13 августа 2012 г.

Երեւանը՝ մունաթի համաշխարհային մայրաքաղաք

 Քայլում եմ Երեւանի փողոցներով ու րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն հասնեմ: Պատճառը շոգը չէ: Պատճառը այն մունաթ դեմքերն են, որ տեսնում եմ չորսբոլորս: Ծաղիկ վաճառողը մունաթ է գալիս քար կտրողի վրա, թե «Արա սաղ ապրանքս փչացրիր»: Քար կտրողը պատասխանում է. «Արա, իմ վրա «պլանա» դրած պտի անեմ»: Շարունակում եմ քայլել եւ հանդիպում եմ մունաթների մյուս խմբաքանակին: 

    Երկու բանջարեղենի եւ մրգեղենի վաճառողներ կռիվ են անում մոտավորապես այս տեքստով. «Ախչի սաղ կլիենտներիս փախցրիր»: Մյուսը պատասխանում է. «Էտ հոտած ապրանքը բերել ես, ուզում ես սաղցնես մարդկանց վրա, մարդիկ էլ չեն առնում ու էդ ամենի մեղավորը ե՞ս եմ»:

 Նստում եմ հասարակական տրանսպորտ հանդիպելու մունաթների մյուս արտահայտումներին: Վարորդը մունաթա գալիս, որ դուռը ուժեղ են փակում այն դեպքում, երբ գրված է կամաց ծածկել: Ուղեւորները բողոքում են վարորդի լսած ռաբիզից, որի պատճառով վարորդը չի լսում, որ ուղեւորները բղավում են «կանգառում պահի»: Դա եւս մի մունաթի առիթ է հանդիսանում: Վարորդը ասում է. «Մի քիչ շուտ ասեք»: Ուղեւորները պատասխանում են. «Էտ ռաբիզդ անջատի, որ լսես»:

      Եւ շատ այսպիսի երեւույթների կարելի է հանդիպել շրջելով Երեւանի փողոցներում: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի Երեւանը շուտով կդառնա մունաթի համաշխարհային մայրաքաղաք:   

Տղա և աղջիկ ընկերներ


Տղա և աղջիկ ընկերների թեման շատ ավելի բարդ է, քան կարող է երևալ առաջին հայացքից: Հնարավո՞ր է արդյոք աղջիկ-տղա իսկական ընկերություն, թե վերջում ամեն ինչ վերածվում է սիրո: Հարաբերություններ, որ որոշ դեպքերում ուրախ հարսանիքի առիթ են դառնում, իսկ որոշ դեպքերում` տարիների ընկերական հարաբերությունների կործանում, ատելություն և այլն: Այս ֆոնի վրա կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի ընկերություն է տղայի և աղջկա միջև:


       Օրինակ՝ եթե նրանք ուղղակի կապ են պահպանում, շփվում են, խոսում են հնարավոր է, որ դա վերջում չվերածվի սիրո: Կա նաև մի ուրիշ տարբերակ: Եթե տղան աղջկա հետ շփվում է այնպես, ինչպես կշփվեր իր ընկերոջ հետ կամ աղջիկը, ինչպես իր ընկերուհու հետ, ապա շատ հավանական է, որ այդպիսի շփումը վերջում վերածվի սիրո: Խոսքն այնպիսի շփման մասին է, երբ աղջիկ ընկերոջդ կամ տղա ընկերոջդ հետ խոսում ես քո սիրային արկածների, խնդիրների, ցավոտ հարցերի և այլ խիստ անձնական հարցերի մասին, որի մասին չէիր խոսի ուղղակի մտերիմ աղջկա կամ տղայի հետ: Այսինքն լինում ես մաքսիմալ անկեղծ՝ առանց, որևէ բան թաքցնելու:

Այս դեպքում հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերդ կարող է քո մեջ գտնել այնպիսի հատկություններ, որոնք նա միշտ երազել է տեսնել իր կողակցի մեջ: Չէ, որ հաճախ մարդիկ սկսում են իրար հետ ընկերություն անել առանց լավ ճանաչելու միմյանց և հետագայում դա հանգեցնում է բաժանման կամ ինչ-որ տհաճ հետևանքների: Իսկ այս դեպքում, երբ դու իմանում ես քո ընկերոջ անխտիր բոլոր դրական և բացասական կողմերը, քո մեջ կարող է սեր առաջանալ:

Շատ քչերի մոտ է ընկերությունը երկար ժամանակ պահպանվում: Բանն այն է, որ տղաները աղջիկներին նայում եմ որպես թույլ ու անպաշտպան էակի և նրանց հետ ուղղակի ընկերական լինելը շատ դժվար է: Այդ հարաբերություններում վաղ թե ուշ նրանցից մեկը սիրահարվում է մյուսին: Միայն բացառիկ դեպքերում է, որ ընկերները միշտ մնում են միայն ընկերներ` ոչ ավելին :

Շատ եմ ականատես եղել նման դեպքերի: Շատ հաճախ այդպիսի մարդիկ սկսում են ընկերություն անել, հետո նշանադրություն, ամուսնություն և այլն: Բայց նաև քիչ չեն դեպքերը, երբ կողմերից մեկը սեր է խոստովանում և դա հանգեցնում է երկար տարիների ընկերության կործանման: Այս հարաբերություններն ավելի շատ փչացնում են արական սեռի ներկայացուցիչները, քանի որ ապացուցված է, թե տղամարդկանց մոտ ավելի արագ են զգացմունքներ առաջանում:

Կան մի քանի հանգամանքներ, որոնք խանգարում են տղաներին և աղջիկներին իսկական ընկերություն անել: Առաջինը կիրքն է: Երբ հարաբերությունների մեջ կիրք կամ սեքսուալ ցանկանություններ են առաջանում, դրանք դադարում են ընկերական լինելուց: Եվս մի հանգամանք, որը մանավանդ հայկական հասարակության համար վճռորոշ դեր է խաղում՝ ընկերների միջև հավասարության առկայությունն է: Եթե կա տղամարդու գերակայություն, ապա կանայք ենթագիտակցորեն հակված են ընդունել հնազանդության դերը. այս դեպքում տուժում է իսկական ըներությունը:

Ընդհանրապես ընդունված է համարել, որ ավելի ամուր ընտանիք են կազմում հենց այն աղջիկներն ու տղաներն, ովքեր սկզբում եղել են ուղղակի ընկերներ, իսկ հետագայում զգացմունքներ են առաջացել: 

24 июля 2012 г.

Համատարած «Apple»-ա-ասֆալտամանիա


Ինչպես նկատել եք՝ ամառային այս շոգ ու անտանելի օրերին գրեթե ամեն տեղ ասֆալտ են անում: Հիմա կասեք, թե «լավ են անում անում են, էտ ինչա, որ բլոգումդ գրում ես»: Պատասխանեմ: Ոչ մի զարմանալի բան չկա իհարկե: Զարմանալին միայն այն է, որ այդ ասֆալտը անում են հենց այն ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են գնում եւ աշխատանքից վերադառնում են, այդպիսով առաջացնելով արհեստական խցանումներ:

Մյուս զարմանալի երեւույթն այն է, որ որոշ ժամանակ առաջ առավոտյան անձրեւ էր գալիս, բայց չնայած դրան՝ նրանք ջանասիրաբար շարունակում էին ասֆալտ «փռել»: Հա, ճիշտ է, մոռացել էի: Ասֆալտը պետք է այն հաշվարկով անեն, որ գոնե մինչեւ մյուս ընտրություններ դիմանան, որ այդ ժամանակ նորից ինչ-որ անելու գործ լինի: Եթե նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ նորմալ է:

Ամառային շոգ երեկոներից մեկն էր: Հրաչյա Քոչար փողոցը գրեթե լրիվ փակ էր: Պատճառը կրկին ասֆալտն էր: Ծանոթներիցս մեկը տեսնելով այդ փակ փողոցը, խցանումը եւ ջանասիրաբար ասֆալտ անողներին՝ ասաց. «Արա, բայց մենք էս ինչ ասֆալտ «փռող» ժողովուրդ ենք... Քեֆս գալիս ա»:

Մի երեկո որոշեցի իջնել բակ՝ մաքուր օդ շնչելու եւ կրկին ականատես եղա աննորմալ, բայց ինչ-որ տեսանկյունից նաեւ նորմալ երեւույթի: Մեզ մոտեցան ծանոթ տղաներ. մեկի ձեռքում Ipad, մյուսի ձեռքում Iphone եւ նմանատիպ այլ թանկարժեք սարքավորումներ: Որոշ ժամանակ անց ուրիշ ծանոթներ եկան. եւ կրկին Ipad-ով եւ այլն, եւ այլն: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Apple»-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել էր մեր բակ. 4 կողմում «կրծած խնձորներ», պլաշենտներ: Մի պահ հարեւանի երեխան պատուհանից նայեց: Ինձ թվաց, թե նրա ձեռքում էլ է Ipad: Բայց ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա սովորական կրծած խնձոր էր:

Հետո էլ կասեն, թե ժողովուրդն աղքատ է, փող չունենք, ուտելիք չունենք, աշխատանք չկա, հույս չկա: Մի կողմից համաձայն եմ: Մարդիկ կան, որ բողոքում են, թե այդ վերը թվարկվածներիցս ոչ մեկը չունեն, բայց փոխարենն ունեն Ipad-ներ, Iphone-ներ, բազմաթիվ թանկարժեք հեռախոսներ: Երեւի Սթիվ պապիկն իր կտակի մեջ այդպիսի մարդկանց անունները նշել էր, որ խեղճերը, եթե ուտելու բան չունեն՝ գոնե Ipad ու Iphone ունենան:

21 июля 2012 г.

Սիրո առեղծվածը


Սեր: Երեք տառանոց մի բառ, որի մասին կարելի է գրքեր գրել: Շատ դժվար է բնութագրել, թե ինչ է դա, եթե ինքդ չես զգացել: Կյանքում կան բազմաթիվ բաներ, որ շատ դժվարությամբ են տրվում, բայց իմ կարծիքով` այդ ամենի գագաթնակետը սերն է: Խոսքը իրական, անկեղծ ու տևական սիրո մասին է: Այս պարագայում պետք է տարբերել սեր և կիրք հասկացությունները:

Եթե կնոջ և տղամարդու մեջ ուղղակի կիրք կա, ապա դժվար թե նրանք կարողանան, օրինակ ամուսնանալ, երեխա ունենալ ու մինչև խոր ծերություն ապրել միայն կրքով: Չէ որ ժամանակի հետ բոլորս էլ ծերանալու ենք ու կորցնելու ենք մեր երբեմնի գրավչությունը: Եվ կիրքն էլ ժամանակի հետ մարելու է:

Իսկ նրանք, ովքեր պարուրված են իսկական սիրով` կարող են միասին հավերժ ապրել: Իսկական սերը շատ դժվար է քանդել: Բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել և հետևողական, քանի որ կարող է գալ մի օր, որ աշխարհի ամենահամերաշխ զույգերը դառնան իրար թշնամի և փոխադարձ ատելությամբ պարուրվեն: Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է արտահայտությունը շատ ճիշտ է: Միշտ պետք է հիշել այն, միշտ:

Լավ, տխուր բաները թողնենք մի կողմ, անցնենք ուրիշ թեմայի: Փորձեմ մի փոքր նկարագրել սերը: Ինչպես նշեցի վերևում՝ դա շատ բարդ զգացմունք է: Սերը այն է, որ ամեն ինչում տեսնում ես քո սիրած էակին: Երազում, հեռուստացույցի էկրանին, երկնքում, փողոցում նույնիսկ խալու վրայի նախշերը նրան ես նմանեցնում: Սերը այն է, որ ուրախանում ես քո սիրած էակի հաջողություններով, բայց և նրա հետ հավասար տխրում ես դժբախտությունների համար: Սերը այն է, որ երբ նրան հեռվից տեսնում ես՝ սիրտդ անցնում է մարաթոնյան վազքի, կարծես ցանկանալով րոպե առաջ փարվել նրան: Սիրող սրտերը հաճախ կարող են նույնիսկ լաց լինել շատ մեծ սիրուց: Հնացած է այն մտածելակերպը, թե միայն թույլ մարդն է լալիս: Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բայց սիրո մեջ՝ ոչ: Եթե լալիս ես՝ ուրեմն սիրում ես նրան, ուրեմն այդ զգացմունքը այնքան ուժեղ է, որ չես կարող զսպել արցունքներդ: Ճիշտ է ասված, որ միայն սիրող զույգերը կարող են տեսնել միմյանց  արցունքները: Ուրիշ զգացմունքներով պարուրվածները դա թուլություն կհամարեն:

 Հավատացեք, երբ աղջիկն ու տղան փոխադարձ սիրո խոստովանություն են անում, դա ամենահեշտ քայլն է: Իրական դժվարությունները սկսվում են հենց դրանից հետո: «Ես քեզ սիրում եմ»-ն ուղղակի երեք բառից կազմված մի նախադասություն է, որ կարող ես 100 անգամ տարբեր մարդկանց ասել, բայց երբեք չիմանալ, թե դա ինչ է իրականում: Իսկ բուն սերը դա մի ամբողջ կյանք է, որը պետք է ճիշտ ապրել: Սիրած աղջիկը կամ տղան ընկերուհի, ընկեր, քույր, եղբայր չէ: Պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Սխալ են այն կարծիքները, թե միայն իրար նման մարդիկ կարող են իրար հետ հաշտ ու համերաշխ ապրել ու երջանիկ ընտանիք կազմել: Հաճախ այդպիսի մարդիկ շուտ են հոգնում իրարից՝ նույն ճաշակների պատճառով: Ավելի մտերիմ են տարբեր ճաշակներ ու մտածելակերպ ունեցող զույգերը:

Խոսքս ուղղում եմ հատկապես տղաներին, քանի որ շատ ժամանակ ձեզ մոտ առաջինն է զգացմունք առաջանում աղջկա նկատմամբ և շատ հարցերում նախաձեռնողը դուք եք լինելու: Երբ Դուք գտնում եք Ձեր երազանքի աղջկան, ինքներդ Ձեզ փոխելու բնական հակում է առաջանում՝ պայմանավորված նրանով, որ փորձում եք նրան ավելի շատ դուր գալ։ Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին նա է լսում, ուտել այն, ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան են դուր գալիս: Մի խոսքով, ցույց եք տալիս, որ չունեք կայուն բնավորություն: Մի´ փոխեք Ձեր ճաշակը և հետաքրքրությունները. դա մեծագույն սխալ է, նույնիսկ այն դեպքում, եթե նա ասում է, որ ուզում է, որ դուք փոխվեք։ Եթե դուք դա անեք, նա կձանձրանա Ձեզնից:

Եթե ձեր ներկայիս ընկերուհին անցյալում ընկեր է ունեցել և ժամանակ է գալիս, որ խոսում է նրա մասին կամ հիշում է նրան, մի շտապեք զայրանալ, խանդի տեսարաններ սարքել կամ ամենավատը`բաժանվել նրանից: Հաշվի առեք, որ աղջիկները կամակոր և բարդ էակներ են և նրանց հատուկ մոտեցում է պետք: Օրինակ բերեմ մեքենան. եթե դուք փորձում եք առաջ գնալ, բայց փոխանցման տուփը ետընթացի վրա է տեղադրված, ապա մեքենան երբեք առաջ չի գնա: Նույնը աղջիկների մոտ է: Եթե նրանք դեռ հիշում են իրենց նախկին զուգընկերոջը, պետք է դանդաղ և հանգիստ նրան հետընթաց վիճակից դնել առաջ գնալու վրա: Այստեղ կոպտությունը կամ ձայնային տվյալները չեն օգնում:

Մի կարևոր կետ էլ պետք է նշեմ: Աղջիկ-տղա ընկերություն: Շատ կասկածելի հարց: Շատ-շատ է խոսվել այս մասին: Ոչ ոք չի կարող ասել, թե դա հնարավոր է, թե ոչ, քանի որ երբեք չես կարող վստահ լինել, որ Ձեր ընկերությունը մի օր չի վերածվի սիրո: Աղջիկ և տղա ընկերները ավելի լավ են ճանաչում իրար: Բնականաբար նրանք իրար այնպիսի բաներ կարող է պատմել, որը երբեք չէին պատմի իրենց սիրած էակին: Դրանից հետևություն. նրանք իրար ոտից գլուխ ճանաչում են բոլոր թերություններով ու առավելություններով և շատ հաճախ վերջում նրանք հասկանում են, որ չնայած այդ թերություններին՝ նրանք իրար սիրում են: Թերությունները միշտ էլ հնարավոր է ուղղել: Առավել վատ վիճակում հայտնվում են կնամոլ տղամարդիկ: Նրանք թեթև ու հանգիստ իրենց աղջիկ ընկերոջը պատմում են իրենց սիրային արկածների մասին և մի օր երջանիկ պատահականությամբ դառնում են ընկեր-ընկերուհի: Իմ կարծիքով դժվար կլինի այդ աղջկան հետո համոզել, որ իրենից առաջ քո կյանքում ուրիշ չի եղել: Ինչևիցե փաստերը ցույց են տալիս, որ գրեթե միշտ աղջիկ տղա ընկերները շատ երջանիկ ընտանիք են կազմում, եթե բանը հասնում է սիրուն: