1 мая 2012 г.

Էս ի՞նչ ա կատարվում, այ մարդ

Ամեն օր բացում եմ Google Reader-ը հույս ունենալով, որ գոնե ինչ-որ դրական բան կտեսնեմ հարազատ համալսարանիս մասին: Բայց ավաղ՝ հույսերս ի դերեւ են լինում: Մի օր տեսնում եմ, որ ուսանողի տարան ոստիկանություն, մի օր՝ ՈՒԽ-ն դուրս է եկել ուսանողների դեմ, սպառնում են, որ կբռնաբարեն, ծնողները այլեւս իրենց երեխաներին չեն տեսնի եւ ամենակարեւորը՝ տեսնում եմ Զոլյան-Աշոտյան հակամարտությունը եւ դրանց բացասական հետեւանքները: Բրյուսովը կարծես վերածված լինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի:

Լավ այդ ամենը մի կողմ թողնենք: Էրեխեք, բա ձեզ սազե՞ց: Փոխանակ միասնական լինեք եւ համախմբված փորձեք ետ բերել մեր ռեկտորին արդար ճանապարհով՝ իրար մի՞ս եք ուտում: Իմաստը ո՞րն է: Ինչի՞ եք ցանկանում հասնել: Դիմում եմ ուսանողական խորհրդին: Մոռացե՞լ եք, որ հենց ուսանողներից եք ընտրվել եւ վերջիվերջո դուք էլ եք ուսանողներ: Ինչո՞ւ եք ապօրինություններ անում: Ինչո՞ւ ուսանողների կողքին չեք: Մի բան պետք է մեկընդմիշտ հասկանաք: Վախի մթնոլորտն արդեն վաղուց չի գործում: Սովետական կարգերն արդեն 20 տարուց ավելի է՝ փլուզվել են: Հիմա նույնիսկ անլուծելի խնդիրներն են լուծվում բանակցությունների միջոցով: Ինչո՞ւ եք խախտում բուհ-ի ներքին օրենքները: Արդյոք դուք տեղյակ չե՞ք, որ արգելվում է ուրիշ համալսարաններից մեր համալսարան ուսանողներ բերել եւ նրանցով լցոնել այն դահլիճը, որում կրթության նախարարն է ելույթ ունենալու: Արդյոք տեղյակ չե՞ք, որ այն քարտերը, որոնք ձեզ տվել են համալսարան ընդունվելուց հետո՝ պետք է օգտագործեք դուք, եւ չպետք է փոխանցեք այլ անձանց: Ինչո՞ւ եք Ձեր իսկ համալսարանի ուսանողներին զրկում նախարարին հանդիպելու եւ հուզող հարցերը տալու հնարավորությունից: Ինչո՞ւ եք խախտում հենց Ձեր կանոնադրության ամենաառաջին օրենքը: Չգիտե՞ք արդյոք, որ ՈՒԽ-ն չպետք է պաշտպանի որեւէ կուսակցության: Ինչո՞ւ եք խոչընդոտում ստորագրահավաք անողներին: Անօրինական բա՞ն են անում: Եթե այո, դիմեք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ինչո՞ւ չեք դիմում: Հաաա մոռացել էի ստորագրահավաքը օրինական է եւ դուք չեք կարող նման բան անել: Կամ Արտակ անունով ՈՒԽ-ի երիտասարդ, ինչպես ես քեզ թույլ տալիս աղջկա վրա ձայն բարձրացնել եւ քաշել թեւից: Վստահ եմ, որ նրա տեղը կամ նրա կողքին տղա լիներ նույն համարձակությունը չէիր ունենա: Ստացա՞ք Ձեր պատասխանը: Ձեր դուրը եկավ, որ Ձեր արածների մասին իմացան եւ դեկանները, եւ ռեկտորի պաշտոնակատարը եւ լրատվամիջոցները:

Անդրադառնամ խնդրի մյուս կողմին՝ Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն: Ճիշտ է, շատ ցավալի է, որ նա այլեւս ռեկտոր չէ: Կարծում եմ շատերն ինձ հետ համաձայն կլինեն, որ նա լավ ռեկտոր էր, միշտ լսում էր ուսանողներին եւ պատրաստ էր ընդառաջել նրանց, եթե նրանց խնդրանքը կամ բողոքը համարում էր իրավացի: Անձամբ ինձ եւ մեր խմբի ու մեր կուրսի ուսանողներին պարոն Զոլյանը շատ մեծ օգնություն է ցույց տվել: Մի անգամ ընդամենը դիմեցինք նրան, որպեսզի առարկաներից մեկի միջանկյալ քննությունը վերահանձնենք եւ նա մեզ ընդառաջեց: Այսքանից հետո ինչպե՞ս կարող եմ ես միայն լավ ձեւով չհիշել նրան: Կրկնում եմ, շատ ցավալի է, որ նա այլեւս ռեկտոր չէ, բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Նրան կարող ենք ետ բերել: Հունիսի 11-ին ռեկտորի ընտրություններն են եւ իմ կարծիքով գիտխորհուրդը շատ հեշտությամբ կարող է նրան ետ բերել: Մնում է միայն զինվել համբերությամբ եւ սպասել ընտրություններին:

Ամեն դեպքում ցանկանում եմ ողջունել «Ազատ ուսանողների ֆորումը» եւ ցանկանում եմ նրանց հաղթանակ իրենց սկսած պայքարում, իսկ ՈՒԽ-ին խորհուրդ եմ տալիս պայքարել արդարացի, առանց ապօրինությունների:

30 апреля 2012 г.

Մանրամասներ Բրյուսովի անվան ինստիտուտում տեղի ունեցած քաշքշուկից

Արտակ անունով երիտասարդը
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ ԵՊԼՀ Ուսխորհրդի անդամները փորձել են իրենցից վերցնել ստորագրահավաքների ցուցակը, որով «Ազատ ուսանողների ֆորումը» պահանջում է անցկացնել ուսխորհրդի արտահերթ ընտրություններ ։
«Ապրիլի 28-ին ուսխորհրդի անդամներից փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը (պարզ չէ՝ որ դեկանը) կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել»:

Կատարվածի ականատես  ուսանողուհիներից մեկը (անունը չեմ հրապարակում իր խնդրանքով) առավել մանրամասն պատմեց այս դեպքի մասի. «Քայլում էի երրորդ հարկով, լսեցի կռվի ձայներ: Մոտեցա, որ տեսնեմ ինչ է կատարվում եւ տեսա հետեւյալ տեսարանը: Ուսխորհրդի անդամներից մեկը՝ Արտակ անունով մի երիտասարդ, եւ մեկ ուրիշ աղջիկ այն աղջկա հետ են կռիվ անում՝ ում ձեռքին էին գտնվում ստորագրահավաքի թղթերը: Հարցրեցի, թե ինչ է կատարվում, ասացին, որ գնում ենք դեկանատ: Պատասխանեցի, որ ոչ մեկս էլ չենք գնալու դեկանատ, ձեր ուզածն ինչ է՞: Ուսխորհուրդցիները պատասխանեցին, թե այդ ի՞նչ ստորագրահավաք եք անում: Ես ասացի, որ այս ամենը արտոնված է եւ օրենքի սահմաններում է: Կարծես չլսելով իմ ասածները այդ տղան սկսեց քաշքշել ստորագրահավաք անցկացնող աղջկա ձեռքից՝ ստիպելով գնալ դեկանատ: Փորձեցի հանգստացնել, չստացվեց:

Որոշ ժամանակ անց մեզ մոտեցավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկանը: Ասաց՝ այս ի՞նչ ձայներ եք քցել: Պատասխանեցինք, որ ուսխորհուրդցիներն են մեղավոր, աղջկա հետ վարվելու էթիկա չունեն:

Հետո եկավ Նարեկ Սամոսյանը եւ ռեկտորի հետ իջան ուսխորհուրդ՝ քննարկման: Այնտեղ ականատեսները պատմել են տեղի ունեցածը: Ռեկտորը լսելով այդ ամենը՝ ասել է, որ ուսխորհուրդը իրավունք չունի միջամտելու ստորագրահավաքին: Ասվել է նաեւ, որ ստորագրահավաքը շարունակվելու է եւ այն անցկացնելու է հենց այն աղջիկը, որի հետ ընդհարում է եղել, եւ եթե ուսխորհուրդ փորձի խանգարել՝ գործ կունենա անձամբ ռեկտորի հետ: Ի դեպ, այն տեսանյութը, որ տեղադրված է կայքերում արդեն հանգստացած ուսանողների կռիվն է»:  

Եվ ահա այսպես են Երեւանի Պետական Լեզվաբանական Համալսարանի ուսանողական խորհրդի անդամները փորձում պայքարել իրենց լինել-չլինելու համար: Նրանք կարծես մոռացել են, որ իրենք ընտրվում են հենց ուսանողներից եւ պետք է պաշտպանեն հենց ուսանողների շահերը եւ լինեն նրանց կողքին յուրաքանչյուր պահին:
 
Ցանականում եմ նաեւ Ձեզ ներկայացնել Բրյուսովի դասախոս Նվարդ Մանասյանի պարզաբանումները այս մի քանի օրվա կատարվածների մասին:


 Օրիգինալ տեքստը: http://www.aravot.am/2012/04/30/65044/

16 апреля 2012 г.

Մեծ երգչի մեծ գործը 30 տարեկան է




«Thriller»-ի գլխավոր նկարը
Այս տարի լրանում է հանրահայտ երգիչ` «Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված ձայնասկավառակի` «Thriller»-ի 30-ամյակը: Ինչո՞ւ ցանկացա անդրադառնալ այդ ձայնասկավառակին: Հիմա կասեք, թե սիրում ես՝ անդրադարձել ես, էլի: Ոչ: Դա այդպես չէ: «Thriller»-ը ավելին է քան ուղղակի ձայնասկավառակ կամ երգերի հավաքածու: «Thriller»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնն արել է այն, ինչ չի հաջողվել որևէ սևամորթ երգչի: Նա կոտրել է սևերի և սպիտակների միջև երկար տարիներ գոյություն ունեցող պատնեշը, բերել է նորամուծություն շոու բիզնես, թե երաժշտության մեջ և թե պարի մեջ: Ինչպես վկայում են մի քանի շատ հայտնի երգիչներ, երաժշտական փորձագետներ, եթե չլիներ «Thriller»-ը մենք հիմա լրիվ ուրիշ երաժշտություն կլսեինք: Հաջորդիվ կփորձեմ կարճ, բայց սպառիչ նկարագրել «Thriller»-ի հաջողությունները և դերը շոու բիզնեսում: 

Ներածություն
«Billie Jean»-ից մի կադր
«Thriller»-ը` ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի 6-րդ ձայնասկավառակն է: Այն թողարկվել է 1982թ. նոյեմբերի 30-ին «Epic Records»-ի կողմից` որպես շարունակություն արտիստի 1979թ.-ի «Off the Wall» հաջողված ձայնասկավառակին:  «Thriller»-ն իր երաժշտական ժանրերով շատ նման է «Off the Wall»-ին: Նրա մեջ մտնում են այնպիսի ժանրեր` ինչպիսիք են փոփը,  R&B-ին, դիսկո երաժշտությունը և այլն: Ձայնագրությունները տեղի են ունեցել 1982թ. ապրիլի և նոյեմբերի միջև ընկած ժամանակահատվածում` Լոս Անջելեսի «Վեսթլեյք» ձայնագրման ստուդիայում` Կալիֆոռնիայում: Ձայնասկավառակի ընդհանուր բյուջեն կազմել է 750.000 ԱՄՆ դոլար: Ձայնասկավառակի պրոդյուսերն է Քուինսի Ջոնսը: 
Ձայնասկավառակի երգերից 7-ը հասել են մինչև «Billboard Top 100»-ի առաջին 10 հորիզոնականները: Երգերից 3-ը ունեն տեսահոլովակներ: 
Ընդամենը մեկ տարում «Thriller»-ը դարձավ և մինչև հիմա մնում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը, 65-110 միլիոն օրինակով վաճառված ամբողջ աշխարհում: Այն նաև ճանաչվել է ԱՄՆ-ում բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը: 
 «Thriller»-ը թույլ տվեց Մայքլ Ջեքսոնին իր հանդիպումով ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Սպիտակ տանը և կատարումներով MTV-ում կոտրել ռասայական պատնեշները: «Thriller»-ի, «Billie Jean»-ի և «Beat it»-ի համար նկարահանված տեսահոլովակները շարունակաբար շատ երկար ժամանակ ցուցադրվեցին MTV ալիքով: 2012 թվականին «Slant Magazine»-ը ձայնասկավառակը հռչակեց որպես 1980-ականների լավագույն ձայնասկավառակը:

Նախադրյալները
«Thriller» տեսահոլովակ
Ջեքսոնի նախորդ ձայնասկավառակը` «Off the Wall»-ը ունեցել է բավականին լուրջ հաջողություններ` վաճառվելով 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ջեքսոնը Բրանկայում խոստովանել է, որ նա ցանկանում էր լինել շոու բիզնեսի ամենամեծ աստղը և ամենահարուստը: Ջեքսոնը դժգոհել էր «Off the Wall»-ի արդյունքներից և նշել, որ անարդար է, որ իր այդ ձայնասկավառակը չստացավ «Տարվա լավագույն ձայնագրություն մրացանակը» և հավելել, որ դա այլևս չի կարող լինել: Նա նաև ցանկացել է ստեղծել մի այնպիսի ձայնասկավառակ, որը մի շարք ռեկորդներ սահմանի և լինի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը:

Ձայնագրությունը
«Beat it» 

Քուինսի Ջոնսը շարունակեց իր աշխատանքները Մայքլ Ջեքսոնի հետ ձայնագրելով «Thriller»-ը: Ջեքսոնը կրկին միացավ «Off the Wall»-ի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ, որպեսզի ձայնագրի իր թվով 6-րդ ձայնասկավառակը: Նրանք միասին աշխատեցին 30 երգերի վրա` որոնցից 9  ընգրկվեց ձայնասկավառակի ցանկում: Ի տարբերություն շատ ուրիշ երգիչների Ջեքսոնը չէր գրում իր երգերը թղթի վրա: Դրա փոխարեն նա թելադրում էր դրանք ձայանագրիչին, իսկ երգի ձայնագրության ժամանակ Ջեքսոնը դրանք երգում էր իր հիշողության միջոցով:

Ստեղծագործությունները
«Thriller»-ը Ջեքսոնի նախորդ` «Off the Wall» ձայնասկավառկի երաժշտական առումով «մաքրված» տեսակն է: Պարային և ռոք երգերը ավելի ագրեսիվ են այն դեպքում, երբ փոփը և բալադները ավելի թեթև են: Ձայնասկավառակը ներառում է « The Lady in My Life», «Human Nature» և «The Girl Is Mine» բալադները, «Billie Jean» և «Wanna Be Startin' Somethin'» պարային ստեղծագործությունները: «Thriller»-ով Մայքլ Ջեքսոնը սկսել է իր անդրադարձը պարանոյիկ, մութ թեմաներին: «Beat It»-ը Մայքլ Ջեքսոնի առաջին հաջողված ռոք երգն է: « Human Nature»-ը մռայլ և տխուր երգ է, որի մեջ կան այնպիսի տողեր ինչպիսիք են. «Առավոտյան դուրս եմ նայում պատուհանից: Քաղաքի սիրտը սկսում է բաբախել: Դուրս եմ գալիս, դիպչում նրա ուսին, ես երազում եմ փողոցի մասին»:


27 марта 2012 г.

Զավեշտալի դեպք երթուղային տաքսիում

Երկար ժամանակ մտածում էի, ինչ գրեմ բոլգումս: Թարսի պես մտքիս ոչինչ չէր գալիս: Եվ ինչպես ասում են, ես չգտա գրելու նյութ՝ նյութը եկավ գտավ ինձ:




Սովորական երեկո էր: Որոշեցի դուրս գամ զբոսնելու: Կանգառում կանգնած սպասում էի երթուղային տաքսուն: Որոշ ժամանակ անց եկավ: Քանի որ վարորդի կողքի նստատեղերը ազատ էին, նստեցի դիմացը: Ինձ հետ նստեց եւս մի տղա: Որոշ ճանապարհ անցնելուց հետո հասկացա, որ նա ժամանակակից «քյառթուների» վառ մարմնացումն էր: Դա հասկացա՝ լսելով նրա հեռախոսազրույցը իր ընկերոջ հետ. «Բարի օր ախպերս: Ոնց ես մեռնեմ կյանքիդ: Բան չէ, ազիզ, լոքշ լռված եմ գործ բան չկա ձեռս: Ուրդերանք ես կորել, չես երեւում, չես հիշում, որ ընգերնյակ ունես: Լավ դե կյանքիդ մեռնեմ կխոսանք» եւ այլ այսպիսի արտահայտություններ հնչեցին: Ավարտելով խոսակցությունը՝ նա ամեն կերպ փորձում էր ինձ ցույց տալ իր «սենսորային» հեռախոսը: Եվ այդ նպատակին հասնելու համար մուտք գործեց «ադնակլասնիկ»: Քանի որ ես բացարձակապես նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում, հանեցի իմ «սենսորային» HTC հեռախոսը, որ ստուգեմ Facebook-իս էջը: Տեսնելով այդ, մեր «քյառթը» փորձեց ինձ ցույց տալ, որ ինքն էլ է ժամանակակից, ունի էջ այդ կայքում: Բայց նրան շատ երկար ճանապարհ էր սպասում մինչ կկարողանար ինձ ապացուցել դա: Ներկայացնում եմ կետերով.
  1. Բացեց web brouser-ը եւ հավաքեց www.facebok.ru: Մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը ասաց, որ նման էջ գոյություն չունի:
  2. Նկատեց սխալը եւ այս անգամ հավաքեց այսպես. www.facebook.ru: Նորից մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը տվեց նույն պատասխանը:
  3. Կարծես հասկացավ՝ ինչումն է բանը: Ջնջեց գրածը եւ հավաքեց այսպես.www.facebook.am: Ավելորդ եմ համարում նշել, թե հեռախոսը ինչ պատասխանեց:
  4. Վերջապես բազմաթիվ փորձերից հետո հավաքեց www.facebook.com եւ հեռախոսը ազատ մուտք գործեց այդ կայքը:
  5. Մուտք գործելուց հետո, նա սկսեց գրել իր login-ը: Իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ նա գրում էր իր «ադնակլասնիկի» լոգինը: Երեւի մտածում է, թե բոլոր սոցիալական ցանցերը նույնն են եւ ընդամենը մի լոգինով կարելի է բոլորը մուտք գործել:
  6. Հետո հասկանալով իր սխալը, գրեց ճիշտ լոգինը եւ գաղտնաբառը:
Հիմա ցանկանում եմ նշել այդ տղայի համար շատ ցավալի, իսկ ինձ համար շատ զվարճալի փաստը: Այս բոլոր տանջալից գործողություններից հետո, երբ նա արդեն հասնում էր իր նպատակին, հասավ իմ իջնելու կանգառը: Իջնելուց հետո ես նայում էի նրա «դժբախտ» դեմքին, որը ասում էր. «Այ ախպեր էսքան չարչարվեցի, տվայտվեցի, որ քեզ ցույց տամ, որ ես էլ եմ կարում «ֆեյսբուք անեմ», իսկ դու իջար գնացի՞ր»: Ի պատասխան ես ընդունեցի մի դեմք, որով ասում էի. «Ախպերս հավատում եմ, հավատում եմ մի նեղվի: Զգացի, որ ունես, մի չարչարվի»:
Եվ այս ամենից հետո բարձր տրամադրությամբ հանդիպեցի ընկերներիս, պատմեցի կատարվածը՝ լիաթոք ծիծաղեցնելով նրանց...