15 мая 2014 г.

Եվրոպայի օրը կնշվի Գյումրիում և Երևանում

Պատկերացրեք, դուք կարող եք մուտք գործել Հայաստանում Եվորպական միության երկրները ներկայացնող յուրաքանչյուր դեսպանատուն՝ ծանոթանալ դեսպանատան գործունեությանը, անձամբ հանդիպել դեսպաններին և անմիջականորեն ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, զրուցել աշխատակիցների հետ:
Այս հնարավորությունը շուտով կընձեռվի ձեզ. Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանատներում, Եվրոպայի առթիվ կազմակերպված տեղեկատվական շաբաթի շրջանակներում՝ մայիսի 19-23-ը, տեղի կունենա բաց դռների օր:
2010 թվականից սկսած ամեն տարի Հայաստանում անցկացվող եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթը բոլոր հետաքրքրվածներին թույլ է տալիս դիտել տեղեկատվական ցուցահանդեսներ, ֆիլմեր, մասնակցել մշակութային միջոցառումների, խաղ-մրցույթներ և այլն:
Այս տարի տեղեկատվական շաբաթը կանցկացվի մայիսի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումները կմեկնարկեն Գյումրիում մայիսի 17-ին և կամփոփվեն Երևանում՝ մայիսի 24-ին անցկացվող տեղեկատվական ցուցահանդեսով և համերգով:
Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Եվրոպայի օրվա պատմություն
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը, ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:Եվրոպայի օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք ԵՄ պաշտոնական կայք:
Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է 2010 թվականից: 2013 թվականին Հայաստանում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Երևանում և Գյումրիում մայիսի 25-ին, նախորդող և հաջորդող օրերին: ԵՄ պատվիրակությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Քաղաքի կենտրոնում անցկացվում էին նաև եվրոպական մշակույթը ներկայացնող պարի վարպետության դասեր, մրցույթներ և խաղեր:

11 мая 2014 г.

Քոչար փողոցի վրա կոտրված ծառը չեն հեռացնում

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժեղ քամիների արդյունքում Հրաչյա Քոչար փողոցի սկզբնամասում մի ծառ է կոտրվել (նկարում): Արդեն քանի օր է այն կիսակոտրված վիճակում կախված է և կա լուրջ վտանգ, որ հերթական ուժեղ քամիների ժամանակ ծառը կարող է ընկնել մարդկանց վրա:
Իսկ ո՞ւր են պատկան մարմինները:

23 декабря 2013 г.

Այսօրվա ցույցի մասնակիցների մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան

Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ականատես եղա մի այսպիսի դեպքի:

Մի կին մեր կողքը կանգնած ոստիկանության փոխգնդապետին հարցրեց, թե «ինչքա՞ն է քո աշխատավարձը»: Ոստիկանը չպատասխանեց:

Կնոջ հեռանալուց հետո ոստիկանության փոխգնդապետը շրջվեց և դիմեց իր կողքը կանգնած քաղաքացիական հագուստով տղամարդուն: «Ես ֆորմով եմ, չեմ կարա պատասխանեմ: Դու էսօր գրաժդանսկի էս, դու պատասխանի»,- այս պահանջին ի պատասխան քաղաքացիական հագուստով մարդը և փոխգնդապետը ծիծաղեցին:

Ընդհանուր առմամբ ցույց վայրում այնքան ոստիկան կար, որ ամեն ցուցարարի 5 հոգի կհասներ: Այդ հանգամանքը հաշվի առնելով, որոշ «բարեխիղճ» ոստիկաններ մի կողմ էին քաշվել և շրջափակման մեջ չէին դնում քաղաքացիներին:

Դա տեսնելով` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բարկանալ և գորգոռալ, թե «արա խի եք փախել պախկվել: Հլը թափով սաղդ արեք ստե, շարք կանգնեք: Էս ի՞նչ ա չեմ հասկանում»,- ոստիկանին (այն էլ Երևանի փոխոստիկանապետին) ոչ հարիր ձևով գնդապետ Օսիպյանը իր մոտ կանչեց ոստիկաններին:

Սույն հոդվածս տեղ է գտել նաեւ Aravot.am, Blognews.am, Blog.mediamall.am, Hayeli.am, Asekose.am, Newsbox.am կայքերում:

11 декабря 2013 г.

Վահրամ Մարտիրոսյան. «Գյումրեցիներն այժմ երկրորդ աղետի մեջ են»

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». այս անունն է կրում  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտրենյուսի») «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական  գրադարանում բացված շրջիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի սրահում զետեղված են հայկական եւ սովետական մամուլի անդրադարձները երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները եւ թերթերի առաջին էջերը: Հատուկ էկրանների միջոցով կարելի էր տեսնել նաեւ հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, չլուսաբանված արխիվային նյութերը, հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների եւ լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս:

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը, ով ծնունդով գյումրեցի է եւ այդ ժամանակ աշխատում էր «Գրական թերթում», մեզ հետ զրույցում նշեց, որ երկրաշարժի մասին իմանալուց հետո անմիջապես գնացել է Լենինական՝ տեսնելու, թե ինչ վիճակում է իր ընտանիքը: «Տեղ հասնելով՝ ես պարզեցի, որ մեր ընտանիքից էլ զոհ կա. քույրս էր: Տունը քանդվել էր: Շատ վատ վիճակ էր: Մեկ շաբաթ հոսանք չկար Գյումրիում եւ դա շոկ էր մեզ համար, քանի որ մինչ այդ չէր եղել այնպիսի դեպք, որ մենք այդքան երկար ժամանակ լույս չունենայինք»:

Մեր այն հարցին, թե ինչպես կգնահատեք աղետի գոտու վիճակը 25 տարի անց, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղացիները այժմ երկրորդ աղետի մեջ են: «Գյումրիում տիրում է աղքատություն եւ գործազրկություն: Գյումրեցիները, որոնք միշտ աշխատասեր, պատվախնդիր մարդիկ են եղել, այսօր նույնիսկ աշխատնք չունեն, քաղաքը կիսով չափ դատարկվել է, մարդիկ գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի»,- ցավով նշեց Վահրամ Մարիտրոսյանը եւ հավելեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կատարված աշխատանքները շատ ավելի քիչ էին, քան կարող էին լինել: «Մինչեւ այսօր էլ այնտեղ տնակներում ապրող մարդիկ կան եւ քաղաքը շատ վատ վիճակում է»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե ինքը հույս ո՞ւնի, որ գյումրեցիների բոլոր խնդիրները կլուծվեն եւ քաղաքը կստանա իր նախկին տեսքը: Վ.Մարտիրոսյանը լավատեսորեն ասաց. «Ես միշտ հույս ունեմ»:

«Լրատունը» կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Երեւանից առաջ շրջիկ ցուցահանդեսը եղել է Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում եւ Կապանում: Երեւանում այն կգործի մինչեւ դեկտեմբերի 13-ը: