11 мая 2014 г.

Քոչար փողոցի վրա կոտրված ծառը չեն հեռացնում

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժեղ քամիների արդյունքում Հրաչյա Քոչար փողոցի սկզբնամասում մի ծառ է կոտրվել (նկարում): Արդեն քանի օր է այն կիսակոտրված վիճակում կախված է և կա լուրջ վտանգ, որ հերթական ուժեղ քամիների ժամանակ ծառը կարող է ընկնել մարդկանց վրա:
Իսկ ո՞ւր են պատկան մարմինները:

23 декабря 2013 г.

Այսօրվա ցույցի մասնակիցների մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան

Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ականատես եղա մի այսպիսի դեպքի:

Մի կին մեր կողքը կանգնած ոստիկանության փոխգնդապետին հարցրեց, թե «ինչքա՞ն է քո աշխատավարձը»: Ոստիկանը չպատասխանեց:

Կնոջ հեռանալուց հետո ոստիկանության փոխգնդապետը շրջվեց և դիմեց իր կողքը կանգնած քաղաքացիական հագուստով տղամարդուն: «Ես ֆորմով եմ, չեմ կարա պատասխանեմ: Դու էսօր գրաժդանսկի էս, դու պատասխանի»,- այս պահանջին ի պատասխան քաղաքացիական հագուստով մարդը և փոխգնդապետը ծիծաղեցին:

Ընդհանուր առմամբ ցույց վայրում այնքան ոստիկան կար, որ ամեն ցուցարարի 5 հոգի կհասներ: Այդ հանգամանքը հաշվի առնելով, որոշ «բարեխիղճ» ոստիկաններ մի կողմ էին քաշվել և շրջափակման մեջ չէին դնում քաղաքացիներին:

Դա տեսնելով` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բարկանալ և գորգոռալ, թե «արա խի եք փախել պախկվել: Հլը թափով սաղդ արեք ստե, շարք կանգնեք: Էս ի՞նչ ա չեմ հասկանում»,- ոստիկանին (այն էլ Երևանի փոխոստիկանապետին) ոչ հարիր ձևով գնդապետ Օսիպյանը իր մոտ կանչեց ոստիկաններին:

Սույն հոդվածս տեղ է գտել նաեւ Aravot.am, Blognews.am, Blog.mediamall.am, Hayeli.am, Asekose.am, Newsbox.am կայքերում:

11 декабря 2013 г.

Վահրամ Մարտիրոսյան. «Գյումրեցիներն այժմ երկրորդ աղետի մեջ են»

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». այս անունն է կրում  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտրենյուսի») «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական  գրադարանում բացված շրջիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի սրահում զետեղված են հայկական եւ սովետական մամուլի անդրադարձները երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները եւ թերթերի առաջին էջերը: Հատուկ էկրանների միջոցով կարելի էր տեսնել նաեւ հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, չլուսաբանված արխիվային նյութերը, հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների եւ լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս:

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը, ով ծնունդով գյումրեցի է եւ այդ ժամանակ աշխատում էր «Գրական թերթում», մեզ հետ զրույցում նշեց, որ երկրաշարժի մասին իմանալուց հետո անմիջապես գնացել է Լենինական՝ տեսնելու, թե ինչ վիճակում է իր ընտանիքը: «Տեղ հասնելով՝ ես պարզեցի, որ մեր ընտանիքից էլ զոհ կա. քույրս էր: Տունը քանդվել էր: Շատ վատ վիճակ էր: Մեկ շաբաթ հոսանք չկար Գյումրիում եւ դա շոկ էր մեզ համար, քանի որ մինչ այդ չէր եղել այնպիսի դեպք, որ մենք այդքան երկար ժամանակ լույս չունենայինք»:

Մեր այն հարցին, թե ինչպես կգնահատեք աղետի գոտու վիճակը 25 տարի անց, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղացիները այժմ երկրորդ աղետի մեջ են: «Գյումրիում տիրում է աղքատություն եւ գործազրկություն: Գյումրեցիները, որոնք միշտ աշխատասեր, պատվախնդիր մարդիկ են եղել, այսօր նույնիսկ աշխատնք չունեն, քաղաքը կիսով չափ դատարկվել է, մարդիկ գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի»,- ցավով նշեց Վահրամ Մարիտրոսյանը եւ հավելեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կատարված աշխատանքները շատ ավելի քիչ էին, քան կարող էին լինել: «Մինչեւ այսօր էլ այնտեղ տնակներում ապրող մարդիկ կան եւ քաղաքը շատ վատ վիճակում է»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե ինքը հույս ո՞ւնի, որ գյումրեցիների բոլոր խնդիրները կլուծվեն եւ քաղաքը կստանա իր նախկին տեսքը: Վ.Մարտիրոսյանը լավատեսորեն ասաց. «Ես միշտ հույս ունեմ»:

«Լրատունը» կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Երեւանից առաջ շրջիկ ցուցահանդեսը եղել է Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում եւ Կապանում: Երեւանում այն կգործի մինչեւ դեկտեմբերի 13-ը:

21 октября 2013 г.

Երջանիկ Սալվարդյան. «Դանակով, կացնով կամ հրացանով, բայց միշտ դավադիր»

«Ադրբեջանում սովորություն է դարձել չմտածված, արագ, չկշռադատված հայտարարություններ անելը: Նրանք կարծես խոսում են, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք մեռած չեն»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիօղլուի, վերջերս արած հայտարարությանը, ասել է ազատամարտիկ Երջանիկ Սալվարդյանը: Հիշեցնենք, որ Սաբիօղլուն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ լիագումար նիստում արված հայտարարություններին և պատգամավորների հարցերի պատասխաններին, ասել էր, որ Սերժ Սարգսյանը մանկասպան է, սպանել է նաև հղի կանանց, իսկ Խոջալուում` հարյուրավոր մարդկանց, երկրում տիրում է արտագաղթ, իսկ ՀՀ Նախագահը վախենում է, որ Ադրբեջանի բյուջեն օրեցօր աճում է և հասնում է պատկառելի չափերի:

«Սաբիրօղլուն կարծես տեղյակ չէ, կամ մոռացել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին: Ընտրություններից դեռ մի քանի ժամ էր անցել, երբ լուր տարածվեց, որ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 80%-ից ավելին: Էլ չեմ խոսում այն մասին, որ ոտնահարելով բոլոր միջազգային օրենքները և փոփոխության ենթարկելով Ադրբեջանի Սահմանադրությունը, բռնապետ Իլհամ Ալիևը երրորդ անգամ դարձավ երկրի նախագահ: Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների (որը միշտ համարվել է Ադրբեջանի մտերիմ երկրներից մեկը) պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները համարվել են միջազգային չափանիշներին չհամապատասխանող»,- նշեց Ե. Սալվարդյանը:

Այն հարցին, թե Մարաղայի ու Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու դեպքերի համապատկերին ինչո՞ւ է Սաբիօղլուն Սերժ Սարգսյանին մեղադրում «մանկասպանության», «հղի կանանց սպանելու» և նման այլ անհայտ հանցագործությունների մեջ, պարոն Սալվարդյանն ասաց, որ. դա շատ նորմալ է, իսկ Ալիևն այդպես է խոսում, քանի որ Սաֆարովն իրենց համար «ազգային հերոս» է և Ադրբեջանի նախագահը չի ցանկանում իրենց «ազգային հերոսին» «իջեցնել» մեր նախագահի մակարդակին: «Ադրբեջանն անհասկանալի և աշխարհին անհայտ «ազգային արժեքներով» առաջնորդվող երկիր է: Երևի մենք այնքան չեն զարգացել, որ հասկանանք նրանց «վեհ» գաղափարները»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, Արցախի հերոս և անկախության հռչակումից ի վեր առանցքային պաշտոններ է զբաղեցրել Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում և իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանի ու Արցախի զարգացման, հզորացման գործում և դարձել է ՀՀ նախագահ ու եթե համեմատենք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին ընտրությունները, լեգիտիմության մասին խոսելը ուղղակի ծիծաղելի կլինի, իսկ Իլհամ Ալիևը, որտե՞ղ է եղել պատերազմի ժամանակ, ինչո՞վ է զբաղվել, բացի Մոսկվայում հոր` Հեյդար Ալիևի անվան տակ բարեկեցիկ կյանքով ապրելուց, Ե. Սալվարդյանը պատասխանեց. «Ալիևն իր կյանքն էր վայելում Մոսկվաներում, Եվրոպաներում և Ստամբուլներում, այցելում էր խաղատներ, թմրանյութեր էր օգտագործում և այլ բաներ էր անում, որի մասին շատերը գուցե և տեղյակ էլ չեն: Եվ միայն հոր տիտանական ջանքերի շնորհիվ կազինոներում տանուլ տված միլիոնների դիմաց պատանդ վերցված Իլհամ Ալիևը կարողացավ ազատվել: Թուրք մեծահարուստ թոփալը դրա համար հետագայում շատ տուժեց հայր Ալիևի կողմից, բայց դա արդեն հարցի մյուս կողմն է:

Իլհամ Ալիևը Թուրքիայում արդեն մահամերձ կամ գուցե և մահացած հոր ստորագրությունը կեղծելով դարձավ վարչապետ, հետագայում` նախագահ և արդեն երրորդ անգամ վերընտրվում է նախագահի պաշտոնում` բեռ դառնալով կոմունիստների կողմից «մոգոնված» Ադրբեջան պետության գլխին` բռնաբարելով այդ ժողովրդին իր գոյությամբ»:

Հայտարարության վերջում Սաբիօղլուն ասել էր, որ «թող Սերժ Սարգսյանը և նրա թիմը չմոռանան, որ ադրբեջանական բանակը կազատագրի օկուպացված տարածքները և կվերականգնի իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Ի պատասխան այս հայտարարությանը, Երջանիկ Սալվարդյանն ասաց, որ նրանք արդեն երկար ժամանակ է խոսում են «կ»-երով: «Թող փորձեն: Թող վերսկսեն ռազմական գործողությունները: Ուղղակի թող ի գիտություն ընդունեն Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ այս անգամ արդեն Ադրբեջանը կբողոքի իր տարածքի 25-30% օկուպացիայից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի բախտը կբերի, եթե մենք բավարարվենք միայն 25-30%-ով և չհասնենք մինչև Բաքու: Վստահ եմ, որ նոր պատերազմի դեպքում լինելու է այն ինչ եղավ անցած անգամ: Իլհամ Ալիևը կրկին փախնելու է եվրոպաներ և թաքնվելու է, իսկ Սերժ Սարգսյանը էլի առաջնորդելու է մեզ»,- ասաց Ե. Սալվարդյանը: Պարոն Սալվարդյանը մեջբերեց նաև հայկական մի հին և պատկերավոր արտահայտություն. «Կ»-ն ցանում ես, յոնջա է բուսնում»:

Ռուսաստանում վերջերս բավական մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերն այնտեղ սպանվեց ընկերուհու հետ զբոսնող 25-ամյա մոսկվացի երիտասարդը: Ըստ տեղեկությունների, մարդասպանը եղել է ադրբեջանցի և սպանել է տղային, որպեսզի տիրանա նրա ընկերուհուն: Այս առնչությամբ Երջանիկ Սալվարդյանն ասաց, որ այդպիսի վայրագությունները շատ բնորոշ են ադրբեջանցիներին և ընդհանրապես` պետք չէ զարմանալ. «Կա°մ դանակով, կա°մ կացնով, կա°մ էլ հրացանով են գործում, բայց այդ ամենը նրանք միշտ անում են դավադիր կերպով: Կա°մ քնած մարդուն են կացնահարում, կա°մ խաղաղ բնակչին են դանակահարում, էլ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանցի զինվորները գրեթե ամեն օր կրակ են բացում Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ցանակնում եմ հիշեցնել, որ բոլորովին վերջերս Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 26-ամյա Էդվարդ Դալլաքյանն ականի վրա պայթելու հետեւանքով վնասվածք է ստացել: Դեպքից հետո ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ուղղությամբ ավելի քան մեկ ժամ կրակ է արձակվել, ինչի պատճառով չեն կարողացել մոտենալ երիտասարդին և նա մահացել: Ահա, թե ովքեր են նրանք: Այնքան ստոր են, որ նույնիսկ խաղաղ բնակիչներին չեն խնայում: Եվ դեռ խոսում մարդկային դաժանության մասի՞ն»:


Այս հոդվածս տես է գտել նաեւ «Առավոտ», Haynews.am, Lragir.am, Asekose.am, Blognews.am, Newsbox.am,   News.yesk.am կայքերում: