25 апреля 2013 г.

Ինչպես սիրեցի նրան…(մաս 1)


Սեպտեմբեր ամիսն էր,  բայց ստույգ չեմ կարող ասել, թե կոնկրետ որ օրն էր: Ընդամենը մի քանի օր էր անցել այն օրվանից, երբ ես համալսարան ոտք դրեցի որպես ուսանող: Ընկերոջս հետ նստած էինք դասի: Որոշեցինք վերջին դասը չնստել: Ընկերս առաջարկեց, որ իր երկու ծանոթ աղջիկների հետ ոտքով գնանք ԵՊՀ ու հետ գանք: Քանի որ ուրիշ պլաններ չունեի, համաձայնեցի: Ու այդ համաձայնությունը դարձավ այս պատմության սկիզբը:
Չնայած, որ ես նրա հետ նույն դպրոցում եմ սովորել, ես չեմ ճանաչել նրան և միայն այդ օրը ծանոթացանք: Առաջին տպավորությունը լավն էր: Հավանեցի, խելացի աղջիկ էր երևում: Այդ օրվանից հետո ես նրան տեսնում էի կամ ընդհանուր հոսքային դասերի ժամանակ, կամ դասամիջոցի ժամանակ միջանցքում:
Ահա եկավ առաջին կիսամյակի ավարտը, երբ մենք պետք է ընտրեինք մեր երկրորդ մասնագիտությունը և տեղափոխվեինք ուրիշ խմբեր:
Երբ նայում էի արդեն նոր ցուցակները, տեսա նրա անունը… Ընկերոջս հարցրեցի արդյոք դա նույն մա՞րդն է, ասաց հա: Մի տեսակ ներքին ուրախություն ապրեցի, որովհետև ուզում էի նրան ճանաչել:
Ձմեռային արձակուրդները վերջացան, սկսվեց նոր կիսամյակը և ես առաջին անգամ գնացի այդ խումբ դասի: Դասից հետո ամաչելով մոտեցա նրան և, քանի որ նա էր խմբի ավագը, խնդրեցի նրա բջջայինի համարը: Երեկոյան տանը նստած մտածում էի, թե ինչ պատրվակ հորինեմ, որ զանգեմ նրան: Մտածեցի ու հիշեցի… Ես չէի արտագրել դասացուցակը… Ըհն… Լավ առիթ է: Կզանգեմ, կհարցնեմ, համ էլ կխոսեմ հետը: Զանգեցի... Ցավոք սրտի համարն անհասանելի էր…
Ժամանակի ընթացքում մտերմացանք, սկսեցինք շատ շփվել, զանգել իրար, իրար հետ տուն գնալ դասից և այլն, և այլն: Ավարտվեց երկրորդ կիսամյակը և սկսեցին ամառային արձակուրդները: 3 ամիս չտեսա նրան… Միայն հեռախոսով կամ սոցիալական ցանցով էինք շփվում իրար հետ: Հիմա եմ հասկանում, թե ինչքան ծանր էին այդ ամիսները ինձ համար… 3 ամիս անց, դասերը սկսվելուց մի քանի օր առաջ, որոշեցինք խմբով հավաքվել: Առաջինը եկավ նա և խմբի աղջիկներից մեկը: Երբ մոտեցա նրանց, զգացի, որ ահավոր կարոտել եմ, ուզում էի գնայի, բարևեի, գրկեի ու համբուրեի: Բայց վախ անցավ միջովս. «Բա որ չհասկանա: Բա որ սխալ բան մտածի: Բա որ էլ չխոսա հետս…»:

Շարունակելի…

31 декабря 2012 г.

Աշոտ Իսրաելյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի հայրենակիցներ,

Ահա ավարտին է մոտենում եւս մեկ տարի: Հաշված ժամեր անց մենք բաժակների խրոխտ հարվածների, ՀՀ նախագահի, Կաթողիկոսի ուղերձների ներքո կներխուժենք 2013 թվական: Որոշեցի հետ չմնամ եւ հանդես գամ ուղերձով:
Այս տարին նշանակալից եղավ մի քանի առումներով: Նախ եւ առաջ մոտակա հարյուրամյակում այլեւս գոլդ օրեր չենք ունենա: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ տեսել ենք 01.01.01-ը, 02.02.02-ը, 03.03.03-ը, 04.04.04-ը, 05.05.05-ը, 06.06.06-ը, 07.07.07-ը, 08.08.08-ը, 09.09.09-ը, 10.10.10-ը (որն իմ հաջողության օրն է, բայց այդ օրը ես նստած մոդուլի համար էի պարապում), 11.11.11-ը եւ վերջապես 12.12.12-ը: Մենք նաեւ կարող ենք հպարտանալ, քանի որ դիմացանք աշխարհի վերջին: Հրից, կրակից, աստերոիդների եւ երկրաշարժների հարվածներից կենդանի մնացինք եւ այժմ դիմավորում ենք Նոր՝ 2013 տարին:
Այս տարին նաեւ նշանակալից եղավ մի քանի իրադարձություններով: Մաշտոցի պուրակի կրպակներից մինչեւ «Փակ» շուկայի հիմնահարց, արձանների կոտրվելու պատմությունից մինչեւ կուսաթաղանթներ, գոմեշից՝ պռեգոմեշ:
Այս տարին աշխույժ էր նաեւ քաղաքական հարցերում: Ամիսներով մենք հետեւցինք լեւոնածառուկյանական լինել, թե չլինելու (այս դեպքում առաջադրվել, թե չառաջադրվելու) դրամատիկ պոեմին՝ իր ողբերգական հանգուցալուծմամբ:
Ահագին ժամանակ մամուլը ողողված էր Սաֆարովի արտահանձնման եւ դրա հետ կապված բազմաթիվ նյութերով ու հայտարարություններով:
Սկիզբ դրվեց մի շատ կարեւոր ՝ Արցախի Հանրապետության ճանաչման երկար սպասված գործընթացին:
Չեմ ուզում լրիվ գրել, թե ինչ է եղել, ինչ չի եղել: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ տարին ամփոփում ենք դրական արդյունքներով: Բացասական էլ կա, բայց, ըստ իս, դրականը գերակշռում է:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ եւ բարեկամներ,

Գալիք տարում ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ կարիերայում: Միայնակ տղաներին մաղթում եմ գտնեն իրենց երկրորդ կեսին, նույնը մաղթում եմ նաեւ միայնակ աղջիկներին: Թող, որ բոլորիս գործերը առաջ գնան ժամացույցի մեխանիզմով եւ տիեզերանավի արագությամբ: Բոլոր ծառայող զինվորներին, պայմանագրայիններին եւ սպաներին մաղթում եմ խաղաղ եւ անփորձանք ծառայություն, իսկ զինվորներին նաեւ բարի վերադարձ: Եվ քանի որ աշխարհի վերջը հետաձգվեց մի քանի հազար տարով, օգտվենք այդ առիթից եւ ապրենք մեր կյանքը այնպես, ինչպես, որ ուզում ենք:

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: 


11 декабря 2012 г.

Экзорцизм. այն կետերից մեկը, որտեղ բախվում են կրոնը և գիտությունը


«Экзорци́зм»-ը սատանաների և այլ գերբնական ուժերի հեռացումն է դիվահար մարդու մարմնից աղոթքների և հատուկ ծիսակատարությունների միջոցով: «Экзорци́зм» երևույթը ունի երկար պատմություն, և շատ կրոնների և մշակույթների մեջ մեծ նշանակություն ունի:
Վերջերս համացանցում տեսա մի պատմություն և տեսանյութ նվիրված Անելիզա Միխել անունով մի աղջկա: Նա հայտնի է նրանով,որ իր կյանքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ «Եմիլի Ռոուզի 6 դևերը»: Անելիզան ունեցել է հոգեկան շեղումներ 16 տարեկանից մինչև մահ: Տեսանյութի մեջ լսվում է, թե ինչպես են նրան «экзорци́зм»-ի ենթարկում:
Աղջկա մասին պատմության մեջ գրված է, որ բժիշկները կարծել են, թե նա տառապել է էպիլեպսիայով, սակայն ոչ մի բուժում փոփոխություն չի առաջացրել: Իսկ հոգևորականները համոզված էին, որ նրա մեջ բնակություն են գտել դևեր: Եվ այդ համոզմունով նրան ենթարկում են «экзорци́зм»-ի, որից հետո, նա մահանում է:
Այստեղ է, որ գիտությունը և կրոնը բախվում են: Բժիշկները համոզված լինելով, որ նա սովորական հիվանդ է դեղամիջոցներ են տալիս նրան, սակայն չի օգնում: Չի օգնում նաև հոգևորականի գործողությունը և աղջիկը մահանում է:
Շատ խառը և մութ պատմությունը է: Չի կարելի միանշանակ ասել, թե որ կողմն է սխալ և, որը ճիշտ: Դա նույնքան բարդ հարց է, որքան մարդը առաջացել է կապկից, թե Ադամից ու Եվայից: Եվ ոչ մի ընդհանրություն հնարավոր չէ գտնել, քանի որ նրանք երկուսն էլ ներկայացնում են խնդրի տրամագծորեն տարբեր բացատրություններ:
Այստեղ գոյություն ունի անհատի հավատի խնդիր: Եթե մարդ միանշանակ հավատում է կրոնին և բացառում է այլ տարբերակ, ապա նրա համար ընդունելի կլինի աղջկա դիվային հիվանդությունը: Իսկ ով այդքան էլ չի հավատում կրոնին, Աստծու գոյությանը և Աստվածաշնչին, նա կընդունի բժիշկների ասածը:
Համենայն դեպս դժվար թե մարդ այնպես հիվանդանա, որ խուսափի Հիսուսի նկարներից, հրաժարվի խմել օրհնված ջուր և կոտրի խաչերը: Նաև դժվար է հավատալ, որ մարդը նորմալ ուտելիքներից կհրաժարվի և միջատ ու կարիճներ կուտի:
Այս դեպքի կրոնական մոտեցումն էլ է կասկածի տեղիքներ տալիս: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդու մեջ 6 դև մտնել և ապրել:
       Այս առեղծվածը, երբեք չի բացահայտվի, այնպես ինչպես երկրի ծագումը, մարդկանց ծագումը և այլ նման հարցեր:


9 декабря 2012 г.

Երևանը ամանորյա շունչ է առել


Արդեն քանի տարի է, որ Երևանում այսպիսի շուքով չեն պատրաստվել Ամանորին: Հիշում եմ, նախորդ տարիներին քաղաքը զարդարում էին շատ աղքատիկ և միայն ձյունն էր, որ Նոր տարվա տպավորություն էր ստեղծում: Սակայն ձյունն էլ էր հաճախ ուշանում և գալիս էր դեկտեմբերի 31-ից մի քանի օր անց:
Այս տարի Երևանը շատ գեղեցիկ է զարդարված: Երեկոյան զբոսանքի ժամանակ նկատեցինք, որ քաղաքի սրտում ամեն տեղ կարելի է հանդիպել սպիտակ տնակների, ձմեռ պապիների, խոտերի վրա «արածող» եղնիկների և, իհարկե, եղևնիների: Բացի դրանից կան նաև ավանդական զարդարանքները: Փողոցների վերևի մասերում կախված են լույսեր, իսկ Հյուսիսային պողոտայում թափվող ձյան փաթիլների տպավորություն ստեղծող լամպեր:
Կան նաև մի շաք խանութներ, որտեղ Նոր տարվա համար նախատեսված պարագաներ են վաճառվում: Մի շարք սրճարաններ և խանութներ զարդարված են լույսերով:
Երկար ժամանակ է ինչ քաղաքում զբոսնելիս հաճույք չէի ստացել: Այսօր ուղղակի չէի ուզում վերադառնալ տուն, քանի որ շատ հաճելի է զբոսնել այսպիսի քաղաքում: Եվ վերջապես մենք եվրոպացիներից ինչո՞վ ենք պակաս: Ամեն անգամ հեռուստացույցով կամ ինտերնետով տեսնում ենք, թե ինչպես են նրանք զարդարում իրենց քաղաքները և տխրում ենք: Այս տարի չենք տխրի: