լսելով նրա հեռախոսազրույցը իր ընկերոջ հետ. «Բարի օր ախպերս: Ոնց ես մեռնեմ կյանքիդ: Բան չէ, ազիզ, լոքշ լռված եմ գործ բան չկա ձեռս: Ուրդերանք ես կորել, չես երեւում, չես հիշում, որ ընգերնյակ ունես: Լավ դե կյանքիդ մեռնեմ կխոսանք» եւ այլ այսպիսի արտահայտություններ հնչեցին: Ավարտելով խոսակցությունը՝ նա ամեն կերպ փորձում էր ինձ ցույց տալ իր «սենսորային» հեռախոսը: Եվ այդ նպատակին հասնելու համար մուտք գործեց «ադնակլասնիկ»: Քանի որ ես բացարձակապես նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում, հանեցի իմ «սենսորային» HTC հեռախոսը, որ ստուգեմ Facebook-իս էջը: Տեսնելով այդ, մեր «քյառթը» փորձեց ինձ ցույց տալ, որ ինքն էլ է ժամանակակից, ունի էջ այդ կայքում: Բայց նրան շատ երկար ճանապարհ էր սպասում մինչ կկարողանար ինձ ապացուցել դա: Ներկայացնում եմ կետերով.
  1. Բացեց web brouser-ը եւ հավաքեց www.facebok.ru: Մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը ասաց, որ նման էջ գոյություն չունի:
  2. Նկատեց սխալը եւ այս անգամ հավաքեց այսպես. www.facebook.ru: Նորից մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը տվեց նույն պատասխանը:
  3. Կարծես հասկացավ՝ ինչումն է բանը: Ջնջեց գրածը եւ հավաքեց այսպես.www.facebook.am: Ավելորդ եմ համարում նշել, թե հեռախոսը ինչ պատասխանեց:
  4. Վերջապես բազմաթիվ փորձերից հետո հավաքեց www.facebook.com եւ հեռախոսը ազատ մուտք գործեց այդ կայքը:
  5. Մուտք գործելուց հետո, նա սկսեց գրել իր login-ը: Իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ նա գրում էր իր «ադնակլասնիկի» լոգինը: Երեւի մտածում է, թե բոլոր սոցիալական ցանցերը նույնն են եւ ընդամենը մի լոգինով կարելի է բոլորը մուտք գործել:
  6. Հետո հասկանալով իր սխալը, գրեց ճիշտ լոգինը եւ գաղտնաբառը:
Հիմա ցանկանում եմ նշել այդ տղայի համար շատ ցավալի, իսկ ինձ համար շատ զվարճալի փաստը: Այս բոլոր տանջալից գործողություններից հետո, երբ նա արդեն հասնում էր իր նպատակին, հասավ իմ իջնելու կանգառը: Իջնելուց հետո ես նայում էի նրա «դժբախտ» դեմքին, որը ասում էր. «Այ ախպեր էսքան չարչարվեցի, տվայտվեցի, որ քեզ ցույց տամ, որ ես էլ եմ կարում «ֆեյսբուք անեմ», իսկ դու իջար գնացի՞ր»: Ի պատասխան ես ընդունեցի մի դեմք, որով ասում էի. «Ախպերս հավատում եմ, հավատում եմ մի նեղվի: Զգացի, որ ունես, մի չարչարվի»:
Եվ այս ամենից հետո բարձր տրամադրությամբ հանդիպեցի ընկերներիս, պատմեցի կատարվածը՝ լիաթոք ծիծաղեցնելով նրանց...

1 марта 2012 г.

Մեռնեմ մեր «արդարադատության» ջանին

Չորս տարի առաջ այս օրը ուժով և արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ և Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիական ընդվզումը: Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել: Եվ ո՛չ չորս տարի անց, ո՛չ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընսհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է.
1. Մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս չեն բացահայտվել տասը սպանությունները, դրանց համար պատասխանատու անձինք, և ոչ ոք քրեական կամ այլ պատասխանատվություն չի կրել այդ սպանությունների համար: Չեն բացահայտվել և պատասխանատվության չեն կանչվել ցուցարարների վրա կրակելու հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաները: Պետությունը ոչ միայն Խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլև քայլեր չի ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և հասարակությանը բավարար պատասխան տալու համար կատարվածի մասին և վերացնելու անպատժելիության վերաբերմունքը ոստիկանական և զինված ուժերի կողմից:
2. Առ այսօր իրավական գնահատական չի տրվել 2008 թ. մարտի 1-ին, Երևան քաղաքում քսանօրյա արտակարգ դրություն սահմանելու մասին Ռոբերտ Քոչարյանի արձակած հրամանագրին, որն ընդունվեց արտակարգ դրության մասին օրենքի բացակայության պայմաններում: Որևէ քննության չեն արժանացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրավունքների խախտման փաստերը և որևէ իրավական գնահատական չի տրվել այդ իրավունքների սահմանափակումներին:
3. Որևէ քննության չի արժանացել 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի արձակած թիվ 0038 հրամանի օրինականությունը և իրավական գնահատական չի տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ Զինված ուժերի օգտագործման փաստին:
Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետևանքով ձևավորված անպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարող փոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որ անպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը' չունենալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերի իրավական գնահատականները:
(Օրիգինալ տեքստը կարող եք դիտել (Aravot.am կայքում):

Հետո էլ կխոսեն արդարադատության մասին: Ի՞նչ ադարադատության մասին է խոսքը, եթե չորս տարում չեն կարողանում բացահայտել 10 հոգու սպանողներին: Եվ քանի դեռ այս դեպքերը մնում են չբացահայտված այդ մարդկանց մահը անիմաստ է լինում: Եթե գոնե նրանց մահվան հանգամանքները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, հույս կլինի, որ Հայաստանում դեռ կարող է լինել արդարադատություն եւ կատարված հանցագործությունների իրական մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն: Ինչպես նաեւ այդ մարդկանց ընտանիքներին գոնե ինչ-որ սփոփանք կլինի, որ իրենց հարազատներին սպանողները գտնվեն եւ պատժվեն: Շարունակենք հույս ունենալ, որ արդարությունը կվերականգնվի: Հույսը վերջինն է մարում...

16 февраля 2012 г.

Բանակ եւ իրականություն

    Բանակը շատ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության 20-ամյա երկար, բայց նաև կարճ տարիների ընթացքում: Եթե համեմատենք իմ ընկեր զինծառայողների պատմությունները, ովքեր ծառայել են 10 տարի առաջ և նրանց պատմությունները, ովքեր ծառայում են հիմա, կարող եմ նշել մեծ առաջընթաց և փոփոխություններ: Օրինակ. «որդով» փլավից-մակարոնով փլավներ, ցուրտ և կեղտոտ զորանոցներից՝ մաքուր, տաք և հարմարավետ զորանոցներ, հին և մաշված տեխնիկայից՝ ժամանակակից և հզոր տեխնիկա:
    
    Անշուշտ այս տարիների ընթացքում նաև բարձրացել է մեր բանակի մարտունակությունը բազում նպատակամետ զորավարժությունների, առավել արհեստավարժ սպաների շնորհիվ: Որ մեր բանակը այժմ առավել հզոր է, համոզվեցինք 2011թ.-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ:
    Ցավոք, այս ամենի կողքին երբեմն տեղ են գտնում տխուր և ցավալի` խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, որոնք ստվեր են գցում բանակի ձեռքբերումների վրա:
     Չգիտես ինչու դրանց համար շատերը մեղադրում են հատկապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ո՞րն է նրա մեղքը: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ վաշտի որոշ հրամանատարներ, ասենք, համոզում են նորաթուխ ենթասպաներին պակասորդով ընդունել վաշտը և ապա ստիպում լրացնել այդ ահռելի պակասորդը, և ենթասպան անկարողությունից դիմում է ինքնասպանության: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ պայմանագրային զինվորը ալկոհոլի ազդեցության տակ իր ընկեր զինծառայողների հետ մեքենայով վթարի է ենթարկվում, որի պատճառով ընկերները մահանում են: Ի՞նչ մեղք ունի նախարարը, որ զինվորը զենքի հետ վարվել չիմանալու պատճառով սպանում է իր ծառայակից ընկերոջը: Կամ ի՞նչ մեղք ունի նա, որ ջրծաղիկով հիվանդ զինվորին հրամանատարները «սիմուլյանտ» անվանելով՝ վազեցնել են տալիս և հետագայում բարձիթողի վիճակում զինվորը մահանում է: Ըստ իս` պատճառը առաջին հերթին անմիջական հրամանատարներն են:
    Նախարարի պարտականությունն է հանձնարարականներ տալը, որոնք պետք է հստակորեն կատարեն զորամասի հրամանատարները և նրանց ենթակաները: Զորամասի հրամանատարները պետք է խստիվ վերահսկեն վաշտի հրամանատերներին, վերջիններս էլ դասակի հրամանատարներին` խստությանը զուգահեռ ջերմ մարդկային մթնոլորտ ապահովելով զորամասերում:

  …Վերջերս նաև ինտերնետում տեղադրվել էր մի տեսանյութ, որտեղ նախարար Ս.Օհանյանը Ազգային ժողովում քնում է: Այդպիսի նյութ տեղադրելով՝ վայ լրագրողները երևի չեն էլ մտածել, որ խայտառակում են նաև մեզ, մեր հաղթական բանակին: Չի կարելի պաշտպանության նախարարի հետ կապված կեղծ սենսացիա «հրահրող» տեսանյութ դնել ինտերնետում, քանի որ մամուլին հետևում են ոչ միայն հայերը, այլև մեր հակառակորդները: Իսկ նրանց համար հաստատ բավարար չի լինի այն փաստը, որ նախարարն այդ տեսանյութի նախօրեին 20 ժամ աշխատել է, և ապա մեծ մամլո ասուլիս տվել և գերհոգնած վիճակում եկել Ազգային ժողով: Նրանք լուն փիղ դարձնելով` կձգտեն ծաղրուծանակի ենթարկել մեզ և մեր զինված ուժերը:
     Շատ ճիշտ է գրել «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը, նշելով, թե գեղեցիկ չէ պատերազմի հերոսին, որը ծանրագույն վերքեր է ստացել պատերազմի ընթացքում և այժմ կառավարում է ՀՀ զինված ուժերը՝ քնած վիճակում նկարել և գցել ինտերնետ: Կայքերից մեկում այս թեմայի վերաբերյալ մի հետաքրքիր քննարկում տեսա: Մեջբերեմ բլոգերների խոսքերը. «Ու հետո՞: Ի՞նչ կարիք կա դրա մասին խոսելու: Նախարարը մեծ մամուլի ասուլիս է ունեցել, գումարած իմացել եմ, որ նախարարությունում տագնապ է եղել… Ի՞նչ եք ուզում դրանով ասած լինել: Ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, ինչը հավասարազոր է դավաճանության»,- գրել է «Մեռնեմ օրենքին» ծածկանունով մի բլոգեր: Մի ուրիշ բլոգեր հավելել է. «Ախր իր ծանրաբեռնվածությունը քիչ է, մի հատ էլ եկել ու տարբեր պիտանի և անպիտան ելույթներ է լսում… Ով գիտի ինչ ծանր օր է ունեցել»:

    Ցավոք, անտակտ, պետականության զգացողությունից զուրկ հոդվածներ հայտնվեցին հայկական լրատվամիջոներում: Պարզ է, թե ինչ բարբաջանքներ դուրս կտան ադրբեջանական ԶԼՄ-ները և տարբեր մակարդակի գործիչները: